«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, հյուրընկալելով բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին եւ բանասիրական գիտությունների թեկնածու, արվեստաբան, Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանին, ներկայացնում է նրանց հետ զրույցի շարունակությունը:
-Պարո՛ն Իսահակյան, հայտնի է, որ Դուք զբաղվում եք Ձեր մեծ հոր ստեղծագործություններով, ձեռագրերով ու նամակագրությամբ: Դրանց միայն հայերե՞ն տարբերակները կան, թե՞ այլ լեզուներով եւս առկա են:
-Վարպետը հայերեն է գրել, եւ հասցեատերերից (Տիչինա, Գորկի, Ռիլսկի) միայն մի քանիսն են, որ այլազգի են. մնացած բոլոր նամակներն ուղղված են եղել հայազգի գործիչներին: Նամակներն ըստ գրման տարեթվերի բաժանել եմ հատորների, եւ յուրաքանչյուր հատորի համար տեքստաբան Լաուրա Վիրաբյանը գրել է գիտական ծանոթագրություններ, իսկ ես գրել եմ նամականու ամփոփիչ վերջաբան-հոդվածը: Արդյունքում տպագրվեցին Իսահակյանի ակադեմիականի XIII (2020 թ.) եւ XIV (2021 թ.) հատորները, որտեղ զետեղվեց Վարպետի շուրջ 850 նամակ։ Այս նամակներում կան քաղաքական եւ ստեղծագործական հարցեր, Վարպետի անձնական կյանքին վերաբերող թեմաներ եւ արդեն Խորհրդային Հայաստանից գրված վերջին երկու տասնամյակների նամակներ: Անձնական բնույթի նամակներին վերաբերվող իմ վերջաբան-հոդվածը վերնագրեցի՝ «Քո՛ւյր, իմ նազելի»: Վերջերս Թումանյանի թանգարանում էի, տնօրեն Անի Եղիազարյանը, ով նաեւ մեր գրականության ինստիտուտի ասպիրանտներից է եղել, ինձ հարցրեց. «Պարո՛ն Իսահակյան, ինչո՞ւ որոշեցիք վերնագրել «Քո՛ւյր, իմ նազելի»: Ես էլ պատասխանեցի, որ գրվածքներում կան հերոսուհիներ, որոնց սիրահարված է եղել Վարպետը, բայց մենք հստակ տեղեկություն չունենք` իրենց մեջ սիրավեպ եղե՞լ է, թե՞ դա պարզապես ռոմանտիկ զգացմունք է եղել: Ուստի չենք կարող որեւէ ստույգ որակավորում տալ: Այդպես որոշեցի վերնագրել «Քո՛ւյր, իմ նազելի», որը համակողմանի իմաստ ունի:
Մենք շատ քիչ բան ենք իմացել Իսահակյանի անձնական կյանքից, սակայն նամակների շնորհիվ քողազերծվում է Իսահակյան մեծ սիրահարի կերպարը: Մինչ տիկին Սոֆյայի հետ ամուսնությունը, Ալեքսանդրապոլում Վարպետը ծանոթանում է Խաչատուր Աբովյանի թոռնուհու` Վիկտորյա Աբովյանի հետ, ով դասավանդում էր տեղի դպրոցում: Իսահակյանն առաջին հայացքից սիրահարվեց նրան, ինչի մասին վկայում է նրա գրած հենց առաջին նամակը Վիկտորյային:
1920-ական թթ. սկզբում Վենետիկում Իսահակյանը հեռվից հեռու սիրահարվում է նկարիչ Սարգիս Խաչատրյանի կնոջը` գեղեցկուհի Վավա Խաչատրյանին: Վերջինիս մասին Վարպետն ասել է` համարյա բոլորը, ովքեր տեսել էին Վավային, սիրահարվում էին իրեն: Ուստի առանձնապես ռոմանտիկ են Իսահակյանի նամակները՝ հասցեագրված Վավային եւ նրա ամուսնուն՝ նկարիչ Սարգիս Խաչատրյանին։ Կուզեի հիշատակել պոետի մի երկիմաստ մաղթանքը. «Համբուրում եմ տիկ. Վավայի ձեռքերը՝ գիտնալով, որ աչքերին պիտի տանի համբուրածս ձեռքը…»։
-Խոսակցություններ կան, որ նաեւ իսահակյանական հանրագիտարան պետք է ստեղծվի բանաստեղծի 150-ամյակին ընդառաջ: Ի՞նչ կասեք այս մասին, պարո՛ն Իսահակյան:
-Այո՛, նման գաղափար կա: Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի եւ ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի հետ եկանք այն որոշման, որ Թումանյանից հետո հաջորդը Իսահակյանի անհատական հանրագիտարանի ստեղծման աշխատանքները պետք է լինեն: Հերթի մեջ է նաեւ Կոմիտասի, Սարյանի հանրագիտարանների ստեղծումը: Գրողներինն առանձին կլինի, արվեստագետներինը` առանձին:
-Տիկի՛ն Սարյան, կմանրամասնե՞ք` ժամանակակից տեխնոլոգիաներն ինչպես են օգնում թանգարանային գործին, եւ կա՞ն, արդյոք, խոչընդոտներ, որոնց բախվում է ոչ միայն Սարյանի թանգարանը, այլեւ, առհասարակ, հայաստանյան թանգարանները:
-Պետք է ասեմ, որ մեր թանգարանները տեխնոլոգիապես բավական առաջադիմել են, օգտվում են հնարավոր բոլոր ժամանակակից միջոցներից հանրահռչակվելու նպատակով: Սարյանի թանգարանի շրջանակներում ունենք ծրագրեր. արդեն իրականացման փուլում է Սարյանի եռամաս «Հայաստան» պանոն անիմացիայի վերածելու ծրագիրը, որն իսկապես շատ հետաքրքիր եւ գրավիչ կլինի այցելուների համար: Իհարկե, կրկին հանգում ենք ֆինանսական աջակցության զգալի պակասի։ Մեր թանգարանը համագործակցում է «Արլուպա» կազմակերպության հետ: Նրանք մեզ մի շատ հետաքրքիր ծրագիր առաջարկեցին` կազմակերպել վիրտուալ ցուցահանդես աշխարհի խոշոր քաղաքներում` Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք եւ այլուր: Եթե լինեն միջոցներ, ապա ծրագրերի իրականացման հնարավորություն էլ կլինի: Ցավոք, շատ ծրագրեր չկարողացանք իրականացնել, 2020 թ. պատերազմ էր, ազգային ողբերգություն: Աստված տա` խաղաղություն լինի, կփորձենք մեր ճանապարհով գնալ:
Սարյանի թանգարանը հետաքրքիր ծրագրեր ունի նաեւ Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանների, սփյուռքի հայկական մշակույթի մի շարք կենտրոնների հետ: Մենք մեր գործն անում ենք` չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին: Գաղափարը կա, ծրագրերը կան, եւ բոլոր ուղղություններով մենք աշխատում ենք: Համոզված եմ, որ թանգարանները մեծ Վարպետի հիշատակած «Ոգու սով»-ի դեմ պայքարի լավագույն միջոցներից են։
-Իսկ թանգարանն ինչպիսի՞ ծրագրեր ունի երիտասարդ ստեղծագործողների, նկարիչների համար:
-Թանգարանի շրջանակներում ունենք ստուդիա, որտեղ երեխաները հաճախում ու սովորում են նկարչություն` ամենապարզ քայլերից սկսած: Ունենք նաեւ արդյունավետ համագործակցություն «Դեկարտ» մշակութային կենտրոնի հետ, որտեղ շատ տաղանդավոր երեխաներ են սովորում: Հոկտեմբերի 30-ին մեզ մոտ կայացավ նրանց ցուցահանդեսը: Երեխաներն իրենց նկարներն անում էին շապիկների վրա, այնուհետեւ դեֆիլե արեցին այդ շապիկներով, նկարում են նաեւ պայուսակներին: Ուրախացնում է այն, որ տեսնում եմ, թե ինչպես են երեխաները ոգեւորվում, ազդվում սարյանական ոգով, բայց նրան չեն նմանակում, չեն արտանկարում, այլ իրենցն են ստեղծում:
Թանգարանի շրջանակներում մենք կազմակերպեցինք ճանաչված դիզայներ Արթուր Մանուկյանի, իսկ անցյալ տարի՝ տաղանդավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսները։ Ցուցահանդես ունեցանք նաեւ Մոսկվայի Տիեզերքի թանգարանի հետ, որտեղ ներկայացված էին տիեզերագնաց նկարիչների գործերը, որոնք տեսել էին երկիրը տիեզերանավից, եւ տիեզերական թեմատիկայով այլ նարիչների գործեր։
Ի դեպ, 2022-ին Սարյանի մահվան 50 տարին է լրանում. դա եւս առիթ է Սարյանի նոր ցուցահանդեսներ կազմակերպելու համար: 2020 թվականին տպագրվեց «Հուշեր Սարյանի մասին» մեծադիր հատորը` մոտ 500 էջանոց: Դա մեր աշխատակազմի աշխատասիրության արգասիքն է: Երկրորդ հատորում պետք է ռուսագիր հուշագրություններ լինեն, քանի որ առաջինը ներառում է միայն հայազգի գործիչների հուշագրությունները:
Մեր համագործակցությունը շարունակվելու է «Դեկարտի», ինչպես նաեւ տարբեր դպրոցների ու ստեղծագործողների հետ: Մենք բաց ենք համագործակցության համար:
-Թանգարանները սովորաբար նվիրատվության աղբյուրներ են ունենում: Սարյանի թանգարանն ունի՞:
-Պետության կողմից շատ վաղուց չունենք նվիրատվություններ, ընդ որում` սկսած այն ժամանակվանից, երբ բավական բարվոք վիճակում էր մեր երկիրը: Ներկայումս նվիրատվություն, այսինքն՝ Սարյանի կտավ ստանում ենք միայն Սարյան ընտանիքից: Հարկ է ասել, որ սարյանական մի հայտնի կտավի՝ «Մեծ պարսկական կտավի» ռեստավրացիոն աշխատանքների իրականացումը կատարվեց իսկապես ազգային բարերարներ Միքայել եւ Կարեն Վարդանյանների նվիրատվությամբ։
-Դուք արդեն մոտավորապես 45 տարի միասին եք: Կցանկանայի՞ք 45 տարվա ձեր սիրո պատմության ամփոփումն անել:
Ավ. Իսահակյան.- Այս տարիների ընթացքում մի բան պարզ դարձավ, որ մենք այնքան ենք իրար հասկանում, այնքան ենք վարժվել իրար, որ իրապես մեկ միասնություն ենք դարձել: Գուցե դա եղել է երկու մեծ ընկերների՝ Վարպետ Ավետիքի եւ Վարպետ Մարտիրոսի կանխատեսմամբ, որը որքան որ ֆանտաստիկ էր, բայց եւ այդպես միս եւ արյուն ստացավ։ Ամեն վայրկյան զգում ենք մեկս մյուսի կողքին լինելու կարիքը: Այս 45 տարիները մեր անձնական կյանքում անամպ ու ներդաշնակ են եղել, չնայած որոշ մանր խնդիրներ անխուսափելի են: Մենք միշտ միմյանց կարիքն ենք զգացել, երջանիկ ենք, երբ իրար կողք ենք, թերեւս, սա է ամենակարեւորը, քանի որ մնացյալ խնդիրները կյանքում կարելի է լուծել: Սիրում ես ու սիրված ես, զգում ես մեծ բավարարվածություն: Կարող ես փողոցում տեսնել գեղեցիկ մի զույգի, բայց զգաս, որ նրանց հայացքները նույն ուղղությամբ չեն նայում, իրենց սրտերը նույն ռիթմով չեն բաբախում, այսինքն` անհաղորդ են մեկմեկու: Մեզ մոտ այդպես չէ. դրա պատճառներից մեկն այն է, որ Ռուզանը շատ բարի է, ազնիվ ու լուսավոր: Ռուզանին ես առաջին հայացքից եմ սիրահարվել, երեւի Վերին ուժերի մատն էր խառը (ժպտում է): Ունենք վեց թոռնիկ. այնքան զարմանալի բան է թոռը: Նրանց հետ ավելի շատ Ռուզանն է զբաղվում` դասերի պատրաստմանն է օգնում, խաղում, զրուցում: Թոռնիկներն իրենց տատիկին շատ-շատ են սիրում, պապիկին էլ, բայց Ռուզանն ուրիշ է նրանց համար: Խոսքս կցանկանայի եզրափակել հետաքրքիր մի դրվագով. յոթամյա թոռանս հարցրի` «Ավո՛ ջան, դու բոլորից շատ ո՞ւմ ես սիրում»: Մտածեց, մտածեց ու պատասխանեց` «Մամայիս»: Հարցրի` ինչո՞ւ: Պատասխանեց` «Մաման առաջին մարդն է եղել, որին ես տեսել եմ»: Ես մտածեցի, որ սերը մոր հանդեպ, սերը երեխայի հանդեպ կարծես նույն գեներով է գալիս` Իսահակյանից… Մոր ու զավակի մեջ անբացատրելի գերբնական կապ է ձեւավորվում, այն աշխարհի հիմնական սրբություններից մեկն է։
Ռ. Սարյան.- Ես Ավիկին հանդիպեցի ինձ համար ճակատագրական տարիքում, երբ պետք է մասնագիտական ուղիս ընտրեի: Նա ինձ համար դարձավ ոչ միայն շատ սիրված ամուսին, այլեւ կյանքի ուսուցիչ: Իհարկե, հայրս էլ շատ մեծ ավանդ ունեցավ մասնագիտական ճանապարհս ձեւավորելու գործում. պարբերաբար ասում էր, որ ես պետք է զբաղվեմ պապիս գործերով: Իսկ Ավիկն ինձ այդ ճանապարհը ցույց տվեց: Տարիներ շարունակ հիանում էի Ավիկի աշխատասիրությամբ. առավոտ,ժամը 6-ին արթնանում ու իր օրինակով, իր նվիրվածությամբ մեծ Վարպետի ձեռագրերին, աշխատում էր, չնայած, որ կարիք չկար այդքան վաղ արթնանալու: Կողքից հետեւում էի` ինչպես է գրում, կարդում, վերլուծում: Դա էլ ինձ համար դպրոց եղավ, որն անցա նրա կողքին: Միայն մի բան չսովորեցի. Ավիկը շատ հանդարտ մարդ է, ամեն գործ հանգիստ է անում, իսկ ես` հակառակը, ամեն բան արագ-արագ եմ անում: Ավիկին հաճախ եմ ասում, որ մինչ օրս չեմ տեսել մեկին, որ մտածեի` ինչ գեղեցիկ, հետաքրքիր տղամարդ է: Ավիկը միակն է ինձ համար: Եվ պետք է ասեմ, որ եթե կարդաք նրա վեպը` «Սա է իմ ընտրությունը», կհասկանաք, թե ի՜նչ դժվար քայլի առաջ էի ես կանգնած` լինելով ընդամենը 18 տարեկան աղջնակ: Ընտրեցի Ավիկին հավերժ սիրահարված լինելու եւ անմնացորդ նվիրվելու ուղին, եւ դա փոխադարձ է:
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ