Արցախում միանգամից երեք հիշարժան իրադարձություն է ներառված մայիսի 9-ի տոնացույցում: Երկիրը նշում է Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 77-րդ, Շուշիի ազատագրման եւ ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակները: 44-օրյա պատերազմի իրողություններով պայմանավորված՝ ի տարբերություն նախորդ տարիների, հանդիսավոր արարողությունները սահմանափակ էին, եռատոնին նվիրված միջոցառումները կազմակերպվել են հանրապետության բոլոր բնակավայրերում: ՊԲ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ «Արիության դասեր» են անցկացվել ուսումնական հաստատություններում: Մասնավորապես արժեւորվել են մեծ հաղթանակի եւ բերդաքաղաք Շուշիի ազատագրման դերն ու նշանակությունը, փառաբանվել հայ զինվորի սխրանքն ու քաջությունը, խնկարկվել դաժան մարտերում նահատակված հայորդիների պայծառ հիշատակը:
Մայիսի 9-ի առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտը սովորականից վաղ է արթնացել: Օրվա խորհուրդը մարդկանց պարտավորեցրել է համախմբված շարժվել դեպի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտերում նահատակված մարտիկների հիշատակին: Երթի մասնակիցները, որոնց թվում էին պատերազմի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթօջախների ուսանողներ ու աշակերտներ, հյուրեր արտերկրից, իրենց հետ տանում էին ՀՀ եւ Արցախի դրոշները, Ադրբեջանի ագրեսիան դատապարտող պաստառներ, բերդաքաղաք Շուշիի ռազմական գործողություններին առնչվող, ինչպես նաեւ հաղթանակը խորհրդանշող նկարներ, անսահման քանակությամբ ծաղիկներ… Ժամը 11-ին մայրաքաղաքում մարդկանց, մեքենաների շարժը կանգ առավ: Ի հիշատակ հայրենիքի համար ընկածների, լռության րոպե էր հայտարարված երկրում… Շուտով երթի մասնակիցներին միացան խորհրդարանի պատգամավորներն ու կառավարության անդամները, Անվտանգության խորհրդի անդամները՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Իշխանությունների անունից ծաղկեպսակներ դրվեցին Մեծ հայրենականում եւ Արցախյան պատերազմներում զոհված զինվորների հուշարձանին: Պետական այրերն ու ՊԲ բարձրաստիճան սպաները ծաղիկներ խոնարհեցին նաեւ հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցում ու «Պանթեոնում» հուղարկավորված տղաների շիրիմներին:
Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա մայիսի 9-ին ինչպես Մեծ հայրենականում, այնպես էլ՝ Արցախյան պատերազմներում, Շուշիի ազատագրման համար մղված մարտերում հայ զինվորների ավանդն ու սխրանքը, ինչն ուսանելի օրինակ է սերունդների համար: Արտգործնախարար Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով «քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ժողովուրդների դեմ իրականացվող հանցագործություններին»: Նախարարը համոզված է, որ չնայած մեծ հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ պաշտպանության բանակի ծնունդը տարբեր ժամանակների հաղթանակներ են, սակայն դրանք փոխկապակցված են եւ մի կուռ միասնություն են խորհրդանշում: Նրա խոսքով՝ դարակազմիկ հաղթանակներն անձնազոհություն ու մեծ սխրանք են պահանջում: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ ամեն գնով պահպանվեն այդ արժեքները: «Եթե մենք չպահպանենք արյամբ ձեռք բերված այդ հաղթանակները, ապա պարտությունները կլինեն անխուսափելի, ինչը երկարատեւ գործընթաց է: Համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի վերքերը բուժելու եւ ապաքինվելու, ծանր հարվածներից սթափվելու բոլոր հնարավորությունները, եւ անպայման նոր հաղթանակներ կտոնենք»,- վստահ է Դ. Բաբայանը:
Արցախյան շարժման օրերից, պատերազմի տարիներին ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ գտնվել է արցախցիների կողքին, մասնակիցը եղել տոնական հանդիսությունների, այդ թվում՝ մայիսյան եռատոների: Ցավոք, այս անգամ հայ ժողովրդին բաժին հասած ծանր փորձությունների եւ կորուստների պատճառով անդառնալի ցավ ունի հոգում: Միեւնույն ժամանակ հավատացած է, որ «մղձավանջը» երկար չի շարունակվի, եւ բազում հաղթանակներ կռած արցախցին արժանապատվորեն կպաշտպանի իր հողը, իր անկախությունն ու ազատությունը, թշնամու առաջ երբեք ծնկի չի իջնի… «Միասնական լինելու դեպքում, վստահ եմ, մենք կհաղթահարենք հերթական փորձությունը, սխալներից դասեր կքաղենք եւ ուղղելով մեր կորացած մեջքը՝ արժանապատվորեն առաջ կշարժվենք ու կհասնենք մեծ նպատակին: Դրա համար կամք եւ հետեւողականություն է պահանջվում»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա համոզված է, որ բերդաքաղաք Շուշին ազատվելու է գերությունից, նորից վեր է հառնելու մոխիրներից եւ համայն հայության զորակցությամբ բուժելով վերքերը՝ հայացքն հպարտորեն հառնելու է գալիքին…
Մայիսյան եռատոնի կապակցությամբ նախագահ Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձով դիմել է Արցախի ժողովրդին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորին այս թանկ ու նվիրական տոների կապակցությամբ եւ իմ խոնարհումը բերում հայրենիքի պաշտպանության գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: Հանուն մեր հերոս պապերի, հայրերի ու որդիների սուրբ հիշատակի եւ հանուն գալիք սերունդների՝ Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ»:
Խորհրդանշական եռատոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին հովանի մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է կատարվել: Արարողությունից հետո ներկաները խաչերթ են կազմակերպել դեպի հուշահամալիր, խոնարհվել ու խնկարկել Արցախյան ազատամարտերում ընկած հերոսների հիշատակը, երդվել հավատարիմ մնալ նրանց պատգամներին: Երթի մասնակիցներն այցելել են Շուշիի մատույցներում տեղադրված «Տանկ-հուշարձանին» ու ծաղիկներ տեղադրել: