Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում արդեն տրվել է ուսումնական տարվա մեկնարկը, սակայն դասավանդման հետ կապված մի շարք խնդիրներ դեռ լուծում չեն գտել ու շարունակում են մտահոգիչ մնալ ոլորտի պատասխանատուների համար: Չնայած կառավարության կողմից բուհերում՝ նպատակային մասնագիտությունների գծով (մասնավորապես՝ բնագիտական առարկաների ուսուցիչների համար) անվճար տեղերի հատկացմանը եւ արտոնյալ պայմանների ստեղծմանը, դպրոցներում տարեցտարի նվազում է մասնագետների թիվը: Դատելով նոր ուսումնականի խնդրահարույց օրակարգային առաջնահերթությունների վերլուծություններից՝ կադրային պատկերն առավել դժգույն է հատկապես ներկա պահին, ինչի վերաբերյալ մտահոգիչ փաստերը խորհելու առիթ են տալիս:
Ըստ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանի՝ թափուր տեղերի մասնագետների համար հայտարարված մրցույթի արդյունքներով հնարավոր չեղավ լրացնել ազատ տեղերը, եւ «բացը լրացնելու նպատակով» նախարարությունը ստիպված կլինի կրկնակի մրցույթ կազմակերպել: «Նման իրավիճակ առաջին անգամ է արձանագրվում համակարգում,- ասում է Մ. Համբարձումյանը: – Պատկերացնո՞ւմ եք, միայն Մարտակերտի շրջանի հանրակրթական 30 դպրոցներում ուսուցչի ավելի քան 70 թափուր հաստիք ունենք: Երբ ամփոփվեցին մրցույթի արդյունքները, պարզվեց, որ 70 թափուր տեղերից ընդամենը 6-ն է համալրվել: Գրեթե նույն պատկերն է Մարտունու շրջանում, որտեղ 19 գործող դպրոցներում հայտարարված 21 մասնագիտությունների գծով «հնարավոր եղավ» 10 տեղ համալրել: Սա վկայում է այն մասին, որ մասնագետների պատրաստման լուրջ խնդիր ունենք, անհրաժեշտ է վերանայել ծրագրերը եւ հատկապես գյուղական բնակավայրերում դասավանդող ուսուցիչների համար արտոնյալ պայմաններ ստեղծել, այլապես նոր փորձությունների առաջ կկանգնենք»:
Անդրադառնալով, իր համոզմամբ, հանրակրթական ուսումնական հաստատություններում «անտեսված» մասնագիտությունների ցանկին՝ փոխնախարարն անթույլատրելի համարեց երկրի տնտեսության համար առաջնային համարվող բնագիտական այնպիսի առարկաների թերուսուցումը, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան: «Տարիներ առաջ, երբ դիմորդների ճնշող մասը նախընտրում էր այդ բաժինները, այսօր զարմանալիորեն շատ քչերն են փորձում բնագիտության մասնագետ դառնալ եւ առանձնապես մատյանը թեւի տակ դասարան մտնել: Իրոք, դա շատ ցավալի իրողություն է: Որպեսզի դպրոցներում այդ հաստիքները թափուր չմնան, եւ աշակերտներին որոշակի գիտելիքներ հաղորդվեն, ստիպված ենք լինում թոշակառու ուսուցիչներին խնդրել մաթեմատիկա, ֆիզիկա եւ քիմիա դասավանդել»,- պարզաբանում է նախարարի տեղակալը՝ չթաքցնելով իր անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ եթե «կադրային սովն» իրեն զգացնել տար միայն գյուղական սահմանամերձ բնակավայրերում, «հասկանալ կարելի է»: Բայց երբ շրջկենտրոնում, անգամ մայրաքաղաք Ստեփանակերտում է խնդիրը ոչ լիարժեք լուծում գտնում, «պատճառն ավելի հեռվում պիտի փնտրել»… Հաստիքների թափուր տեղեր կան ինչպես նախադպրոցական հաստատություններում, այնպես էլ հանրակրթական դպրոցներում: Թիվ 3 դպրոցում հայտարարված մրցույթից հետո դասվարի եւ դաստիարակի 6 տեղերից միայն 5-ն է համալրվել: Մի շարք կրթօջախներում էլ խնդրահարույց է մնում ֆիզկուլտուրայի եւ նախնական զինվորական պատրաստություն առարկայի մասնագետների բացակայության հարցը, ուստի համապատասխան կադրեր «հայթայթելու համար» կրկնակի մրցույթ է հայտարարվել: «Անհանգստացնող է եւ այն հանգամանքը, որ տարիներ առաջ եթե հիմնականում տղամարդիկ էին զբաղեցնում այդ հաստիքները, ներկայումս (մեծամասամբ) կանայք են դասավանդում»: