Լրացավ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տոնած հաղթանակի 76-ամյակը: Այդ հաղթանակը, որին իրենց մասնակցությունը բերեցին հարյուր հազարավոր հայեր եւ իրենց անունը պսակեցին փառքով, փրկություն էր նաեւ Հայաստանի համար, որն իրադարձությունների այլ ընթացքի դեպքում կենթարկվեր Թուրքիայի ներխուժմանը: Ողջ աշխարհում գտնվող հայերն ամեն ինչ արեցին իրենց հայրենիքին օգնելու համար: Նրանց գործունեությունը, այդ թվում՝ հռչակավոր հայ զորահրամանատար Գարեգին Նժդեհինը, պայքարի յուրօրինակ փուլ էր ընդդեմ Գերմանիայի դաշնակից Թուրքիայի, որպեսզի ոչ մի դեպքում չկարողանար մտնել Հարավային Կովկաս եւ ավարտին հասցներ հայ ժողովրդի ոչնչացման իր դժոխածին պլանը…
Գերմանիայի կապիտուլյացիայի արդյունքում խաղաղություն տիրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական ողջ թատերաբեմի վրա: Այո, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եղել եւ մնում է Կարմիր բանակի ամենակարեւոր ձեռքբերումը, սակայն հրատարակվող տեղեկությունները ցավալիորեն ընդգծում են մի փաստ, որ նացիստական Գերմանիայի հզորացման մեջ մեծ դեր ունի նույն Խորհրդային Միությունը, իսկ ավելի ճիշտ՝ նրա ղեկավարությունը: Կանադացի ազդեցիկ լրագրող Տրիստին Հոպերը «National Post»-ում հայտարարել է, որ Խորհրդային Միությունը զինել, կերակրել ու խրախուսել է ազգայնական Գերմանիային, որպեսզի, ի վերջո, դառնա նրա գլխավոր զոհը:
Համաշխարհային երկրորդ պատերազմում զոհված գերմանացի 10 զինվորից 8-ը սպանվել է Արեւելյան ռազմաճակատում: 2015 թ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ «Կարմիր բանակը վճռորոշ դեր է կատարել Գերմանիայի ազատագրության գործում»: Իսկ այդ հաղթանակի համար Խորհրդային Միությունը չափազանց թանկ գին վճարեց. կորցրեց մոտ 10 մլն զինվոր, այսինքն՝ ավելի, քան մյուս դաշնակիցները՝ միասին: Միջին հաշվով յուրաքանչյուր 24 օրը Խորհրդային Միությունը կորցնում էր այնքան մարդ, որքան Միացյալ Թագավորությունը՝ ողջ պատերազմի ընթացքում (383700 հոգի):
Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը կմնա որպես ԽՍՀՄ-ի կարեւորագույն ձեռքբերում: Աշխարհում շատերն են գովում այդ նվաճումը, բայց, ըստ կանադացի լրագրողի, հաճախ չնկատելու են տալիս մի կարեւոր փաստ, որ աշխարհում առաջին կոմունիստական պետությունը շատ բանով նպաստել է համաշխարհային այդ պատերազմի բռնկմանը: Անկասկած, Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր ճարտարապետներն են Գերմանիան եւ Ճապոնիան, բայց պետք է իմանալ նաեւ, թե ինչպես է ԽՍՀՄ-ը խրախուսել եւ խթանել, որ համաշխարհային հակամարտությունն սկսվի:
Հոպերը գրում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին կրակոցները ուղիղ հետեւանքն էին այն բանի, որ խորհրդային դիվանագետը հանդիպեց իր նացիստական գործընկերոջը, սեղմեց նրա ձեռքը եւ հաղորդեց, որ հիտլերյան Գերմանիան Արեւմտյան Եվրոպայի հետ կարող է անել այն ամենը, ինչ իր խելքին կփչի: Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն ակնթարթային ազդեցություն թողեց իրավիճակի վրա Եվրոպայում: Դրա ստորագրումից 8 օր անց գերմանական ռումբերն սկսեցին թափվել Վարշավայի վրա:
«Երկար ժամանակ խորհրդային կառավարությունը կարծում էր, որ այդ պակտը, որը պաշտոնապես անվանվել է «Չհարձակման պայմանագիր» Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ, ընդամենը բավական փափուկ համաձայնագիր է չեզոքության վերաբերյալ, հարկադրական դաշինք, որը ստորագրվել է միայն այն պատճառով, որ Ֆրանսիան ու Անգլիան «չէին ցանկացել» Մոսկվայի հետ հակաֆաշիստական պայմանագիր կնքել: Իրականում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը համաձայնագիր էր երկու բռնակալությունների միջեւ, որոնք որոշել էին աշխարհը բաժանել միմյանց միջեւ՝ իրենց նպատակներին հասնելու համար»,- նշել է Հոպերը:
1980-ականների վերջին «հրապարակայնության» քաղաքականության շնորհիվ Խորհրդային Միությունում վերջապես հայտնի դարձավ, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտում եղել են գաղտնի արձանագրություններ, որոնք կողմերին թույլատրում էին իրար մեջ կիսել Լեհաստանը, իսկ Խորհրդային Միությանը՝ գրավել մերձբալթյան երկրները՝ Լատվիան, Էստոնիան ու Լիտվան: Որպես Քաղբյուրոյի անդամ՝ Ալեքսանդր Յակովլեւը 1989 թ. «Պրավդայի» իր սյունակում գրել է, որ Ստալինն ու Հիտլերը, իրոք, 1939 թ. համաձայնության են եկել:
Այդ պակտի օգնությամբ անվտանգ դարձնելով արեւելյան ճակատը՝ Հիտլերը նետվեց Լեհաստանի, այնուհետեւ՝ Նորվեգիայի, Ֆրանսիայի, Բելգիայի եւ բոլոր այն երկրների վրա, որոնք գտնվում էին նրանց միջեւ: Միեւնույն ժամանակ Խորհրդային Միությունը նույնպես օգտվեց նշված «Չհարձակման պայմանագրից»՝ նվաճելով Լեհաստանի արեւելյան մասն ու բալթյան երկրները: Կարմիր բանակը հարձակվեց Մոնղոլիայում գտնվող ճապոնական ուժերի վրա եւ ներխուժեց Ֆինլանդիա:
Ցուցադրական մի փաստ. երբ անգլո-ֆրանսիական հրամանատարությունը ռազմավարական ռմբակոծության պլաններ էր մշակում, նրանց թիրախները ոչ թե գերմանական գործարաններն էին, ոչ թե գերմանական ռազմական օբյեկտները, այլ Խորհրդային Միության նավթավերամշակող ձեռնարկությունները: «Pik» օպերացիան ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող նավթահանքերի ռմբակոծություն էր: Նպատակն այն էր, որ այդ միջոցով ոչ միայն դադարեցվի խորհրդային զորքերի հարձակումը մերձբալթյան երկրների եւ Ֆինլանդիայի վրա, այլեւ նացիստները զրկվեն վառելիքից:
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից հետո նացիստական ու խորհրդային դիվանագետներն սկսեցին մշակել համապարփակ առեւտրային համաձայնագիր երկու երկրների միջեւ. Գերմանիան մտադիր էր իր արդյունաբերական արտադրանքն ուղարկել դեպի Արեւելք, իսկ Խորհրդային Միությունը՝ դեպի Արեւմուտք: Արդյունքն այն էր, ինչ պատմաբանները անվանում էին «ոչ էական» խորհրդային «զարկերակ», որը սնուցում էր գերմանական պատերազմի մեքենան՝ փայտանյութ, ֆոսֆատներ, հանքաքարեր, բամբակ եւ 1.3 մլն տոննա հացահատիկ:
Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան պարտվեց նաեւ այն պատճառով, որ ենթարկվեց շրջափակման: 1939 թ. դաշնակիցները պատրաստվում էին պատերազմի Գերմանիայի հետ, որին սնում, վառելիքով մատակարարում ու հագցնում էր Խորհրդային Միությունը: Նացիստական Գերմանիան նույնիսկ Անդրսիբիրյան երկաթուղով ուղղակի ելք ուներ խաղաղօվկիանոսյան ափ:
Խորհրդային Միությունը գաղտնի առեւտրային կապեր էր պահպանում Գերմանիայի հետ Հիտլերի՝ իշխանության գալուց դեռ շատ առաջ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիան ստիպված էր խստորեն սահմանափակել իր ռազմական արտադրությունը՝ համաձայն Վերսալի պայմանագրի: Այդ պայմանագիրը շրջանցելու համար Գերմանիայի ղեկավարությունը պարզապես պայմանագիր կնքեց Մոսկվայի հետ, որը նրան հնարավորություն տվեց վերազինում իրականացնել խորհրդային տարածքում գաղտնի բազաների եւ նույնիսկ ռազմական ձեռնարկությունների միջոցով: Երբ 1933 թ. Գերմանիայում իշխանության եկան նացիստները, նրանք ժառանգեցին ռազմարդյունաբերական մի համալիր, որը հիմնականում կազմավորվել էր Խորհրդային Միության աջակցությամբ:
Հնարավոր է՝ խորհրդային ներմուծումը չափազանց նշանակալի դեր չկատարեց 1940 թ. Վերմախտի ապահովման գործում: ԽՍՀՄ-ը չկարողացավ Երրորդ ռեյխին 4.5 մլն բարելից ավելի նավթ տրամադրել, չնայած դա նույնպես ահռելի թիվ է:
Կարողանալով Գերմանիան միացնել խորհրդային զարկերակին՝ Հիտլերը հաղթահարեց իր երկրի հիմնական վախերից մեկը՝ կապված նոր պատերազմի մեջ մտնելու հետ: «1940-ի ամռանը Խորհրդային Միությունը դարձել էր գերմանական ռեյխի համար հումքի ամենակարեւոր մատակարարը»,- գրել է գերմանացի պատմաբան Հենրիխ Շվենդեմանը 1995 թ.:
Ի վերջո, Հիտլերի հետ առեւտրի հետեւանքներն առավել սուր զգաց Խորհրդային Միությունը, երբ տեսավ, որ իր տարածք ներխուժած նացիստական զավթիչներն անհամաչափ ավելի լավ էին հագեցած խորհրդային ապրանքներով: «Արեւելյան ճակատում անընդհատ ծավալվում էր նույն հեգնական տեսարանը: Գերմանացի զինվորները, ովքեր սնվում էին ուկրաինական հացահատիկով, մարտական դիրքեր էին հասել կովկասյան նավթի շնորհիվ, հագել էին Անդրսիբիրյան երկաթուղով առաքված ռետինե կոշիկներ, իրենց նախկին դաշնակցի վրա կրակում էին զենքից, որը պատրաստված էր նույն այդ դաշնակցի կարծր պողպատից»,- գրել է Էդուարդ Էրիկսոնն ԽՍՀՄ-ի եւ նացիստների միջեւ առեւտրին նվիրված իր գրքում:
Առեւտրային կապերը երկու բռնապետությունների միջեւ շարունակվեցին ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ-ի վրա հարձակումը: 1941-ի գարնանը, երբ միլիոնավոր գերմանացի զինվորներ շարժվեցին դեպի արեւելք՝ սկսելու գրոհը ԽՍՀՄ-ի դեմ, խորհրդային հացահատիկային գնացքները շարունակում էին շարժվել դեպի Գերմանիա: