«Երբ քեզ կայացնողն ինքդ ես, շատ վաղ ես սկսում: Քո ջիղն աչքի է ընկնում եւ նույնիսկ ավելի ուժեղ է, քան ժառանգություն ստացածինը…»:
Քըրք ՔԸՐՔՈՐՅԱՆ
Պատմական Հայաստանի Ծոփք նահանգի Խարբերդ քաղաքից էին այս մեծ հայի նախնիները: Նրա պապ Գասպար Գրիգորյանը, փրկվելով թուրքական արյունոտ յաթաղանից, հասել էր Միացյալ Նահանգներ՝ հանգրվանելով Կալիֆոռնիա նահանգի Սան Հովակիմ հովտում: Դրանից տասնհինգ տարի անց Գասպարի որդի Ահարոնը ամուսնանում է Արեւմտահայաստանից գաղթած Լիլիայի հետ: Նրանք ունենում են չորս արու զավակ, որոնցից ամենակրտսերը Գրիգորն էր կամ Քըրքորը, ինչպես անվանում էին ապագա աշխարհահռչակ միլիարդատեր-բարերարին: Հայրը մրգավաճառ էր, հազիվ էր կարողանում ծայրը ծայրին հասցնել: 1921 թ. ԱՄՆ-ին հարվածած հերթական տնտեսական ճգնաժամը, ապրուստ հայթայթելու մտահոգությամբ, ստիպում է Գրիգորյանների ընտանիքին տեղափոխվել Լոս Անջելես:
Աղքատ ընտանիքում աչքերը բացած Քըրքը տակավին ինը տարեկան երեխա՝ ծնողներին օգնելու համար սկսում է թերթեր վաճառել, աշխատել որպես ավտոմեխանիկ: Անկարգ աշակերտի համբավ ձեռք բերելուց հետո 8-րդ դասարանում դուրս է մնում դպրոցից եւ սկսում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան. շուտով դառնում է իր ծննդավայր Ֆրեզնոյի չեմպիոն՝ կիսամիջին քաշային կարգում: Մինչեւ 1935 թվականն զբաղվում է մանր բիզնեսով: Մի քանի տարի անց հրապուրվում է ավիացիայով. երկրորդ աշխարհամարտի սկզբին, չցանկանալով միանալ ցամաքային զորքերին, թռչել է սովորում ավիաակումբում: Վեց ամսվա ուսումնառությունից հետո, ստանալով առեւտրային օդաչուի վկայագիր, պատերազմի ընթացքում առաքելությունների է մասնակցում Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի համար: Երկուսուկես տարվա աշխատակցության ընթացքում հայազգի օդաչուն կատարում է 33 թռիչք, ճանապարհորդում չորս մայրցամաքներով, փորձարկում իր առաջին քառաշարժիչ ինքնաթիռը: Պատերազմից հետո ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով թռչում է Ատլանտյան օվկիանոսի վրայով եւ սահմանում երկնային այդ տարածքով ամենաարագ թռիչքի համաշխարհային ռեկորդ: Հետո հերթը գալու էր օդանավերի բաժնեթղթերի առեւտրին: 1947-ին 60 հազար ԱՄՆ դոլարով Քըրքորյանը ձեռք է բերում «Լոս Անջելես Էյր Սերվիս» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, որի ավիապարկում կար ընդամենը երեք օդանավ: 1950-ականներին սկսում է օպերացիաներ անել օդագնացային վիթխարի ընկերություններով, ինչպիսիք էին «Trans International Airlines»-ը, «Transamerica Corporation»-ը, եւ այլն: Այնուհետ նա դասվելու էր միլիոնատերերի շարքը: 1962-1965 թթ. աշխատում է ակցիաներով՝ բաժնեթղթերով, 5 տարում վաստակում 37.6 միլիոն դոլար: 1968-ին իր ընկերությունը վաճառելով «Transamerica» խոշոր ընկերությանը, գործարքի պայմաններով Քըրքորյանն ստանում է 104 միլիոն կանխիկ գումար, ինչպես նաեւ նշյալ ընկերության բաժնեթղթերի խոշոր ծրար՝ շուրջ 85 միլիոն դոլար արժողությամբ՝ դառնալով այդ հզոր կոնգլոմերատ ընկերության խոշորագույն բաժնետերը:
Սակայն գալու էր գործունեության ոլորտը փոխելու ժամանակը, եւ նա սկսում է զբաղվել հյուրանոցային բիզնեսով. կառուցում է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էյ Ջի Գրանտ» եւ այլ խոշոր հյուրանոցներ: 1986-ից զբաղվում է կինոգործունեությամբ եւ հաջորդ տարի դառնում «Մետրո Գոլդվին Մայեր» կինոընկերության տնօրենը, որին հետագայում ավելացնում է «United Artists», «Kolumbia Pictures», «Քսաներորդ դար ֆոքս» կինոընկերությունները: Սակայն 80-ականներին կինոարտադրության ոլորտի պասիվությունն ու ստեղծագործական սակավությունը բացասաբար են ազդում կինոբիզնեսի վրա՝ ընդհանրապես: Վնասներ կրելով՝ Քըրքորյանն շտապում է ազատվել «Kolumbia Pictures»-ից եւ ավելի ապահով համարում փողերի ներդնումը խաղատնային բիզնեսում:
1987 թ. «Fortune» հանդեսը հրապարակում է ԱՄՆ-ի առաջին 400 միլիոնատերերի ցուցակը: Հայազգի գործարարն այդտեղ գրավում է 51-րդ տեղը: Մեկ տարի անց վաճառում է «United Artists»-ն ավստրալիական հեռուստաընկերությանը մեկ միլիարդ դոլարով եւ ամերիկյան միլիոնատերերի ցուցակում բարձրանում 37-րդ տեղը:
Անցյալ դարի 90-ականներին գործարարն սկսում է գնել «Chyrisler Corporation»-ի բաժնեթղթերը: Ավելի ուշ միանում է ավտոմոբիլային մեկ այլ հսկայի՝ գերմանական «Դայմլեռ-Բենց»-ին, արդյունքում վաստակում է 660 միլիոն դոլար՝ մեկ օրում: Նա այդ ընկերության խոշորագույն բաժնետերն էր, որի արժողությունը հետագայում գնահատվելու էր մինչեւ 32 միլիարդ եվրո: Բացի այդ, Քըրքորյանը մեկ այլ ավտոարտադրող հսկայի՝ «Ջեներալ Մոթորսի» խոշորագույն բաժնետերերից մեկն էր:
Ժամանակներ անց մեծանուն հային էին պատկանում հյուրանոցներ, խաղատներ, բարձրակարգ օդուղիներ, «Թիմ փարքը» Լաս Վեգասում, որոնք արժեին մեկ միլիարդ դոլար: 2008 թվականին Քըրք Քըրքորյանը դառնում է ամերիկյան «Ֆորդ» խոշորագույն ավտոկոնցեռնի երրորդ խոշոր սեփականատերը՝ գնելով այդ վիթխարի կազմակերպության բաժնեթղթերի 5.6 տոկոսը, որի համար վճարում է 861 միլիոն դոլար: Իբրեւ հետեւանք՝ նրա ընկերությունը դառնում է «Ֆորդի» երրորդ պորտֆելային ներդրողը:
… 98 տարի էր ապրելու դարի ֆինանսական հսկան: Ապրելու էր՝ երբեւէ չմոռանալով մայրենին ու մայր հայրենիքը. «Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրենի լեզվով եւ միայն փողոցում հայտնվելով էինք անգլերեն սովորում…»: Իր հայկական ծագումը նրան պարտավորեցնելու էր սատարել Հայաստանին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 22 տարվա ընթացքում նա ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործություն է արել մեր երկրում՝ 1989-ին ստեղծած իր «Լինսի» հիմնադրամի միջոցով: Մասնավորապես՝ կենտրոնացել է 1988-ի աղետալի երկրաշարժից ավերված հյուսիսային շրջանների վերականգնման գործի վրա: Հիմնադրամը, որ կոչվում է իր երկու դուստրերի՝ Լինդայի եւ Թրեյսիի անուններով, 2001 թվականից 150 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, թունելների վերանորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար: Նրա բարեգործական շռայլ գործունեության շնորհիվ վերականգնվեցին եւ արդիականացվեցին բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ:
Հայկական արմատները պարտավորեցնում էին հայրենապաշտ հայորդուն նաեւ առաջ մղելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ահա թե ինչու նա պատկառելի գումար տրամադրեց եղեռնի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու գործին: Կինոնկարը, որ կոչվում էր «Խոստում», ցավոք, կյանք ստացավ նրա մահվանից հետո՝ 2016-ին եւ առաջին անգամ ցուցադրվեց ԱՄՆ-ում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Քըրքորյանն անգամ հետաքրքրվել է, թե որքա՞ն գումարով կարելի է գնել հայկական հողերը թուրքերից…
Մեծ բարերարը հայրենիք է այցելել ընդամենը մեկ անգամ, 1998 թվականին, ճանաչվել Հայաստանի պատվավոր քաղաքացի, 2004-ին արժանացել է ՀՀ պետական բարձրագույն պարգեւին՝ Հայաստանի Ազգային հերոսի կոչման: Մեծարումը՝ մեծարում, սակայն դառնացած էր հեռանալու հայրենիքից…