Հայն ու Հայաստանը շարունակ եղել են մեծ քաղաքականությունների թիրախ. թուրքերը երազել ու երազում են ոչ մի հայ չթողնել աշխարհում, թերեւս միայն մեկը՝ որպես թանգարանային նմուշ, մնացածներն ուղղակի ուզեցել են տիրապետել նրան… Առաջին աշխարհամարտի ժամանակ ամենացավալի ու ողբերգական զոհերը բաժին ընկան հայ ժողովրդին. թուրքերն իրականացնում էին աշխարհում ոչ մի հայ չթողնելու երազանքը, իսկ գերմանացիները՝ ակտիվորեն աջակցում նրանց. ի թիվս այլ բարբարոսությունների, կենսաբանական դաժան փորձեր դնում հայերի վրա, ասես, այդ պատերազմը հենց հայ ժողովրդին վերացնելու համար էր սկսվել…
Իսկ ի՞նչ է հայի տեսակը, որ այնպես «խանգարում» է թուրք տեսակին խաղաղ ապրել արեւի տակ։ Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը աշխարհի բազմանշանակ լռության ու արեւի տակ մորթվում էր տերզորների ճանապարհներին, Գերմանիայում ամերիկյան դեսպանորդ Էնդրյու Ուայթը գրում է. «Հայ ժողովուրդն ամենաաշխատասեր, ընդունակ, սթափ, բարոյական եւ նախաձեռնող ժողովուրդն է։ Այդ ժողովուրդն օժտված է մեծ ու ազնվաբարո շնորհներով։ Դարեր շարունակ նա պահպանել է իր մշակույթը այնպիսի հալածանքների մեջ, որոնք կոչնչացնեին ցանկացած այլ ազգի»։ Մինչդեռ բարբարոսները ոչնչացնում էին հայի տեսակը, մարդկության քաղաքակիրթ տեսակը նախընտրում էր ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ինչը համաշխարհային քաղաքակրթության մեջ վաղուց էր իր տեղը հաստատել։ Այսպես, գերմանացի փիլիսոփա, հայագետ, իրանագետ Հայնրիխ Հյուբշմանն առաջինն է ապացուցել, որ «հայերենին իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են, իսկ հայերենը իր բնիկ բառապաշարով, հնչյունական եւ քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում»։ Առնչվելով հայոց պատմությանը, նա, մասնավորապես, նշում է. «Հնագույն ժամանակներից ի վեր Առաջավոր Ասիայի հյուսիսարեւմտյան մասում բնակեցված բազմաթիվ ժողովուրդներից գործնականում միայն հայերն են պահպանել իրենց էթնիկական միատարրությունն ու լեզուն մինչեւ այսօր, ընդ որում՝ ոչ թե հեշտությամբ, առանց տեսանելի ջանքերի, խաղաղ գոյակցության պայմաններում, այլ որպես արդյունք երկար ու հյուծիչ պայքարի ներքին ու արտաքին թշնամիների դեմ՝ չնայած բազմաթիվ ճնշումների ու հալածանքների, որոնք հաճախ ավելի արյունալի ու դաժան էին, քան կարող է պատկերացնել Եվրոպան։ Հայերի տոկունությունը պայմանավորված է ազգի ռասայական հատկանիշներով, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական, պատմական եւ կրոնական փոխհարաբերություններով, որոնք օգնել են նրանց գոյատեւել: Ակնհայտ է, որ նման հնագույն պատմություն, աննկուն ազգային հպարտություն եւ անսասան հավատք ունեցող ժողովուրդն արժանի է քաղաքակիրթ աշխարհի ամենալուրջ եւ շահագրգիռ վերաբերմունքին, մանավանդ որ այդ ժողովուրդն իր ծագմամբ հարազատ է մեզ՝ գերմանացիներիս, թե՛ քրիստոնեական հավատքով, թե՛ որպես հնդեվրոպական արմատի ինքնուրույն ճյուղ»։
Հայերի մասին համանման կարծիքի է եւ պրուսական ազգագրագետ կոմս Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը, ով կովկասյան ճանապարհորդության ընթացքում ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը, անձամբ ծանոթ եղել Խաչատուր Աբովյանի հետ՝ համարելով նրան ամենակրթված անձանցից մեկը, ցավել նրա անհետացման համար։ «Հայերին կարելի է համարել մերան,- գրում է նա,- որպես ասիական խմորի հիմնական բաղադրիչ, որը կոչված է այս տարածաշրջանում մեռած հոգեւոր կյանքը վերակենդանացնելու։ Հայությունը, չնայած ամեն ինչին, հավատարիմ է մնացել իր հայրենիքին, լեզվին, ավանդույթներին, քրիստոնեությանը եւ եկեղեցուն, ազգային ինքնությանը։ Հայերը մոլորակի ամենագեղեցիկ ժողովուրդներից են։ Նրանք շատ ներդաշն են, համաչափ կառուցվածքով, նրբագեղ, բայց հակված են գիրության»։ Անդրադառնալով հայկական ընտանիքում հայրիշխանության փաստին, միաժամանակ նշում է ասիական այլազգի ընտանիքներից նրա՝ շահեկանորեն տարբերվող առանձնահատկությունը, այն, որ կանայք այստեղ ինքնուրույն են, մարդկային հավասարության ու արժանիքների, անհատականության կրողներ, եւ ըստ այդմ հանգում եզրակացության. «Ինձ թվում է՝ դրա պատճառը հենց հայության առաքելությունն է՝ որպես բարձր մշակույթի ու ոգեղենության տեր ժողովրդի, որը միջանկյալ օղակ ու կենտրոն է դարձել Եվրոպայի ու Ասիայի միավորման համար»։ Իսկ, գուցե, հենց սա՞ է հայերին հալածելու բուն պատճառը, գուցե Եվրոպան ու Ասիան միավորվելու խնդիր չունե՞ն, նրանց պետք չէ՞ քաղաքակրթության նման օրինակ, գուցե նրանք ադրենալին են ստանում ոչ թե արարումներից, այլ մարդկային մարմնի տառապանքների՞ց…
Ինչեւէ, գալիս է ժամանակը հատուցման. Երկրորդ համաշխարհայինից հետո Գերմանիան ստիպված էր ընդունել իր հանցագործությունները մարդկության հանդեպ, իսկ 2005 թ. Գերմանիայի խորհրդարանն ընդունեց բանաձեւ, որով ճանաչում էր «հայերի կազմակերպված տեղահանությունն ու բնաջնջումը» եւ նշում, որ «բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպություններ» իրադարձությունները ճանաչել են որպես ցեղասպանություն։ Գերմանիան ներողություն էր խնդրում Հայոց ցեղասպանությանը իր մասնակցության համար եւ կոչ էր անում Թուրքիային հետեւել իր օրինակին, ու չնայած Գերմանիայում թուրքական մեծ համայնքի հակազդեցությանը, բանաձեւն ընդունվում է։ Թուրքիան, իհարկե, մինչեւ օրս ոչ միայն ժխտում է նախնիների հանցավորությունները հայերի հանդեպ, այլեւ ջանադրորեն շարունակում նրանց մարդասպան քաղաքականությունը, իսկ աշխարհը առաջվա պես Թուրքիայի թիկունքին է, իսկ հայ ժողովուրդն էլ, ինչպես միշտ, շարունակում է քաղաքակրթության սերմեր տարածել աշխարհով մեկ՝ իր արարչական շնորհներով նպաստելով համայն մարդկության զարգացման գործընթացին…