Լճացման վերացման մասին կան մի քանի հիշատակումներ (հոդված 4 եւն)։ Շատ փափուկ մոտեցում է, որ հանկարծ ոչ մեկին չնեղացնեն։ Չնայած նախորդ օրենքով եւս նախատեսված էր, որ ռեկտոր կարելի է լինել ընդամենը 2 ժամկետով, մեր ռեկտորները ցմահ էին, քանի որ կարող էին օրենքով փոխել բուհի անվանումը, իրավաբանական կարգավիճակը եւ պինդ մնալ նույն աթոռին։ Հայաստանում կան բուհեր, որտեղ ռեկտորը ղեկավարում է 25 տարուց ավելի։ Նոր օրենքում այս երեւույթին դիմադրող գործուն կետեր չկան։ Կարող ես նույնիսկ երկու անգամ զբաղեցնել ռեկտորի պաշտոնը, մի անգամ զիջել ընկերոջդ, հետո նորից տասը տարի կառավարել (հոդված 28.8)։ Այն մասին, որ ռեկտորը պետք է լինի ոչ միայն վարչական աշխատող, այլեւ գիտության եւ կրթության բնագավառի առաջնորդ, արդեն մոռացել ենք։
70 տարեկան անձը կարող է չզբաղեցնել ղեկավար պաշտոն։ Սակայն նախքան պաշտոնաթող անելը պետք է նրա քիչ թե շատ արժանավայել կյանքն ապահովել. ոչ եվրոպական, բայց նաեւ ոչ հավաքարարի թոշակով։ Սակայն տարիքն ամենամեծ չարիքը չէ. մեր բուհերում 1970-1980 թթ. տեղի ունեցավ սերնդափոխություն, որն ավելի բուռն կերպով շարունակվում է մինչեւ այսօր. հայրերին փոխարինեցին որդիները, մայրերին՝ դուստրերը, պապերին՝ թոռները, եւ որակը վերացավ։ Նոր օրենքն այս հարցի շուրջ լռում է։
Մրցակցության մասին կան միայն հիշատակումներ։ Չմոռանանք, որ 2002 թ., երբ որոշ մասնավոր բուհեր հավատարմագրվեցին, ընդունելության համար «վճարումների» գինը կրկնակի նվազեց։ Սակայն ինչպե՞ս է մրցակցությունն իրականանալու։ Եթե պետական բուհերին իրավունք է տրված իրականում անսահմանափակ ընդունելություն, մասնավոր բուհերը բաժանված են «իմ եւ քոնի», եւ նրանց մեծ ու փոքր լինելը կապ չունի աշխատանքի որակի հետ։ Պետությունը աշխատող ձեռքերին ձեռք մեկնելու փոխարեն, աշխատում է պահել եղածի մենաշնորհը։ Դիմորդներն այնքան են պակասել, որ նույնիսկ Երեւանի պետական համալսարանը մի քանի անգամ է հայտարարում ընդունելություն։ Իսկ եթե օրենքը չի լուծում մրցակցության հարցը, դա օրենք չէ։
Մի քանի տեղ նշվում է որակի ապահովման մասին (հոդվածներ 10, 13), բայց ավելի վատ տարբերակով, քան նախորդ օրենքներում։ Հանձնաժողով, ատեստավորում, հավատարմագրում… Իսկ մեզ հարկավոր է միայն վերջնական արդյունք։ Պետք է ամեն կերպ ընդառաջել բուհերին, որ նրանք բարձր որակ ապահովեն, իսկ դա սիրուն տպած փաստաթղթերի առկայությամբ չի լուծվում։ Օրենքում ոչ մի խոսք չկա նոր տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման, ուսումնական պլանների եւ ծրագրերի վերանայման, դասավանդվող առարկաների բովանդակության մասին… Բուհերին կարելի է տալ առաջին, երկրորդ կարգ, բայց պետական դիպլոմ տալու իրավունք պետք է ունենա միայն պետությունը, որ չկրկնվի «սիրիական սցենարը»։ Պետք է հավատարմագրել ոչ թե բուհը, այլ շրջանավարտին։ Պետական դիպլոմ ցանկացողը պետք է հաջողությամբ պետական քննություններ հանձնի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովին։
Օրենքը բուհին տալիս է ազատություն։ Նույնը կա նաեւ գործող օրենքում։ Համեմատեք բուհին տրվող ազատությունները ռեկտորի իրավունքների ու պարտականությունների հետ եւ կհամոզվեք, որ դա ոչ թե բուհի, այլ ռեկտորի ազատություններն են։ Իսկ եթե բոլոր իրավունքները տրված են ռեկտորին, մնացած աշխատողներին իրավունք չի մնում։ Խորհրդային իշխանության ժամանակ դասախոսը ստանում էր բուհի վարչական կազմի աշխատողի աշխատավարձի առնվազն կրկնակին, եթե ոչ ավելին։ Եվ պետությունն ստիպում էր նրան զբաղվել գիտությամբ, աշխատել իր որակական մակարդակի բարձրացման վրա։ Ստուգեք ցանկացած բուհ եւ հարցրեք ռեկտորին, թե ինչու է նրա քարտուղարուհին ստանում ավելի բարձր աշխատավարձ, քան ամբիոնի՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր վարիչը, ինչու է լրավճարներ եւ պարգեւատրումներ, պետական պարգեւներ ստացել միայն վարչական կազմը, եթե բուհի առաջնային աշխատողը դասախոսն է։ Նաեւ եթե հետեւենք եվրոպական մտածողությանը, դասախոսների աշխատավարձերի բարձրացումը պետք է նպաստի կաշառակերության վերացմանը:
Համեմատեք խորհրդային տարիների եւ այսօրվա պրոֆեսորադասախոսական կազմի վիճակը. կան ամբիոններ, որոնց անդամները հիմնականում աշխատում են մեկ տարվա պայմանագրերով։ Սա հնարավորություն է տալիս ռեկտորին հաջորդ տարի «դուրս շպրտել» չհնազանդվող անձանց, այսինքն՝ «աչքից ընկածներին»։ Իսկ աչքից ընկնում են այն մարդիկ, որոնք չեն ուզում խղճի դեմ գնալ, քանի որ նրանց պատրաստվածությունը թույլ է տալիս իրենց հպարտ պահել։ Նրանք էլ, ովքեր տեղ են զբաղեցնում ծանոթության շնորհիվ, միշտ «կարգապահ եւ հնազանդ են»։ Ռեկտորին տրված են բոլոր իրավունքները, իսկ որակի համար՝ ոչ մի պատասխանատվություն։ Այդ մասին խոսք կա (հոդված 18), բայց խոսքով էլ սահմանափակվում է (մեխանիզմը չկա)։ Ազատ շուկայական հարաբերությունների երկրում, պատասխանատվությունը որոշվում է ֆինանսական տուգանքներով։ Եթե չկա ֆինանսական պատասխանատվություն, ուրեմն պատասխանատվություն չկա առհասարակ։ Խոտան թողարկելու համար ռեկտորը պետք է վճարի իր գրպանից, համապատասխանաբար՝ դեկանը իր հերթին, ամբիոնի վարիչը՝ իր հերթին, դասախոսը՝ իր հերթին։
Իսկ հիմա զարգացման մասին։ Ի՞նչ ուղղություններ պետք է ընդգծեր օրենքը։ Առաջին հերթին դասախոսական կազմի եւ բուհի ղեկավար մարմինների բաց ընտրություններ։ Պետք չէ կոշկավոր կատվի հեքիաթը պատմել, թե մրցույթը տեղի է ունեցել Կանադայում կամ Բրազիլիայում։ Մրցույթում պարտվածին պետք է պարզ ապացուցել, թե ինչու են գերադասել այլ անձի։ Պարտվողը կընկալի հաղթողի առավելությունը եւ կձգտի հաջորդ ընտրություններին մասնակցել ավելի պատրաստված։ Կյանքը կստիպի նրան բարձրացնել պրոֆեսիոնալիզմը (hակառակ դեպքում նա դուրս կմղվի ասպարեզից)։ Իսկ այժմ դրա փոխարեն նա… ծանոթ է որոնում։
Ինչո՞ւ նոր օրենքում չկա գիտությունների դոկտորի կոչում, եւ ինչո՞ւ է այդքան ցածր գնահատվում կոչումը։ Եթե խորհրդային իշխանության ժամանակ մեկ ամբիոնում կային լավագույն դեպքում մեկ դոկտոր եւ մի քանի թեկնածու, ապա հիմա ամբիոնի տասը անդամից հինգը դոկտոր են, մնացածը՝ դոկտորական պաշտպանելու շեմին։ Սա արվեց գիտության մեջ թացն ու չորը իրար խառնելու եւ «յուրային» անձանց առաջ քաշելու համար։ Գուցե նաեւ արտասահմանյան «բարեկամների» խորհուրդներով։ Խորհրդային Միության օրոք պետությունը գիտնականների առջեւ խնդիրներ էր դնում ու նաեւ ատենախոսությունների միջոցով լուծում մեծ գիտական պրոբլեմներ։ Եթե պրոբլեմները վերացել են, ուրեմն կվերանան նաեւ գիտաշխատողները՝ անկախ նրանց վաստակից, հարգանքից, ազնվությունից… Իհարկե, ավելի հեշտ է գիտությունը վերացնել, բարեկամներին տալ գիտական կոչումներ, կոչման համար էլ 5000 դրամ ամսական, ջերմորեն սեղմել արեւմտյան «բարերարների» ձեռքերը, քան փորձել շտկել իրավիճակը՝ խելամիտ կադրային քաղաքականությամբ։ Պետք է իրական մեխանիզմներ առաջարկել` այս երեւույթը հաղթահարելու ճանապարհներ գտնելու համար։
Հաջորդ կարեւոր խնդիրը, որին օրենքը չի անդրադառնում, դասախոսների (իսկ ընդհանուր առմամբ՝ բոլոր մանկավարժների) աշխատավարձերի բարձրացումն է։ Հիշեցնենք, որ ճապոնական հրաշքն սկսվեց մանկավարժական ոլորտի ամենաբարձր ֆինանսավորմամբ։ Զարմանալին այն է, որ ուսուցիչներն ու դասախոսներն այսօր Հայաստանում ամենանվաստացված, ամենաանպաշտպան խավն են։ Ճիշտ է՝ ուսուցիչներն ունեն որոշ սոցիալական փաթեթներից օգտվելու իրավունք, բայց նվազագույն չափով։ Դասախոսն այս առումով ոչ մի իրավունք չունի, իսկ ղեկավարության առաջարկով գիտական հիմնարկների փոխարեն Հայաստանի գիտությունը պետք է ապահովեն բուհերի գիտնականները։
Հետխորհրդային շրջանում բուհերում հայտնվեցին լրացուցիչ ղեկավար օղակներ։ Օրինակ՝ ինչի՞ համար է բուհի հիմնադիրների խորհուրդը, եթե կա գիտխորհուրդ, որն ավելի մասնագիտորեն կարող է լուծել հարցերը։ Արտասահմանում բուհերի խորհուրդները կազմվում են այն մարդկանցից, որոնք ապահովում են բուհի ֆինանսավորման զգալի մասը։ Ի՞նչ դատական քաշքշուկներ ունի բուհը, որ մեկ իրավաբանի փոխարեն հայտնվել է իրավաբանական բաժին։ Նախկինում առարկայական ծրագրային ապահովումը կատարվում էր ուսումնական մասի միջոցով, հիմա հայտնվել են նաեւ ծրագրերի վարչություններ…
Պետք է արմատապես փոխել լիցենզավորման եւ որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքի բնույթը։ Դրանք պետք է զույգ-զույգ լինեն, որ ապահովվի մրցակցություն։ Կամ այս օղակների աշխատողների աշխատավարձը պետք է անմիջապես կապել կատարված աշխատանքի հետ՝ տրված լիցենզիաների կամ հավատարմագրերի քանակի։ Նրանք պետք է ոչ միայն հսկեն, այլեւ օգնեն բուհերին ճիշտ կազմակերպելու իրենց աշխատանքը, եւ առանց հսկայական մուծումների։ Եթե օրենսդիրը համարում է, որ բուհերի քանակը Հայաստանում բացասական է ազդում կրթության որակի վրա, ապա նա ձգտում է մենաշնորհի։ Եթե բուհերը վատ են աշխատում, դա համապատասխան նախարարության աշխատանքի որակն է։ Վերացրեք կողմնապահությունը, բոլորին տվեք հավասար հնարավորություններ, եւ մրցակցությամբ պարտված բուհերն իրենք կփակվեն, առանց պետության միջամտության, միշտ ասպարեզ կմտնեն նոր հաստատություններ, եւ որակն անմիջապես կբարձրանա։ Ինչո՞ւ է այս խնդրի կապակցությամբ լռում օրենքը։
Շուկայական հարաբերությունները ենթադրում են արագ կողմնորոշում, մասնագիտությունների փոփոխություն՝ ըստ պահանջարկի։ Այստեղ պետք է լիցենզավորման շատ ճկուն համակարգ։ Ցավոք, օրենքում նման միտք չկա։
Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում պետք է ինտեգրվել համաշխարհային կրթական համակարգին, սակայն մյուս կողմից պետք է պաշտպանել սեփական համակարգի որակական արժեքները։ Եթե Հայաստանում շարունակեն նույն տեմպերով աշխատել ամերիկյան, ռուսաստանյան, ֆրանսիական եւն համալսարանները, ԵՊՀ-ն կարող է դիմորդ չհավաքել նույնիսկ հինգերորդ փորձից։ Իսկ մենք դրսում չունենք ոչ մի մասնաճյուղ (մեր երեք տարվա ջանքերը՝ Իրանում ստեղծելու «Ան. Շիրակացի» համալսարանի մասնաճյուղ, ավարտվեցին ապարդյուն. հարեւան պետությունը թույլ չտվեց մեզ ներխուժել իրենց շուկա)։
Հայաստանում օտարերկրյա բուհեր ընդունվելու ձգտումը հասկանալի է. ուսուցումն օտար լեզվով է, իսկ երկրորդ լեզվի իմացությունը մեծ առավելություններ է տալիս։ Նախկինում մեր ժողովուրդը, գրեթե ամբողջությամբ, տիրապետում էր ռուսերենին։ Մեզ թելադրված սցենարով ռուսերենին պետք է փոխարիներ անգլերենը, սակայն ռուսերենը գրեթե «վերացավ», իսկ անգլերեն չիմացանք։ Այս դեպքում ո՞ւմ են պետք 12 տարին դպրոցում եւ ձեւական օտար լեզուների ուսուցումը բուհում։
Օրենքը ոչ մի հարց չի լուծում նաեւ դասախոսական կազմի որակի բարձրացման եւ բուհի նյութատեխնիկական հագեցվածության առումով։ Ի՞նչ առաջխաղացում եւ գիտություն, եթե մեր գրադարանների ռուսերեն գիտական գրականությունը հնացած է, ինչպես նաեւ համացանցում տեղադրված անգլերենը։ Նորը միայն վճարովի է՝ ամերիկյան գներով։ Եթե խոսում ենք համաշխարհային մակարդակի մասին, բուհերին պետք է օժանդակել, որպեսզի փորձառու դասախոսներն անգլերեն կամ ռուսերեն սովորեն, իսկ երիտասարդները վերապատրաստվեն արտասահմանում, որպեսզի նորագույն գրականություն ընթերցեն։ Բացի այդ, լավ կլիներ վարչական կազմին պարգեւատրումներ տալու փոխարեն ռեկտորները նոր ուսումնական եւ գիտական սարքավորումներ գնեն։
Մեզ հասած տեղեկություններով խնդիր է դրվել վերացնել մասնավոր բուհերը (կամ սրանցից «ոչ մերոնքականները»), իսկ պետական բուհերից թողնել հինգը։ Երեւի այդպես են «խորհուրդ տալիս» մեր «հոգատար արեւմտյան բարեկամները» եւ արդեն համապատասխան գումար էլ տվել են «բարեփոխումներ» անցկացնելու համար։ Մեր կարծիքով՝ սա սպառման շուկայի վերացման սովորական քաղաքականություն է, ինչպիսին էր մեր արդյունաբերության ու գյուղատնտեսության «օպտիմիզացումը»։ Խորհրդային տարածքը հետխորհրդային շրջանում արեւելյան երկրների երիտասարդներին տվեց հարմար եւ էժան կրթություն ստանալու հնարավորություն։ Եվ մեր տված կրթությունն այսօր բավարար է նրանց համար։ Բաց շուկայական տնտեսության առումով մենք Եվրոպայից խլել ենք ահագին սպառող, ստիպել ենք էժանացնել որոշ մասնագիտությունների ուսման վարձերը։ Այստեղից հասկանալի է՝ ինչին են ուղղված մեր «բարերարների» խորհուրդները։ Անգլիական իմաստությունն ասում է. «Անվճար պանիրը միայն թակարդում է»։
Չգիտենք, թե ինչքանով են համապատասխանում եվրոպական շրջանավարտների գիտելիքներն իրենց փաստաթղթերում գրանցված պահանջներին, սակայն, եթե նաեւ մեր այսօրվա գիտելիքները ցածր են, պետք չէ գնալ ազգային կրթությունը վերացնելու ճանապարհով։ Եթե անհրաժեշտություն կա նաեւ ինչ-որ բան վերցնել արեւմտյան դպրոցից, պետք է վերցնել լավը։ Օրինակ՝ արտասահմանում աշխատում են լավագույն ուսանողների հետ (իսկապես լավագույն), ուսման ընթացքում նրանց հետ պայմանագրեր կնքում՝ հետագայում բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու համար։ Մեզ մոտ քաղաքացիական հասարակություն ձեւավորված չէ։ Լավագույն մասնագետը կա՛մ լքում է երկիրը, կա՛մ զբաղվում ոչ մասնագիտական աշխատանքով։ Եկեք աշխատենք լավերի հետ, քանի որ ազգի որակը որոշվում է գիտության, արդյունաբերության զարգացածության, գրականության, արվեստի մակարդակով, ոչ թե ձեւական «բարձրագույն կրթություն» ստացածների զանգվածով։
Սրանք միայն օրենքի քաղաքականությանը վերաբերող դիտողություններ են։
Ի վերջո, կարելի է տասը օրենք փոխել։ Ոչ մի բան չի փոխվի։ Պետք է օրենքը հսկել, որ այն ի կատար ածեն։ Դա պետք է լինի բոլորի համար։ Եթե օրենքը մեկի համար կա, մյուսի՝ ոչ, ուրեմն այն գոյություն չունի։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
իրավաբանության դոցենտ` Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ