Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Հակարի գետի Հոչանց եւ Շալուա վտակների միջանկյալ սարալանջերին են Քաշաթաղի շրջանի մի քանի գյուղեր, որոնցում, ազատագրվելուց հետո, հայտնաբերվեցին պատմական հուշարձաններ՝ հաստատելով տարածքի՝ դարեր ի վեր հայկական լինելու մասին: Եթե նույն սարալանջերի աջ ու ահյակ ընկած նմանատիպ տարածքներում պահպանվել են եկեղեցիներ՝ կանգուն կամ կիսավեր, ապա այս մասում միայն խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ են մնացել՝ այն էլ թուրքա-քրդաշեն տների ու այլ կառույցների պատերի մեջ:
Հիմնահատակ քանդվել է մինչեւ 1918 թ. տարածքում գոյատեւած միակ հայկական բնակավայրի՝ Ալիղուլիի ¥այժմ՝ Ղազարապատ¤, եկեղեցին. գյուղում մի քանի տապանաքարի մնացորդներ են պահպանվել: Հարեւան Գողթանիկ ¥Փիրջահան¤ գյուղում մոտ մեկ տասնյակ խաչքար ու տապանաքարեր էին պահպանվել՝ հատված ու բեկորների վերածված, դարձյալ հանված պատերի միջից: Գողթանիկից հարավ ընկած Գանձա գյուղում միայն մի աղբյուր է պահպանվել, իսկ գյուղից ներքեւ՝ Շալուա գետի վրա, քարակերտ ու հետաքրքիր հորինվածքով կամուրջը, որն ունի մոտ 10 մետր բարձրություն եւ նույնքան թռիչք, այսօր էլ պատմում է մեր պապերի՝ հանճարեղ շինարար լինելու մասին: Այս կամրջով Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք եւ մոտակա գավառները՝ Շալուա գետի ձախ ափից կապ են հաստատել Սյունյաց նահանգի Աղահեջք-Քաշաթաղ գավառի եւ դեպի արեւմուտք ընկած բնակավայրերի հետ: Գյուղից դեպի արեւմուտք՝ ավելի բարձր դիրքում, քրդական 19-20-րդ դարերի դամբարաններ ու մի քանի գերեզմանաքարեր կան, որոնք պատկանել են քուրդ սեյիդների, եւ այդ պատճառով գյուղը կոչվել է Սեյիդլար: Այստեղով մի ճանապարհ էլ բարձրանում է ավելի վեր եւ ձգվում տարածքի մնացած 2 գյուղերը՝ Դրախտաձոր եւ Անի:
Այս տարածքներում որեւէ պատմական հուշարձան սկզբնական շրջանում չէր հայտնաբերվել, բացառությամբ մի տան պատերի մեջ եղած անարձանագիր երեք տապանաքարի: Աշխատելով շրջանի կրթության բնագավառում, այնուհետեւ շրջանային թերթի խմբագիր՝ հաճախ էի լինում տարբեր բնակավայրերում եւ հետաքրքրվում նաեւ գոյություն ունեցող պատմական հուշարձաններով: Շրջանի գրեթե բոլոր բնակավայրերում շատ բնակիչներ, նաեւ դպրոցականները որեւէ հուշարձանային հետաքրքրություն առաջացնող երեւույթ նկատելիս անպայման տեղյակ էին պահում: Օրինակ՝ Արտաշավի եւ Դրախտաձոր գյուղերում նման քարեր են հայտնաբերել: Արտաշավիում աշակերտները դաշտում քարեր են տեսել, որոնց վրա գրեր եւ պատկերներ են եղել: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Հարությունյանի, պատմության ուսուցիչ Վահե Դոխոլյանի, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ Արթուր Արամյանի եւ 7-րդ դասարանի աշակերտ Գոռ Օհանջանյանի հետ եղանք գյուղից հյուսիս-արեւմուտք ընկած, նախկինում երեւի ավտոճանապարհի եզրին գտնվող քարաժայռի մոտ: Պարզվեց, որ գրությունները տարածքի ազատագրումից առաջ թուրքերն են թողել՝ գրելով իրենց անունները՝ ինչ-որ խզբզոցներ անելով: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ Գոռին ու իր ընկերներին, որ ցավում են հայրենի երկրի հուշարձանների համար եւ դրանք հայտնաբերելիս տեղյակ էին պահում դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ինձ:
Քաշաթաղի շրջանի դպրոցականները՝ Սպիտակաջրից Գեւորգ Խոջոյանը, Շրվականից Սարո Թունյանն ու իր եղբայր Հարութը, Ղուշչի գյուղից Դաղունց եղբայրները եւ այլք այդ տարիներին հայկական մի շարք հուշարձանների տեղեր ասացին, որոնց մասին եղել են նյութեր մամուլում։ Ցավ է՝ արցախյան վերջին պատերազմում հերոսաբար նահատակվեց Սարոն, ով ամիսներ առաջ էր զորացրվել բանակից, եղել էր դիպուկահար։ Տարեցներից Հոչանց գյուղի բնակիչ, նաեւ՝ համայնքի ղեկավար Հունան Զեյնալյանը, Արտաշավիի դպրոցի զինղեկ Վահրամ Հարությունյանը, Լեռնահովիտից դպրոցի տնտեսվար Կարենը, Արվականից որսորդ Գարեգինը, Վազգենաշենից Միքայել Բալայանը եւ այլ բնակավայրերի բնակիչներ դարձյալ տարբեր հուշարձանների, հիմնականում հայկական հանգստարանների ու կոտրտված խաչքարերի, տապանաքարերի տեղեր ցույց տվեցին։ Մի քանի քանդված մատուռ, դամբարաններ, խաչքարեր ես եմ գտել պատահաբար։ Իսկ ահա այլ է Դրախտաձորի փաստը: Արտաշավիի դպրոցի պատմության եւ ռազմագիտության ուսուցիչներ Վահե Դոխոլյանի եւ Վահրամ Հարությունյանի հետ 2012 թ. սեպտեմբերի 20-ին եղանք Դրախտաձորում: Մինչ այդ արդեն գյուղի բնակիչները նույնիսկ պահանջում էին, որ գնամ եւ լուսանկարեմ հայտնաբերված նոր խաչքարերը: Գանձայից մինչեւ Դրախտաձոր մոտ 20 կմ ճանապարհը ձգվում է անտառապատ ու գեղատեսիլ տարածքով, այնուհետեւ շարունակվում Հոչանց գետի ձախափնյա լանջերով: Մինչեւ Դրախտաձոր հասնելը՝ ձախում՝ ձորի մեջ, մի առանձնացած ժայռակտոր կա, որի վրա հնամենի բերդի պարիսպներ են երեւում: Իսկ ողջ տարածքում ժայռերը ուղղաձիգ իջնում են մինչեւ գետ: Հրաշագեղ տեսարանները հաջորդում են իրար:
Գետի աջափնյա սարալանջերին երեւում են Սոնասար, Մշենի եւ Արվական գյուղերը, իսկ ավելի հյուսիս Շրվականն է՝ իր անկրկնելի գեղեցիկ Սպիտակաջուր ջրվեժով, որը թռչում է վերեւից ու սպիտակ փրփրի վերածված գահավիժում ցած՝ հաճախ դառնալով ծիածան: Դրախտաձորի դպրոցում մեզ միացան ռազմագիտության եւ աշխարհագրության ուսուցիչ Արշակ Ղազարյանը եւ խաչքարերը գտած բնակիչներից Արտակը: Անի գյուղը ձորի պռնկին է՝ հարուստ այգիներով: Մի հրվանդանի վրա երկու անավարտ շինություններ են. թուրքերը չեն հասցրել վերջացնել շինարարությունը: Արտակը ցույց է տալիս մի քանի փոսորակներ, որոնք քանդված շիրիմներ են: Հայոց երբեմնի գերեզմանատեղին հիմնովին ոչնչացվել է, հավանաբար, տարածքի ազատագրումից քիչ առաջ, երբ սկսել են նշված շինությունների շինարարությունը: Բոլոր տապանաքարերը, որ հիմնականում սպիտակավուն՝ մարմարատիպ քարից են, բուլդոզերով ձորն են թափվել, կտորների բաժանվել, եւ պատահաբար են դրախտաձորցիները տեսել դրանք: Ձորալանջին մնացել են մի քանի կտորներ, որոնց վրա խաչեր են քանդակված՝ ցավոք, առանց արձանագրությունների: Գերեզմանոցի մոտակայքում նույն տեսակի քարհանքի հետքեր կան. հավանաբար, այդ տեղից են միջնադարում մեր պապերը բերել գերեզմանաքարերը եւ թեկուզ հասարակ, սակայն խաչքար կերտել՝ առհավտչյա տեղանքի՝ հայոց ոստան լինելուն: Քոչվորները, 18-րդ դարի կեսերից տիրանալով տարածքին, տարիների ընթացքում հիմնովին ավերել են հայոց հանգստարանը, սակայն, ինչ էլ անեին, միեւնույն է որեւէ ապացույց մնալու էր:
Ձորի միջով հոսում է Հոչանցը՝ փայլեցնելով իր ժապավենը արեւի տակ: Աշնանային անտառի հետ մի անկրկնելի տեսարան է բացվել: Այս մասում միջնադարյան 2 կամրջի հենասյուններ են պահպանվել: Սրանցից մեկը դեռ վերջերս կանգուն էր: Իսկ ավելի ներքեւ՝ գետի աջ ափին 9-10-րդ դարերի հայոց եկեղեցու՝ Կատոսավանքի ավերակներն են: Բարձրանում ենք վեր, շրջում տարածքով: Ցանցապատ մի շիրիմ կա այստեղ. տարիներ առաջ Անիում բնակվող մի ընտանիքի մանկահասակ դստեր գերեզմանն է: Զարմանալի բան. առանց իմանալու, որ այստեղ դարերի պատմություն ունեցող հայոց հանգստարան է եղել, մեր բնակիչները, Աստծո կամոք, հենց այստեղ են թաղել հիվանդության պատճառով մահացած փոքրիկին: Հետ ենք վերադառնում՝ առայժմ ձորալանջին թողնելով խաչքարերի բեկորները, որոնք մի օր պետք է նորից իրենց տեղը դրվեին:
Այսօր, բացի այս խաչքարերից, ողջ Քաշաթաղը՝ հարյուրավոր խաչքարերով ու տապանաքարերով, մի քանի տասնյակ վանք ու եկեղեցիով, մատուռներով, կամուրջներով ու ջրաղացներով, ամրոցներով ու բնակատեղիներով, որոնք հազարավոր տարիների ընթացքում կերտել էին մեր պապերը, 1992-93 թթ. ազատագրեցին հայ ազատամարտիկները, շրջանը վերաբնակեցվեց ու շենացավ մեր կողմից, կրկին մնաց գերության մեջ, եւ նույն տարածքներից են այժմ թուրքերը բարձրանում Մեծ Իշխանասար ու կրակի տակ պահում արդեն Հայաստանի Հանրապետության սահմանը։