Ծաղկաբերդ գյուղը Քաշաթաղի շրջանի առաջին վերահայացած բնակավայրերից էր, որն ազատագրվել էր 1993 թ. ամռանը։ Այդ օրերին նույն տարածքում տասնյակ հայորդիներ նահատակվեցին, սակայն ազատագրվեց Հակարի գետի ողջ ավազանը, եւ վերստին հայացավ հայոց երկրամասը։ Նույն Ծաղկաբերդում բնակություն հաստատեցին մեր երկրի տարբեր վայրերից եկած վերաբնակիչներ։ Ու տարիների ընթացքում շենացավ Ծաղկաբերդը։
Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց նաեւ Ծաղկաբերդը։ Նույն պատերազմում հերոսաբար մարտնչեցին գյուղի բոլոր տղամարդիկ։ Անմահության ճանապարհը բռնեցին 1996 թ. ծնված Գոռ Յուրիկի Հարությունյանը եւ 1986 թ. ծնված Ռոմա Սաշիկի Սահակյանը։ Պատերազմից հետո նաեւ տեղահանված ծաղկաբերդցիները սփռվեցին մեր երկրի տարբեր հատվածներում։ Սակայն երիտասարդներից ոմանք մնացին հայոց զինված ուժերում որպես պայմանագրայիններ ու շարունակեցին հայրենիքի պաշտպանությունը։ Գրիգոր Վարդանի Կիրակոսյանը 1998 թ. հայոց բանակում ծառայելուց հետո տեղափոխվում է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղ՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ, մեղվաբուծությամբ, հրուշակագործությամբ։ Ծնվել է Երեւանում 1978 թ., ավարտել թիվ 181 դպրոցը եւ զորակոչվել հայոց բանակ. ծառայել է Արթիկում։ Ծաղկաբերդում ամուսնացել է, ընտանիք կազմել, գեղեցիկ առանձնատուն կառուցել, որտեղ հասակ են առել 3 զավակները՝ Վարդանը, Աննան ու Դանիելը։ Սովորում էին Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան միջն. դպրոցում։ Դանիելը չհասցրեց ավարտել միջնակարգը Ծաղկաբերդում. պատերազմը խանգարեց։
Խաղաղ տարիներին Ծաղկաբերդի տարածքում իրականացվում էր ականազերծում՝ «HALO TRUST»-ի կողմից։ Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ մոտ 1 տարի այդ հատվածն առաջնագիծ էր, եւ 2 կողմից բազում ականներ էին տեղադրվել։ Տարածքից երիտասարդներ նույնպես ընդգրկվեցին այդ աշխատանքներում որպես սակրավորներ։ 2007-ին նաեւ Գրիգորը դարձավ սակրավոր։ Նույն մասնագիտությունը նրան պետք եկավ նաեւ հայոց բանակում. 2013-ից որպես պայմանագրային զինծառայող ծառայության անցավ Քարվաճառի զորամասերից մեկում։ 2016 թ. ապրիլյան քառօրյայի առաջին օրվանից առաջնագծում էր ու մարտնչեց հերոսաբար, տուն եկավ։ 44-օրյայի մարտադաշտում նույնպես մարտնչեց, նույն ժամանակ էլ կորցրեց գյուղն ու իր իսկ ձեռքով կառուցած տունը, տնկած այգին… Պատերազմից հետո հարազատները համոզում էին, որ դուրս գար բանակից, շարունակեր իր նախկին աշխատանքը՝ հրուշակագործությունը։ Սակայն պատերազմ տեսած, մարտական ընկերներ, հայրենիք, տուն ու տեղ կորցրած քաջորդին չէր կարող առաջնագծում մենակ թողնել ժամկետային զինծառայողներին, ընկերներին։
Այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը թշնամին հերթական ագրեսիային անցավ եւ Հայոց սահմանի վրա հարձակվեց մի քանի հատվածով։ Նահատակվեցին երկիրը պաշտպանող մեր զինվորներից։ Հերոսաբար մարտնչող Գրիգորը, ով մեծ կորուստ էր պատճառել թշնամուն իր ականանետով Ջերմուկի մատույցներում, նույնպես նահատակվեց։ «Հայրս սեպտեմբերի 11-ին վերադարձել էր հերթապահությունից, սակայն հաջորդ գիշերը տագնապով նորից է բարձրացել դիրքեր ու սեպտեմբերի 13-ին զոհվել ԱԹՍ-ի հարվածից: Չորս ընկերներից միայն մեկն է փրկվել. զոհվել են նաեւ մտերիմ ու մարտական ընկերները՝ Ռոբերտ Նանայանը, Արթուր Խաչատրյանը եւ ազգությամբ եզդի Սիաբանդ Թամոյանը (Շեյխ Յուրո),- պատմում է որդին՝ Վարդանը՝ հավելելով,- հայրս շատ էր հպարտանում հատկապես ժամկետային ծառայողների մարտական ոգով։ 2020-ի պատերազմի ժամանակ շատերի կյանքն է փրկել։ Նա գիտեր, թե ինչ աշխատանք էր կատարում։ Երբ ասում էինք, որ դուրս գա համակարգից, պատասխանում էր. «Եթե ոչ ես ու ընկերներս, ապա ո՞վ պետք է պահի մեր հայրենիքը»։ Ամենից շատ սիրում էր հայրենիքը, որի համար էլ զոհեց սեփական կյանքը»։
Գրիգորի հոգեհանգստին ներկա էին նաեւ մարտական ընկերներից, պայմանագրային զինծառայողներ Ծաղկաբերդից։ Մեծ սիրով ու գովեստով էին խոսում հերոսի մասին, ով բանակում ծառայելու տարիներին միշտ է աչքի ընկել որպես հայրենասեր զինվոր, հավատարիմ ընկեր։ Գրիգոր Կիրակոսյանը հուղարկավորվեց սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։