Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքի Սուրբ Եկատերինա հայկական առաքելական եկեղեցում հարգանքի տուրք մատուցվեց՝ ի հիշատակ 2020-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ դավադրաբար սանձազերծած 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների եւ նույն ամսի 26-ին Ռուսաստանի Իժեւսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափազդու ողբերգության 17 անմեղ զոհերի:
Ինչպես եկեղեցի այցելած սգո արարողության մասնակիցներին տեղեկացրեց սանկտ պետերբուրգցի պատվավոր բարեգործ Հրաչյա Պողոսյանը, ըստ ռուսաստանյան մամուլում եղած հրապարակումների՝ Իժեւսկի հանրակրթական դպրոցում 11 աշակերտի եւ 6 աշխատակցի նենգաբար գնդակահարած չարագործը նույն քաղաքի թիվ 88 դպրոցի շրջանավարտ է:
Սուրբ Եկատերինա եկեղեցու հոգեւոր սպասավոր, քահանա Եփրեմ Զարգարյանը լռության րոպե հայտարարելուց հետո հայտնեց, որ նույն ժամին Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Արցախում նույնպես նշում-հարգում են պատերազմում զոհվածների հիշատակը: Այնուհետեւ քահանա Ղեւոնդ Տեմկինի հետ համատեղ մատուցեցին հոգեհանգստյան աղոթք:
Որտեղ հայկական եկեղեցի, այնտեղ նաեւ խաչքար. արարողությունից հետո ներկաները ծաղկեպսակներով եւ վարդափնջերով զարդարեցին հայոց հավատքի խորհրդանիշ խաչքարը: Ծաղկազամբյուղներ դրվեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Հրաչյա Պողոսյանի բարեգործական հիմնադրամի անունից: Հիշատակախնկարկումի արարողությանը մասնակից եղան բազմաթիվ այցելուներ, ինչպես նաեւ «ՊՎՍ» ՍՊ ընկերության կոլեկտիվը՝ գլխավոր տնօրեն Արմեն Արշակյանի առաջնորդությամբ, բանակի գեներալ Ա. Վ. Խրյուվելի անվան զինվորական ակադեմիայի նյութատեխնիկական մատակարարման ներկայացուցիչները, այլք:
Նշենք նաեւ, որ անցյալ տարի Երեւանի օլիմպիական ռեզերվի պետական քոլեջի բակում տեղադրվեց հուշարձան՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 26 երիտասարդ մարզիկների հիշատակին: Հուշակոթողի ճարտարապետաշինարարական եւ տեղադրման աշխատանքները՝ Հայաստանի ազգայի օլիմպիական կոմիտեի պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի եւ Օլիմպիական ռեզերվի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանի դիմումին ի պատասխան, հովանավորել է նույն ինքը՝ շռայլաձեռն ու ազգանվեր հայորդի, մեծ բարերար Հրաչյա Պողոսյանը:
Երկնային թագավորություն եւ հավերժ հիշատակ բոլոր զոհվածներին: Մաղթենք, որ այսուհետ նման հուշարձաններ ու հուշակոթողներ հառնեցնելու առիթներ այլեւս չլինեն …