Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Առնո Մկրտչյանի մասին

Նրա ոգին ապրեցնում է. բերդաձորցին իր տանն է

Ապրիլի 27, 2022
Սոցիում
Առնո Մկրտչյանի մասին
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
765
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, որը Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր գավառի մի հատվածն է եւ սահմանակից Գորիսի տարածաշրջանին, դարեր շարունակ, նաեւ այսօր Արցախը Մայր հայրենիքին կապող առաջնային օղակն է։ Եվ մեր թշնամիները մշտապես փորձել են հայաթափել այդ արծվաբույնը։ 19-րդ դարավերջին, 20-րդի սկզբին, նաեւ խորհրդային կարգերի հաստատումից հետո թուրքերը բազում անգամ են հարձակում գործել Բերդաձորի ուղղությամբ, սակայն բերդաձորցին իր տունը չի լքել։

Երբ սկսվեց արցախյան շարժումը, թուրքերն առաջինը Բերդաձորի ուղղությամբ սկսեցին գործել։ 1988-ին «Հայ դատի» կողմից ստեղծվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ (ԲԻԽ), որը ռազմական ջոկատներ էր կազմակերպում եւ տարբեր ճանապարհներով ուղարկում Բերդաձոր, որտեղ կային 4 հայաբնակ գյուղեր՝ Հին Շեն, Մեծ Շեն, Տասի Վերստ-Ծաղկաձոր եւ Եղցահող։ Տասի Վերստից քիչ վերեւում էլ Կանաչ Թալա գյուղն է, որը հայաթափ էր եղել 1960-ական թվականներին, եւ այստեղ բնակություն էին հաստատել թուրք հովիվներ։

Արցախյան գոյամարտի տարիներին նույն Կանաչ Թալան դարձել էր թշնամու ռազմական հենակետերից մեկը եւ չարիք հատկապես Բերդաձորի հայության համար։ Ընդհանուր մոտ 1000 բնակիչ ունեցող Բերդաձորի ինքնապաշտպանությունը հատկապես ակտիվացավ 1989 թվականի կեսերից, երբ թուրքերը հաճախակի սկսեցին ճնշում գործադրել այդ ուղղությամբ։ 1989 թ․ օգոստոսի վերջին ԲԻԽ-ի նախագահ Անդրանիկ Հարությունյանի՝ Բերդաձորի Անդոյի հետ 12 հոգով հասանք Բերդաձոր։ Այստեղ մեզ դիմավորեց ԲԻԽ-ի փոխնախագահ, Բերդաձորի Հին Շեն գյուղի ֆիզիկայի ուսուցիչ Առնո Միքայելի Մկրտչյանը։ Ծանոթացանք, ու ճանաչեցի իսկական հայ հայրենասերի։ Ճանաչեցի մի մարդու, ում համար առաջնայինը հայրենիքն էր, հայ ազգը։ Առնո Միքայելի Մկրտչյանը ծնվել է 1953 թ․ ապրիլի 23-ին Հին Շեն գյուղում, մանկավարժի ընտանիքում: Դեռեւս ուսանողական տարիներին նա իր հայրենասեր ընկերների հետ Հայոց Եռագույնն էր բարձրացրել Գորիսի շրջկոմի շենքի վրա եւ երկար ժամանակ հալածանքների ենթարկվել ՊԱԿ-ի կողմից: Բարձրագույն կրթություն ստանալուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել էր հայրենի գյուղ, աշխատել հարազատ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ: Իր սաներին, բացի բնագիտական գիտելիքներից, շատ ավելի հայրենասիրության ու ազատ մտածելու դասեր էր տվել: 1982 թվականին՝ ընտանիք կազմելուց հետո, Առնոն տեղափոխվում է Ստեփանակերտ, աշխատում պատանի տեխնիկների ակումբում, ապա մանկավարժական ինստիտուտում: 1988 թվականին, երբ սկսվեց արցախյան շարժումը, նորից տեղափոխվում է հայրենի գյուղ՝ կազմակերպելու Բերդաձորի ինքնապաշտպանությունը: Նա քաջ գիտեր՝ հակառակորդը շուտով ձեռնարկելու է տարածքի հայաթափման գործընթացը:

Անդրանիկ Հարությունյանի հետ ԲԻԽ-ի կազմ են ընդգրկում ենթաշրջանի գյուղերի ներկայացուցիչների, եւ սկսվում է հայրենի եզերքը պաշտպանելու սրբազան գործընթացը: Մինչեւ 1991 թվականի մայիսի կեսերը հերոս հրամանատարն իր քաջերի հետ պահեց հայրենի եզերքը, սակայն նույն ժամանակ, իբր, խորհրդային խաղաղապահ բանակը, փոխանակ պաշտպան կանգնելու հայ բնակչությանը, ադրբեջանական օմօնի հետ Հյուսիսային Արցախում իրականացրեց «Օղակ» գործողությունը: Ավարտելով իրենց սեւ գործը Հյուսիսային Արցախում՝ խորհրդային բանակի ներկայացուցիչներն ու թուրք ՕՄՕՆ-ականները ձեռնարկեցին Արցախի հարավային բնակավայրերի հայաթափման գործընթացը։ 1991 թվականի մայիսի կեսերին տեղահանվեցին Հադրութի շրջանի մի քանի բնակավայրերի բնակիչները, հայաթափ եղավ նաեւ Բերդաձորը։ Այդ օրերին պետք է հերթական անգամ մեր ջոկատով Բերդաձոր գնայինք, Երեւանից զանգահարեցի Բերդաձոր․այդ տարիներին ԲԻԽ-ը նաեւ հեռախոսակապի հարցն էր կարգավորել։ Պատահաբար լսեցի Հին Շենի բնակչուհու խոսակցությունը Հրազդանում բնակվող դստեր հետ. «Տեղներս նեղ է, տղամարդկանց բոլորին ձերբակալել են, մեզ էլ ստիպում են տեղափոխվել Գորիսի շրջան։ Անուշավանին էլ սպանեցին…»։ Մտնելով Մեծ Շեն՝ թուրքերն առաջինը պահանջել են Առնոյին՝ սպառնալով կոտորել բնակչությանն ու նրա մարտական ընկերներին: Ու ձերբակալվում են Առնոն, ենթաշրջանի բոլոր տղամարդիկ: Սկզբում՝ Լաչին, ապա՝ Բաքու: Գորիսում հանդիպեցի բերդաձորցիների, ովքեր մազապուրծ ազատվել էին թշնամուց։ Լաչինի ոստիկանությունում բոլոր ձերբակալվածներին տանջել էին, մի մասին բաց էին թողել, իսկ 20-ից ավելի բերդաձորցու թուրքերը տեղափոխել էին Շուշի, հետո՝ Բաքու։ Ազատվածները պատմեցին, թե ինչ տանջանքի էին ենթարկել հատկապես Առնոյին։ Դեռեւս խորհրդային տարիներին էին թուրքերը ճանաչում նրան, իսկ այս անգամ պարզ է… Նա եւ 4 մարտական ընկերները՝ Գագիկ Հարությունյանը, Գագիկ Առուստամյանը, Արվիդ Մանգասարյանը եւ Հրաչ Պետրոսյանը, Բաքվում դատապարտվում են գնդակահարության, սակայն նա եւ Հրաչ Պետրոսյանը տանջամահ են արվում, իսկ 3 տղաները 1996 թվականին ազատվում են գերությունից եւ վերադառնում տուն: Ըստ նրանց տեղեկության՝ Առնոն վախճանվել է 1993 թվականի հոկտեմբերին, իրենց ձեռքերի վրա: Հաջողվեց նրա աճյունը տեղափոխել եւ ամփոփել հայրենի գյուղի գերեզմանոցում: 1998 թվականին պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով:

2013 թ․Հին Շենում մասնակից եղա Առնոյի ծննդյան 60-ամյակին նվիրված ցերեկույթին, որը կազմակերպել էր եղբայրը՝ Արմոն, ներկա էին կինը՝ Ալվարդը, չորս դուստրերը, հարազատներ, մարտական ընկերներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ: Գյուղի հանգստարանում Առնոյի շիրմի մոտ է հուղարկավորված պատերազմից հետո ավտովթարից զոհված Արտաշես եղբայրը։ Նրանց հայրը չդիմացավ մեծ կորստին ու վախճանվեց։ Ներկաները խոնարհվեցին հերոսի, նրա եղբայր ու մարտական ընկերոջ, ծնողների շիրիմներին: Հին Շենի դպրոցն այժմ կոչվում է Առնոյի անունով։

1989-90 թվականներին բազում փորձություններ տեսանք Բերդաձորում, իսկ Առնոն մշտապես իր տեղում էր: 90-ի նոյեմբերի 15-23-ին շատ լարված էր իրավիճակն այս հատվածում։ Թուրքերը գողացան Եղցահողի պետական տնտեսության 300-ից ավելի խոշոր եղջերավոր անասունները։ Այդ ժամանակ նախրապաններին ծեծել էին, իսկ հետո տարան նաեւ ոչխարի հոտը՝ սպանելով հովիվ Եղիշե Ծատրյանին։ Նույն օրերին Շուշիի թուրք ոստիկանները մտել էին Լաչին-Շուշի ճանապարհին գտնվող Տասի Վերստ գյուղ, վառել մի քանի տուն։ Իր տան մեջ այրվել էր 90-ամյա Նանաշ Չոբանյանը։ Նոյեմբերի 21-ին թշնամին Լաչինի Աղանուս գյուղից հարձակում գործեց Հին Շենի ուղղությամբ։ Թուրքերին մի պահ հաջողվեց գրավել գյուղի արեւմտյան կողմում գտնվող Քումինքար բարձունքը եւ գնդացրային կրակի տակ պահել ողջ գյուղը։ Այդ ժամանակ Առնոն փորձում էր աշխատեցնել ինքնաշեն գնդացիրը։ Նա պատերազմի տարիներին նաեւ զինագործությամբ էր զբաղվում։ Երեկոյան մեզ հաջողվեց հետ վերցնել բարձունքը, սակայն ունեցանք 2 զոհ՝ երեւանցի հատուկջոկատային Վաղինակը եւ հինշենցի Սամվելը։ Հիշում եմ՝ մայրամուտին մեր ջոկատի տղաներով՝ ես, Արթուրը, Շիրակը եւ Սամվելի Էդիկ եղբայրը դիրքեր էինք բարձրանում, որ գտնեինք նահատակների դիերը։ Ու մինչ օրս հիշում եմ Առնոյի խոսքը, որ միշտ էր ասում դիրքեր բարձրացողներին․զգոն եղեք, տղե՜րք… 2013-ին՝ Առնոյի ծննդյան 60-ամյակի օրը հերոսի մասին շատերը պատմեցին։ Շուշիի Խ. Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանն ասաց, որ Առնոյի համար հայրենիքը վեր էր ամեն ինչից, որ նա մեծն Նժդեհի գաղափարակիրն էր, ցավոք, չտեսավ իր երազած ազատ հայրենիքը: Հերոսի այրին՝ Ալվարդը, ասաց. «Առնոն, բացի հայրենասեր լինելուց, լավ հայր էր ու ամուսին»։ Հոր մասին հպարտությամբ խոսեց նաեւ Աստղիկ դուստրը. «Ես դուստրն եմ մի մարդու, ով չխնայեց իր կյանքը հանուն Արցախի»:

Եղբայր Արմոյի համար Առնոն եղել է նաեւ մարտական ընկեր ու զինակից: 1991 թ. մայիսի կեսերից մինչեւ 1992 թ․մայիսի 17-ը Բերդաձորը մնաց գերության մեջ։ Այսօր էլ վտանգված է Բերդաձորը, սակայն բերդաձորցին իր տանն է։ Ապրիլի 23-24-ին ենթաշրջանի բոլոր գյուղերում կայացան Մեծ եղեռնին նվիրված ոգեկոչման արարողություններ՝ ջահերթ ու ցերեկույթներ դպրոցականների մասնակցությամբ։ Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց գյուղի Մ. Պետրոսյանի անվ. միջնակարգ դպրոցում բնակչության ու ուսուցչական անձնակազմի մասնակցությամբ կայացել է ոգեկոչման արարողություն։ Դուստրը՝ պատմության ուսուցչուհի Մելինե Հակոբյանը, խոսել է օրվա խորհրդի մասին։ Ցուցադրվել է ֆիլմ։ Իսկ երեկոյան՝ մթնշաղին կատարվել է մոմավառություն գյուղի հարեւանությամբ գտնվող 2003 թ․կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցում։

Այսօր չկա մեր ու Առնոյի երազած Արցախը, սակայն նրա ու տասնյակ բերդաձորցի նահատակ քաջորդիների ոգով դաստիարակված սերունդը կպահի հայրենի հողը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: Առնո ՄկրտչյանԱրցախԲերձորհերոսպատերազմ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դա Զելենսկու պատվերն է»

«Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դա Զելենսկու պատվերն է»

Նախազգուշացում, որը չպետք է անպատասխան մնա

Նախազգուշացում, որը չպետք է անպատասխան մնա

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist