Արցախի Հանրապետության Մարտունու շրջանը կազմավորվել է 1991 թ.՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930-ին) հիմքի վրա։ Այս օրերին շրջկենտրոն Մարտունի քաղաքում տեղակայված շրջանային բուժմիավորումում տարածքի բնակավայրերի բուժքույրերի համար Բոստոնից ժամանած մեր հայրենակից բժշկուհի Անուշ Սահակյանը կազմակերպել է մասնագիտական դասընթացներ։
Բուժմիավորումը հիմնադրվել է անցած դարի 50-ական թվականներին, 2014-ից գործում է նորակառույց եռահարկ տիպային շենքում, ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով։ Այստեղ հնարավոր է ստացիոնար բուժման համար ընդունել 30-ից ավելի հիվանդ։ Այժմ աշխատում են 11 բժիշկ, կա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի, նեւրապաթոլոգի, սոնոգրաֆիստի եւ այլ բժիշկների կարիք։ Բուժքույրերի պակաս չունեն։ Մայիսի 11-ին Ա. Սահակյանի եւ Շվեդիայում բնակվող բժիշկ Հենրիկ Շահբազյանի հետ Ստեփանակերտից մեկնեցինք Մարտունի։ Բժշկուհին ասաց, որ իրենց նպատակն է աշխատել բնակավայրերի բուժքույրերի հետ, որպեսզի նրանք կարողանան ցուցաբերել առաջին բուժօգնություն, այդ բնակավայրերի բնակիչներն ամեն թեթեւ հիվանդության համար ստիպված չլինեն հասնել Մարտունի ու Ստեփանակերտ։ Նշեց նաեւ, որ այս օրերին կփորձի հիմնականում ծանոթանալ խնդիրներին, բուժքույրերի մասնագիտական հնարավորություններին, հմտություններին ու գիտելիքներին։ Իսկ հիմնական դասընթացները, որ կտեւեն 2-3 ամիս, եւ բուժքույրերի հետ կաշխատեն սփյուռքահայ այլ բժիշկներ, կսկսեն հուլիսին։ Դասընթացների կայացմանն օժանդակում են Հայ-ամերիկյան բժիշկների ասոցիացիան եւ «Թուֆենկյան» հիմնադրամը, որն արդեն երկար ժամանակ մեծ օժանդակություն է ցուցաբերում Արցախ աշխարհին։ Այժմ էլ բարեգործական այս հիմնադրամը հիմնանորոգում է գյուղական բնակավայրերի բուժկետերը, իսկ մասնագիտական հարցում համագործակցում բժիշկների հետ։
Շրջանային բուժմիավորումում պայմանավորվեցին, որ 2 շաբաթ Ա. Սահակյանը եւ բուժմիավորման բժիշկները օրական կաշխատեն գյուղական համայնքների 3-4 բուժքրոջ հետ։ Կազմակերպիչները հոգալու են բուժքույրերի ճանապարհածախսը, սննդի հարցը։ «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Բաղդասարյանն աշխատանքային այցով Ստեփանակերտում էր։ Սակայն ավելի վաղ եղել է պայմանավորվածություն Ա. Սահակյանի հետ։ Տեղամասային թերապեւտ Վիկտորյա Մուսայելյանը, ով 1970-ականներից աշխատում է հայրենի երկրամասի բուժմիավորումում, եւ Ա. Սահակյանը որոշեցին հետագա անելիքները։ Նախաձեռնությունը սիրով ընդունեցին նաեւ մանկաբույժ Գոհար Դադայանը, վիրաբույժ Անդրանիկ Փարամազյանը, այլ բժիշկներ։ Որոշվեց նաեւ ճշտել, թե բուժկետերն ու ամբուլատորիաներն ինչի պակաս ունեն, որպեսզի այդ հարցն էլ լուծվի։ Գ. Դադայանը տեղեկացրեց, որ բուժքույրերի համար երբեմն կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, սակայն նրանց հետ հաճախակի պետք է աշխատանք տարվի։ Վ. Մուսայելյանը տեղեկացրեց, որ շրջանում գործում են 5 ամբուլատորիաներ՝ Ճարտարում, Գիշիում, Սոսում, Բերդաշենում եւ Նորշենում։ Մնացած գյուղերում գործում են բուժկետեր։ Հավելեց նաեւ, որ տարվա ընթացքում մի քանի անգամ բուժմիավորման բժիշկներով այցելում են շրջանի բնակավայրեր, իրականացնում հետազոտություն, աշխատում հատկապես մանուկների հետ։ Այժմ այս բուժմիավորումում բուժումն անվճար է։ Ասաց նաեւ՝ զորակոչի հետ կապված համագործակցում են զինկոմիսարիատի հետ, աշխատում զորակոչիկների բժշկական հանձնաժողովում։ Անդրադառնալով բուժմիավորումում իրականացվող վիրահատություններին, ասաց, որ անեսթեզիոլոգի բացակայության պատճառով այստեղ միայն թեթեւ վիրահատություններ են կատարվում, չնայած ունեն համապատասխան սարքավորումներով հագեցած վիրահատարան։ Ծնունդները, հատկապես՝ կեսարյան հատումով, նույնպես այստեղ չեն ընդունում. դարձյալ նույն խնդիրն է, ինչպես նաեւ այն, որ գինեկոլոգը միշտ տեղում չի լինում։ Այնուամենայնիվ, այս տարվա ընթացքում Մարտունու շրջանային բուժմիավորումում 16 երեխա է ծնվել։ Եթե լուծվի բժիշկների հարցը, մարտունեցիներն ստիպված չեն լինի հասնել Ստեփանակերտ, որտեղ հանրապետական հիվանդանոցը նույնպես ծանրաբեռնված է աշխատում։
Մարտունու բուժմիավորումում գործում են տարբեր բաժանմունքներ, պոլիկլինիկա։ Ապրիլյան քառօրյայի, 44-օրյա պատերազմի օրերին այն գործում էր նաեւ որպես ռազմական հոսպիտալ։ Հիվանդանոցի նախկին շենքը, որը կառուցվել էր անցած դարի 70-ական թվականներին, հիմնակառուցվում է որպես բնակելի։ Աշխատանքային երկրորդ օրվա մասին բժշկուհի Ա. Սահակյանը հեռախոսով տեղեկացրեց, որ աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի, յուրաքանչյուր օր ընդունել են 4 բուժքրոջ, ովքեր կարեւորել են ձեռնարկը եւ պատրաստակամ են մասնակցելու հիմնական դասընթացներին։