Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տարբեր ռազմաճակատներում կռվում էր շուրջ 600 հազար հայ, որոնց կեսը մարտի դաշտից այդպես էլ չվերադարձավ:
Մարտերում ցուցաբերած քաջության եւ արիության, հմուտ հրամանատարության համար 70 հազար հայ զինվոր, սպա եւ գեներալ պարգեւատրվեցին ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով: Բարձրագույն պարգեւին` Խորհրդային Միության Հերոսի կոչմանն արժանացան 106 հայ զինվոր: 27 հայ դարձան Փառքի շքանշանի լիիրավ ասպետներ: Պատերազմին մասնակցեցին 147 հայ մարշալներ, գեներալներ եւ ծովակալներ, որոնցից 64-ն այդ կոչումներին արժանացան պատերազմի, իսկ 83-ը՝ հետպատերազմյան տարիներին։
Հայտնի անունների կողքին եղել են նաեւ այլ հայորդիներ, որոնցից յուրաքանչյուրն իր անգնահատելի ավանդն է ունեցել հաղթանակի կերտման գործում։ Այդպիսիներից էր Վահան Ամատունին, ում 100-ամյա հոբելյանը լրացավ բոլորովին վերջերս՝ մայիսի 4-ին։ Մոսկվայի ուսանողական լսարանը թողնելով՝ 1942-45 թվականներին որպես կամավոր նա մեկնում է Հայրենական մեծ պատերազմ, թեեւ, լինելով կարճատես, ազատված էր պարտադիր զինվորական ծառայությունից: 1942 թ. դեկտեմբերին Մոզդոկ քաղաքի շրջակայքում գերեվարվել է գերմանական զորքերի կողմից, սակայն չի համակերպվել իր կարգավիճակի հետ եւ մի քանի ամիս անց փախուստի է դիմել՝ նորից միանալով խորհրդային զորքերին։ Վահան Ամատունին հասել է մինչեւ Բեռլին, պարգեւատրվել Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, Կովկասի պաշտպանության, ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի եւ Արիության մեդալներով։
Զորացրվելուց հետո աշխատել է Լենինականի ավտոպահեստամասերի գործարանում՝ գլխավոր ինժեներ, հղկող հաստոցների գործարանում՝ առաջատար կոնստրուկտոր, էլեկտրատեխնիկական գործարանում՝ արտադրության պետ, եւ ՀԽՍՀ «Գյուղշին» միավորման Լենինականի մասնաճյուղում՝ արտադրական-տեխնիկական բաժնի պետ։ 1970-ականներից տասը տարի անընդմեջ Վ. Ամատունին դասավանդել է «տեսական մեխանիկա» առարկան Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղում եւ Լենինականի մանկավարժական ինստիտուտում։ 1983 թվականին անցել է վաստակած հանգստի։
Վաստակաշատ ինժեները ծնվել է 1922 թվականին Լենինականում։ 1939-ին ավարտել է Լենինականի երկաթգծի թիվ 51 միջնակարգ դպրոցը եւ նույն թվին ընդունվել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտ։ Մահացել է 2005 թվականին։ Նրա կինը՝ Ելենա Ավետիսյանը, հայտնի բժշկուհի էր, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Նրանց երեք դուստրերը՝ Մարիամը, Կարինեն եւ Հռիփսիմեն, ճանաչված բժիշկներ են Գյումրիում։ Վահան Ամատունին մշտապես աչքի էր ընկնում մեծ աշխատասիրությամբ եւ ընդգծված համեստությամբ: