44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութի շրջանի բնակչությունն ամբողջովին տեղահանվեց, հազարավոր ընտանիքների ճակատագրեր առայսօր անհայտ են մնում: Նրանցից ոմանք շարունակում են դեգերել արտերկրում՝ կացարան եւ աշխատանք գտնելու հույսով, ոմանք էլ Արցախից ու Հայաստանից հեռանալու մտադրություն չունեն եւ, ժամանակավորապես հանգրվանելով (վերաբնակվելով) տարբեր համայնքներում, վստահ են, որ մի օր մշտական բնակավայրեր կվերադառնան, եւ իրենց իրավունքները կվերականգնվեն: Հարազատ ծննդավայր վերադառնալու հույսը չի կորցնում իմ վաղեմի բարեկամ եւ գրչընկեր՝ «Դիզակ» թերթի նախկին խմբագիր, բանաստեղծ Վիտալի Պետրոսյանը, ով իր ընտանիքով բնավորվել է Մարտունու շրջանի սահմանամերձ Քերթ գյուղում, որտեղից ընդամենը մի քանի կիլոմետրով հեռու է Հադրութի շրջանի Դրախտիկ բնակավայրը, եւ ինչպես ինքն է խոստովանում՝ ծննդավայրի կարոտը հեռվում նշմարվող Դիզափայտի լեռներից է առնում…
Ինձ համար հաճելի անակնկալ էր Երեւանում արդեն բնակություն հաստատած, աշխատանք գտած եւ «Պատերազմի դուռը» բանաստեղծությունների նոր ժողովածուն հրատարակած բարեկամիս՝ Արցախ վերադառնալու մտադրությունը: Դա գրեթե մեկ տարի առաջ էր: Հեռախոսով զանգեց եւ ասաց, որ որոշել է դասավանդել Քերթի միջնակարգ դպրոցում (մինչ պատերազմը նա Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում լեզվի եւ գրականության ուսուցիչ էր): Ուրախությամբ ողջունեցի Վիտալիի ձեռնարկումը՝ ոգեւորված այն իրողությամբ, որ գալիս է շարունակելու արցախյան առաջին պատերազմում նահատակված ավագ գրչընկերոջ՝ Կոմիտաս Հակոբյանի անավարտ մնացած առաքելությունը, ում անունն այսօր կրում է գյուղի կրթօջախը…
Արցախ վերադառնալուց հետո ավելի հաճախ էինք շփվում, եւ Վիտալին ինձ տեղյակ էր պահում գյուղի առօրյայի եւ ուշագրավ իրադարձությունների, իր մտահղացումների մասին: Զգում էի, որ ամենեւին չի զղջացել Երեւանը թողնելու համար, ընդհակառակը՝ գյուղում նոր ընկերներ ու բարեկամներ է ձեռք բերել, դպրոցը, որտեղ մայրենի լեզու եւ գրականություն է դասավանդում, հոգեհարազատ է դարձել իրեն, իսկ մանկավարժական կոլեկտիվի, կոլեգաների սրտացավ վերաբերմունքն իրեն ավելի է պարտավորեցնում: Ինչ վերաբերում է աշակերտներին, ապա հանձինս խելացի եւ հետաքրքրասեր, շնորհաշատ երեխաների՝ իրեն երջանիկ է զգում կրթօջախում: Նա երախտագիտությամբ էր արտահայտվում գյուղապետ Գեղամ Լալայանի, դպրոցի տնօրեն Ստելլա Ղուլյանի, ընկերոջ, փորձառու ուսուցիչ Ժիրայր Հայրապետյանի մասին, որոնց աջակցությամբ տնավորվել էր Քերթում, աշխատանքի անցել եւ փորձում է հոգեբանորեն հաղթահարել դժվարությունները, հարմարվել նոր բնակավայրին ու շրջապատին, մեղմել անդառնալի կորստի ցավն ու թշնամու կողմից գերեվարված Դիզակի, հարազատ ծննդավայրի նկատմամբ ունեցած կարոտը…
Անթաքույց ուրախություն ապրելով հայրենի օջախից տեղահանված եւ նոր բնակավայրում «ծիծեռնակի նոր բույն հյուսող» բարեկամիս հաջողություններով, ինչպես նաեւ քաջատեղյակ լինելով նրա նախասիրություններին՝ համոզված էի, որ զորեղ կամքի շնորհիվ հաստատակամորեն հաղթահարելու է հերթական փորձությունը եւ անպայման հասնելու է իր առջեւ դրված նպատակների իրագործմանը: «Ես չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ ընթերցողն «ապրում է միայն հացիվ» եւ հոգու սով ապրելով՝ հեռանում է գրքից, գրականությունից,- ասում է բանաստեղծ ընկերս եւ ինձ պատմում, որ գտել է երիտասարդությանը, ընթերցողներին՝ գրքի, գրականության հետ կապելու բանալին:- Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակում փորձեցի շարժել աշակերտների հետաքրքրությունը եւ սեր արթնացնել գրքի նկատմամբ: Նախագծի առաջին փուլում ձեռնարկեցի «Գրագիտունիկներ» ընթերցասերների ակումբ, գրչընկերներիս, բարերարների օգնությամբ, ինչպես նաեւ՝ հանգանակությամբ Երեւանից ձեռք բերեցի արտասահմանյան եւ հայ դասականների վերահրատարակված գրքերի մի մեծ խմբաքանակ եւ տրամադրելով ավագ դասարանների սովորողներին, ուսանողներին՝ հորդորեցի նրանց ընթերցել եւ քննարկումների ժամանակ արտահայտել սեփական կարծիքները: Հետագայում քննարկումներին մասնակցեցին ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներ, ովքեր նույնպես ակտիվություն եւ հետաքրքրություն դրսեւորեցին գրքի, գրականության նկատմամբ: Ու այսպես «սառույցը հալվեց», ու գործն առաջ շարժվեց: Կարծես բոլորը գոհ մնացին համագործակցությունից, եւ հետզհետե ընդլայնվեց ընթերցողների շրջանակը»:
Մինչ մտմտում էի այն մասին, թե երբ առիթ կլինի այցելել Քերթ եւ հաղորդակից լինել Վիտալի Պետրոսյանի եւ նրա թիմի ձեռնարկումներին, մի օր ինքը զանգեց եւ գրչակից ընկերներին գյուղ հրավիրեց: Դպրոցում տոնական տրամադրություն էր, եւ բոլոր ուսուցիչներն ու աշակերտները հանդիսավոր հագուկապի մեջ էին: Կրթօջախի բակը բուրում էր վարդերի, երփներանգ ծաղիկների խնդությունից: Իսկ երեխաների հայացքում հուզմունքն ու ժպիտներն էին միահյուսվել: Քաղաքից մեզ հետ բերած ճերմակ մեխակները խոնարհեցինք դպրոցի մուտքի մոտ տեղադրված Կոմիտաս Հակոբյանի շիրմաքարի առաջ եւ ներս մտանք շենք: Ընթերցասերների ակումբի անդամները գրական-գեղարվեստական, երաժշտական ծրագիր էին պատրաստել եւ հյուրերին էին սպասում:
Դպրոցի տնօրեն Ստելլա Ղուլյանը չթաքցրեց ուրախությունը, որ միջոցառմանը նաեւ Վիտալիի գրչընկերներն են եկել, եւ անկեղծորեն հպարտացանք, երբ գոհունակությամբ մեզ տեղեկացրեց նրա ձեռնարկումների մասին: Տնօրենի աշխատասենյակում շուտով մեր զրույցին միացան Վիտալիի ծնողները՝ վաստակավոր մանկավարժներ Էդվարդ եւ Մարիետա Պետրոսյանները, ովքեր տեղահանվելուց հետո ժամանակավորապես Երեւանում էին եւ վերադարձել էին իրենց զավակների մոտ: Անչափ ուրախ էի վաղեմի բարեկամներիս հանդիպելու համար… Այստեղ էին նաեւ գյուղապետ Գեղամ Լալայանը եւ բարերար Աշոտ Ջիվանյանի եղբայրը՝ Արտյոմը, ով արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Մոսկվայից եկել է գյուղ եւ մնացել է անձամբ համակարգելու դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որ գրեթե ավարտին են մոտենում: Ամենուր աչք են շոյում նորոգ եւ կահավորված լուսավոր, ընդարձակ դասասենյակներն ու կաբինետները, ճեմասրահն ու դահլիճը: Պարզվում է, որ համապատասխան սարքեր են տեղադրվել, եւ դպրոցը նաեւ արեւի ճառագայթներից է սնվելու… Հաճելի էր լսել եւ այն մասին, որ կրթօջախում երկարօրյա ուսուցում է կազմակերպվում, երեխաները սնվում, դասերին նախապատրաստվում են եւ նոր տուն գնում: Մեզ առավել ոգեւորեց Վիտալի Պետրոսյանի նոր մտահղացումը՝ ծրագրել է գյուղում մարզահրապարակ եւ զբոսայգի կառուցել, համայնքի բնակիչների, մասնավորապես՝ երիտասարդության, երեխաների համար զբաղմունքի եւ հանգստի պայմաններ, աշխույժ մթնոլորտ ապահովել: Վիտալիի հավաստմամբ՝ ծրագրի մեկնարկը տրված է, եւ առաջին հանգանակությունն արդեն կատարվել է: Չնայած նոր բարերարի անունը նույնպես հայտնի է, բայց նա չցանկացավ պայմանավորվածությունը գաղտնազերծել: «Ժամանակ կա, չշտապենք,- ասաց:- Բոլորն էլ այդ մասին շուտով կիմանան: Կարեւորը գործը սկսելն է»…
«Գրագիտունիկների» հանդեսից շատ էինք տպավորված: Մենք էլ, մեր հերթին, ելույթներ ունեցանք եւ խանդավառված մեր գրչընկերոջ, աշակերտների խիզախությամբ՝ ջերմ խոսքեր ուղղեցինք նրանց՝ մայրենին անաղարտ պահելու եւ Արցախը շենացնելու համար: Երբ ընթերցեցի «Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի» բանաստեղծությունը, հուզմունք եւ ցավ նկատեցի կարոտին միահյուսված Պետրոսյանների հայացքներում: Հրաժեշտի պահին Վիտալին խոստովանեց, որ ամեն առավոտ արթնանալուց՝ բարի լույս է փոխանակում հեռվում նշմարվող Դիզափայտի եւ Տողասարի հետ, ու վստահ է, որ հանդիպումը շատ չի ուշանա: Մանավանդ որ ինքն ընկերների հետ անդամագրվել է Կարմիր ձիավորի (հրամանատարի) ջոկատին եւ անհամբեր հրամանի է սպասում…