«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահ Պողոս Սեմյոնի Ակոպովի հետ:
-Պարո΄ն Ակոպով, մեր խմբագրության անունից ջերմագին մաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ` ծննդյան 95-ամյակի առթիվ: Խնդրեմ ներկայացրեք Ձեր դիվանագիտական կարիերան:
-Ես Պողոս Սեմյոնի Ակոպովն եմ` ներկայումս Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահը: Միության գործունեությունն սկսվել է 1990 թ.: 1996 թ. ընտրվել եմ դիվանագետների ասոցիացիայի խորհրդի նախագահ: 2001 թ. հաջողվեց վերաձեւավորել ասոցիացիան եւ մի հարկի տակ համախմբել ռուս դիվանագետներին: Մինչեւ 2013 թ. եղել եմ ասոցիացիայի խորհրդի նախագահ, այնուհետեւ խնդրել եմ ազատել ինձ այդ պաշտոնից, քանի որ տարիքս արդեն չէր ներում ամբողջովին զբաղվելու այդ գործերով: Մնացի որպես ասոցիացիայի նախագահ: Բացի վերը նշվածից, նաեւ Միջազգային արտաքին քաղաքականության ասոցիացիայի փոխնախագահն եմ, որի ղեկավարը ԽՍՀՄ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Բեսսմերտնիխն էր: Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության պատվավոր անդամ եմ: Նաեւ անդամակցում եմ մի շարք միջազգային դիվանագիտական կառույցների:
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես ստացվեց, որ հասարակ գյուղացու որդին հեռավոր լեռնային շրջանից իր ուրույն տեղը գտավ միջազգային դիվանագիտության ոլորտում: 1960-ականներին 16 տարի դիվանագիտական գործունեություն եմ ծավալել Եգիպտոսում, որտեղ այն ժամանակ հայկական համայնքը բավական մեծ էր: Այնուհետեւ գործուղվել եմ Եմեն, Սուդան, Սիրիա, Իրաք եւ այլուր: 1980-ականներից դեսպան եմ նշանակվել Լիբիայում ու Քուվեյթում: Ինչպես տեսնում եք, գործունեությունս հիմնականում կենտրոնացած էր Մերձավոր Արեւելքի երկրներում:
-Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք դեսպան:
-Դեռեւս երիտասարդ տարիներից դիվանագիտական հատկանիշներ ու մտածողություն եմ ունեցել: Դա, իհարկե, կարեւոր էր, սակայն առաջնային չէր: Ես ապրել ու մեծացել եմ այնպիսի ժամանակներում, երբ անգամ գյուղացի, գավառացի երիտասարդներին հնարավորություն էր ընձեռվում կրթվելու ու զարգանալու: Իսկ հաջորդ հանգամանքն այն էր, որ հանդիպում էին մարդիկ, ովքեր ինձ օգնում էին դեսպան դառնալու ճանապարհիս:
-Ովքե՞ր էին այդ մարդիկ:
-Առաջին հերթին կնշեմ Ալեքսեյ Կոսիգինին, ով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահն էր: Մինչ դիվանագետ դառնալը, 8 տարի աշխատել եմ նրա հետ պետպլանի համակարգում: Այնպես ստացվեց, որ իր ղեկավարությամբ ու աջակցությամբ գնացի դիվանագիտության ճանապարհով: Ի դեպ, այդ ընթացքում մեզ հետ էր աշխատում նաեւ Հայաստանից Լեւոն Խաչատրյանը: Որոշ ժամանակ անց նա դարձավ Հայաստանի պետպլանի նախագահը: Վերջինս շատ իմաստուն, բազմաշերտ գիտելիքներով զինված անձնավորություն էր, ով ինձ համար հարուստ կենսափորձ ունեցող մարդու իսկական օրինակ էր: Խաչատրյանն առաջին հայն էր, ով մեծ ազդեցություն ունեցավ իմ աշխարհընկալման ու կարիերայի կերտման վրա: Ինչ վերաբերում է Կոսիգինին, ապա նրան հանդիպել եմ Եգիպտոսում 1973 թ., երբ արդեն դեսպան էի, ջերմորեն վերհիշել էինք մեր համատեղ աշխատանքային տարիները:
Կցանկանայի նաեւ նշել Անդրեյ Գրոմիկոյի անունը, ով մասնագիտությամբ տնտեսագետ էր: Ես` նույնպես: Մի անգամ շատ պատահական ծանոթացա նրա գրքերից մեկին, որն ինձ օգնեց պաշտպանելու դոկտորական ատենախոսությունս: 1974 թ. նա այցելություն կատարեց Եգիպտոս: Հանդիպեցինք, զրույցի բռնվեցինք, որի ժամանակ միամտորեն ներկայացրի վերոհիշյալ գիրքը` որպես լավագույններից մեկը տնտեսագիտության ոլորտում (ես չգիտեի, որ այդ գիրքը նա է գրել): Ի զարմանս ինձ` նա մինչեւ վերջ լսեց ինձ ու վերջում ասաց, որ դա իր հեղինակած գիրքն է: Նա այնքան կարեւորված զգաց իրեն, երբ իմացավ, որ իր գիրքն ընթերցվում է ու գնահատվում: Ինքս էի նրան ներկայացնում Եգիպտոսը ու էքսկուրսիաներ կազմակերպում: Եգիպտոսի մասին գիտեի բացառապես ամեն ինչ, հատկապես` տնտեսությանը վերաբերող թեմաներին էի շատ լավ տիրապետում: Եգիպտոսից արդեն վերադառնալուց հետո Գրոմիկոն չէր մոռացել մեր հանդիպումը ու ինձ հրավիրել էր ընթրիքի: Այնուհետեւ` 1983 թ., նա ինձ առաջադրեց որպես Քուվեյթում ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր դեսպան:
Ահա΄, այն առանցքային դեմքերը, ովքեր անդառնալի ազդեցություն ունեցան իմ դիվանագիտական կարիերայի վրա: Իհարկե, արդարության համար պետք է նշեմ նաեւ, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե ես ջանասիրաբար ու անձնվիրաբար չաշխատեի, ջանք չթափեի: Մեր` հայերիս ճակատագիրն այնպես է դասավորվել, որ տասն անգամ ավելի շատ ենք հարկադրված աշխատել` ապացուցելու, որ արժանի ենք ավելիին:
-Այս տարի լրացավ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Կխնդրեմ` բնութագրեք երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված կապը:
-Գիտեք, այսօր տարբեր գնահատականներ ու կարծիքներ են հնչում եւ΄ հայ, եւ΄ ռուս ժողովուրդների շրջանում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Ինքս կարծում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի միակ, հուսալի ու հավատարիմ դաշնակիցն է: Հենց 44-օրյա պատերազմը հստակ ցույց տվեց, որ ոչ մի եվրոպական, ասիական կամ այլ մայրցամաքներում գտնվող երկիր չաջակցեց Հայաստանին ու հայ ժողովրդին: Հաճախ եմ հանդիպում քննադատությունների Ռուսաստանի հասցեին: Սակայն առաջին հերթին պետք է ինքներս մեզ վերանայենք, հասկանանք՝ որտե՞ղ ենք սխալվել կամ թերացել, արդյոք չե՞նք թերագնահատել թշնամուն ու գերագնահատել ինքներս մեզ, արդյոք արե՞լ ենք ամեն բան պատերազմից խուսափելու համար, թե՞ կրկին հույսներս դրել ենք օտարների վրա:
Ես` որպես հայ ու Ռուսաստանի քաղաքացի, եւ ինձ նման շատերը շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների զարգացումով ու ամրացումով: Սա առաջին հերթին կբավարարի հայկական ազգային շահը, ինչու չէ, նաեւ ռուսականը:
-Շնորհակալություն: Եվ վերջում կխնդրեի հակիրճ անդրադառնալ Ձեր փոքրիկ հայրենիքին` Ջավախքին, որտեղ ծնվել եք:
-Երբ 1828 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո կնքվեց խաղաղության համաձայնագիր, գեներալ Պասկեւիչն այդ փաստաթղթում ներառեց մի կետ, որի համաձայն` թուրքական կառավարությունը չպետք է խոչընդոտեր, եթե հայերի որոշ հատված ցանկանար վերադառնալ Արեւելյան Հայաստան: Վախ կար, որ թուրքերը կարող էին ցեղասպանություն գործել հայերի նկատմամբ: Իմ նախնիներն այդ ժամանակահատվածում ապրում էին Էրզրումում: Խաղաղության պայմանագրի կնքումից հետո միջոցներ էին անհրաժեշտ հայերին տեղափոխվելու ու այլ վայրերում բնակվելու համար: Այդ հարցում հայերին օգնեց թագուհի Եկատերինան: Այսպիսով, մոտավորապես 17 գյուղի ժողովուրդ վերաբնակեցվեց Ախալցխայի ու Ջավախքի շրջաններում: Այն գյուղը, որտեղ ծնվել եմ, կոչվում էր Սուֆրիս, որի անվան հետ կապված տարբեր կարծիքներ եմ լսել. մի մասը կարծում էր, որ դա թուրքական անվանում է, իսկ մեծամասնության կարծիքով դա «սուրբ լույս» բառակապակցության ձեւափոխված տարբերակն է: Մինչ օրս հիշում եմ գյուղի կավե տները, գոմերը: Իսկ այսօր այն դարձել է ծաղկաշատ ու զարգացած գյուղ: Հենց այնտեղ եմ ստացել դաստիարակություն, այնտեղ են ձեւավորվել աշխատանքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը, ազնվությունն ու արդարությունը:
Որպես ամփոփում` կցանկանայի նշել, որ 95-ամյակս նշելու առիթով ինձ հրավիրել էին Հայաստան: Պնդեցի, որ հոբելյանս ու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը նշվեն միասին: Հայաստան ժամանեցինք 10 դեսպանների հետ միասին: Մեզ այնպես դիմավորեցին այստեղ, որ բոլորս հաճելիորեն ապշած էինք մնացել: Ռուս կոլեգաներս տպավորված էին հայկական հյուրասիրությամբ: Մեզ իր մոտ ընդունեց նախագահը, եղանք նաեւ կաթողիկոսի նստավայրում: Ինձ հետ ժամանած ռուս դիվանագետների մոտ ավելի ամրապնդվեց այն համոզմունքը, որ Ռուսաստանն այնպես պետք է կառուցի իր քաղաքականությունը հայերի ու Հայաստանի նկատմամբ, որ ավելի սերտանան հայ-ռուսական փոխհարաբերությունները, իսկ Հայաստանը դառնա ավելի զարգացած, գրավիչ պետություն: