Շուտով 5 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն, լույս կտեսնի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հայ խորհրդային բանասեր, հայագետ-արեւելագետ, թարգմանիչ Կարապետ Մելիք-Օհանջանյանի գիրքը: Նա ծնվել է 1893 թ. փետրվարի 20-ին (նոր տոմարով՝ մարտի 4) Մեղրու շրջանի Կալեր մելիքանիստ գյուղում, Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի տոհմիկ բազմանդամ իշխանական տոհմում։ Նախնիները գաղթել են Ղարադաղից եւ հաստատվել Կալերում։ Վախճանվել է Երեւանում, 1970 թ. փետրվարի 22-ին:
Գիրքը տպագրվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի եւ արեւելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանի ծավալուն առաջաբաններով: Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի եղբոր թոռ Վահան Մելիք-Օհանջանյանի հետ դեկտեմբերի 16-ին այցելեցի Մատենադարան եւ ծանոթացա արցախյան ձեռագրերի ցուցանմուշներին, որոշները լուսանկարեցի՝ գրքում տպագրելու նպատակով։ Տեղեկացնեմ՝ Վահան Մելիք-Օհանջանյանի նախաձեռնությամբ է ծավալուն գիրքը լույս ընծայվելու։ Արցախյան պատմամշակութային հուշարձանների լուսանկարների մի մասն իմ հեղինակածն են, հատկապես՝ Քաշաթաղի շրջանինը։ Գրքում լինելու է անդրադարձ նաեւ արցախյան արխիվային փաստաթղթերին։ Կհիշատակվեն նաեւ Արցախցի նշանավոր անձինք, հատկապես նրանք, ովքեր բնակվել են Արցախից դուրս, սակայն իրենց գործունեությամբ աջակցել են հայրենի երկրին։
Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում գործող մի քանի թանգարան ու դրանցում եղած ցուցանմուշները մնացին թշնամու տիրապետության տակ, եւ անհայտ է դրանց ճակատագիրը։
Մարտակերտի շրջանում գտնվող Վանք գյուղի տարածքում է հայոց Գանձասար վանական համալիրը, որտեղ առանձին նորակառույց շենքում (ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան) 2015 թ. նոյեմբերին բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը։ Մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը այստեղ տեղի էին ունենում գիտակրթական, մշակութային բազում միջոցառումներ։ Ցուցասրահներում ներկայացված էին Արցախում ստեղծված ձեռագիր-մատյաններ, հնամյա արխիվային փաստաթղթեր, տպագիր գրքեր, լուսանկարներ, այլ արժեքներ։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ մատենադարանի ձեռագրերը տեղափոխեցին Երեւանի Մատենադարան, որտեղ էլ 2021 թ. մարտի 2-ին բացվեց «Արցախի ձեռագրական արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսը։ «Այս ցուցադրությունը, անշուշտ, ժամանակավոր է, առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Արցախում ստեղծվեն ավելի կայուն, ավելի հաստատուն պայմաններ, մենք ցուցանմուշները կտեղափոխենք եւ Գանձասարի հոյակերտ վանքի հարեւանությամբ կրկին կբացենք Գանձասարի մատենադարանը»,- մարտի 2-ին ասել էր Երեւանի Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Նույն օրը «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն ասել է. «Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք ձեռնամուխ եղանք գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունն առավել ապահով վայր տեղափոխելուն: Հատկապես երբ հակառակորդը գերճշգրիտ հարվածներով թիրախավորում էր Արցախի հոգեւոր մշակութային կենտրոնները: Ուստի որոշում կայացրինք ռազմական գործողությունների հատվածից անմիջապես տարհանել բոլոր ձեռագրերն ու տեխնիկական միջոցները: Կամավորների աջակցությամբ մեզ հաջողվեց ցուցանմուշները տեղափոխել Երեւան։ Մաշտոցյան Մատենադարանում արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը ժամանակավոր է՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում դրանք կրկին տեղափոխելու են Գանձասար»։ Այսօր էլ Գանձասարի մատենադարանի ողջ հավաքածուն՝ ավելի քան 100 ցուցանմուշ, հիմնականում ձեռագրեր, ցուցադրվում են Երեւանի Մատենադարանում եւ պատմում հայոց Արցախ աշխարհի մասին։
Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը, ով արդեն 55 տարի աշխատում է այստեղ եւ 35 տարուց ավելի այս պաշտոնն է զբաղեցնում, ներկայացրեց ցուցանմուշները։ Տեղեկացրեց՝ ցուցադրված ձեռագրերն ստեղծվել են Արցախի գրչության կենտրոններ Ամարասում, Գանձասարում, Եղիշե Առաքյալի վանքում, Գտչավանքում, Մեծառանաց Սբ. Հակոբավանքում, Խադավանքում, Դադիվանքում, Երիցմանկանց վանքում եւ այլուր։ Ցուցադրությունում ներկայացվում են նաեւ տպագիր գրքերի նմուշներ Շուշիից: Ցուցադրվող ամենահին նմուշը՝ Գանձասարի՝ Հասան Ջալալյաններին պատկանած ձեռագիր Ավետարանն է, որը թվագրվում է 13-րդ դարով:
«Ասեմ, որ Արցախում ծնված ձեռագրերն իրենց բովանդակությամբ, ոչ իրենց ձեւավորմամբ, առանձնապես չեն տարբերվում հայոց մնացած վայրերում ստեղծված նմանատիպ մատյաններից։ Սա ուղղակի հայկական մանրանկարչության հատուկ դպրոց է, ինչպիսին են Վասպուրականի, Կիլիկիայի, Սյունիքի եւ այլ մանրանկարչական հայկական միջնադարյան դպրոցներ։ Թեմաները, ոճական առանձնահատկությունները մեկն են, բայց կան հետաքրքիր մանրանկարներ, որոնք տարբերվում են ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային արվեստից։ Այստեղ ներկայացված է Հիսուսի վերջին ընթրիքն իր աշակերտների հետ»,- նշեց նա։ Այս ԺԴ (14-րդ) դարի «Ավետարանում» աջ էջին շրջանակի մեջ ներկայացված է «Խորհրդավոր ընթրիք»-ը Վերնատանը։ Հիսուսը նստած է աթոռին, առաքյալների միայն գլուխներն են պատկերված կլոր սեղանի շուրջը։ Շրջանակի ներքեւի ձախ անկյունում Հուդան է՝ «յուդա առեալ զպատառն եւել» մակագրությամբ։ Ձախ էջում ներկայացված է Հիսուսի դատավարությունը։ Շրջանակի վերին աջ անկյունում գրված է. «Մատնումն», ներքեւում հրեա ժողովուրդն է, աթոռին նստած է «պիղատոս դատաւոր»-ը՝ առջեւում կանգնած է Հիսուսը, ում մատնում է Հուդան։ Ըստ Ա. Չարխչյանի՝ համաշխարհային մանրանկարչությունում նման աշխատանք չկա։
Նշեց նաեւ՝ Մատենադարանի թանգարանը բացառապես նվիրված է ձեռագիր ու հնատիպ գրքերին եւ արխիվային փաստաթղթերին։ Հավելեց՝ կենտրոնական դահլիճում ցուցադրված է հայ մշակույթի զարգացումը՝ 5-րդ դարից մինչեւ 18-րդ դար։ Առանձին դահլիճում հնատիպ գրքերն են ցուցադրված, մյուսում՝ արխիվային փաստաթղթերը։ Կա առանձին դահլիճ, որտեղ ցուցադրված են այլալեզու գրքեր։ Այժմ Մատենադարանում պահպանվում են 14500 հայերեն ձեռագրեր եւ մոտ 4000 տարբեր լեզուներով գրված ձեռագրեր՝ պարսկերեն, արաբերեն, ռուսերեն…, ինչպես նաեւ՝ մեռած լեզուներով։ 1567 թ. գրիչ Հայրապետի Ավետարանը գրվել է Գետուզ գյուղում, որը հնարավոր է՝ գտնվել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառում։ Հակարի գետի միջին վտակ Հոչանցի ափին է հայոց միջնադարյան վանական համալիրներից Կատոսավանքը։ Այս սրբավայրից վերեւ՝ ձորապռնկին է Կատոս գյուղը։ Ըստ հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի՝ Կատոսը Գետուզի հնչյունափոխված տարբերակն է։ (Հակարու երկրի Գետուզում գրված մի ձեռագիր «Ավետարան»-«Ցուցակ Ձեռագրաց» հատոր Ա, Երեւան 1965 թ. ձեռագիր՝ թիվ 4932)։ Այս ձեռագիրն ունի նաեւ հրաշալի մանրանկարներ։ Քաջբերունիքում 1498 թ. Գրիչ Բարսեղի ստեղծած Ավետարանն ունի շքեղ արծաթյա կազմ՝ զարդարված քարերով։ «Աւետարան Ղուկասու» ձեռագիր մատյանը գրվել է 1297 թ. Սիսական գավառում՝ գրիչ Հովհաննեսի ձեռամբ։ Մատյանի ծաղկողն է Գրիգոր Տաթեւացին։ «ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱԹԷՈՍԻ»-ն գրվել է Հռոմկլայում 1166 թ., բայց պահվել է Արցախում։
Գրիչ Մելիքսեթի ստեղծած «Ավետարանում» հարեւան էջերից մեկին պատկերված է Հիսուսի մուտքը Երուսաղեմ՝ նստած ավանակին։ Նրան դիմավորում են բնակիչները։ Մյուս էջին Մարիամի եւ Հովսեփի փախուստն է Եդեսիա։ Մարիամը գրկել է մանուկ Հիսուսին։ «Աւետարան ըստ Յովհաննու» մատյանը գրվել եւ նկարազարդվել է Խորանաշատի վանքում 1224 թ.։ 2 էջերից մեկի վրա պատկերված է գրիչը՝ ոգեշնչված Աստծո շնորհքով, իսկ մյուս էջին գեղեցիկ զարդանկար է՝ հայոց տառերով գրված «ԻՍԱ» բառը։ Ցուցափեղկերից մեկում «Դատաստանագիրք» ժողովածուն է՝ գրված 1335 թ., գրիչ՝ Գրիգոր։ ԺԷ (17-րդ) դարում դատաստանագիրքը լրացվել է Հովհաննես Ծարեցու կողմից՝ Դադիվանքում։ Մեկ այլ դատաստանագիրք գրվել է Հովհաննես կաթողիկոսի ձեռամբ՝ Գանձասարի վանքում 1778 թ.։ Ցուցադրությունում ներկայացված է նաեւ Առաքել Կոստանյանի «Արցախի պատմությունը 1870-1880 թթ.» գրքի ձեռագիրը. գրիչ՝ հեղինակ։ Շուշի քաղաքի՝ հայոց մշակույթի եւ գրատպության կենտրոն լինելու մասին են վկայում այստեղ 19-րդ դարակեսից եւ 20-րդ դարասկզբին տպագրված գրքերը։ Ֆիրդուսու «Ռոստամ եւ Սոհրաբ» ամբողջական վեպը եւ զանազան հատվածներ Շահ-Նամեից տպագրվել են 1893 թ. Միրզաջան Մահտեսի Յակոբեանցի տպարանում։ Պարսկերենից թարգմանել է Սամուէլ Գուլզադեանցը։ «Հայոց եկեղեցական իրաւունքը» Ա գիրքը Ն. Վ. Մելիք-Թանգեանի աշխատութեամբ տպագրվել է 1903 թ.՝ Եղիսաբեթ Մ. Մահտեսի-Յակոբեանցի տպարանում։
Ցուցափեղկերում ներկայացված փաստաթղթերից մեկը Ֆրանսիայի վարչական խորհրդի անդամների բնութագիրն է Հովհաննես Պետրոսյանի անբասիր ծառայության մասին՝ տրված 1813 թ. հուլիսի 18-ին։ Մյուսում 1814 թ. տրված պաշտոնական թույլտվություն է Հովհաննես Պետրոսյանին «Շուշանաձեւ շքանշան» կրելու մասին։ Մատենադարանի առաջին հարկում ցուցադրված է նաեւ շքանշանը։ Վահան Մելիք-Օհանջանյանը տեղեկացրեց, որ Հովհ. Պետրոսյանը ծառայել է Նապոլեոն Բոնապարտի մոտ եւ իր անբասիր ծառայության համար արժանացել է պարգեւների։ Ներկայացված ձեռագրերը, արխիվային փաստաթղթերը, տպագիր գրքերը Արցախը մշտապես հայոց ոստան լինելու մասին պատմող վկաներն են, եւ հուսանք՝ կգա օրը, եւ դրանք մշտապես կհանգրվանեն Գանձասարում ու կլինեն անվտանգ, ինչպես հավաստել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը։