Բերքառատ, կենսուրախ շատ աշուններ է ունեցել Արցախը՝ երփներանգ գույներով եւ բույրերով: Յուրաքանչյուր օջախում դռները բաց էին հյուրերի առաջ, եւ շինականն ուրախ սեղան բացելու խնդիր չուներ: Ինչպես ասում են, ամեն բարիք իր ձեռքով էր ստեղծել, տնական էր, անուշ եւ անարատ: 44-օրյա դաժան պատերազմից հետո, չնայած անդառնալի կորուստներին, նա նույն սրտաբաց եւ հյուրընկալ, ավանդապահ արցախցին է մնացել՝ միայն վիրավոր, խոցված սրտով, անարդար աշխարհից նեղացած… Սակայն չի հուսահատվում, հավատում է վաղվա լուսավոր օրվան: Վստահ է, որ Հայաստանի, սփյուռքի քույրերն ու եղբայրներն իրեն մենակ չեն թողնի: Էլի «գարուն» կգա, եւ ճերմակ աղավնիները խաղաղություն կավետեն Արցախի երկնքում…
Աշնանային այս թախծոտ մտորումների առիթը Ստեփանակերտում (ոչ գյուղացու կամքով) ավանդույթի «խախտումն» էր: Երկրորդ անգամ (պատերազմից հետո) մայրաքաղաքում «Բերքի տոն» չկազմակերպվեց, եւ Վերածննդի հրապարակում երգ-երաժշտություն չհնչեց: Մինչդեռ մարդկանց հիշողության մեջ թարմ են մնում այն ոչ հեռավոր տարիների հորդաբուխ համաժողովրդական տոները, որոնք անցկացվում էին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
Ստեփանակերտը թնդում էր հրապարակում եւ կենտրոնական փողոցներում աշխույժ եռուզեռ անող մարդկանց տոնական տրամադրությունից: Ցուցահանդես-վաճառքի համար 1000-1200 տաղավար էր տեղադրվել՝ ըստ շրջանների, որտեղ հողվորը, գյուղացին, մենատնտեսը՝ շուկայական նախանձելի տեսքով իրենց աճեցրած բերքն ու բարիքն էին հյուրասիրում անցորդներին ու միաժամանակ առաջարկում ցածր գներով գնումներ կատարել: Իսկ ինչ տեսակ բանջարեղեն եւ մրգեղեն, կաթնամթերք ու մսամթերք ասես որ վաճառքի չէին հանվում: Ասես աշխարհի անուշահամ բոլոր բարիքներն այստեղ են, եւ ամեն մի շրջան աչքի էր ընկնում իր մթերքների հարուստ տեսականիով: Դիզակի, Շահումյանի, Քաշաթաղի եւ Շուշիի շրջաններն աչքի էին ընկնում անաղարտ մեղրով, կաթնամթերքով, մրգեղենով եւ հատապտուղներով, Մարտունին ու Մարտակերտը՝ նաեւ գինու եւ օղու տեսակներով, Ասկերանի շրջանը՝ առատ բանջարեղենով, պահածոներով եւ տարբեր հյութերով:
Տոնավաճառից ոչ ոք դատարկաձեռն տուն չէր գնում, եւ բոլորը գոհ էին գնումներից: Ցավոք, դաժան պատերազմը խախտեց երկրի անդորրը, եւ մյուս ոլորտների թվում ծանր հարված հասցվեց գյուղատնտեսությանը: Հազարավոր հեկտար մշակված հողատարածքներ եւ այգիներ հայտնվեցին թշնամու վերահսկողության տակ, իսկ սահմանամերձ շատ բնակավայրերում այսօր հողվորը ստիպված է տքնել հակառակորդի կրակոցների տակ: Խռով է նրա հոգին, որովհետեւ Աստծո կողմից օրհնված ցորենի հատիկը (սերմացուն) չեն թողնում պահ տալ հողին: Վտանգված է հացագործի կյանքը, եւ նա ստիպված է ռիսկի դիմել ու ամեն գնով աշնանացան կատարել, որպեսզի երկիրն հացահատիկի տեսակետից ինքնաբավ լինի եւ դրսից հաց չներկրի:
Մարդիկ գիտակցում են, որ ռազմաքաղաքական բարդ իրավիճակում «հույսներն ուրիշների վրա դնել» չի կարելի, ու պարենային անվտանգության խնդիրն առաջնահերթ լուծում պիտի ստանա: Եվ իշխանությունները ձգտում են գյուղացուն մենակ չթողնել, աջակցել նրան ինչպես հացահատիկի սերմացուի, այնպես էլ վառելիքի ու հանքային պարարտանյութերի ձեռք բերման հարցում: Շրջանառվում է նաեւ «լրացուցիչ» հողահանդակներ շրջանառության մեջ դնելու խնդիրը: Այդ նպատակով, գյուղնախարարությունում մշակվել է հստակ ծրագիր եւ փորձ է արվում նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ շեշտակիորեն բարձրացնել հացահատիկի եւ մյուս գյուղմթերքների արտադրությունը:
Նախարար Նորայր Մուսայելյանի հավաստմամբ, բոլոր քայլերը ձեռնարկվում են երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկի՝ պարենային անվտանգության ապահովման համար, ինչը սկզբունքային մեծ նշանակություն ունի: Նրա խոսքով, չնայած սաստիկ երաշտին, հացահատիկի արտադրության առումով հաջողված կարելի է համարել տարին: Գոհացուցիչ արդյունքներ են գրանցվել: Առանձին հեկտարներից մինչեւ 40 ցենտներ բերք է ստացվել: Միեւնույն ժամանակ նախարարը բավարար չի համարում ձեռք բերված ցուցանիշները, քանի որ պատերազմին նախորդած տարում ռեկորդային բերք է մթերվել եւ ավելի քան 100 հազար տոննա հացահատիկ միայն Հայաստան է ներկրվել: Նրա կարծիքով, իրավիճակը որքան էլ բարդ լինի, հերթական փորձությունը եւս պիտի հաղթահարվի եւ նոր հորիզոններ բացվեն գյուղատնտեսության զարգացման համար: