Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Սյունիքի Խնածախ գյուղին մերձ աղբյուրներից է սկիզբ առնում համանուն գետակը, որ դարեր հոսել է դեպի Աղավնո գետ՝ իր ճանապարհին կերտելով հրաշք մի ձորակ։ Գետակի աջակողմյան ափից թեքլանջ բլուրներ են, նրանցից մեկը, ըստ խնածախցիների, կոչվում է Մոլարղուզե։ Սրա վերեւում վաղ միջնադարում, հավանաբար, ավելի հնում մի հզոր ամրոց է կանգուն եղել: Պահպանվել են ամրոցն օղակող պարսպի հիմքերը, տեղ-տեղ նաեւ պատերը՝ մոտ 1 մ եւ ավելի բարձրությամբ։ Պարսպի բոլոր կողմերում դամբարաններ են՝ մոտ 5-6 քմ մակերեսով խուց-սենյակներով։ Ժամանակին նաեւ մեր պապերը դարավանդների են վերածել մոտակա թեք լանջերը՝ դարձնելով մշակովի հողատարածքներ։
Մինչ պատերազմը, երբ արդեն վերահայացել էր տարածքը, նույն դարավանդներում առատ էր խոտը, որը հնձվում էր որպես անասնակեր։ Ամրոց բարձրացող պատմական ճանապարհն սկիզբ է առել Խնածախի արեւելյան կողմից՝ գետի ափից սկսած։ Թեք լանջով մոտ 2 կմ ձգվող ճանապարհի եզրերին պատեր են շարել. տեղ-տեղ պահպանվել են պատաշարերը։ Պակաս հետաքրքիր չէ նաեւ ձորակը, որի ափամերձ ժայռերում կան քարայրներ, որոնք ժամանակին ծառայել են որպես կացարան, հավանաբար, նաեւ՝ ճգնարան։ Այս հատվածում ձորակը բավականին լայն տարածք ունի, իսկ գետի ափերին պատերի հիմքեր կան, աղբյուր։ Սա վկայում է, որ շատ հնում այստեղ բնակավայր է եղել։ Ձորակի աջափնյա ժայռերի վրայով, քարանձավների առջեւով ինչ-որ ժամանակ ջրատար է անցել։ Այդ են վկայում տեղ-տեղ պահպանված հենապատերը։ Գյուղից 3-4 կմ դեպի արեւելք ձորակը լայնանում է. ջուրը հազարամյակների ընթացքում քանդել է ձորակի հողե պատերն այնքան, մինչեւ դեմ է առել ժայռերին։ Քանդված հողաթմբերը տեղ-տեղ բնական կամուրջներ են դարձել գետակի վրա, ինչպես Տաթեւին մոտակա Սատանայի կամուրջը։ Քիչ ներքեւում նեղանում է ձորակը, եւ գետը դուրս է գալիս երկու կողմից քարայրներով հարուստ ժայռեղեն ավազանի մուտքից։ Այս մասում՝ գետի աջ ափին, պարիսպ է շարված՝ կրաշաղախով ու անմշակ քարով։ Ձախ ափին հենապատի մնացորդն է պահպանվել։ Առաջին հայացքից թվում է՝ պարիսպը կառուցվել է որպես ամրություն կամ որպես կամուրջ։ Սակայն պատի վերին մասում զգացվում է առվի հետքը։ Պարիսպների տակով եթե անցնենք եւ բարձրանանք գետն ի վեր, կհայտնվենք մի կախարդական աշխարհում. 2 կողմում բավական բարձր, ուղղաձիգ ժայռեր են, որոնցում դարձյալ քարանձավներ կան՝ որոշների դիմացը պատաշարեր։ Պարզ է՝ եղել են ապաստարան, բնակարան, միգուցե՝ ճգնարան։ Իսկ դրանցում մուտք գործելը եղել է պարան-ելարանով։
Ընդհանրապես՝ Խնածախ գյուղի տարածքում կան նման ձորակներ, եւ դրանց ափ-ժայռերում բազում են քարանձավները, որ եղել են բնակելի։ Գյուղի մոտակա մյուս ձորը, որ մեր նշածից հարավ է ընկած, հարուստ է նման քարանձավներով։ Այստեղ կա նաեւ քարանձավ-եկեղեցի, իսկ շատ քարայրեր, որ ժայռերի միջնամասում են՝ գետի հունից բարձր, ժամանակին եղել են բնակելի։ Որոշներում մինչ օրս պահպանվել են հատուկ գերանները, որոնցից կապում էին ելարան-պարանները։ Տարիներ առաջ Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցի հետ այս ձորում եղանք խնածախցի, այժմ երջանկահիշատակ Ռեդիկ Հայրապետյանի ուղեկցությամբ, ով այդ ժամանակ աշխատում էր Քաշաթաղի շրջանի Ղազարապատի դպրոցում՝ տնօրեն։ Իր ծննդավայրին լավ ծանոթ ու նվիրված մտավորականը հպարտությամբ էր պատմում այստեղ տեղի ունեցած նաեւ հերոսական իրադարձությունների մասին։ Խնածախ գետակի հովտի նշված պարիսպների մասին իմացանք Քաշաթաղի շրջանի Մելիքաշեն գյուղի մի երիտասարդի միջոցով։ Եվ հնագետ Գագիկ Սարգսյանի ու պատմաբան-ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ եղանք այստեղ, ուսումնասիրեցինք տարածքը։ Հնագետը եզրակացրեց, որ պարիսպը կառուցվել է որպես ջրատար՝ ադվեդուկ։ Ձորակի 2 ափերն իրար են կապվել կամրջով, որի վրայով անցել է ջրատարը։ Առաջինն սկիզբ է առել գետակի վերին հատվածից, շարունակել ճանապարհը գետափնյա ժայռերի վրայով, անցել նշված պարսպի տակով եւ հոսել մինչեւ մոտակա գյուղը՝ պատմական Արահուծ։ Հնարավոր է՝ ձորակում նաեւ ջրաղաց է գործել։ Երկրորդը, որն անցել է պարսպի վրայով, ոռոգել է գետի ձախափնյա տարածքները։ Պարսպապատ մասից մոտ կես կիլոմետր ներքեւում ձորակը նեղանում է։ Այստեղ եւս պահպանվել են հնադարյան կամրջի հենասյուներ, ինչպես նաեւ՝ ջրատարի պատերի հատվածներ։
Հիշատակված ամրոց բարձրացող երկրորդ ճանապարհն անցել է այս կամրջով։ Քանի որ այս հատվածում լանջերը շատ թեք են, ուստի ճանապարհն ավելի շատ ծառայել է հետիոտներին, իսկ հիմնականով արդեն անցել են կառքերը, սայլերը, այրուձին։ Գետակի ջուրն այս մասում մտնելով ժայռակերտ նեղ կիրճը՝ 10-15 մ բարձրության հրաշք-ջրվեժ է ստեղծել։ Սկզբում ջուրը ներքեւ է ցատկել ձախ մասով, հետագայում մի փոքր փոխել է հունը եւ խորացել ժայռի մեջ։ Հղկելով ու մաշելով քարաժայռը՝ ջուրը մի քանի մետր ներս է ընկել ու շառաչով ցած է հոսում։ Գետի հորդառատ օրերին տեսարանն ավելի գեղեցիկ ու հմայիչ է։ Նշված տարածքը, վաղ ժամանակներից սկսած, եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառի կազմում։ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքում, նշելով Սյունիք նահանգի գավառները, տեղեկացնում է. «…Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ…»։ Սկզբնական շրջանում Քաշաթաղի վարչական կենտրոնը եղել է Քաշաթաղ բնակավայրը, որտեղ իշխել է Հայկազյան իշխանական տոհմը։ Հայկազյանները Քաշաթաղ են տեղափոխվել 15-րդ դարի վերջին քառորդում եւ հետագայում դարձել Սյունիքի ամենահզոր ու ամենահայտնի մելիքական տունը։ Սկզբում եկել է մելիք Հայկազնի պապը` պարոն (իշխան) Հայկազնը, ում կոչել են նաեւ Աղաջան։ Խնածախը, որ Աղահեճք եւ Հաբանդ գավառների սահմանագլխին է, Քաշաթաղի մելիքանիստ է դառնում մելիք Հախնազարի օրոք (1515-1551)` 16-րդ դարի առաջին կեսին։ Ստ. Օրբելյանը Խնածախ-Խանածախը նշում է Հաբանդ գավառի բնակավայրերի ցանկում։ Այնուհետեւ մելիքության ղեկն անցնում է նշանավոր Հայկազ Բ-ին (1551-1621)։ Նրա օրոք մելիքությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Մելիքի կառավարումը համընկել է թուրք-պարսկական ավերիչ պատերազմների շրջանին։ Մելիք Հայկազը պայքարել է օսմանցիների կողմից տարածաշրջանն իսլամ՝ մասնավորապես քրդական, ցեղերով բնակեցնելու քաղաքականության դեմ՝ ապավինելով պարսիկների աջակցությանը։ Պարսից շահ Աբասը մելիք Հայկազին անվանել է «Գոջա ասլան», այսինքն՝ «Ծեր առյուծ» եւ արժանացրել «Սադրինշին» տիտղոսի, որ նշանակում է թագավորի մոտ առաջին տեղում նստող։
17-րդ դարի սկզբին թուրքերին Այսրկովկասից վտարելուց եւ Սյունիքը կրկին Պարսկաստանին անցնելուց հետո մելիք Հայկազը վերադառնում է Խանածախ ու ձեռնամուխ լինում հայրենի երկրամասի շենացմանը։ Մելիք Հայկազ Բ-ի օրոք է կառուցվել Խնածախ գյուղի ջրատարը։ Ջուրը բերվել է բավական հեռվից. գյուղի ողջ երկարությամբ այն հատուկ ջրահավաք թունելով հասցվել է մինչեւ գյուղի հարավային ծայրը։ Հավանաբար, նույն ժամանակ եւ նույն ձեւով կառուցվել են նաեւ Աղավնոյի ձախափնյա պատմական Արահուծ բնակավայրի խմելու եւ ոռոգման ջրատարները։ Եվ պահպանված պարիսպն ու պատերը 16-17-րդ դարերի են։ Հնարավոր է՝ ժամանակին այս մասում են եղել մելիքական այգիները։ Տեղը համեմատաբար հարթ է եւ հարուստ բերրի հողերով։ Աղավնոյի ձախ ափին հնադարյան գյուղատեղի կա։ Եվ զգացվում է՝ շատ հնում չէ, որ ավերվել է այս բնակավայրը։ Պահպանվել են տասնյակ տների հիմքեր, պատեր։ Շինություններից մեկի ավերակը եկեղեցու հատակագիծ է հիշեցնում։ Ավերակ բնակավայրի մոտ՝ Աղավնո-Ծիծեռնավանք-Հակ-Սպիտակաջուր ձգվող ճանապարհի եզրին բավականին մեծ մի քարաբեկոր կա, որ մի ժամանակ պոկվել է բարձրաբերձ, արծվաբույն ժայռերից ու գլորվել ցած։ Այս քարաժայռի մոտ 2 ծառ էին աճել՝ իրար փաթաթված։ «Սիրահար ծառեր» անվանումն էինք տվել, իսկ այստեղով անցնողները հաճախ էին կանգ առնում, լուսանկարում բնական հրաշքը։ Միգուցե պատմական Արահուծն է այս բնակատեղին։
Մալիբեյ գյուղն առաջացել է 19-րդ դարակեսում, երբ տարածքն անցավ քրդերի ձեռքը։ Ստ. Օրբելյանը, նշելով Աղահեճ գավառի բնակավայրերը, տեղեկացնում է, որ Արահուծը վճարել է ընդամենը 6 հարկաչափ, այսինքն՝ նվազագույնը։ Սա վկայում է, որ Արահուծը եղել է փոքր բնակավայր։ Արահուծից մոտ 1 կմ հյուսիսում է Քաշաթաղի առաջին մելիքանիստը՝ Քաշաթաղը, որտեղ պահպանվել է մելիքների ապարանքը՝ պարսպապատ, աշտարակով։ Այստեղ հաստատված քրդերը գյուղը կոչում էին Սուլթանլար կամ Սուլթանքյանդ։ Այստեղից 1 կմ հյուսիսում է արդեն 4-րդ դարի Ծիծեռնավանքը, որն իր օրոք նորոգել է մելիք Հայկազն 2-րդը եւ պարսպապատել։ 18-րդ դարակեսից սկսած՝ Հակարի գետի վերին վտակներ Աղավնոյի, Հոչանցի եւ Շալուայի հովիտները հայաթափ եղան ու բնակեցվեցին մահմեդական ցեղերով, անվանափոխվեցին հայկական բնակավայրերը։ Աղավնոյի, Շալուայի հովիտների որոշ գյուղերում՝ Հակ-Մինքենդ, Ծիծեռնավանք-Զեյվա, Ալիղուլի (այժմ՝ Ղազարապատ) եւ այլն, մինչեւ 20-րդ դարասկիզբ հայկական մի քանի տասնյակ ընտանիքներ բնակվում էին քրդաթրքերի հարեւանությամբ։ Սակայն 1905 եւ 1918 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ այդ գյուղերն էլ ամբողջությամբ հայաթափ եղան։ Տարածքները վերջնական ազատագրվեցին 1993 թ. գարնանը եւ վերստին հայացան։ Մինչ Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմը, երբ վերահայացել էր հայոց երկրամասը, հնարավոր եղավ լավ ուսումնասիրել մեր պապերի երկիրը եւ հնարավորինս տալ բազում առեղծվածների պատասխանները։
Վերջին տարիներին արդեն զբոսաշրջիկներ էին այցելում Քաշաթաղի շրջան։ Կար նպատակ՝ Աղավնոյի հովտում զարգացնելու զբոսաշրջությունը. այդ առթիվ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին ու «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանին ուղեկցեցի այս հատված՝ հետագա ծրագրեր մշակելու նպատակով։ 2019-ին գերմանացիների մինչեւ 30 հոգանոց խումբ եկավ Ծիծեռնավանք՝ զբոսավար Սահակ Խանգելդյանի ուղեկցությամբ։ Նույն Խնածախի ձորակով նրանց ուղեկցեցի մինչեւ Խնածախ գյուղ; Հիացել էին մեր հյուրերը հայոց բնության ու հանճարեղ կառուցապատումով։ Հատկապես հետաքրքրվեցին ջրատար-ադվեդուկով։ 2020 թ. դեկտեմբերի 1-ից մեր հայրենիքի այս հատվածը՝ Ծիծեռնավանք ու Մկանատամի Խաչ, Վարազգոմի վանք, Սթունիսի եկեղեցիներ, Միրիկի հնավայր ու Սուրբ Աստվածածին եկեղեցի…, առանց կռվի, առանց բողոքի, հանգիստ հանձնեցինք թշնամուն՝ վտանգելով Սյունիքի սահմանները, թուրքին հասցնելով Մեծ Իշխանասարի գլուխ։