Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«…Նույն բարձունքն ունեն բեմն ու խորանը»

«Կարին» խմբի յուրահատուկ հաշվետվությունը

Դեկտեմբերի 7, 2021
Սոցիում
«…Նույն բարձունքն ունեն բեմն ու խորանը»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
400
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազգային-ավանդական երգն ու պարը, սովորույթները, մշակույթը պահպանելու գործում մեծ է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի դերը: Խումբը հիմնադրվել է 2001 թ. Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից։

Դեկտեմբերի 5-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ այս վաստակաշատ խմբի «Վարք Կարնոյ» մենահամերգը, որը յուրահատուկ հաշվետվություն էր 20-ամյա գործունեության մասին։ «Կարինի» հետ համերգին մասնակից եղան նաեւ «Վան», «Ակունք» եւ «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթները, որոնք որոշակիորեն կապված են միմյանց հետ։ Համերգն սկսվեց նախ օպերայի բակում՝ Ազատության հրապարակում հանդիսատեսն էր, շենքի մուտքի մոտ՝ «Կարին» խումբը Գ. Գինոսյանի ղեկավարությամբ։ Ազատության հրապարակի տարբեր կողմերից հնչեցին թմբուկները, խմբին մոտեցան թմբկահարները, եւ «Կարինը» հանդես եկավ «Իշխանաց պար»-ով։ Այնուհետեւ Գ. Գինոսյանը ողջունեց ներկաներին եւ ասաց. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 10-ամյակի առթիվ այստեղ՝ Ազատության հրապարակում, առաջին անգամ հնչեց «Կարին» անունը։ Չենք ասելու, որ շնորհավորեք մեզ 20-ամյա տարեդարձի առթիվ, այլ եկել ենք հանդես գալու հաշվետվությամբ, եւ դուք պետք է լինեք դատավորը մեր 20-ամյա գործունեության»։ Ապա հայտնեց շնորհակալություն եւ ազգային երգ ու պարի երկրպագուներին հրավիրեց դահլիճ, որտեղ դատարկ տեղ չմնաց։

Առաջինը հնչեց «Ձայն մը հնչեց» ռազմահայրենասիրական երգը «Կարինի» կատարմամբ։ Ներկայացնելով իր հիմնած եւ արդեն 20 տարի ղեկավարած խմբի անցած ուղին՝ Գ. Գինոսյանը տեղեկացրեց, որ խմբի անվան համար մոտ 20 տարբերակից ընտրել են «Կարինը»։ Նշեց՝ 21 գումարած 1 հոգի, ովքեր նպաստել են խմբի կայացմանը, համերգի ընթացքում կարժանանան «Կարին» մրցանակի։ Բեմ հրավիրեց Սամվել Բալոյանին, ով առաջինն է դարձել խմբի աջակից եւ արժանացավ «Կարնոյ ստեղծարար» մրցանակի։ Ս. Բալոյանը ողջունեց ներկաներին, կարեւորեց «Կարինի» դերը հայ մշակույթի զարգացման գործում եւ նշեց էլի անուններ՝ Թովմաս Պողոսյան, Լուսինե Նազարյան, Աբել Մաթեւոսյան, Անի Հակոբյան…, ովքեր տարբեր ժամանակներում դարձել են խմբի աջակիցները։

Ի դեպ, մրցանակներն ունեին հավելյալ անվանումներ. «Կարնոյ լեռներու կանչը» մրցանակին արժանացավ Սեւադա Իգիթյանը, «Կարնոյ համանվագ»-ին՝ Դանիել Երաժիշտը, «Կարնոյ մեծ տիկին»-ին՝ Ալինա Փահլեւանյանը, «Կարնոյ բեմադրիչ»-ին՝ Արթուր Սահակյանը, «Կարնոյ Մեղապարտ»-ին՝ Սոկրատ Մկրտչյանը եւ այլն։ Իսկ որպես պարող Գ. Գինոսյանը տեղեկացրեց՝ սկսել է 22 տարեկանում, «Վան» պարի խմբում, որը ղեկավարել է երջանկահիշատակ Հայրիկ Մուրադյանը։ Հետագայում Գ. Գինոսյանը մի արձակ բանաստեղծություն է գրել՝ նվիրված Հ. Մուրադյանին. «Օրհնյալ լինի նա, ով ինձ առաջնորդեց բեմ եւ շշնջաց ականջիս՝ նույն բարձունքն ունեն բեմն ու խորանը։ Եվ այս խորանը, որտեղ ես սովորեցի հայերեն աղոթել հայ մշակույթով, հայ շարժումով, մարմնով, եւ պարն ինձ համար աղոթք դարձավ…»։ Մեծ սիրով Գ. Գինոսյանը պատմեց՝ ինչպես պատահաբար այցելել է այդ դահլիճ, որտեղ «Վանի» պարողները պատրաստվում էին, եւ ինչպես ընդգրկվեց խմբում։ Ասաց, որ երախտապարտ է իր առաջին ու միակ ուսուցչին, ով ընդառաջեց իրեն եւ ընդունեց «Վան» խումբ, որը Հ. Մուրադյանի մահից հետո սկսել է ղեկավարել Անդրանիկ Հովհաննիսյանը, ով նույնպես արդեն լուսահոգի է։

Գ. Գինոսյանի ելույթից հետո հանդես եկավ «Վան» ավանդական երգի ու պարի համույթը։ Պարուսույց Հ. Դաշտոյանը «Բարի լույս» է անվանում ավանդական երգն ու պարը, որոնք ստեղծվել են լույսի ու բարության շնորհիվ, եւ մաղթեց՝ այդ բարի լույսը մեր օջախները տանենք։ «Ակունք» ազգագրական համույթն ստեղծվել է 1976 թ. Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, բանահավաք Մարո Մուրադյանի կողմից։ Խմբում ընդգրկված էին Արեւմտյան Հայաստանի Վան, Մուշ, Սասուն, Շատախ եւ այլ բնակավայրերից 1915 թ. տեղահանված բնիկ հայ բնակչության առաջին կամ երկրորդ սերունդը ներկայացնող մոտ 30 հոգի։ 1977 թ. նոյեմբերի 6-ին Երեւանի պետական համալսարանում կայացել է խմբի առաջին պաշտոնական ելույթը։ Այժմ «Ակունքը» ղեկավարում է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը։ Տարիներ առաջ «Ակունք» ավանդական երգի-պարի համույթը համերգով հանդես եկավ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքում։ Համույթին այս գյուղ ուղեկցողների հետ էի եւ լուսաբանեցի այդ համերգը, որը, ըստ «Ակունքի» անդամների, իրենց շրջագայությունների ընթացքում եղած ամենահետաքրքիր ու անմոռանալի ելույթներից էր հեռավոր, աշխարհից կտրված մի գյուղի փոքր դպրոցի միջանցքում՝ մոտ 100 հանդիսատեսի համար։ Այդ համերգին մասնակից էր նաեւ երջանկահիշատակ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Ակունքի» հնչեցրած առաջին երգը՝ «Հիմի՞ էլ լռենք…»-ը, մշտապես է ուղեկցել մեր ժողովրդին, նաեւ այսօր է արդիական.

Հիմի էլ լռենք, մարդիկ ինչ կասեն,

Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն,

Չեն ասիլ, որ Հայք արժանի էին

Այդ ստրկական անարգ վիճակին.

Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը լավ գիտենք.

Մինչեւ երբ լռենք:

Համերգի ընթացքում էկրանին ցուցադրվում էին «Կարինի» անցած ուղու մասին պատմող ֆիլմեր, լուսանկարներ։ Գ. Գինոսյանը պատմեց՝ ինքը պարը թողել է, երբ սկսվեց Արցախյան գոյամարտը, երբ անդամագրվել է ռազմական «Մահապարտներ» ջոկատին, դարձել «Ազատագրական բանակի» զինվոր՝ Լեոնիդի հրամանատարությամբ։ Սակայն, չնայած մասնագիտությամբ ֆիզիկոս էր, չէր կարող առանց պարի։ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում պատահաբար իրեն է հանդիպել երաժիշտ, Հայաստանի պարի պետական համույթի համար բազում պարեղանակների հեղինակ Ծովակ Համբարձումյանը եւ պահանջել, որ ինքը նորից սկսի պարել եւ խումբ ստեղծել։ Եվ այդ ժամանակ՝  2001 թ. ստեղծվել է «Ծովակ» խումբը։ Այն համարվում է «Կարինի» նախասկիզբը եւ կրում է կոմպոզիտոր, հանրահայտ երաժշտագետ Ծովակ Համբարձումյանի անունը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել խմբին։ «Ծովակ» խմբի առաջին սերնդի ներկայացուցիչներն այժմ համալրում են «Կարինի» հիմնական կազմը։ Իսկ այսօրվա «Ծովակի» կազմը լրացնում են խմբի երրորդ սերնդի ներկայացուցիչները։ Խումբը վերակազմավորվել է 2012 թ. սեպտեմբերին ՀՀ ԿԳՆ մշակույթի կենտրոնում, որտեղ էլ այժմ գործում է։

3 ժամից ավելի տեւեց «Կարինի» համերգ-հաշվետվությունը, եւ ողջ ընթացքում դահլիճը ոգեւորված ծափահարում էր հայ երգ ու պարի նվիրյալներին։ Երբ հնչեց «Կարնոյ քոչարի» պարեղանակը, դահլիճից շատերը բեմ բարձրացան, ու հարյուրավոր պարողներ կատարեցին այդ հրաշալի պարը, որը միասնություն, ռազմարվեստ է քարոզում։ Գ. Գինոսյանը նշեց նաեւ՝ պարն իր հոգու մեջ է մտել Մեծ հայրենականից տուն չվերադարձած պապից, ու ինքը չի տեսել, բայց իմացել է՝ պապը լավ է պարել եւ միշտ տենչացել Երկիր վերադառնալ։ Ասել է՝ Երկրեն խնկի հոտ էր գալիս, իսկ այժմ… Ապա շարունակել է խոսքը. «Թե կուզես Էրկրեն խնկի հոտ գա, յուրաքանչյուր հայի քթից վառոդի հոտ պետք է գա»։ Ընթացքում ներկայացվեց նաեւ տեսարան՝ նվիրված Կոմիտասին։ Վարդապետը պատահաբար դարձել է հետաքրքիր հարսանիքի օրհնողն ու պսակադրողը։ Գ. Գինոսյանը կարեւորեց «Նարեկացի» արվեստի միության դերը նաեւ այսօր «Կարինի» համար։ Բեմ հրավիրեց միության նախագահ Նարեկ Հարությունյանին, ով մեծ սիրով է տարածք հատկացնում խմբի ելույթների համար։ Ն. Հովհաննիսյանը նույնպես բարձր գնահատեց «Կարինի», նրա ղեկավարի եւ անդամների դերը՝ ասելով. «Այնտեղ ոչ միայն երգ ու պար է, այլ կա ավելի մեծ խնդիր. այնտեղ կա Նժդեհյան ոգի, Կոմիտասյան շունչը, այնտեղ կա մի հզոր ազգ, հերոսներ, մեր էությունը։ Մենք մեզ ավելի լավ ենք ճանաչում…»։

Մի պար, որը կատարեցին 8 աղջիկ ու 8 տղա, տեւեց 8 րոպե, հայոց 8 նահանգի 8 պարի համադրություն էր, որն ավարտվեց «Կարնոյ քոչարի»-ով։ Գ. Գինոսյանի կողմից Բագրատ եպիսկոպոս սրբազանն արժանացավ «Կարնոյ աշխարհի վեհափառ» պարգեւին։ Սրբազանը, խոսելով «Կարին» խմբի մասին, նույնպես բարձր գնահատեց նրա դերը, որը մեր ժողովրդի ակունքներից է բերում հայ երգն ու հայ պարը։ Խմբի տղաների մեծ մասն Արցախյան վերջին պատերազմին մասնակից եղան։ Նրանցից Գրիգոր Սողոյանը, Գուրգեն Մելիքյանը, Գուրգեն Աղաջանյանը եւ Աբել Մաթեւոսյանն արժանացել էին ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի։ Եվ բեմի վրա նրանք ստացան իրենց պարգեւները։ Ցավոք, այս պատերազմը շատ հայորդիների կյանք խլեց։ ՊՆ ներկայացուցիչ գեներալը, ով հանձնեց մեդալները, խնդրեց, որ դահլիճը 1 րոպե լռությամբ հարգի բոլոր նահատակների հիշատակը։ Շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին։ «Կարնոյ Անմահ» տիտղոսը շնորհվեց խմբի Անմահ հերոս Հարություն Ստեփանյանին, ով սկզբում նկարահանել է խմբի ելույթները, այնուհետեւ դարձել պարող, հետագայում ստեղծել իր պարի խումբն Աբովյանում։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Արցախի «Եղնիկների» պաշտպանության ժամանակ զոհվեցին «Մեծն Տիգրան» ջոկատի 5 մարտիկ, այդ թվում՝ Հարություն Ստեփանյանը, «Մասունք» ազգագրական երգ ու պարի համույթի անդամ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ-մանկավարժ Սեւակ Մնացականյանը՝ Սեւակ Խոյեցին։

Գ. Գինոսյանն անդրադարձավ նաեւ իրենց խմբի՝ արտերկրում ունեցած համերգներին, մրցույթներին, հաղթանակներին։ Առավել կարեւորեց Արարատի գագաթին հայոց Եռագույնը բարձրացնելը։ «Կարինի» 10 տղաներ իր գլխավորությամբ հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված բարձրացել են Արարատի գագաթը։ Կոմիտասի եւ Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանների առթիվ «Կարինը» մեծ ծրագրեր ուներ, սակայն համավարակն ու Արցախյան վերջին պատերազմը փոխեցին անելիքները։ Այնուամենայնիվ խումբը ներկայացրեց Դավթի ու Մսրամելիքի մենամարտից հատված Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ից։

Համերգն ավարտվեց «Կարնոյ քոչարի»-ով, որը պարեցին նաեւ շատ հանդիսատեսներ եւ տուն գնացին հավատով՝ ինչպես Բագրատ սրբազանն ասաց՝ նորից ենք հաղթանակներ ունենալու…

Թեգեր: «Կարին» ավանդական երգի-պարի խումբԳագիկ Գինոսյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Կվերադառնա՞, վերջապես, մեր հարեւան երկիրը կառուցողական դաշտ

Կվերադառնա՞, վերջապես, մեր հարեւան երկիրը կառուցողական դաշտ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist