Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մարդն իր էությամբ բնության ստեղծագործություն է, մենք կապված ենք մայր բնությանը

Հավատով եմ լցված մեր երկրի ապագայի հանդեպ

Դեկտեմբերի 25, 2021
Սոցիում
Մարդն իր էությամբ բնության ստեղծագործություն է, մենք կապված ենք մայր բնությանը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
733
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահի» հյուրն է ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը

-Պարո՛ն Շմավոնյան, կներկայացնե՞ք Ձեր անցած ուղին:

-Արվեստն ապրելու համաժողովրդական գրավականն է: Դեռ մանկուց զբաղվել եմ նկարչությամբ: Անցածս ուղու շնորհիվ այսօր փորձել եմ կերտել արվեստի մասին իմ պատկերացումները, ինչով, առաջին հերթին, ներկայանում եմ իմ երկրին, հետո` օտարին: Օտարին ներկայանալը պակաս կարեւոր չէ, քանի որ այդպիսով ներկայացնում եմ իմ երկրի պատվի գույները: Գրեթե ամեն տարի հրատարակում եմ գունավոր «Արարատ» ալբոմ եւ տարածում ամբողջ աշխարհով: Արարատի որոշ նմուշներ գրքերի շապիկների վրա են տեղ գտնում: Փորձում եմ հաճախակի կազմակերպել ցուցահանդեսներ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում: Նկարներս հիմնականում ցուցադրվում են ԱՄՆ-ում: Հետաքրքիր մի բան նշեմ. գործերս փակցված են ամերիկյան որոշ հիվանդանոցներում. ինչո՞ւ: Այնտեղից ստացա առաջարկ նկարներ տրամադրել բուժհաստատություններին` որպես հոգեթերապիայի ներգործուն ուժ ունեցող մեթոդ: Առհասարակ, նկարչությունը եւ արվեստի մյուս ճյուղերն ապրեցնող են: Դա է պատճառը, որ շատ բժիշկներ իրենց հիվանդներին արվեստաբուժություն են նշանակում: Արդեն մոտ 20 տարի է` ես համագործակցում եմ ամերիկյան շատ բուժհաստատությունների հետ: Ամերիկայում գոյություն ունի «Պրովիդենս» անունը կրող ցանցային հիվանդանոց, որը շուրջ 17 բուժհաստատություն ունի միայն Կալիֆորնիա նահանգում: Վերջերս հիվանդանոցներից մեկում անցկացրին «Մեկ մարմին, մեկ հոգի» խորագրով նկարների ցուցադրություն: Նրանցից խորագրի շրջանակներում մի մեծ նկարի պատվեր ստացա. նկարն այժմ փակցված է հիվանդանոցում: Ինձ գրավեց իրենց առանձնահատուկ ու եզակի մոտեցումը: Այդպիսով՝ ինքս իմ մտքերի մեջ ավելի համոզվեցի որ արվեստը, մարդու հոգին ու ներաշխարհը միմյանց կապված են անտեսանելի ամուր թելերով:

-Ձեր ասածի հիման վրա ուզում եմ հարցնել` այդ հիվանդանոցները նկարների թեմատիկ ընտրություն անո՞ւմ են:

-2000 թվականին նկարներիս թեմատիկ ընտրության դեպք եղավ: Ի դեպ, նշեմ, որ իրենց ընտրած նկարն այժմ գտնվում է «Գլենդել մեմորիալ հոսփիթալում»: «Հույս» խորագրով նկարի պատվեր էի ստացել, որը շատ հոգեհարազատ էր ինձ: Իրենք արվեստագետին երբեք չեն թելադրում, թե ինչ գործ անի կամ ինչպես: Այս առումով հետաքրքիր մոտեցում են ցուցաբերում` թույլ են տալիս արվեստագետն ազատ ստեղծագործի, քանի որ հստակ գիտակցում են, որ յուրաքանչյուր արվեստագետ ստեղծագործելով՝ իր ներաշխարհի պարունակությունն է ի ցույց դնում: Արվեստի ցանկացած դրսեւորում իրենց համար արդեն արժեք է, թեման իրենք են հարմարեցնում իրենց միջավայրին: Հիվանդանոցային ցանցի գլխավոր տնօրենը հավաստեց, որ ունեն բանիմաց ու կարող բուժանձնակազմ, սակայն նկարները բուժման գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն` գրանցելով բարձր արդյունավետություն: Մարդն իր էությամբ բնության ստեղծագործություն է, մենք կապված ենք մայր բնությանը:

-Պարո՛ն Շմավոնյան, Ձեր նկարներում ո՞ր թեման է գերակշռում:

-Քանի որ ինքս սիրահարված եմ բնությանը, ուստի նկարներիս մեծ մասը բնապատկերներ են: Մեծ տեղ եմ տալիս խանդավառ, ջերմացնող գույներին: Ընդհանրապես՝ կարծում եմ, որ արվեստագետն իր ներսում մեծ էներգիա պետք է ունենա, ինչի շնորհիվ իր աչքով տեսածը կարողանա վերարտադրել. դա կարող է լինել բնություն, մարդ, որեւէ իր եւ այլն, կարեւոր է, որ նա կարողանա դա իր ներսով անցկացնել ու փոխանցել մյուսներին: Թերեւս, դրանից գեղեցիկ բան չկա: Ինչպիսի տրամադրվածությամբ ու էներգիայով նկարիչը հաղորդակցվի բնության հետ, այդպիսին էլ կստանա բնությունից ստեղծագործելու պահին: Չնայած որ ինձ մոտ գերակշռող են բնապատկերները, կան նաեւ նատյուրմորտներ, ունեմ կանացի սիլուետների շարք, որոնց մեջ կրկին առկա են խոսուն գույներ: Նկարչի ստեղծագործությունը միշտ տալիս է մտածելու, խորհելու, հաղորդակցվելու հնարավորություն: Նույն նկարի մեջ մարդ կարող է ամեն օր մի նոր բան բացահայտել: Դա բացառիկ երեւույթ է:

Նկարներիս շարքերում առանձնահատուկ տեղ է գրավում «Արարատի» թեման: Արարատ լեռը հայի ու Հայաստանի պատկանելությունն է: Այդ մասին ողջ աշխարհը գիտի, թուրքերն էլ գիտեն: Մի օրինակ բերեմ. մոտ մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ-ի սենատորներից մեկը, ով երբեք չէր եղել Հայաստանում, խոսում էր նկարներիս մասին եւ մեկնաբանում: Նա ասաց, որ ափսոս` Արարատը սահմանի մյուս կողմում է գտնվում: Բիբլիական Արարատը գեղեցկակազմ լեռ է, բնության գլուխգործոց: Հայաստանից որ կողմից էլ նայենք, սկզբից բնապատկեր է մեր առջեւ բացվում, հետո նոր՝ Արարատը: Ութսունական թվականներին Վազգեն վեհափառի մեկենասությամբ ստեղծվեց «Արարատ» լուսանկարների շարքը: Միտք կար նաեւ ստեղծել ձեռքով նկարած Արարատի շարք: Որոշում կայացվեց նկարներին զուգահեռ զետեղել նաեւ այն գրողների աշխատանքները, որոնք գրել են Արարատի մասին: Բարեհաջողությամբ տպագրվեց «Արարատ» ալբոմը երեք լեզվով, որի մեջ տեղ են գտել ռուս եւ հայ հայտնի գրողների՝ Արարատին նվիրված ստեղծագործությունները (Լերմոնտով, Պուշկին, Չարենց, Իսահակյան եւ այլք): «Արարատ» ալբոմն այս տարի հրատարակվել է «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի հովանավորությամբ: Ալբոմը մոտ 300 էջանոց է` յուրաքանչյուր էջի վրա Արարատի տարբեր մեկնաբանություններ: Պատահական չէ, որ այն կոչվում է նաեւ պատկերագիրք:

«Դուք օտարներին մի՛ պատմեք Հայաստանի մասին, պարզապես նրանց ցո՛ւյց տվեք Շմավոն Շմավոնյանի՝ Արարատին ձոնած կտավներից մեկն ու մեկը, եւ այդ օտարը կսիրահարվի արհավիրքներ հաղթահարած, հավերժող, դրախտային ու Արարչագործ հինավուրց երկրին…»:

Սամվել Խալաթյան

-Իսկ ի՞նչ է Արարատն անձամբ Ձեզ համար, ի՞նչ եք Դուք փոխանցում լսարանին Արարատի նկարներով:

-Արարատի նշանակությունը բազմաշերտ է` մարդկության նախասկիզբը խորհրդանշող վայր, ազգային իղձերն անձնավորող երեւույթ, պատմական, բիբլիական նշանակություն ունեցող լեռ եւ այլն: Իր փառավոր փեշերը փռած Հայաստանի վրա` պաշտպանում է մեր ազգին: Արարատը համամարդկային արժեք է, որն ի պահ է տրված մեզ` հայերիս: Նկարներովս փորձում եմ դա փոխանցել շրջապատին:

-Դուք նաեւ Էջմիածնի վեհարանի հետ եք սերտ կապերի մեջ, Ձեր նկարներից նաեւ Հռոմի պապին են նվիրել եւ՛ Վատիկանում, եւ՛ Հայաստան կատարած այցի ժամանակ: Վերջերս էլ եղել եք Էջմիածնում` Վեհափառի մոտ: Հոգեւոր դասի հետ ունեցած Ձեր կապերն ինչո՞վ են պայմանավորված: Ի՞նչ եք տալիս եւ ստանում:

-Իմ ոչ հեռավոր նախնիները` պապիս հայրը, պապը եղել են հոգեւորականներ: Այսինքն` ժառանգականությամբ արդեն մոտ եմ հոգեւոր աշխարհին: Մյուս գործոնը իմ հայ քրիստոնյա լինելն է: Ինչպես նշեցիք, վերջերս Էջմիածնում Վեհափառի մոտ ընդունելության էի, որը, ըստ նախնական համաձայնության, պետք է տեւեր ընդամենը 15 րոպե` ժամանակի սղության պատճառով: Սակայն այնպիսի ջերմ փոխընկալման մթնոլորտ էր, այնպիսի բովանդակալից զրույց ունեցանք, որ հանդիպումը տեւեց մեկ ժամից ավելի: Պատահական չէ, որ հոգեւոր ու մշակույթ բառերը մշտապես զուգակցվում են, եւ Վեհափառ հայրն էլ քաջատեղյակ է մշակութային արժեքների պահպանման անհրաժեշտության մասին:

Ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարքի հովանավորությամբ էլ Ստամբուլի կենտրոնական հրապարակում պաստառի վրա թուրքերենով գլխատառերով գրված էր` Շմավոն Շմավոնյանի նկարների ցուցահանդես:

-«Արարատ» ալբոմի շրջանակներում նաեւ Ձեր տոհմն է ներկայացված, քանզի Դուք հայտնի տոհմից եք` ցարական բանակի բարձրաստիճան զինվորականներ, բժիշկներ, հոգեւորականներ, ուսուցիչներ… Կխնդրեմ խոսել Ձեր տոհմի մասին:

-Ալբոմի մեջ ներկայացված է, որ պապս, պապիս եղբայրը 19-րդ դարի 80-ական թվականներին Մոսկվայում եղել են բազմավաստակ բժիշկներ: Իրենց այն ժամանակվա ծառայողական աստիճանագրքույկն ինձ մոտ է, վերջերս կրկին թերթում էի: Գրքույկում նշված է, թե որտեղ, որ թվականին, որ օրն ինչ ծառայության մեջ են եղել, անգամ ռուս-թուրքական պատերազմի ժամանակահատվածում իրենց մատուցած բժշկական ու ռազմական ծառայության մասին է նշված: Թողնելով ընտանիքն Ալեքսանդրապոլում` այժմյան Գյումրիում՝ ռուսական զորքի հետ մեկնում են ռազմաճակատ: Ուսումնասիրություններիս արդյունքում հայտնաբերեցի, որ մեր արմատները Խոյի եւ Սալմաստի կողմերից են: Իսկ հայրական տատիկս մեծ գրող Րաֆֆու տոհմից է սերում:

-Վարպե՛տ, եթե ընտրած չլինեիք նկարչության ուղին, ապա ի՞նչ մասնագիտություն ընտրած կլինեիք:

-Առաջնահերթորեն, ինչ էլ ընտրած լինեի, կփորձեի բոլոր իրավիճակներում մնալ լավ մարդ: Փոքր հասակից ինձ ժամանակ չի տրվել, որ մտածեմ` ի՞նչ կցանկանամ դառնալ, որովհետեւ միանգամից վրձինն եմ վերցրել ձեռքս: Բայց մեկ բան հստակ է ինձ համար` լավ մարդ լինելը մասնագիտություն չէ, հոգեվիճակ է, ապրելակերպ: Յուրաքանչյուր արվեստագետ իր ներաշխարհն է արտացոլում իր ստեղծագործության միջոցով. գուցե նաեւ այդ պատճառով եմ ընտրել նկարչի ուղին:

«Շմավոնի նկարները վերակենդանացնող ուժ ունեն: Պատահական չէ, որ հիվանդանոցներում հիվանդներն իր նկարներով բուժում են ստանում: Պետք է միայն տեսնել, թե ինչպիսի սիրով են հիվանդանոցի բժիշկներն ու հիվանդները մոտենում ու ուսումնասիրում իր նկարները: Դրանք իր ներաշխարհի արտացոլումն են: Արարատի դիմաց ծնված մարդն այլ կերպ չէր կարող լինել: Այս տարի մեր հիմնադրամը հրատարակեց Արարատների իր ալբոմը, ինչի համար այնքան ուրախ եմ: Շմավոնի տաղանդն ի վերուստ է տրված, քանի որ միայն աստվածատուր հատկություններով օժտված մարդը կարող է իր հոգու գույները հանձնել աշխարհին կտավի միջոցով»:

Գուրգեն Մելիքյան

-Շատերն ասում են, որ աշխարհի լավագույն նկարիչներն ապրում են Հայաստանում: Ի՞նչ կարծիքի եք այս մասին:

-Ոչ միայն ապրում, այլ նաեւ ծնվում են Հայաստանում: Համամիտ եմ այդ մտքի հետ, քանի որ Հայաստան աշխարհն է լավագույնը: Հայաստանի նկարիչների ոտքերն այս հողից են արմատակալած, սնունդը, էներգիան ստանում են մայր հողից, իսկ արեւի ջերմությունը` Հայաստանի երկնքից:

-Ի՞նչ կարծիք ունեք նկարիչների, արվեստագետների գալիք սերնդի մասին: Ի՞նչ ապագա ունի մեր նկարչական արվեստը:

-Բավական լավ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Նրանք առաջին հերթին մեր շարունակությունն են, մեզնից են սերված, մեզնից են սկիզբ առել: Իրենք իրենց ժամանակի տերն են: Բարեբախտաբար, այսօր ավելի լայն հնարավորություններ կան նորաթուխ նկարչի համար, զարգանալու եւ հմտանալու իր գործի մեջ, եւ նոր սերունդը փորձում է օգտվել այդ բոլոր հնարավորություններից: Հրաշալի սերունդ ունենք, եւ դեռ էլի հանճարներ են գալու:

-Մեր հայրենիքի համար դժվար ժամանակներ են: Ի՞նչ մտքեր ունեք այս ուղղությամբ:

-Լավատեսությամբ եմ լցված մեր հայրենիքի ու ազգի ապագայի հանդեպ: Մեր ազգն ավելի դժվար, ավելի ծանր փուլեր է հաղթահարել, սակայն ցավով մի բան պետք է փաստեմ, որ պատմությունը կրկնվում է: Ուստի պետք է դասեր քաղենք ու փոխենք մեր վարվելակերպը. վստահ եմ` այդպես կկարողանանք կանգնեցնել պատմության անվերջ պտտվող անիվը: Խնդիրը մեր մեջ է, եւ այն շուտափույթ լուծել է պետք: Մեզ մեր հավատքն է ուժ տվել, մենք չենք նմանվել մեր հարեւան վայրի ցեղերին, որովհետեւ նրանց մոտ բնազդն է միշտ աշխատում, որը չկա մեզ մոտ: Հավատով եմ լցված մեր երկրի ապագայի հանդեպ:

Թեգեր: նկարիչՇմավոն Շմավոնյան
Կիսվել3Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Առճակատումը մտնում է վտանգավոր փուլ

Առճակատումը մտնում է վտանգավոր փուլ

Ժողովրդական մանկավարժն ու հայրենասեր հայորդին

Ժողովրդական մանկավարժն ու հայրենասեր հայորդին

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist