«Սխալ են ասում, երբ ասում են՝ հողը արյունով են պահում. հողը սիրելով են պահում: Երբ երիտասարդ տղաներ են գալիս եւ ասում, որ եկել են Արցախի համար զոհվելու, նրանց չեմ ընդունում, մեզ պետք են Արցախի համար կռվողներ ու հաղթողներ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք, էլ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք կամ կարող ենք պատկերացնել: Ցանկացած ազգ, որ հող կհանձնի՝ դատապարտված է կործանման…»:
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ
Այդ նրա նմաններն են գալիս վերհաստատելու հայոց բազկի ուժն ու ոգու անպարտելիությունը: Գալիս են օրինակ դառնալու հայրենանվիրումի ու անձնազոհության: Նրա նմանները յուրօրինակ մարգարեներ են, որ առաջինն են կանխազգում գալիք փոթորիկների վտանգը եւ առաջինն իրենք մղվում դրանց ընդառաջ՝ քաջ գիտակցելով ապրել-մեռնելու համահավասար հավանականությունը:
Նա ֆիզիկոս էր, գիտնական, կարող էր պարփակվել իր գործունեության շրջանակներում, անսալ հարազատներին, չզինվորագրվել: Բայց ինչպե՞ս, երբ ներսում խլրտում էր նժդեհյան ցեղաշունչ ոգին, իսկ մողոք թշնամին վերստին հայ արյան էր ծարավի: 1988-ի ազգային զարթոնքը Լեոնիդն ընկալեց որպես հայրենիքին անմնացորդ նվիրվելու հրաշալի հնարավորություն եւ մխրճվեց փոթորկալի իրադարձությունների հորձանուտը: Մինչ ազատության հրապարակը շիկանում էր որոտընդոստ ճառերից, հյուսիսից արդարություն պահանջող ջղաձիգ գոչերից, տեւական հանրահավաքներից, նա սեւեռվելու էր այն մտքին, որ միայն զենքով է հնարավոր իրականացնել հայրենիքն ազատագրելու գաղափարը: Եվ ջոկատ էր ստեղծելու, կազմակերպելու Մեղրիի շրջանի Նյուվադի գյուղի ազատագրման առաջին գրոհը, ծրագրելու եւ իրականացնելու էր՝ մայիսի 27-ի, կայարանի եւ Սովետաշենի արյունալի դեպքերից հետո, խորհրդային զորքերի՝ մայրաքաղաք ներթափանցելու խոչընդոտումը, 1990-ի վերջից մասնակցելու Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:
«Ազատագրական բանակի» հիմնադիր-գլխավոր հրամանատարը համոզված էր, որ պետք է առաջնորդվել առավելապես որակը կարեւորելով, քան թվաքանակը, որը երբեմն կարող է եւ վտանգավոր լինել: Մանրակրկիտ եւ բծախնդրորեն էր ընտրում իր զինվորներին: Խորագետ ռազմական գործիչը շատ թանկ էր գնահատում զինվորին. «Չի կարելի հենց այնպես զոհաբերել զինվորին, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»:
«Լեոնիդը մարդ էակի, հողից ծնվածի ոգեղեն դառնալու ապացույցն է Հայաստանում,- ասել է Ազգալդյան հրամանատարի՝ արդեն լուսահոգի զինվոր Սարգիս Հացպանյանը,- «Լեոնիդ» նշանակում է հաղթանակ, որը ես սովորեցի իրենից: Պարզապես հաղթանակ: Նրա կանգնած տեղում հաղթանակն ինքնըստինքյան էր գալիս: Լեոնիդը շուրջ ութից տասը ժամ տեւող շատ լուրջ ռազմական ուսուցման կենտրոններ հիմնեց Հայաստանի տարբեր շրջաններում: Վարդենիսի շրջանում, որտեղ ես ծանոթացա նրա հետ, կենդանի վկայությամբ զարմացած էի, շշմած, որ մեր երկրում՝ Հայաստանում, այդպիսի էլիտար խումբ է ստեղծվել: Դա միայն ուժեղ ոգու տեր մարդու գործ կարող էր լինել: Եվ այդ մարդը Լեոնիդ Ազգալդյանն էր: Նա մարտի դաշտում եւս կարդում ու սովորում էր ռազմական գործը: Ուսապարկի մեջ դրած գրքերը, հաճախ ուսերին առած, իր հետ տանում էր այս մարտից այն մարտ, այս գյուղից այն գյուղ կամ որեւէ մի ճամբար, որտեղ ինքը ներկա էր գտնվում մարզումներին ու շարունակ ուսումնասիրում ուրիշների փորձերը, յուրացնում եւ կիրառում մարտի դաշտում…»: Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարությամբ գործող բանակը արցախյան իր զինակից ընկերների, հատկապես «Արցախի ճակատի» հրամանատար Վլադիմիր Բալայանի հետ բազմաթիվ գյուղեր է ազատագրել՝ Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Մարաղա, Կիչան, Ծամձոր, Տող: Շուրջ 27 գյուղ մաքրագործվել են ազերի կանոնավոր բանակի զինյալ ելուզակներից:
«Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող՝ ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. սա Հայաստան է, եւ վերջ.-այսպիսին էր խնկելի հրամանատարի համոզմունք-պատվիրանը, ու նաեւ այն, թե՝ այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ: Թուրքը կկորցնի՝ ուրեմն թուրքը: Հայը՝ ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծվում: Դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ… Այս տարածքները, որ մենք ազատագրում ենք, է՛լ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մենք պատկերացնում ենք կամ կարող ենք պատկերացնել: Ցանկացած ազգ, որ հող կհանձնի՝ դատապարտված է կործանման»:
Չորս տարի ոսոխի դեմ մարտնչած բանակը, շնորհիվ երկաթյա կամքով ու խորագետ իր հրամանատարի, ի փառս հայրենիքի՝ տալիս է ընդամենը վեց զոհ, թեեւ դա էլ մեծ կորուստ էր իր համար: Բայց առաջին անգամ նրա աչքերում արցունքի կաթիլներ էին երեւալու մարտական մտերիմ ընկերոջ՝ Վլադիմիր Բալայան քաջազունի հուղարկավորության ժամանակ.
«Ուրեմն պետք է երկիրը պահենք, որ նա չլինի նահատակ: Նա զոհ է, ոչ նահատակ: Ուրեմն, որ եթե ուզում եք նրա հոգին նորից վերածնվի, պետք է այս երկիրը պահենք: Ու այն խստությունը, որ ինքն իր հանդեպ էր անում, մենք պետք է ամեն մեկս մեր հանդեպ այդ խստությամբ վերաբերվենք: Այս մարդը ոչինչ չի ափսոսացել: Ոչինչ: Ոչ ընտանիք, ոչ առողջություն, ոչ միտք, ոչ էներգիա, ոչ ժամանակ, ոչ մի բան չի ափսոսացել: Ձեզ համար, այս հողի համար…»:
Ընկերոջ թաղումից հետո առանձնանալու էր, չէր խոսելու ոչ մեկի հետ: Հետո ձեռքը թափ էր տալու օդի մեջ եւ ասելու՝ պիտի գնա ու հանդիպի Վլադիմիրին այնտեղ՝ երկնքում…Իսկ հավիտենական այդ մեկնումին մնում էր ընդամենը տասներկու օր… Մինչդեռ հավատում էր ու երազում կռվել ու ընկնել «Իստամբուլի պարիսպների տակ»…