Վերջերս խոսվեց այն մասին, որ առաջիկայում Հայաստանի կենսաթոշակառու անձանց համար բանկային քարտերով սպասարկման գործընթացի շրջանակներում ներդրվելու է զեղչային կամ, այսպես կոչված, «քեշբեք» համակարգ, եւ որ դա կենսաթոշակների բարձրացում է ենթադրում։ Փորձենք հասկանալ՝ ինչ է սա, արդյոք այդ անկանխիկ առեւտրի հնարավորությունը կա՞ մարզերում, եւ ի՞նչ արդյունք սպասել։
«ՀՀ»-ի հետ զրույցում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը նախ ճշգրտեց, որ վերլուծելով ներկայացված համակարգը, այն կյանքի կոչելու մեխանիզմներն ու գործիքները՝ ակնհայտ է դառնում, որ հաշվի առնելով դրա կամընտրական եւ ոչ համատարած բնույթը՝ գոնե այժմ չենք կարող խոսել կենսաթոշակների բարձրացման մասին։ Այսինքն՝ փաստացի, եթե կենսաթոշակառուները չցանկանան օգտվել այս համակարգից, ապա որեւէ հարկադրանք չի կարող լինել: «Նույն հաջողությամբ կարող ենք խորհուրդ տալ կենսաթոշակները որպես խնայողական կամ կուտակային ավանդ ներդնել առեւտրային բանկերում եւ ստացված տոկոսները համարել կենսաթոշակի բարձրացում»,- նկատեց մասնագետը:
Իհարկե, նրա խոսքով, հնարավոր է, որ կենսաթոշակառուները, որոնք կօգտվեն այս համակարգից տարվա ընթացքում, ստանան որպես կանխիկի հետվերադարձ օրինակ՝ ծախսած գումարի 10 տոկոսը, եւ սրա մեջ որեւէ արտառոց բան չկա: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս համակարգի կիրառելիությունը մարզերի հեռավոր բնակավայրերում բավական խնդրահարույց է՝ այդ գյուղերում անկանխիկ գործարքներն ինչպե՞ս են կատարվելու, երբ հստակ գիտենք, որ տեխնիկական ապահովվածության խնդիր կա այդ վայրերում: Այսպիսով՝ եթե կենսաթոշակառուներին միայն դրանով խրախուսեն, ապա սա այն գործիքը չէ, որը կարող է էական ազդեցություն ունենալ: Մայրաքաղաքում այլ հարց է, մարզերում՝ այլ, տեխնիկական ապահովվածության տարբերություններ կան: Եթե մայրաքաղաքում համակարգը հաջողի, մարզերում՝ ոչ, չենք կարող ասել, թե կենսաթոշակները բարձրացվել են: «Բայց, այո՛, կարող ենք ասել, որ այս համակարգը խրախուսման գործիք է, որպեսզի քաղաքացիներն օգտվեն անկանխիկ գործարքներից, որը նրանց նաեւ հավելյալ օգուտ կարող է բերել «քեշբեքի» տեսքով»,- շեշտեց Կ. Սարգսյանը:
«Իսկ եթե ավելի հստակ՝ գուցե սա ավելի շատ ֆինանսական կառույցների՞ն է ձեռնտու»՝ «ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան տնտեսագետը համառոտեց. «Եթե ավելի հստակ, ապա՝ այո։ Ֆինանսական կառույցների շահագրգռվածությունն այն է, որ գումարն ամբողջությամբ միանգամից չկանխիկացնելու դեպքում այն մնում է բանկի տրամադրության տակ, եւ վերջինս կարող է, օրինակ, այդ գումարներից տոկոսներ ստանալ՝ վարկերի տրամադրման միջոցով: Ի վերջո, համաձայն ֆինանսների ամենագլխավոր կանոնի, փողն ունի ժամանակային արժեք: Փաստացի, տվյալ պարագայում շահագրգռում ենք քաղաքացուն, որպեսզի վերջինս նպաստի նրան, որ բանկի տրամադրության տակ ավելի շատ փող մնա, եւ ֆինանսական կառույցն ավելի շատ գործարքներ իրականացնի, ինչի համար քաղաքացին էլ իր մասնաբաժինը կստանա տարվա ընթացքում: Սա պարզապես, եկամտի մի մասի փոխհատուցում է՝ կանխիկից հրաժարվելու դիմաց: Սակայն, նորից եմ կրկնում, սա որեւէ կերպ չի սահմանափակի քաղաքացու՝ իր գումարը կանխիկացնելու իրավունքը, պարզապես գործիք է, որը խրախուսում է անձին՝ օգտվելու նման հնարավորությունից»:
Փաստենք՝ ըստ էության, քարտային գործարքների դեպքում որոշակի արտոնյալ պայմանների տրամադրումը, կանխիկի վերադարձը՝ «քեշբեք»-ը, նոր գործիք չեն: Բանկերը, իրենց հերթին, շահագրգռում են հաճախորդներին, որ այդ կերպ անկանխիկ գնումներ կատարեն: Խոսելով ընդհանրապես անկանխիկ վճարումների մշակույթից՝ մեր զրուցակիցն ասաց, որ, ինչ խոսք, դա վճարումների քաղաքակիրթ ու ավելի հարմարավետ ձեւ է եւ այն պետք է ՀՀ-ում զարգանա, քանի որ նաեւ օրենսդրական փոփոխություններն են տանում դրան. շուտով 300 հազար դրամը գերազանցող գործարքները կատարվելու են քարտային տարբերակով: Բնականաբար, կենսաթոշակառուներն այդքան բարձր թոշակ չեն ստանում, սակայն անկանխիկի օգտագործման մշակույթն այս գործիքով եւս կզարգանա: «Այդ գործարքների կատարումն ավելի անվտանգ է. եթե բանկոմատներն օգտագործելու տեխնիկական խնդիրներ էլ առաջանան, քաղաքացիները ցանկացած պահի խանութներից կարող են գնումներ կատարել»,- եզրափակեց մասնագետը: