«…Դա դժոխք էր… Թուրքական իշխանություններն ամեն բան արել էին, որ խանգարեն նրանց, ովքեր փորձում էին օգնել այդ տարաբախտ մարդկանց… Հայերի թշնամիներն ապացույցներ են փնտրում նրանց նվաստացնելու այն բանի համար, որ լինելով այդքան բազմաթիվ՝ առանց դիմադրության թույլ տվեցին, որ իրենց քշեն սպանդի…Նրանք ինչպե՞ս կարող էին պաշտպանվել՝ ընդդեմ զինված ժանդարմների, զինվորների ու «կամավորների» բազմաթիվ հրոսակախմբերի, եթե աշխատունակ տղամարդկանց մեծամասնությունն արդեն հավաքագրված էր զինվորական ծառայություն կրելու, իսկ ամբողջ բնակչությունը սիստեմատիկաբար զինաթափվում էր: Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, հայերն արիաբար դիմադրում էին, երբեմն՝ որոշակի հաջողությամբ, իսկ դա եղավ Վանում եւ Կիլիկիայի լեռներում: Ասենք՝ այն ժողովուրդը, որը կարողանում է մարտնչել հանուն գործի, որը արդար է համարում, կարող է արհամարհանքով վերաբերվել երկչոտության բոլոր մեղադրանքներին…
… Այդ գազանություններն իրենց չափերով եւ նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի բոլոր վայրագությունները…»:
Ֆրիտյոֆ ՆԱՆՍԵՆ
Դժոխքի հատակը երկրի երեսին տեսած մեր ժողովուրդն օտարազգի մեծանուն բարեկամներ շատ ունի, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության, խարազանել բորենակերպ եղեռնագործներին, օգնության ձեռք մեկնել քաղաքակրթության ակունքներից եկող հայությանը: Նրանց նվիրական անունները ոսկետառված են հայոց պատմության մատյաններում եւ երբեւէ ենթակա չեն մոռացության: Այդ անուններից է Ֆրիտյոֆ Նանսենը՝ բեւեռախույզ, գիտնական, դիվանագետ եւ ականավոր հումանիստ, անմահ նորվեգացին:
1861 թ. հոկտեմբերի 10-ին Քրիստիանայում՝ փաստաբանի ընտանիքում է ծնվել մեր մեծ բարեկամը: Երիտասարդ տարիքում եղել է չմշկորդ, զբաղվել է լողով, դահուկավազքով եւ… նկարչությամբ: Քսան տարեկանում մասնակցել է չորս ամիս տեւողությամբ ճանապարհորդության ողջ Սառուցյալ օվկիանոսով: 1888-ին գլխավորել է այն թիմը, որն առաջին անգամ ամբողջությամբ հատել է Գրենլանդիան:
Գիտնականն ուսումնասիրել է կենդանաբանություն Քրիստիանայի համալսարանում, ավելի ուշ աշխատել է Բերգենի թանգարանում, որտեղ հետազոտել է ջրային օրգանիզմների կենտրոնական նյարդային համակարգը, որի արդյունքում արժանացել է գիտությունների թեկնածուի կոչման: Այնուհետեւ զբաղվել է օվկիանոսագիտությամբ, այս բնագավառում կատարել մեծ հետազոտություններ հյուսիսային Ատլանտիկայում: Մեծ է նրա ներդրումն օվկիանոսագիտության սարքավորումների մեջ: Որպես ազգային առաջնորդ՝ 1905 թ. բարձրաձայնեց Շվեդիայի հետ միացությունը խզելու հարցը: Նա է խնդրել Դանիայի Քարլ արքայազնին դառնալ նոր ազատագրված Նորվեգիայի արքա: 1906-1908 թթ. եղել է Նորվեգիայի ներկայացուցիչը Լոնդոնում, որտեղ օգնել է կնքել պայմանագիր, որով Նորվեգիան պաշտոնապես դառնում է անկախ պետություն:
1921 թ. Ազգերի լիգայում փախստականների հարցով գլխավոր լիազորի պաշտոնն ստանձնելուց հետո, կյանքի վերջին տասնամյակը նվիրում է այդ կառույցին: 1922 թ. առաջին աշխարհամարտի ժամանակ իր ցուցաբերած մեծ օգնությունների համար պարգեւատրվում է Խաղաղության Նոբելյան մրցանակով: Այդ օգնությունների թվում էր նաեւ «Նանսենյան անձնագիրը» քաղաքացիություն չունեցող մարդկանց համար: Փաստաթուղթը գործում էր ավելի քան 50 երկրներում: Նա եռանդով պաշտպանել է մեր ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան բազմահազար անձնագրեր: Անձնուրաց հումանիստը մինչեւ իր օրերի վերջն զբաղվել է փախստականների հարցերով, որից հետո Լիգան ստեղծել է նրա անվան միջազգային ակադեմիան Լիլլեհամերում եւ շարունակել փառահեղ նորվեգացու գործը:
Իսկ երբվանի՞ց է Նանսենն զբաղվել հայ փախստականների հարցերով, որն առանցքային է նրա գործունեության մեջ. 1924 թ. սկսել է իր հայանպաստ գործունեությունը՝ չխնայելով ջանք ու եռանդ հայ գաղթականների դրության բարելավման, Հայ դատի արդարացի լուծման համար: Խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի եւ երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականների՝ Խորհրդային Հայաստան վերադառնալու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը, որի կազմով էլ 1925 թ. հունիսի 17-ին եկել է Հայաստան, եղել հանրապետության տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները, մասնակցել Շիրկանալի բացմանը: Մինչ այդ այցն անձամբ է զբաղվել հայրենադարձության գործընթացով, քանի որ Ազգերի լիգան դանդաղում էր… Մարդասիրական միջոցներով հայթայթել է անհրաժեշտ միջոցներ եւ տրամադրել 7 հազար հայ գաղթականների: Հայությանն աջակցելու նպատակով մի շարք երկրներում բացել է Նանսենյան գրասենյակներ: Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի տարածքներում գործող Նանսենյան գրասենյակների եւ Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղերի սերտ համագործակցությունը տվել է բաղձալի արդյունքներ: Նանսենը ՀԲԸՄ նախագահ Պողոս Նուբար Փաշայի հետ ստեղծել է Միացյալ հայկական կոմիտե, որն աջակիցներ է գտել աշխարհի շատ երկրներում, ծավալել հայանպաստ գործունեության հզոր ալիք:
Մեծ նորվեգացու բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են մեր ժողովրդի պատմությանն ու մեր երկրին: 1927 թ. նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն՝ «Հայաստանը եւ Մերձավոր Արեւելքը», գերմաներեն՝ «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Այս գրքի վրա կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի եւ Ազգերի լիգայի դեմ»:
Վերստին մեր սիրո ու երախտագիտության տուրքը մատուցելով նվիրական մարդասերին իր անմահության օրվա առիթով (1930 թ., մայիսի 13)՝ ասվածն ամփոփենք նրա խոսքերով. «Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որեւէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը…»: Եվ. «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ…»:
Չմոռանանք ասվածը եւ ջանանք ստեղծել հզոր հայրենիք, զի ուրիշ ճանապարհ չկա…