Աշխարհառչակ գիտնական, տիեզերական սարքերի հիմնադիր, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը չնայած ապրել, գիտական գործունեությունը ծավալել է Մոսկվայում ու արտերկրում, սակայն կապը երբեք չի խզել հարազատ ծննդավայրի՝ Ծմակահողի հետ, ուր անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը: Հատկապես ամռանը նա ընտանիքով միշտ Արցախ էր գալիս ու հայրենի գյուղում անցկացնում արձակուրդը: Լինելով չափազանց մարդամոտ, համեստ ու հասարակ անձնավորություն, անվանի ֆիզիկոսը մասնակցում էր հասարակական միջոցառումներին, մշակում տնամերձ հողամասն ու այգին, գերանդին ձեռքն առած՝ համագյուղացիների հետ խոտհարքի գնում եւ կեսօրահացը միասին վայելում՝ անցյալի ուրախ-տխուր հիշողություններին տրվելով…
Մահից հետո, թվում էր, հարազատները կլքեն գյուղը եւ շատերի պես կմոռանան Արցախ տանող ճամփան, բայց ճիշտ հակառակը ստացվեց: Կարոտը՝ հայրենի եզերքի, գենի ուժը եւ սերը՝ պապենական օջախի նկատմամբ գիտնականի ժառանգներին վերստին Ծմակահող բերեցին՝ վերարժեւորելու Անդրանիկ Իոսիֆյանի կյանքն ու գործունեությունը, պահպանելու լավագույն ավանդույթներն ու սովորությունները:
Զավակների կողմից ամբողջովին հիմնանորոգվել է ավելի քան 120 տարի առաջ կառուցված պապենական տունը՝ լիովին պահպանելով ճարտարապետական անխաթար տեսքն ու հայտնաբերված հինավուրց, հնաոճ իրերը: Այդ տեսակետից որդին՝ Արամը, եւ թոռը՝ Վլադիմիրը, նաեւ նոր բացահայտումներ են արել: Նորոգումների ժամանակ ներքնահարկում որոշ հին իրեր են հայտնաբերվել: Դրանց մեջ առանձնապես ուշագրավ նորություն է Անդրանիկ Իոսիֆյանի հոր՝ քահանա Գրիգոր Հովսեփյանի 1865-ին թվագրված կնիքը, որը լավ պահպանվել է: Նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո գիտնականի ժառանգները մտադիր են շինությունը վերածել տուն-թանգարանի: Արամ Իոսիֆյանի խոսքով, թանգարանում կցուցադրվեն ակադեմիկոսի գիտական աշխատություններն ու անձնական իրերը, որոնք Մոսկվայի առանձնատանն են:
Իոսիֆյանները նաեւ այլ ծրագրեր եւ մտահղացումներ ունեն Ծմակահողում իրագործելու: Նրանք որոշել են բարեգործական խողովակներով նորոգել գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, իրենց գործունեությամբ նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ էկոտուրիզմի զարգացմանը, աջակցել դպրոցի հիմնախնդիրների լուծմանը:
«44-օրյա պատերազմը փոխել է իմ բոլոր ծրագրերը, եւ որոշել եմ գյուղ վերադառնալ, ապրել այստեղ ու շենացնել պապիկիս ծննդավայրը, դպրոցում գիտական հիմքերի վրա դնել կրթական ծրագրերը: Տեղյակ եմ, որ կրթօջախում տաղանդավոր շատ երեխաներ կան, ովքեր հանրապետական օլիմպիադաներում հաղթող են ճանաչվել եւ դպրոցի պատիվը միշտ բարձր են պահում,– ասում է Արամ Իոսիֆյանը եւ ավելացնում,- Ինչ իմանաս, գուցե նրանցից ոմանք վաղը համալրելու են գիտնականների շարքերը»: