2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ընկերոջս որդին լսողական սարքի կարիք ուներ։ Ընկերներով հավաքվեցինք, մեր ընդհանուր հարթակում գրեցինք, ԱՄՆ-ից ծանոթն ուղարկեց սարքը։ Այդպես լուծել ենք նաեւ մեր մեկ այլ ընկերոջ ոտքի պրոթեզի հարցը։ Բայց սրանք մասնավոր լուծումներ են, եւ ոչ բոլորը հնարավորություն ունեն այդ լուծումներն ունենալու։
Փորձեցինք պարզել՝ ինչպես է տրվում խնդրի ընդհանուր լուծումը, ի՞նչ է անում պետությունը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ իրենք շարունակում են ընդհանրապես պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Եվ որ 2021 թ. օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում 2149 անձի տրամադրվել է 4052 աջակցող միջոց։
Նախ հասկանանք, թե ինչպես պետք է ստանալ պետական հավաստագիրը։ Դարձյալ ըստ այս պետական գերատեսչության` պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր եւ այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։ Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաեւ «e-request.am» կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը եւ կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։
Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին ու վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր եւ այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ 1. անձը հաստատող փաստաթուղթը, 2. սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, 3. ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի կողմից գրավոր լիազորագիրը եւ ներկայացուցչի անձնագիրը:
Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաեւ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը (հաշմանդամության վկայականը), վերականգնողական անհատական ծրագիրը (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից)։
Սոցիալապես անապահով անձինք վերոնշյալ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնեն նաեւ աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ բժշկի կողմից տրված տեղեկանքը եւ անապահովության տեղեկանքը։ Եթե դիմողը լսողական սարքի կարիք ունի, ապա պետք է ներկայացնի տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` ծանրալսողության եւ լսողական սարքի անհրաժեշտության մասին եւ աուդիոմետրիա։
Հարց է ծագում՝ իսկ ինչ անել այն դեպքերում, եթե այդ աջակցող միջոցների վերանորոգման կարիք լինի: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` «երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության եւ դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայությունների համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն եւ աջակցող միջոցներով ապահովման վարչություն՝ Երեւանում Արմենակյան 129 հասցեով: