Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արվեստը թնդանոթ չի սիրում

Մայիսի 14, 2021
Սոցիում
Արվեստը թնդանոթ չի սիրում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
382
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արվեստանոցի շքամուտքից մեկ քայլ ներս, եւ քեզ դիմավորում են կոմպոզիցիոն շքեղ արարումները՝ «Զոհաբերություն ուրարտական աստվածներին», «Արարատյան դաշտի առավոտը», հարազատ, երեւելի դեմքեր՝ Չարենց, Կոմիտաս, Վռամշապուհ արքա, Աբեղյան, Վազգեն վեհափառ, Նանսեն, Տերյան, Թորամանյան, Դեւրիկյան, Հերունի… Եվ էլի մեծեր ու մեծեր, որոնց՝ յուրաքանչյուրին բնորոշ դիմարտահայտությամբ եւ ներաշխարհի գույների ու խառնվածքի նրբին բացահայտումներով, իր ու մեր կենսաշխարհ է բերել անառարկելիորեն տաղանդավոր արվեստագետը՝ Տարիել Հակոբյան անուն-ազգանունով: Խորիմաց մշակութային մի գործիչ, որի արվեստանոցը, զուգահեռաբար, բացառիկ արժեքավոր գրքերով շնչող հարուստ ու յուրօրինակ գրադարան է հիշեցնում: Դրանք սոսկ այնպես դրված գրքեր չեն, ոչ էլ միջավայրի զարդարանք՝ ընթերցված, նշումներով հագեցած մտերիմներ են, որոնք զրուցում են քանդակագործի հետ ամեն օր… Իսկ արվեստանոցի խորքում կրկին հին ու նոր կերտվածքների «ժխոր» է ու նեղվածք՝ հայ եւ օտարազգի մեծերի, ապրած ու ապրող արժանավորների, պաշտելի ծնողաց….

Տարիել Հակոբյանի նախնիները էրգրից են՝ Մուշից, որոնք 1750-60 թվականներին տեղափոխվել են Ալաշկերտ, որոշ ժամանակ անց՝ համոզվելով, որ Ալաշկերտն իրենց տեղը չի, եկել-հասել են Արագած լեռան փեշերը եւ նոր արմատներ գցել Սառնաղբյուրում: Բայց ապագա քանդակագործին բախտ էր վիճակված լույսաշխարհ գալ խոսքաշեն ու արհեստների, արվեստների քաղաք Գյումրիում՝ եւս մեկ ուրախության ճիչ ու ղողանջ հավելելով իր սիրասուն ծնողների՝ Արամի եւ Լուսաբերի բազմանդամ ընտանիքին:

Գյումրիի՝ Չարենցի անվան դպրոցում սովորելու տարիներից էր որոշել գալ մայրաքաղաք եւ ուսանել Թերլեմեզյանում: Եվ հիմա խորին երախտագիտությամբ է հիշում այս կրթօջախի իր սիրելի ուսուցիչներին՝ Ադիբեկ Գրիգորյան, Ալեքսանդր Մովսիսյան, Արա Հարությունյան, Սուրեն Նազարյան… Երախտագիտության նույն զգացումով է տալիս ուսումնական իր հաջորդ հանգրվանի՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի վաստակաբեռն իր դասախոս-արվեստագետների անունները՝ Արա Սարգսյան, Սարգիս Բաղդասարյան: Մեկից՝ կոմպոզիցիայի, մյուսից՝ քանդակագործության դասեր է առել, ամբարել նրանցից ստացած գիտելիքները, որոնցով սնուցանվելու էր քանդակագործության մեջ նոր խոսք ասելու կոչված արարումների իր ոգին: Այսօր հարազատ կրթօջախում այդ նույն ոգին նա իր սաներին է տալիս, իսկ իր տաղանդի գենը փոխանցել է արդեն իր ինքնատիպ ոճն ու ասելիքն հաստատած, քանդակագործ-մեդալյոր ու ճարտարապետական համալսարանի դասախոս որդուն՝ Գուրգեն Հակոբյանին:

Տակավին ուսանողական տարիքում են ստեղծվում արվեստագետի առաջին քանդակները. Մակար Եկմալյան, Ստեփան Շահումյան: Վերջինը տեղադրված է մայրաքաղաքի թաղամասերից մեկում: «Այն ժամանակներում ես սիրահարված էի մեր երկու մեծերին՝ Րաֆֆուն եւ Ջիվանուն,- ասում է արվեստագետը եւ շարունակում.- հայրս նույնպես պաշտում էր նրանց: Եվ իմ ստեղծագործական վաղ շրջանի  քանդակներից եղան նաեւ մեր ազգային այս երկու երեւելիները: Այս կերպարներին զուգահեռ, քանդակներ էին ստեղծվում նաեւ իսահակյանական թեմաներով պայմանավորված, հիմնականում՝ մայրական, կանացի…»:

Մոտենում ենք մոր դիմաքանդակին, եւ բազմիմաց արվեստագետը տխրությամբ է վերհիշում, թե ի՜նչ արվեստով ու հուզականությամբ էր երգում ծնունդով Կաղզվանից իր Լուսաբեր մայրը՝ հանրահայտ «Կռունկ» երգը. «Երգում էր ու չէր կարողանում շարունակել… Իսկ երբ հարցեր էինք տալիս՝ ողբում էր, լռում. թուրք յաթաղանի զոհեր էին դարձել մայրը՝ Աննան, գրեթե բոլոր կաղզվանցիները՝ Օլթիի-Սարիղամիշի ձորում: Հրաշքով փրկվել են մայրս եւ փոքր մորաքույրս, որոնք մազապուրծ նախ հասել են Ղարս, այնտեղից՝ Գյումրի… Ես գնացել եմ իմ նախնիների երկիրը, եղել եմ Մուշում, Սուլուխում, եւ սիրտս մղկտացել է…»:

Հպարտությամբ է խոսում հոր՝ Արամի մասին, որ եղել է հաստատակամ, արդար ու արդարամիտ մարդ, ճանաչված երկաթուղային, տանը պահել ու կարդացել է արգելված գրականություն՝ Ավետիս Ահարոնյան, Եղիշե Չարենց, Րաֆֆի… Սիրել է Հյուգոյի «Թշվառները»: Իր գրքասիրությունն էլ գալիս է հորից՝ տասնչորս տարեկանում ընթերցել Բալզա՞կ… Այո, Բալզակ, եւ ոչ միայն նրան… Իսկ 1957-ին տեղափոխվելով Երեւան, հետը բերել է միայն գրքեր՝ Ջիվանի, Իսահակյանի կյանքը եւ ստեղծագործությունը, Ռուսթավելու «Վագրենավորը» եւ Ֆրիկի բանաստեղծությունները… Հիշում է Հառիճավանքի երբեմնի սան իր Հարություն պապին, որ նոր էր ստացել երկրորդ աշխարհամարտի մասնակից իր Գուրգեն որդու սեւ թուղթը եւ ողբում էր՝ «Ալագյազ» երգելով…

Թանձր ու խիտ են քանդակագործի հիշողությունները եւ անսպառ: Մինչդեռ արվեստանոցում դեռ այնքա՜ն սքաչելի արարումներ կան, որոնց դեռ պիտի մոտենամ, զննեմ, ծանոթանամ՝ Շոպեն, Տրդատ Երրորդ, Ազատ Գասպարյան: Ահա հանճարեղ Պուշկինի անավարտ կիսանդրին՝ Գյումրիի համար, Լոռիս Մելիքով մեծանուն հայորդու քանդակի շքեղ էսքիզները, Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանցինը՝ Պարգեւ սրբազանի պատվերով… Պատվիրել են ու մոռացել, իսկ քանդակագործը սիրտ ու հոգի է դրել դրանց մեջ, տքնել ու տառապել օրեր, ամիսներ շարունակ: Գուցե այսօ՞ր հիշեն իրենց պատվերների մասին ազգընտիր պատվիրատուները: Հուսանք, արվեստագետի հետ միասին հուսանք…

Հիացումով եմ նկատում համայն հայությանը ծանոթ ու հարազատ «Մենք ենք, մեր սարերը» մոնումենտալ քանդակի էսքիզը՝ մանրակերտը: Պարզվում է, որ այն տաղանդավոր հեղինակը՝ Սարգիս Բաղդասարյանն է նվիրել իր արվեստակից բարեկամին: «Սա Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» հետ համեմատվող արարում է,- ասում է Տարիել Հակոբյանը եւ շարունակում.- ինձ բախտ է վիճակվել կազմել ու խմբագրել այս մեծ արվեստագետի ստեղծագործությունների ալբոմը, դրանում խոսք ասել իր մասին…»: Ծանոթանում եմ ալբոմին՝ հիրավի նվիրական աշխատանք ու ճշմարիտ մեծի գնահատական:

Հետաքրքրվում եմ, թե ինչ է անում հոգնություն չունեցող քանդակործն այժմ: Բացում է ծածկի տակ առնված մի կիսանդրի. «Հիմա քանդակում եմ վաստակաշատ մի գեներալի՝ Միքայել Գրիգորյանին: Քաջատեղյակ եմ նրա վաստակին՝ մեր երկրին նման գեներալներ են անհրաժեշտ…»: Ու հիշեցնում է նրա անցած ճանապարհը, որը փառավոր է ու ընդօրինակելի: Իր սաներին տրվող, արվեստի գաղտնիքները բացող իմաստուն դասերն ու հորդորներն է հիշում. «Արվեստը պոեզիա է, դուք պետք է կոմպոզիցիա ստեղծեք, հորինեք, ինչպես բանաստեղծությունն են հորինում: Արվեստը թնդանոթ չի սիրում, ոչ էլ դհոլ-զուռնա: Հիշեք Պուշկինին. «Եթե իմ քնարով բարին, գեղեցիկը չպիտի արտահայտեմ, ապա ինչի՞ համար է այդ քնարը…»:

Իսկ իր արարումները անասելիորեն շատ են ու սփռված հանրապետությունով մեկ, նրա սահմաններից դուրս: Վերջին կերտումներից նշենք մեր ազգային փառքերից մեկի՝ տիեզերանվաճ ասպետ Վիկտոր Համբարձումյանի շքեղ ու խոսուն հուշարձանը՝ Օղակաձեւ զբոսայգում: Նախկիններից՝ «Տիեզերքը նվաճողները» մեծածավալ գոռելիեֆը, գեղաշուք «Արքայական թագը»՝ տեղադրված հայոց հնօրյա մայրաքաղաք Արտաշատի քաղաքամուտին:

Գրականության սիրահար քանդակագործը, որ նաեւ բաց ու անկեղծ զրուցակից է, մեր հանդիպումն ավարտում է շեքսպիրյան իմաստնությամբ. «Ես անմահ եմ, որովհետեւ սերունդներ ունեմ»: Նույնը ես եմ ասում՝ ունեմ սքանչելի դուստրեր՝ Լուսինե եւ Արեւիկ, երկուսն էլ, իրենց կատարած աշխատանքով, արժանի իմ հպարտությանն ու իմ ազգին: Տաղանդավոր որդի՝ Գուրգենը, որը, համոզված եմ, ինձնից ավելին է անելու: Իսկ նրանց մայրը՝ Անահիտը, սերունդներ կրթած մանկավարժ, մեր օջախի սրբությունն է ու խնկելին: Ունեմ արեւհոգի թոռնիկներ… Այնպես որ, ես մահից չեմ վախենում: Մարդը պետք է կյանքից կշտանալիք ունենա…»:

Իսկ մենք հավելենք՝ շնորհավոր հոբելյանդ, վաստակաբեռն քանդակագործ: Ապրիր եւ արարիր…

Թեգեր: արվեստդասախոսմշակույթՏարիել Հակոբյանքանդակներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Արցախյան կամուրջներ»

«Արցախյան կամուրջներ»

Միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist