Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում նաեւ մեծ տարածությամբ այգիներ, մեծաքանակ անասուն, շարժական ու անշարժ գույք են մնացել: ԱՀ կառավարության որոշմամբ Երեւանում՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, գործում են հատուկ հանձնաժողովներ, որոնք զբաղված են կորցրած այգիների ու գույքի չափերը ճշգրտելով: Նպատակը՝ դրամական փոխհատուցում հատկացնել անշարժ ու շարժական գույքը կորցրած տեղահանված արցախցիներին: Հանձնաժողովներն աշխատում են բռնազավթված համայնքների ղեկավարների հետ, եւ շահառուներին հատկացվում է տեղեկանք, որը ներկայացվում է կադաստրի բաժին։
Օրերս օպերատիվ շտաբում զրուցեցի այգիների տարածքները ճշտող հանձնաժողովի անդամների հետ: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լեւոն Սիմոնյանը, ով 2013-ից աշխատում է շրջանի գյուղատնտեսության բնագավառում, ասաց՝ աշխատում են Արցախի բռնազավթված տարածքի բնակչության հետ: Բացի համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքից, աշխատում են համակարգչային «Google planeta» ծրագրով՝ վարչության հողային ֆոնդի բաժնի վարիչ Հրայր Սարգսյանի եւ գյուղատնտես Երվանդ Անտոնյանի հետ: Այգու չափագրումը, ինչպես նաեւ տարիքը, տեսակը կատարվում է համակարգչային ծրագրով: Այգիները բաժանված են 2 տեսակի՝ խաղողի եւ մնացած պտղատու ծառերի: Նախատեսված է մինչ 2 տարեկան խաղողի այգու 1 հեկտարի դիմաց հատկացնել 2.5 մլն, իսկ 3 եւ ավելի տարիք ունեցողի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ գումար: Պտղատու այգիների դեպքում մինչեւ 2 տարեկանի համար նախատեսված է 2 մլն, 3 եւ ավելի տարեկանի համար՝ 3 մլն ՀՀ դրամ:
Լ. Սիմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ անասունների համար փոխհատուցումը տրվում է՝ 1 խոշոր եղջերավորի համար՝ 300.000, 1 մանր եղջերավորի համար՝ 40.000, 1 խոզի համար՝ 30.000, 1 մեղվաընտանիքի համար՝ 25.000 ՀՀ դրամ: Կորցրած տեխնիկական միջոցների համար փոխհատուցում տրվելու է ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
Նախատեսված է նաեւ, որ գյուղնախարարության կողմից կազմվեն համայնքային հանձնաժողովներ, որոնցում ընդգրկված կլինեն համայնքի ղեկավարը, ավագանու անդամ, գյուղատնտես, անասնաբույժ, համայնքը վերջինը լքած բնակիչ եւ այլք: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ մոտ 1 ամսվա ընթացքում 1000-ից ավելի տեղեկանքներ արդեն հատկացրել են այգիները կորցրած մեր հայրենակիցներին: