Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ապրելու… ապրիլ

Ապրիլի 5, 2022
Սոցիում
Ապրելու… ապրիլ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
387
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր պատմության մեջ ապրիլը հիշարժան, ողբերգական իրադարձություններով է լի: 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում հարյուրից ավելի քաջորդիներ զոհվեցին։ Արժանին պետք է մատուցենք նաեւ նրանց, ովքեր ողջ մնացին ու տեր՝ հայոց հողին, նրանց, ովքեր տուն եկան վիրավոր ու հաշմանդամ։ Խոնարհվենք հերոսածին մայրերի առաջ։ Մեր պատմության մեջ ապրիլի 2-ը հայտնի է նաեւ որպես հերոս Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օր։ Ապրիլի 2-ին սպանվեց Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը։ Ապրիլի 2-ը նաեւ Խաչատուր Աբովյանի հիշատակի օրն է՝ տնից դուրս է եկել ու չի վերադարձել։

Այսօր ազգովի հպարտանում ենք «Նեմեսիսի» վրիժառուներով, ովքեր վրեժխնդիր եղան Հայոց մեծ եղեռնը կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Սողոմոն Թեհլերյանի կերպարը վաղուց է ոգեշնչել մեր ժողովրդին։ Դեռեւս 4-րդ դասարանում ընթերցեցի Բոգդան Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում» վեպը եւ ճանաչեցի Թեհլերյանին ու ազատագրական պայքարի շատ հերոսների։ Ծնվել է 1897 թ. Արեւմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Բագառիջ գյուղում, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը։ 1912 թ. փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, որտեղ մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ 1915 թ. Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։ 1921 թ. մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարել է Թալեաթին եւ ձերբակալվել։ «Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա` նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին»,- պատմել է վրիժառուն: 1921 թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անմեղ է ճանաչել նրան։ Թեհլերյանին պաշտպանում էին երեք դատապաշտպաններ, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն էր (իրավական գաղտնի խորհրդական), իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական)։ Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) եւ ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։

Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձաններ են կանգնեցվել Ֆրեզնոյի գերեզմանատանը, Թալինի Մաստարա գյուղում, Գյումրիում։ 2003 թ. օգոստոսի 8-ին Երեւանի Աջափնյակ թաղամասի Շինարարների փողոցի մի համեստ անկյունում բացվել է նրա հերթական կիսանդրին: Բացմանը խոսք են ասել Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, թատերագիր Պերճ Զեյթունցյանը, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, Աջափնյակի թաղապետ, հուշարձանի պատվիրատու (հովանավոր) Արծրուն Խաչատրյանը, արձանի հեղինակն է Լեւոն Թոքմաջյանը: Թեհլերյանի արձանի նյութը Ղարաբաղի վարդագույն մարմար է, բարձրությունը` 3 մ: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թ. ապրիլի 22-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հրապարակում բացվել է Թեհլերյանի բրոնզաձույլ, 4 մետր բարձրությամբ հուշարձանը. Թեհլերյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը։ Կառուցվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ։

2019 թ. Թեհլերյանի որդին՝ Զավենը, Մայր Աթոռին է նվիրել մի շարք բացառիկ փաստաթղթեր հոր արխիվից։ Կա մի լուսանկար՝ կատարված 1950-ականներին։ 1970-80-ական թթ. Խորհրդային Հայաստանի պարբերականներից մեկում հոդված է տպագրվում Սողոմոն Թեհլերյանի մասին։ Հոդվածում նաեւ պատմվում է, որ երբ Սողոմոնը կեցվածք էր ընդունում ֆոտոխցիկի առաջ, լուսանկարիչն առաջարկում է առաջ պարզել այն մատը, որով սեղմել էր ատրճանակի ձգանը՝ Թալեաթ փաշային գնդակահարելիս։ Առավել հետաքրքիր է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքը՝ ուղղված Թեհլերյանին. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը։ Եվ դա է ճշմարիտը։ Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է։ Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»։ Ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի, Արցախյան գոյամարտի մասնակիցների հետ այցելեցինք Սողոմոն Թեհլերյանի հուշակոթողին։

Այնուհետեւ եղանք Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի պանթեոնում, որտեղ են հուղարկավորված Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ նահատակված 27 պռոշյանցիներ, այդ թվում նաեւ Պետոն, ով փրկեց երիտասարդ զինվորին, սակայն ինքը նահատակվեց ականի պայթյունից։ Պետոյի կողքին մարտական ընկերոջ՝ Հրաչ Մուրադյանի շիրմաքարն է։ 2013 թ. ապրիլի 2-ին, ժամը 9-ի սահմաններում Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց սպանվեց գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանը, ով ասել է. «Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսեւորենք եւ լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել»։ 

Նրա մահվան 9-ամյա տարելիցի կապակցությամբ պանթեոն էին եկել հարազատները, մարտական ու կուսակցական ընկերներ, գյուղի բնակիչներ։ Տուֆակերտ պանթեոնում կանգուն է բացօթյա խորան, որի դիմաց ՀՀ եւ ՀՅԴ դրոշակները ձեռքերին՝ պատվո պահակ էին կանգնած երիտասարդները։ Խորանի ձախ կողմում, կամարաձեւ պատին 27 անմահ հերոսների լուսանկարներն են՝ լուռ ու պահանջատեր։ Արցախյան շարժման ակտիվ մասնակից, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից Հրաչ Մուրադյանը ծնվել էր 1963 թ. օգոստոսի 23-ին Սիրիայի հայաշատ Գամշլի գյուղում։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005-ից Պռոշյանի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի, եւ երկու որդի՝ Գեւորգ, Կարոտ։ 1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Ազատամարտի նվիրյալ հերոսներից էր։ Լեգենդար Պետրոս Ղեւոնդյանի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչեւ Վարանդա։ Պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալով եւ մի շարք այլ պարգեւներով։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հրաչի շիրմաքարին, խնկարկեցին։ Այստեղ հանդիպեցի Քաշաթաղի Կովսական քաղաքում բնակություն հաստատած սիրիահայերի, ովքեր պատերազմից հետո տեղափոխվել էն ՀՀ, ինչպես նաեւ՝ բնիկ պռոշյանցի Վարդանին, ով ընտանիքով բնակվում էր Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում եւ դարձյալ պատերազմից հետո տեղափոխվել է հայրենի գյուղ։ Օրվա ընթացքում այցելեցինք նաեւ Եռաբլուր։ Հազարավոր դրոշներ են փողփողում տղերքի շիրմաքարերին։ Քառօրյայի մարտիրոս տղաների շիրմաքարերի շարքը պատված էր ծաղիկներով, խնկաբույրը տարածված էր օդում։ Ժպտադեմ ու տխրադեմ լուսանկարներն են քարերի վրա։ Տղերքը պահանջատեր են, իրենք դարձան վահան ու թույլ չտվեցին թշնամին մտնի մեր երկիր։ Իրենք հզոր էին ու դարձան մեր ժողովրդի փառքն ու հպարտությունը։ Սակայն այսօր նրանց հոգեղեն շարքերը բազմապատկվել են, իսկ իրենց, իրենցից առաջ ու հետո նահատակված տղերքի արյունով ողողված հայրենի հողը մնացել է թշնամուն, քաջերի հոգիներն անհանգիստ են, ինչքան էլ խնկարկենք, ոգեկոչենք։

Թեգեր: Արցախպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նշանավոր բանագետի նոր աշխատությունը

Նշանավոր բանագետի նոր աշխատությունը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Եղբայրություն

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist