Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Իմաստունը նա է, ով կառուցում է գյուղն ափին եւ մտածում, որ մի օր ջրհեղեղ է լինելու…»

Նրա նմանների անունները հայտնի են դառնում մահից հետո միայն

Հուլիսի 20, 2022
Սոցիում
«Իմաստունը նա է, ով կառուցում է գյուղն ափին եւ մտածում, որ մի օր ջրհեղեղ է լինելու…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
190
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նա ծնվել էր 20-րդ դարի հետ, իրականացրել առաջին սոցիալիստական երկրի էլեկտրաֆիկացումը, անցել համաշխարհային եւ սառը պատերազմների միջով, մասնակցել տիեզերքի նվաճմանը եւ համակարգչի ստեղծմանը: Ինչպես բնութագրում են գիտնական-հսկային, նա ոչ միայն դարի ծնունդ էր, այլեւ ինքն էր այդ դարի կերտողներից մեկը: Երեսունական թվականներից սկսած՝ խորհրդային կառավարությունը նրա գիտական գործունեությունը գաղտնի էր պահում: Հայրենական պատերազմի տարիներին նա ղեկավարում էր ռազմական նշանակության գործարան՝ ստեղծելով զենք ու զինամթերք: Հայազգի գիտնականը պատերազմից հետո էլ շարունակում էր քողարկված մնալ: Նա միության ռազմական եւ տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկն էր, որոնց անունները հայտնի են դառնում մահից հետո միայն… Առաջին տիեզերանավերն ամբողջությամբ հագեցած էին Իոսիֆյանի ստեղծած եզակի էլեկտրասարքավորումներով: Մասնագետները նրա անունը դասում էին Կուրչատովի, Կորովլյովի, Կելվիշի կողքին: Ով էր նա՝ Անդրանիկ Իոսիֆյան հայորդին, եւ ինչի համար էր խորհրդային կառավարությունը նրան բազմիցս պարգեւատրել պետական եւ Լենինյան մրցանակներով, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումով, 4 անգամ՝ Լենինի, 2 անգամ՝ Աշխատանքային կարմիր դրոշի եւ բազմաթիվ այլ շքանշաններով:

Լեռնային Ղարաբաղ՝ մաքառումների, քաջազունների հերոսական լեռնակղզի: Հայրենի այս երկրամասի Ծմակահող գյուղում է ծնվել Անդրանիկ Իոսիֆյանը: Պապը հոգեւորական էր, հայրը՝ նույնպես, որ դպրոցում կրոնի պատմություն եւ հայոց լեզու էր դասավանդում: Որդին, սակայն, չէր գնալու պապի եւ հոր ոտնահետքերով: Ճակատագիրը նրան այլ առաքելության էր ուղղորդելու:

Հինգ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվում են Թեմիրխանշուր, որտեղ հայրը քահանա էր նշանակվել հայկական եկեղեցում: 1918 թ. հեղափոխական խառնաշփոթում սկսվում են հայերի ջարդերը: Ընտանիքն ստիպված տեղափոխվում է Թուրքմենստան, ապա վերադառնում ծննդավայր՝ Ծմակահող: Շուտով Ղարաբաղում հաստատվում են խորհրդային կարգեր, եւ քանի որ 15-ը բոլորած Անդրանիկը ռուսերենին տիրապետող միակ մարդն էր գյուղում, նրան են տալիս կոմերիտական տոմս, երեք հրացան, հանձնարարում ջոկատ հավաքել ու պաշտպանել շենը հրոսակներից: 1922-ին տասնյոթամյա Իոսիֆյանը կամավոր զինվորագրվում է կարմիր բանակին, որպես հեռախոսավար ծառայում կապի գումարտակում, աշխատում խորհրդային առաջին էլեկտրական երկաթուղու վրա որպես էլեկտրամոնտաժող: Քսան տարեկանում ավարտում է Լուսժողկոմի հանրակրթական կուրսերը եւ ընդունվում Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ էլ ի հայտ էին գալու նրա հնարամտություններն ու բնատուր տաղանդը: Եվ ահա առաջին քայլը. դեռեւս ուսանողական տարիներին նկարագրում է էլեկտրական թնդանոթի իր գյուտը եւ ուղարկում Մոսկվա: Բանակի սպառազինման տեխնիկական շտաբում հետաքրքրվում են երիտասարդ գյուտարարի առաջարկով եւ նրան անմիջապես հրավիրում մայրաքաղաք: Բանակի շտաբն Իոսիֆյանին ուղեգրում է համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտ իր առաջարկն իրականացնելու համար՝ որպես դիպլոմային աշխատանք: Ինստիտուտում անցկացրած տարիներին նա իրեն դրսեւորում է որպես փայլուն ինժեներ, գյուտարար եւ շուտով գլխավորում լաբորատորիա, այնուհետեւ՝ կոնստրուկտորական բյուրո:

30-ականներին խորհրդային երկրում ուղղաթիռ ստեղծելու փորձեր էին կատարվում. թռչող սարքը պետք է լիներ փոքր, թեթեւ, անաղմուկ: Իոսիֆյանն առաջիններից մեկն էր, որ ստեղծում է հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ՝«հելիկոպտեր»: Այն ուներ երկու մետր տրամագծի պտուտակ, աշխատում էր ոչ թե ավիացիոն բենզինով, այլ էլեկտրական մալուխով սնուցվող շարժիչով: Նախատեսված էր զանազան դիտարկումների, հետախուզման եւ հրետանու կրակն ուղղորդելու համար: 1941-ին ուղղաթիռը հաջողությամբ փորձարկվում է: Սկսված պատերազմը, սակայն, կասեցնում է աշխատանքներն այս ուղղությամբ: Իսկ մինչ այդ իր ուսանած ինստիտուտում գյուտարարն ստեղծել էր ռազմական էլեկտրոնիկայի լաբորատորիա, որը հովանավորում էր մարշալ Տուխաչեւսկին: Շուտով նշյալ լաբորատորիան ստեղծում է նավային հրանոթների նշանառության ջերմալոկացիոն համակարգ, որն ութ կիլոմետր շառավղով հայտնաբերում էր հակառակորդի նավը՝ որսալով դրա ծխնելույզների տաքությունը: Նրա այս գյուտն արժանանում է Ստալինյան մրցանակի: Բայց, ո՛վ զավեշտ, գյուտարարին զրկում են պարգեւներից եւ իր ստեղծած լաբորատորիայից. բանն այն է, որ նրա հորը, որ նախկինում հոգեւորական էր, 1936-ին Բաքվում ձերբակալում են եւ գնդակահարում: Դրանից հետո, ինչպես ընդունված էր, որդուն հեռացնում են կուսակցությունից եւ ուղարկում այլ լաբորատորիա՝ որպես շարքային աշխատող: Սակայն շարքային աշխատող համարվող Իոսիֆյանին նման ստոր վերաբերմունքը չէր խանգարելու իրագործելու հերթական փայլուն գյուտը՝ աշխարհում առաջինն ստեղծելու էլեկտրամեքենա՝ առանց կոնտակտների: Նա կատարելագործում է «Սելսինը», որն ապահովում է չափիչ սարքերի տվյալների սինխրոն փոխանցում: Այդ գյուտն իր նշանակությամբ հավասարազոր էր հեռախոսի կամ հեռագրի գյուտի: Իոսիֆյանի ոչ կոնտակտային «Սելսինի» արտոնագրերը անմիջապես գնում են Անգլիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իտալիան: Սա ինքնին արտառոց փաստ էր, որից հետո նրան վերականգնում են կուսակցության մեջ եւ թույլ տալիս ստեղծել իր լաբորատորիան:

1939 թվական, Նյու-Յորքում բացված «Ապագայի աշխարհ» խորագրով ցուցահանդես, որին Խորհրդային Միությունը ներկայացրել էր Մագնիտոգորսկի կոմբինատի մակետն իր հրավառարաններով, քաղաքի շենքերով: Այցելուները զարմացած դիտում են, թե ինչպես մոտ 60 մետրանոց երկաթուղով շոգեքարշների եւ վագոնների մոդելներն անընդհատ շարժվում են՝ առանց մարդկային որեւէ միջամտության: Ինժեներական այս մտահղացումն իրականացրել է Իոսիֆյանը: Նա առաջինն աշխարհում ստեղծել էր փոփոխական հոսանքի գծային շարժիչ. երկաթգծի երկայնքով վազող էլեկտրամագնիսական դաշտն իր հետեւից քաշում էր գնացքը շարժակազմի հետ…

1941-ին, երբ սկսվում է Հայրենական պատերազմը, Իոսիֆյանը նշանակվում է թիվ 627 գործարանի տնօրեն, որն արտադրելու էր ռազմական էլեկտրատեխնիկա: Երիտասարդ ինժեներ, ֆանտաստ գրող Ալեքսանդր Կազանցեւի հետ գյուտարարն ստեղծում է հեռակառավարվող փոքրիկ հրասայլեր, որոնք նախատեսված էին օգտագործելու որպես հակատանկային միջոց Մոսկվայի փողոցներում, եթե այն գրավեին ֆաշիստները: Հետագայում դրանք կիրառվեցին Կերչում, Լենինգրադի շրջափակումը ճեղքելիս: Այդ տարիներին նրա ղեկավարած գործարանն արտադրում էր հատուկ ռազմական տեխնիկա պարտիզանների համար: Պատերազմից հետո նրա ղեկավարած գործարանը դառնում է գիտահետազոտական ինստիտուտ՝ հետագայում ստանալով Էլեկտրոմեխանիկայի համամիութենական ինստիտուտ անվանումը: Անդրանիկ Իոսիֆյանի հիմնադրած գիտական այս օջախին հսկայական դերակատարում էր վիճակված գիտության ու էլեկտրատեխնիկական արդյունաբերության զարգացման գործում: 1949-ին նորաստեղծ ՏՈՒ-4 ռմբակոծիչներն արդեն մասնակցում էին Կարմիր հրապարակում զինվորական շքերթի, որոնց պատրաստման հիմնական աշխատանքները մեկ տարի առաջ ստանձնել էր հանճարեղ հայորդին: Նրա աշխատանքների արդյունքում երկրում հայտնվում են էմալապատ լարեր, ներծծվող լաքեր, այլ նյութեր, որոնք խիստ անհրաժեշտ էին ավիաշինությունում: Այս հիմքի վրա էլ ծնվում է ավիացիոն էլեկտրատեխնիկան: Այն հետո առանձնանալու էր՝ ստեղծելով սեփական հիանալի կոնստրուկտորական բյուրոներ: Հիմնադիրը նորից ինքն էր:

Ռազմավարական ինքնաթիռ ստեղծելու համար Տուբոլեւը պարգեւատրվում է Ստալինյան մրցանակով: Իոսիֆյանն այդ ժամանակ հասցրել էր հերթական անգամ բարկացնել իր բնութագրած` «Կրեմլի տերտերներին»: Եվ կրկին զրկվել էր պարգեւներից, որոնք իր համար, թերեւս, առ ոչինչ էին: Կարեւորն արված եւ անելիք գործերն էին: Եվ ազգապաշտ գիտնականը 1956-ին Երեւանում հիմնադրում է իր ղեկավարած համբավավոր ինստիտուտի մասնաճյուղը:

Անգերագնահատելի է նրա արածը մայր Հայաստանի եւ իր հարազատ Ղարաբաղի համար: Ամեն անգամ գալով հայրենիք՝ ծննդավայր գյուղ էր հասցնում մեկ կամ երկու բեռնատար մեքենա էլեկտրատեխնիկական սարքեր, խնդրում իր աշակերտներին այդ ամենը բեռնել ու հասցնել երկրամասի դպրոցներ ու այլ կրթօջախներ: Փաստ է, որ Հայաստանի էլեկտրատեխնիկական գիտության եւ արդյունաբերության գրեթե բոլոր ուղղությունները նախանշել եւ կյանքի է կոչել Անդրանիկ Իոսիֆյանը:

50-ականների սկզբին մոսկովյան ինստիտուտում Իոսիֆյանն իր շուրջն է համախմբում մի խումբ երիտասարդ գիտնականների, որոնք սկսում են ստեղծել թվային հաշվողական մեքենաներ: Շուտով ծնվում է խորհրդային առաջին փոքրածավալ հաշվողական մեքենան՝ Մ3-ը: Դա խորհրդային առաջին համակարգիչներից մեկն էր, որի առաջին նմուշները թողարկվում են 1956-ին՝ Իոսիֆյանի ինստիտուտում: Հենց Մ3-ն էլ Երեւանում մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի ստեղծման հիմքն էր լինելու՝ իր առաջին տնօրեն Սերգեյ Մերգելյանի ղեկավարությամբ:

Գալու էին հրթիռային տեխնիկայի եւ տիեզերական հետազոտությունների բուռն զարգացման ժամանակները: Կառավարության որոշմամբ հայազգի հանճարեղ գիտնականը նշանակվում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների եւ տիեզերական ապարատների էլեկտրասարքավորումների գլխավոր կոնստրուկտոր: Իոսիֆյանը Կորոլյովի, Միխայիլ Յանգելի հետ միասին ԽՍՀՄ-ի գլխավոր կոնստրուկտորների խորհրդի անդամ էր: Կորոլյովը շուտով ստեղծում է նորագույն զենք՝ բալիստիկ հրթիռ Ռ7: Այդ հրթիռը նախ տիեզերք էր բարձրացնելու առաջին արբանյակը, ապա՝ Յուրի Գագարինի «Վոստոկ» տիեզերանավը: Բոլոր այդ հրթիռներն ու արբանյակները հագեցած էին եզակի սարքավորումներով, որոնք նախագծում եւ ստեղծում էր Իոսիֆյանը՝ իր ինստիտուտում: Այս աշխատանքների համար նա պարգեւատրվում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի Ոսկե աստղով… Նրա ստեղծած «Մետեոր» համակարգի արբանյակները գերազանցելու էին մինչ այդ եղած խորհրդային եւ ամերիկյան արբանյակներին:

1974 թվական. դարի տաղանդավոր գիտնականն ստիպված էր թողնել էլեկտրամեխանիկայի ինստիտուտի տնօրենի պարտականությունները: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ նա փորձում է տարանջատել գիտնականի եւ ադմինիստրատորի գործառույթները, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի գիտությանը: Փորձը չի հաջողվում, բայց ինքը շարունակում է մնալ ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորը:

Ծմակահողի մեծ զավակը ապրեց 88 տարի. 1993-ի ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրվա հաջորդ գիշերը, նրա հոգին տեղափոխվեց տիեզերական թագավորություն՝ մարդկությանն ավանդելով լուսաճառագ իր մտքի արգասիք-մարգարիտները: Ավարտենք մահվանից հետո միայն մեզ հայտնի դարձած Մեծ հայի մտորումներից մեկով. «Իմաստությունն ապագայի համար անհանգստությունն է: Իմաստունը նա է, ով կառուցում է գյուղն ափին եւ մտածում, որ մի օր ջրհեղեղ է լինելու…»:

Չմոռանանք նաեւ այլազան «ջրհեղեղների» մասին:

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist