Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Օրը բացվեց պատերազմի բոթով

Սեպտեմբերի 29, 2022
Սոցիում
Օրը բացվեց պատերազմի բոթով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
268
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նորից արխիվս բացեցի. «Պատերազմ» պահոցում 2020 թ. սեպտեմբերի լուսանկարներն են։ Նախ՝ խաղաղ ու երանելի պահեր։ Չարիք-կորոնավիրուսի պատճառով կյանքը մի տեսակ դադարել էր նաեւ Բերձորում։ Հատկապես տխրում էի, երբ իմ աշխատասենյակի պատուհանի տակ չէին խաղում մանկապարտեզի սաները։ «Մերանի» խմբագրության գրասենյակը եւ Բերձորի պետական մանկապարտեզը նույն շենքում էին, եւ մանկապարտեզի երեխաների ուրախ ճիչն ու աղմուկը, նրանց շարքով անցնելը պատուհանիս տակով մշտապես էին գերում ինձ, եւ հաճախ էի կամ վերեւից լուսանկարում, կամ իջնում ցած, զրուցում փոքրիկների հետ, լուսանկարում։

Սեպտեմբերի 15-ին սկսեցին գործել նաեւ դպրոցները։ Լուսանկարներում այդ օրվա պահեր կան. Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի առաջին դասարանցիներն են՝ դասղեկ Սվետա Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Իսկ մանկապարտեզի սաները մի քանի օր անց եկան նախակրթարան, եւ մեր շենքի տարածքը կենդանացավ, գեղեցկացավ, պայծառացավ։ Սեպտեմբերի 25-ին իջա փոքրիկների մոտ։ Իրենց դաստիարակ Լուսիկ Գեղամյանի հետ դուրս էին եկել զբոսանքի։ Նաեւ այդ օրվա լուսանկարներն են պատմում։ Նույն օրերին կազմակերպեցի ճանաչողական արշավ Հոչանց գետի ավազան։ Խմբում մոտ 20 երիտասարդներ էին Բերձորից։ Այստեղ եղանք Կատոսավանքում, մաքրեցինք տարածքը, հողից ազատեցինք մի քանի տասնյակ խաչքարեր։ Նույն սեպտեմբերին հյուրեր ունեի Երեւանից. նրանց ուղեկցեցի Արցախի մի շարք տեսարժան ու պատմական, հերոսական վայրեր՝ Շուշի, Հունոտի կիրճ, Տիգրանակերտ, Ծիծեռնավանք։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխ. խմբագիր Արթուր Ղարագյոզյանի նախաձեռնությամբ ֆիլմ պետք է նկարահանեինք Քաշաթաղի պատմական հուշարձանների մասին։ Կորոնավիրուսն այդ աշխատանքներում էլ խոչընդոտ եղավ, եւ միայն սեպտեմբերին նկարահանող խումբը կարողացավ այցելել Քաշաթաղ։ Եղանք Աղավնոյի հովտում, նկարահանումներ կատարվեցին Ծիծեռնավանքում, Մելիք Հայկազյանների ապարանքում, Մկնատամի Խաչ մատուռում, Սթունիսի եկեղեցիներում։ Այդ օրը նաեւ բերձորցի աշակերտների ու երիտասարդների ուղեկցեցի նույն տարածք՝ ճանաչելու հայրենի երկիրը։ Հաջորդ օրը նկարահանումների եղանք Հակարի գետի աջափնյա Ծաղկաբերդ գյուղի մոտակա Քրոնքի վանքում։ Մեզ հետ էր նաեւ Ծաղկաբերդի բնակիչ Գարիկ Ալոյանը։ Երեկոյան եղանք նրա տանը։ Պարզապես անհավատալի էր՝ ինչքան մեծ աշխատանք էր արել 4 զավակների հայր Գարիկը։ Չնայած երիտասարդ տարիքին, հասցրել էր տուն կառուցել, մի քանի հազար ծառերով մեծ այգի հիմնել, ջերմոց ստեղծել։ Պատերազմից 1 օր առաջ Քաշաթաղի շրջանի հոգեւոր կենտրոններից Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ տաճարում կայացավ սուրբ անմահ պատարագ՝ Քաշաթաղի հոգեւոր հովիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ։

Յուրաքանչյուր տարի՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշվում է Սուրբ Գեւորգի տոնը։ Բացի քաշաթաղցիներից, ներկա էին շատ ուխտավորներ նաեւ մեր երկրի տարբեր վայրերից։ Հոգեւոր արարողությունն ընթանում էր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու՝ Հասմիկ Գրիգորյանի ղեկավարությամբ գործող դպրոցականների երգչախմբի կատարումների ուղեկցությամբ։ Պատարագից հետո վերադարձանք Բերձոր՝ շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ Աղավնոյում այցելելով առողջապահական հենակետ, որտեղ հերթապահում էին Քաշաթաղի շրջանի Արցախ Բունիաթյանի անվան բուժմիավորման բուժքույրերը։ Ավելի ուշ՝ երեկոյան, մինչեւ կեսգիշեր Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատարի գլխավորությամբ կայացավ շրջխորհրդի նիստ՝ նվիրված համավարակի դեմ պայքարին։ Որոշվեց՝ հաջորդ օրը՝ կիրակի, այցելել շրջանի տարբեր բնակավայրեր։

Բայց… լույսը բացվեց պատերազմի բոթով։ Մոռացվեցին համավարակը, աշնանացանը, բերքահավաքը։ Կրկին փակվեցին կրթական կառույցները։ Առավոտյան դարձյալ խորհրդակցություն կայացավ շրջվարչակազմի ղեկավարի մոտ, եւ շուտով շրջկենտրոնում ստեղծվեց օպերատիվ շտաբ, որն ԱՀ նախագահի հրամանով ղեկավարում էր Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի նախագահ, Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար Սուրեն Խաչատրյանը։ Շրջանային զինկոմիսարիատն անցավ արտակարգ իրավիճակի։ Շրջանի տարբեր բնակավայրերից հարյուրավոր կամավորականներ հասան Բերձոր՝ պատրաստ առաջնագիծ մեկնելու։ Բերձոր եկան նաեւ նախկին քաշաթաղցիներ։ Կային տղաներ, որ պետք է Ռուսաստան մեկնեին արտագնա աշխատանքի, հետ վերադարձան։ Շուտով կազմավորվեցին առաջին խմբերը եւ մեկնեցին Ջրական ու Մատաղիս, Մարտունի ու Ակնա։ Շրջանային զինկոմիսարիատին կից կենտրոն սկսեց գործել շրջանի հարավային Իշխանաձոր գյուղում, որն էլ օրեր անց դարձավ թիրախ թշնամու համար։ Մենք սովոր էինք պատերազմին։ 2014 թ. օգոստոսին հարյուրավոր քաշաթաղցիներ հասան առաջնագիծ՝ օգնելու մեր զինվորներին։ Ապրիլյան քառօրյայի առաջին օրը դարձյալ հարյուրավոր կամավորականներ շրջանի տարբեր բնակավայրերից առաջնագծում էին՝ Մատաղիսից մինչեւ Ջրական։ Օրեր անց քաշաթաղցի կամավորականների թիվը 1200-ից ավելի էր։ Նույն ժամանակ մոտ 200 ժամկետային, 50-ից ավելի պայմանագրային քաշաթաղցի զինծառայողներ կային Արցախի ՊԲ-ում։ Պատերազմի արդեն չորրորդ օրը շշուկով էին խոսում, որ զոհվել է բերձորցի, 1984 թ. ծնված Ռոբերտ Հրաչի Գալստյանը, ով, լսելով պատերազմի մասին, վերադարձել էր Երեւանից, որտեղ ինչ-որ կարեւոր գործով էր գնացել։ Եվ, ցավոք, ճիշտ էին շշուկները. Ռոբերտի աճյունը գտնվեց բավականին ուշ եւ հուղարկավորվեց Եռաբլուրում։ Նույն օրերին զոհվեցին Գոռ Գասպարյանը՝ Մոշաթաղից, Մանվել Դոդորյանը՝ Քարեգահից, Սուրեն Հովհաննիսյանը՝ Փակահանից, Գոռ Հարությունյանը՝ Ծաղկաբերդից, Րաֆֆի Հարությունյանը՝ Կումայրիից…

Պատերազմի առաջին օրն ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանային հրշեջ-փրկարարական ծառայությունն սկսեց աշխատել արտակարգ իրավիճակում։ Նույն սեպտեմբերի 27-ին, ժամը 16.20-ին, երբ զինկոմիսարիատի մոտ էինք, հնչեց տագնապի ազդանշանը, եւ Բերձորի երկնքում երեւացին թշնամու անօդաչու թռչող սարքերը։ Մեր ՀՕՊ-ին հաջողվեց խոցել դրանցից մեկը, որն ընկավ զինկոմիսարիատից մոտ 300 մ հեռավորության վրա։ Մյուսը խոցվեց ներքին Սուս գյուղի երկնքում։ Այսպիսով՝ պատերազմի հենց առաջին օրը թիկունքային Բերձորը դարձավ թշնամու թիրախ։ Եվ հոկտեմբերի 2-ին թշնամուն հաջողվեց խոցել Բերձոր-Աղավնո կամուրջը Հակարի գետի վրա։ Քանդվեց կամրջի աջ կողմը։ Սակայն կյանքը Բերձորում շարունակվում էր, շտաբը գործում էր ապաստարանում, որտեղ էին տագնապի շչակի ժամանակ պատսպարվում մոտակա բնակիչները, ինչպես նաեւ Արցախի վտանգված վայրերից արդեն տեղահանված կանայք ու երեխաներ, ծերեր, ովքեր ժամեր անց ուղեւորվում էին ՀՀ մարզեր, Երեւան։ Արտակարգ ռեժիմով էր գործում նաեւ շրջանային բուժմիավորումը, որի նկուղային հարկը ծառայում էր որպես ապաստարան, եւ բերձորցի կանայք, երեխաներ այստեղ էին պատսպարվում։ Ապաստարաններ գործում էին նաեւ թիվ 2 դպրոցի նկուղային հարկում, բազմաբնակարանների տակ։ Բոլոր ապաստարաններում հերթապահում էին բուժքույրերը։

Դժվար էր հատկապես Արցախի առավել վտանգված վայրերից տարհանված մեր բնակիչների համար, ովքեր մի կերպ հասել էին Բերձոր, եւ այստեղ էլ հաճախ էր հնչում տագնապի շչակը։ Տեղահանվածների մի խումբ էլ պատսպարվել էր Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի Վարդուտ գյուղում։ Սակայն երբ թշնամու ԱԹՍ-ներն սկսեցին հաճախակի հայտնվել այս տարածքներում, տեղահանվեցին նաեւ նույն բնակավայրերի երեխաները, կանայք։ Տղամարդկանց մեծ մասն արդեն առաջնագծում էր, եւ կանայք էին տնօրինում իրենց տունն ու տեղը։ Մեծ աջակցություն էին առաջնագծին, սահմանամերձ բնակավայրերին հասցնում տարբեր կազմակերպություններ, անհատներ։ Բերձորում շտաբին կից գործում էին պահեստեներ, որտեղ կուտակվում էր աջակցությունը եւ ուղարկվում ըստ հասցեների, ըստ անհրաժեշտության։ Նույն պահեստներում աշխատում էին բերձորցի պատանիներ, երիտասարդներ, կանայք։ Դպրոցում այսպես ասած վատ սովորող Արկադին դարձել էր ամենակարգապահ աշխատողներից մեկը եւ ընկերների՝ Կարենի, այլոց հետ գիշեր-ցերեկ բեռ էր իջեցնում ու բարձում մեքենաները։ Կար նվիրվածություն, հավատ՝ հաղթելու ենք։ Գոռ Մանուկյանը, ով երկար տարիներ տնօրինում էր Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցը, այնուհետեւ տեղափոխվել էր Երեւան, իր աջակիցների հետ մշտապես օգնություն էր հասցնում Բերձոր, այնուհետեւ նույն խմբի մեքենաները հասնում էին ամենավտանգված վայրեր ու դուրս բերում կանանց ու երեխաներին։ Հաճախ մեքենաները վարում էին առանց լույսերը վառելու, որպեսզի չենթարկվեին ԱԹՍ-ների հարվածներին։ Տարբեր խմբեր արդեն միավորվել էին եւ միասին էին գործում։

Իմ տունը նույնպես վերածվեց շտաբի, եւ նույն խմբերի տղաները օրվա բոլոր ժամերին գալիս էին, հանգստանում եւ անցնում գործի։ Հաճախ է խոսվում այս պատերազմի մասին, որ անկազմակերպ էր, որ մեր ժողովուրդը չօգնեց բանակին։ Բայց խնդիրն այլ էր։ Ժողովուրդը մշտապես, նաեւ այսօր բանակի կողքին է։ Նշեմ, որ միայն իմ ծննդավայր Գեղհովիտից եղբորս որդիների, նրանց ընկերների կազմակերպմամբ մի քանի մեքենա սնունդ հասավ Բերձոր։ Պետք է արժանին ասել մեր սպիտակ համազգեստով բանակի՝ բուժաշխատողների մասին։ Օրական քանի-քանի շտապօգնության մեքենաներ էին անցնում Բերձորով։ Շարունակվեց պատերազմը, որին Քաշաթաղի շրջանից մասնակից եղան հազարավոր կամավորականներ, ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ։ Պատերազմի ավարտից հետո էլ հարյուրավոր քաշաթաղցի աշխարհազորայիններ պաշտպանում էին Բերձորը, եւ չնայած բազում փորձերին, թշնամին չկարողացավ Բերձոր մտնել։ Անառիկ մնաց նաեւ շրջանի հյուսիսային հատվածը։ Այս անհավասար պատերազմի ընթացքում ընդամենը 10-11 հազար բնակիչ ունեցող Քաշաթաղի շրջանից զոհվեցին 70-ից ավելի քաջորդիներ, կան անհայտ կորածներ։ Նահատակված բոլոր տղաներին էի ճանաչում, մտերիմ էի շատերի հետ… Շատերը նաեւ ապրիլյան քառօրյային էին մասնակցել, շատերը նոր էին վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից։

Ուռեկան գյուղից Սուրիկ Միքայելյանի 2 որդիները՝ Սամվելն ու Սեյրանը, կամավոր մեկնեցին առաջնագիծ։ Երկար ժամանակ անհայտ էր նրանց ճակատագիրը, ցավոք, զոհվել էին։ Տիգրանավանից Մհեր Հովսեփյանի կրտսեր որդին՝ Արցախը, նահատակվեց 2016 թ. սեպտեմբերին, թշնամու դիպուկահարի կրակոցից, իսկ Հովսեփ որդին՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին, Ջրականում։ Հոկտեմբերի 26-ին Մարտունու տարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից նահատակվեցին Հունան Խանամիրյանը՝ Բերձորից, դիպուկահար Թունյան Սարոն՝ Շրվականից, Մանվել Դալլաքյանը՝ Աղանուսից եւ Նարեկ Աղայանը՝ Բերձորից։ Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին Բերձորը ռմբակոծվեց հերթական անգամ։ Զոհվեց Վանիկ Բաբայանը, ում Վահագն եղբայրը, ով ԱՀ ՊԲ գնդապետ էր եւ իր զինվորների հետ անառիկ էր պահել իրենց վստահված տարածքը, նույնպես նույն օրը նահատակվեց ԱԹՍ-ի հարվածից։ Ավարտվեց պատերազմը, եւ օրեր անց, առանց կրակոցի, թշնամուն հանձնեցինք Քաշաթաղի հարավում այն տարածքները, որոնք թշնամին ի զորու չեղավ գրավել, հյուսիսային հատվածը, Քարվաճառը։ Թշնամուն տվեցինք Դադիվանքն ու Ծիծեռնավանքը, Մկնատամի Խաչ, Վարազգոմ ու տանյակ այլ սրբատներ։

Հայրենի երկրի կորստյան ցավին չդիմացան ազատամարտիկ կանայք՝ Աղավնոյից Կարինե Աղեկյանը, ով չնայած տարիքին, նաեւ վերջին պատերազմին մասնակցեց, բերձորցի Թամարա Աբրահամյանը (ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի քույրը)։ Ղազարապատից Գեղամ Մեսրոպյանը չկարողացավ տանել նաեւ Արման որդու կորուստը, ով ընկավ հերոսաբար Արաքսավանում հոկտեմբերի 15-ին։ Մինչ վերջերս Բերձորում ու Աղավնոյում բնակվում էին մեր հայրենակիցները, սակայն դրանք էլ հանգիստ թողեցինք թուրքին։ Եվ վերջերս Ալիեւը Բերձորի Վեհափառի հրապարակում տնկել էր իր դրոշը եւ հոխորտում էր՝ կտիրի Զանգեզուրին… Իսկ որպեսզի չիրականանա Ալիեւի հոխորտանքը, որ կրկին կարողանանք Ծիծեռնավանքում ու Դադիվանքում պատարագի մասնակից լինել, մեր միակ ճանապարհը միավորվելն է, հավատալ միայն ու միայն մեր ուժին։ Դրա համար առաջնայինը հայոց բանակի հզորացումն է, որն անհնարին չէ։   

Թեգեր: ԱրցախԲերձորպատերազմՔաշաթաղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Գիտության աղետաբեր դեմքը

Գիտության աղետաբեր դեմքը

Թելադրված ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրները լուծելու մտահոգությամբ

Թելադրված ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրները լուծելու մտահոգությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist