Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սպիտակավոր. Նժդեհի ոգով

Ապրիլի 28, 2022
Սոցիում
Սպիտակավոր. Նժդեհի ոգով
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
739
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց պատմության ողջ ընթացքում եղել են հզոր անհատներ, ովքեր իրենց նվիրվածությամբ, հայրենիքի կայացման, պաշտպանության, սերունդներին հզոր հայրենիք ժառանգելու գործում մեծ դեր են ունեցել: 20-րդ դարի նման անհատներից է ռազմական եւ պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական եւ պետական գործիչ, Լեռնահայաստանի առաջնորդ, թուրքական եւ ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից ու հաղթող հրամանատար Գարեգին Նժդեհը՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյանը՝ ծնված 1886 թ. հունվարի 1-ին, Նախիջեւանի Կզնուտ գյուղում: 1955 թ. դեկտեմբերի 21-ին մեծ հայրենասերը վախճանվեց Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտում:

Այսօր շատ է խոսվում Նժդեհի մասին: Թուրքերի սարսափ Նժդեհն այժմ էլ իր դերն ունի ազգային վերելքի գործում, եւ մեր թշնամիները փորձում են ամեն գնով նսեմացնել Մեծ հայրենասերին: Բայց դրանք անօգուտ փորձեր են, որովհետեւ հայ ժողովուրդն իր կարծքի տակ է կրում իր հայրենասերներին եւ թույլ չի տա դիպչել նրանց:

1983 թ. Գարեգին Նժդեհի աճյունը գերեզմանի լուսանկարի օգնությամբ եւ Նժդեհի եղբոր միջոցով Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից նրա թոռնուհու ամուսինը՝ Պավել Անանյանը, գաղտնի տեղափոխում է Երեւան։ Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987 թ. հուղարկավորվում է Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ: 1987-ից սկսած՝ ամեն տարի, հունիսի 16-17-ը, Նժդեհի ուսմունքի հետնորդներն աշխարհի տարբեր ծայրերից ուխտագնացության են գալիս Սպիտակավոր։ 1989 թ. վանքի եկեղեցու հարավային պատի տակ՝ Նժդեհի շիրմին տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը, որի վրա գրված է․«Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», իսկ ներքեւում, ինչպես Նժդեհն էր ցանկացել, ավելացված է․«Այստեղ հանգչում է Նա, որ գործեց իբրեւ կենդանի սուր»։ Հայոց միջնադարյան սրբավայր Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն (Եղեգնաձորի մոտ) գյուղից 7 կմ հյուսիս: Ըստ վանական համալիրի միակ եկեղեցում պատերին եղած արձանագրությունների՝ այն հիմնադրել է Պռոշյան  Էաչի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդի Ամիր Հասանը։ Վանքի տարածքում վերանորոգման աշխատանքներ են կատարվել 1960-1970-ականներին եւ 2006 թվականին։ Բակում ամփոփելով Նժդեհի աճյունը՝ այս սրբավայրն առավել ճանաչելի դարձավ եւ հայտնի է նաեւ «Նժդեհյան ուխտատեղի»։

Սրբավայրը միշտ է մարդաշատ, սակայն, ինչպես նշվեց. հունիսի 16-17-ը այստեղ առավել մարդաշատ է, նման պատկեր է նաեւ ապրիլի 24-ին: Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակի օրը շատ ուխտավորներ Սպիտակավոր են գալիս՝ ոգեկոչելու միլիոն ու կես անմեղ նահատակների հիշատակը եւ ոգեկոչվելու Նժդեհյան պատգամներով: Ուխտավորների հիմնական մասը Վերնաշեն գյուղից ոտքով է հասնում սրբավայր՝ անցնելով գեղատեսիլ ձորերով՝ ավելի քան 5 կմ տարածք: Այս տարի էլ ապրիլի 24-ին հարյուրավոր ուխտավորներ էին մեկտեղվել Սպիտակավորում: Հայոց եռագույնները գլխավերեւում պահած՝ նույն արահետներով հարյուրավոր հայ երիտասարդներ ու պատանիներ էին անցնում՝ հաղթահարելով գետանցներ ու թեք լանջեր: ՊՈԳԱ («Պետականությունը որպես գերագույն արժեք») հասարակական կազմակերպությունը՝ ղեկավար Օնիկ Պապոյանի գլխավորությամբ, եւ «Թոնդրակ» արշավական ակումբը՝ Գոռ Ղազարյանի ղեկավարությամբ, նույնպես այց էին կազմակերպել Սպիտակավոր:

ՊՈԳԱ-ին եւ «Թոնդրակին» միացել էին նաեւ «ՈՄԱ-Մարտունի» ՀԿ սաները։ Խմբի ղեկավար, Գեղարքունիքի մարզի կարատեի ֆեդերացիայի նախագահ Արամազդ Կյուրեղյանը տեղեկացրեց, որ արդեն կես տարի է, ինչ Ներքին Գետաշեն գյուղում գործում է «Ոմա-Մարտունին»։ Մոտ 60 պատանի է ընդգրկված մարզումներին։ Շատերը նաեւ կարատեի խմբերի սաներ են։ Ուխտագնացությունը լուսաբանելու նպատակով՝ միացա այս երթին: Մոտ 2 ժամ տեւեց արշավը Վերնաշեն գյուղից մինչեւ Սպիտակավոր վանք։ ՊՈԳԱ-ի սաները ճանապարհն անցան՝ նաեւ իրականացնելով մարզումներ։ Բոլորն էլ ձեռքներին ունեին ԱԿ ինքնաձիգի նման եւ նույն քաշով կաղապարներ, կային կապի միջոցներ։ Խումբը բաժանված էր դասակների, եւ յուրաքանչյուր դասակ ուներ իր հրամանատարը։ Նույն զենքերով էին զինված նաեւ «ՈՄԱ-Մարտունի» խմբի սաները եւ հաջողությամբ հաղթահարեցին ճանապարհը։

Սպիտակավոր վանքի տարածքում էին նաեւ Վայքում գործող «Արշակունի» ռազմամարզական ճամբարի սաները՝ Արտավազդ Վարդանյանի գլխավորությամբ։ Նշեմ՝ այս կառույցն էլ մոտ 1 տարվա պատմություն ունի, ինչպես նմանատիպ այլ ռազմամարզական ճամբարներ ու ՀԿ-ներ, ստեղծվել է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից դասեր քաղելով։ Ա․Վարդանյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում արշավ են կազմակերպել նաեւ մոտակա Պռոշաբերդ, որը միջնադարում կարեւոր դեր է խաղացել Վայոց ձորի համար։ Հանդիպեցի նաեւ Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան հիմնական դպրոցի աշխատակազմի հետ։ Տնօրեն Անուշ Նավասարդյանը նշեց, որ հաճախ են այցելում Նժդեհի շիրմին։

«Նժդեհյան ուխտատեղի» էին եկել նաեւ Երեւանում գործող «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի սաները՝ մարզիչներ Մասիս Մնացականյանի գլխավորությամբ։ «Շվաքը» հիմնադրվել է Սեւակ Մարտիրոսյանի՝ Սեւակ Խոյեցու կողմից։ Հայ պարարվեստի ու մարտարվեստի վարպետ Սեւակը նահատակվեց 2020 թ․ հոկտեմբերի 19-ին «Եղնիկներում»։ Այժմ նրա եղբայր Մասիսն է ղեկավարում այս կարեւոր մարզադպրոցը։ Եկել էին հերթական անգամ ոգեշնչվելու Նժդեհի ոգով։

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի (տնօրեն՝ Անուշ Թարվերդյան) ուսուցիչներն ու աշակերտները նույնպես այստեղ էին։ Դպրոցի ԴԱԿ Շուշան Կիրիկչյանը տեղեկացրեց, որ սա հերթական այցն է Սպիտակավոր։

Ընթացքում այլ կազմակերպություններ, խմբեր ու անհատներ նույնպես այցելեցին Սպիտակավոր ու ներկա եղան ՊՈԳԱ-ի, «Թոնդրակի», «ՈՄԱ-Մարտունիի» սաների երդման արարողությանը։ Սպիտակավորում էր նաեւ հայ մշակույթի գործիչ, «Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով իր ելույթում կարեւորեց Նժդեհի դերը մեր ժողովրդի կյանքում։ Ընթերցեց մեծ հայրենասերի մտքերից։ Կարեւորեց հատկապես այն, որ Նժդեհն իր զինվորներին կոչ էր անում ասպետի նման վարվել թշնամու կանանց ու երեխաների, ծերերի հետ։ Եվ այս մարդուն այսօր ֆաշիստ են անվանում։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Նժդեհի շիրմաքարին, խնկարկեցին ծնկաչոք։ «Թոնդրակ արշավական ակումբ» ընկերության տնօրեն Գ. Ղազարյանն ընթերցեց Դավիթբեկյան երդման տեքստը․«Որպես հայոց պետական եւ ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, Լեռնահայաստանի սպարապետ եւ ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արժանի հետնորդ՝ երդվում եմ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, Մեծ հայրենասերներ Դավիթ Բեկի եւ Գարեգին Նժդեհի պատգամներին, կռվել մինչեւ վերջին շունչը, մինչեւ արյան վերջին կաթիլը, հանուն Հայաստան աշխարհի, հանուն հայրենիքի, Դավիթբեկաբար, Նժդեհաբար: Փառք Նժդեհին, փառք հային: Ի՜ մարտ․․․»։ Ներկա պատանիները, նաեւ տարեցներ կրկնեցին երդման խոսքերն ու դարձան Նժդեհի հետնորդներ։ Ընթացքում Նժդեհին նվիրված երգով հանդես եկավ Հրայր Սուրմալեցին,  հնչեցին ռազմահայրենասիրական այլ երգեր եւս, որոնց հնչյունների տակ պարեցին շատերը։ Պարերին միացավ նաեւ Գ. Գինոսյանը, նրա ղեկավարությամբ կատարվեց նաեւ «Յարխուշտա» ռազմական պարը։ Օրվա ընթացքում հնչում էին Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը, ներկաները մոմեր վառեցին՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի, արցախյան գոյամարտում մարտիրոսված հազարավոր քաջորդիների հոգիների։ Արարողության վերջում ուխտավորների կողմից եղավ ուղերձ մեր ժողովրդին․ «․․․Հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը։ Հավատարիմ մնալ հայրենի լեռնաշխարհի ամբողջական գաղափարին։ Հավատարիմ մնալ հայոց բազմադարյան ավանդույթներին․․․»։ Եղավ նաեւ պարգեւատրման արարողություն․մարզումներում աչքի ընկած երիտասարդներին հանձնվեցին նվերներ՝ Գարեգին Նժդեհի «Իմ պատասխանը» գիրքը, որը տպագրվել է 2021 թվականին, եւ զորավարի պատկերով շապիկներ։

Այսօր, քան երբեւէ, մեր ժողովրդին վերազարթոնք է պետք․արցախյան վերջին պատերազմում կրած պարտությունից հետո պետք է կրկին ուժ գտնենք մեր մեջ ու ոտքի կանգնենք, տեր կանգնենք մեր երկրի սահմաններին, Արցախին։ Եվ այդ ուժն զգացվում է այս պատանիների մեջ, ովքեր իրենց գլխավերեւում, որպես սրբություն, պահում էին մեր 2 հանրապետությունների Եռագույնները։ Պատանիներ, ովքեր անմռունչ անցան դժվար ճանապարհը, կարողացան հաղթահարել այն նաեւ գիշերով։ Առավել կարեւոր է, որ արշավականների շարքերում նաեւ շատ են աղջիկները, ովքեր նույնպես պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը։ Վերադարձանք կրկնակի սրբավայրից՝ հավատով՝ ունենալու ենք Նժդեհի երազած հայրենիքը։ 

Թեգեր: Գարեգին ՆժդեհՑեղակրոն
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Ով Տէր, ես Քեզ եմ յուսացած, թող չամաչեմ յաւիտեան. Քո արդարութիւնովը փրկիր ինձ»

Նավթի դեմ` գիտություն

Նավթի դեմ` գիտություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist