Ծնողը երեխայից շատ է ուրախանում երեխայի համար խաղալիք գնելիս։ Սոցիալական գործոնից ելնելով հաճախ ենք նախապատվությունը տալիս մատչելի խաղալիքներին՝ չգիտակցելով, որ դա կարող է լինել երեխայի առողջության հաշվին։ Հոգսաշատ մեր երկրում այս խնդրին անդրադառնալու ժամանակ չէի ունենա, եթե վերջերս տղայիս համար գնված տանկի գույնը ձեռքերին ու դեմքին չտեսնեի։ Երբ սկսեցի խաղալիքների անվտանգության ոլորտն ուսումնասիրել, պարզվեց՝ սա խնդիր է, որ առանձին դրսեւորումներով առկա է ոչ միայն մեր երկրում։ Տեւական ժամանակ համացանցի մասնագիտական հարթակներում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խաղալիքների անվտանգությանը մասնագետներն անդրադառնում են ոչ միայն որակական, այլեւ հոգեբանական տեսանկյունից։
Սկսենք որակական մասից։ Եվրոպայում վիճակը բարվոք է, բայց խնդիրներից զերծ չէ։ Այստեղ պարբերաբար շուկայում հետազոտություններ են արվում, խստացվում խաղալիք արտադրողներին ներկայացվող պահանջները եւ էլ առավել խիստ չափանիշներ պարտադրում խաղալիք ներմուծողներին: Ռուսաստանում եւ Հայաստանում իրավիճակը նույնն է. շուկայում լիքը խաղալիք կա, որի իսկական տեղն աղբարկղն է: Ռուսաստանում ամենատարբեր կանոնակարգումներ կան։ Հայաստանում խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգ կա մինչեւ 14 տարեկանների համար, խաղալիքների արտադրության եւ իրացման սանիտարական կանոններ կան։ Ստանդարտների ցանկ կա նաեւ, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) եւ չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ։ Բայց շուկան այն վիճակում է, ինչ շատ երկրներում. անորակ խաղալիքներից ազատվել չի հաջողվում։ Ռուսաստանյան մասնագիտացված հարթակներում սանիտարական բժիշկները խորհուրդ են տալիս ոչ միայն չհավատալ խանութների վաճառողներին, այլեւ նույնիսկ խաղալիքի պիտակի վրայի նախազգուշացումներին, եւ սեփական նախաձեռնությամբ ստուգել` խաղալիքը վտանգավո՞ր է, թե՞ անվտանգ: Օրինակ՝ գունավոր խաղալիքը կարելի է տանը լավ լվանալ` տաք ջրով եւ օճառով: Եվ եթե խաղալիքը խամրում է, ուրեմն այն վտանգավոր է երեխայի առողջությանը: Եթե պլաստմասե խաղալիքի գույնը թեկուզ աննշան հետք է թողնում ձեռքերին, ուրեմն այն շպրտել է պետք: Կամ` բողոքել ուր հարկն է: Նորածիններին եւ մինչեւ 1 տարեկաններին պետք չէ տալ բարձր ձայներ արձակող խաղալիքներ: Դրանք կարող են նույնիսկ խլացնել երեխային: ԱՄՆ-ում ոչ առեւտրային կազմակերպություններ կան, որոնք կենտրոնացել են խաղալիքների անվտանգության հարցերին։ Այստեղ Երեխաների անվտանգության ազգային ընկերությունը (National SAFE KIDS Campain) 2003 թ. մի հետազոտություն էր հրապարակել, ըստ որի՝ երեխաների՝ դժբախտ դեպքերի հետեւանքով մահացության շարքում առաջին տեղում ճանապարհատրանսպորտային պատահարներն են, իսկ երկրորդ տեղում` խեղդվելը: Խեղդամահության պատճառների գերակշիռ մասը… խաղալիքներն են, ավելի ճիշտ` այդ խաղալիքներից պոկված փոքրիկ դետալները: Ընկերությունը սա համարել է սարսափելի վիճակագրություն եւ սկսել ծնողներին նախազգուշական թերթիկներ բաժանել:
Հայկական շուկայում եւ «ճիշտ», եւ «սխալ» խաղալիքներ կան։ Ընդ որում, ծագման երկիրը կապ չունի: Չինական լավագույն խաղալիքներ կան` սերտիֆիկացված, բժշկական մասնագիտական քննություն անցած: Եվ կան անորակ չինական խաղալիքներ։ Կան մասնագիտացված խանութներ, որոնք խաղալիք վաճառելիս միշտ հարցնում են երեխայի տարիքը: Եթե երեխան մինչեւ 1.5 տարեկան է, խորհուրդ են տալիս գնել ոչ թե շորերով, գեղեցիկ, հագուստով եւ կոշիկով վառ տիկնիկ, այլ` հատուկ այդ տարիքի երեխաների համար նախատեսվածը՝ անգույն եւ ոչ հրապուրիչ, բայց հավաստագրին կից նախազգուշական թերթիկում գրված է, որ պատրաստված է անվնաս նյութերից, ամբողջական է, եւ կարելի է չանհանգստանալ, երբ երեխան դա իր բերանը տանի: Բայց այսպիսի տիկնիկները թանկ են՝ 5-20 հազար դրամի սահմաններում։ Զուգահեռ շուկան առաջարկում է նաեւ 500 դրամից սկսած տիկնիկներ՝ վառ գունավորումով։ Նախապատվությունը, բնականաբար, տալիս ենք վերջին տարբերակին՝ դարձյալ սոցիալական գործոնից ելնելով։
Մասնագիտական հարթակների ուսումնասիրությունը մի բան հաստատեց. չնայած ամենատարբեր երկրներում ամենատարբեր կանոնակագերի՝ ընդ որում՝ խստացված, շուկան անորակ ու վտանգավոր խաղալքներից զերծ չի մնում։ Օրինակ՝ մեր` խաղալիքների անվտանգության տեխիկական կանոնակարգը սահմանում է պարտադիր պահանջներ ֆիզիկական եւ մեխանիկական հատկություններին, դյուրավառությանը, քիմիական եւ այլ հատկություններին վերաբերող: Ֆիզիկական եւ մեխանիկական հատկությունների մասով այս պահանջներն են պարտադրվում: Խաղալիքները եւ դրանց մասերը, իսկ ֆիքսված խաղալիքների դեպքում` դրանց հենարանները պետք է ունենան անհրաժեշտ ամրություն եւ նպատակահարմարության դեպքում նաեւ կայունություն, որպեսզի առանց կոտրվելու կամ ձեւախեղման ենթարկվելու դիմանան ծանրաբեռնվածությանը, որին դրանք ենթարկվում են օգտագործման ընթացքում՝ առաջացնելով ֆիզիկական վնաս պատճառելու ռիսկ: Խաղալիքների հասանելի եզրերը, ելուստները, քուղերը, մալուխները եւ ամրակցիչները պետք է նախագծված լինեն այնպես, որ դրանց հետ շփումից ֆիզիկական վնասվածքների առաջացման ռիսկը հնարավորինս նվազեցվի: Թե ինքանով են պահպանվում պահանջները, ծնողները գիտեն ստույգ պատասխանը։ Պահանջներ կան նաեւ հոտավետ ու ալերգեն նյութերի, խաղալիքների էլեկտրական հատկությունների, ֆունկցիոնալության հետ կապված։
Գանք հոգեբանական մասին։ Դարձյալ մասնագիտական հարթակներում հոգեբանները խորհուրդ են տալիս հետեւել երեխայի խաղին, այդպիսով հասկանալով, թե ինչ ներաշխարհ ունի նա: Բայց կա եւ մյուս կողմը, որի մասին խոսում են արդեն մանկական խաղալիքների հարցերով փորձագետները. ինչ խաղալիք տալիս ես երեխային, դրանով էլ ձեւավորում ես նրա ներաշխարհը: Այսօր երեխաները տիկնիկի, արջուկի ու գնդակի փոխարեն ընտրում են դինոզավրերի, սարդերի, հրեշների… Բայց չէ որ այդ սարդերն ու հրեշները երեխանե՛րը չեն արտադրել։ Բիզնես հատվածն արտադրում է՝ բառացիորեն պարտադրելով երեխաներին։ Ստեղծվում է մուլտֆիլմ, որը նախապես սիրելի է դարձնում հրեշներին, անբնական արարածներին։ Հաջորդող քայլերն ապահովված են՝ իրացման երաշխիքով։ Որովհետեւ բակից հեռացած երեխան, որ ամբողջ օրը կառչած է հեռուստացույցին, պլանշետին, համակարգչին եւ ապրում է վիրտուալ իրականությունում, կարիք ունի հենց ա՛յդ իրականության հերոսներին: Եվ «հրա՜շք», դրանք շուկայում հայտնվում են։ Եվ այս ամենի հետեւանքն այն է լինում, որ առողջ ծնված երեխան սկսում է առողջական խնդիրներ ունենալ: Թե՛ եվրոպական եւ թե՛ ռուսաստանյան փորձագետները նշում են, որ այս ամենում մեղքի ոչ փոքր բաժին ունեն ծնողները, ովքեր երեխային նստեցնում են էկրանների առաջ ու զբաղվում այլ գործերով: Էկրանը փոխարինում է ծնողին, երեխան հարցախեղդ չի անում ծնողին, ծնողն էլ գլուխն ազատում է տարատեսակ պատասխաններից: Խնդիրների շղթա է, որի բոլոր օղակներում ամենաշատը տուժում են հենց փոքրիկները:
Մասնագիտական հատուկ կայքէջեր կան, որոնք ծնողներին խորհուրդ են տալիս` ինչպես ոչ մասնագետ լինելով հասկանալ խաղալիքի` երեխայի վրա ազդեցության հետեւանքը: Օրինակ` միանգամից խորհուրդ են տալիս դեն շպրտել այն խաղալիքը, որին նայելիս փոքրիկը լաց կլինի` անկախ տարիքից: Բաց են երեխայի ազդակները, ուստի հավատալ է պետք նրա զգացողությանը. ասում են հոգեբանները: Իսկ եթե երեխան հավանում է տվյալ խաղալիքը, ծնողը պիտի հասկանա` հավանել է, որովհետեւ լա՞վն է, թե՞ որովհետեւ այդ խաղալիքը էկրանից է ծանոթ երեխային: Ժամանակին փոքրիկները սիրում էին այսպես կոչված «տելեպուզիկներին», որովհետեւ դա նրանց էկրանի հերոսն էր, բայց որը շատ արագ մոռացվեց, որովհետեւ փոխարինելու եկան այլ հերոսներ՝ սարդ մարդեր, քարե մարդեր, կախարդներ, սուպեր հերոսներ: Սրանք երեխաներին ոչինչ չեն տալիս, քանզի անբնական են, նրանց հետ երեխան չի կարողանում շփման եզր գտնել, պարզապես խաղում է, որովհետեւ ծանոթ է, խաղում է` առանց հաղորդակցվելու: Իսկ առանց հաղորդակցվելու երեխան չի զարգանում: Այսինքն՝ երեխաների համար պետք չէ գնել այնպիսի խաղալիքներ, որոնք սարսափազդու են կամ անհաղորդակից: Երկու դեպքում էլ երեխան ճիշտ չի զարգանում։
Անկեղծ լինելու համար ասեմ, որ խաղալիքների եւ հոգեբանության փոխկապվածության մասին համացանցում փնտրտուքս վկայեց, որ այս հարցում էլ մասնագետները տարակարծիք են: Շատերը խորհուրդ են տալիս երեխայի խաղին հետեւելով հասկանալ՝ փոքրիկը մտավոր հետամնացություն ունի՞, թե՞ ոչ։ Օրինակ՝ եթե երեխան ափսե է քշում եւ այն երեւակայում իբրեւ գնացք, հնարավոր է մտավոր հետամնացության խնդիրներ ունի։ Հակառակ կարծիք էլ կա. կապ չունի, թե երեխան ինչով է խաղում, ափսեն գնացքի փոխարեն վարելը ամենեւին չի նշանակում, թե երեխան ափսեն ու գնացքն իրարից չի տարբերում: Հնարավոր է, որ երեխայի մտքում եղած գնացքը վաճառքում անգամ դեռ չկա, եւ նա դատարկ ափսեում պարզապես ավելի հեշտ է տեղավորում իր բեռները, քան բուն գնացքի մեջ: Կարեւոր է այլ բան՝ ինչպես է խաղում երեխան։ Ծեծում, խեղդում է խաղալիքների՞ն, թե՞ գուրգուրում, դասավորում։ Թեեւ երկու տեսակետների կրողներն էլ մի հարցում համակարծիք են. երեխայի առողջ զարգացման համար՝ թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեբանական առողջության տեսանկյունից, անհրաժեշտ է հող, ջուր եւ հնարավորինս շատ շփում ծնողների, հարազատների, շրջապատի հետ: Երեխային պետք է բացատրել՝ ինչ է արեւը, լուսինը, ծառը, անտառը, քամին, ոչ թե սարդ-մարդը, միականջ հրեշը եւ այլն։
Այլ խոսքով՝ երեխայի բնականոն զարգացման համար անհրաժեշտ է բնական միջավայր։ Եվ ծնողները սա միայնակ չեն կարող անել։ Մի ամբողջական շղթա պետք է գործի՝ հոգեբանական հատվածից սկսած եւ պետության կողմից կարգավորումները ներառած։ Ընդ որում՝ վերջին մասով ինչքան էլ խստացումներ լինեն, արդարացված են։ Որովհետեւ սա յուրաքանչյուրիս երեխայի եւ սերնդի ճիշտ զարգացվածության հարցն է։ Եվ սա այն ոլորտն է, որ ամենեւին կարիք չկա նայելու միջազգային փորձին։ Մե՛ր շուկայի հարցերը մե՛ր առանձնահատկություններից ելնելով՝ ինքներս պետք է կարգավորենք։ Եթե միջազգային շուկան հրեշներ ու չգիտես ինչ է պարտադրում, անպայմա՞ն է, որ այն մեզ մոտ էլ իրացվի։ Գոնե այս մասով այնպես պետք է անել, որ բիզնես շահը չլինի մեր սերնդի առողջության հաշվին։