Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երկար սպասված հանդիպում

Հոկտեմբերի 18, 2022
Սոցիում
Երկար սպասված հանդիպում
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց պատմության ողջ ընթացքում իր առանձնակի տեղն ունի նորօրյա Քաշաթաղը, որն այսօր կրկին գերության մեջ է։ 20-րդ դարավերջյան Արցախյան գոյամարտը մեր ժողովրդի ամենահիշարժան հերոսապատումների շրջանն է, երբ կարողացանք հաղթել թշնամուն, ազատագրել Արցախն ու նրա հարակից տարածքները, որոնք հայաթափվել էին 18-20-րդ դարերի ընթացքում։ Ազատագրեցինք ու վերահայացրեցինք պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Քաշաթաղն ու Կովսական, Բաղք ու Քաշունիք, Հաբանդ ու Գրհամ եւ այլ գավառներ, ինչպես նաեւ Արցախ աշխարհի Բերդաձոր ու Վայկունիք, Ծար (Քարվաճառ) եւ այլ գավառներ։ Իսկ վերահայացման, այսինքն՝ վերաբնակեցման շրջանը, սկսած 1994 թ. սկզբից, նույնպես հերոսական էր՝ նվիրյալների հոսք ազատագրված հայրենիք։

Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր շրջկենտրոնով, կազմավորվեց պատմական Աղահեճք-Քաշաթաղ, Կովսական, Քաշունիք, Վայկունիք, Բերդաձոր եւ այլ գավառների ու գավառակների տարածքում, որոնք 1920-ական թթ. բռնակցվել էին Ադրբեջան արհեստական հանրապետությանը՝ Լաչինի, Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների տարածքում։ Ինչպես ընդունված է՝ հայ մարդը բնակավայր է հիմնում դպրոց ու եկեղեցի ունեցող տարածքում։ Եվ վերաբնակեցման հենց սկզբից Բերձորում, նախկին Լաչինում, որն ազատագրվել էր 1992-ին եւ որտեղով բացվեց Արցախ-Մայր հայրենիք կյանքի ճանապարհը, 1994-ի սեպտեմբերին բացվեց առաջին դպրոցը, որը կրում էր Համբարձում Գալստյանի, հետագայում՝ Վահան Թեքեյանի անունը։ Նույն ժամանակ հանրակրթական դպրոցներ սկսեցին գործել Աղավնոյում՝ Գարեգին Նժդեհի անվամբ, Տանձուտում, Ծաղկաբերդում (Ա. Նավասարդյանի անվ.), Գողթանիկում, Արտաշավիում (Լ. Ազգալդյանի անվ.), Միրիկում, Սոնասարում (Ս. Կյուրեղյանի անվ.), Արվականում, Շալուայում եւ այլ բնակավայրերում։ Այս եւ հետագայում բացված մնացած կրթօջախներում, որոնց թիվը Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ 53-ից (12 հիմնական, 41 միջնակարգ) ավելի էր, 2.5 տասնյակ տարիների ընթացքում սովորեցին մի քանի հազար աշակերտներ։ Յուրաքանչյուր տարի Քաշաթաղի շրջանից մոտ 50 շրջանավարտ ընդունվում էին ՀՀ-ում եւ Արցախում գործող պետական բուհեր։

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը եղավ կործանարար մեր ժողովրդի համար։ Կորցրեցինք ազատագրված մեր հայրենիքի մեծ մասը, այդ թվում նաեւ՝ ողջ Քաշաթաղը։ Մեր երկրի տարբեր վայրերից, սփյուռքից Քաշաթաղում վերաբնակվածներս ստիպված հեռացանք թշնամու տիրապետության տակ անցած տարածքներից։ Նույն պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից նահատակվեցին 70-ից ավելի քաջորդիներ, որոնց մեծ մասը նույն դպրոցների սաներ էին, ուսուցիչներ։ Պատերազմից առաջ էլ քաշաթաղցի ժամկետային զինծառայողներից եղան անմահ հերոսներ. Հակոբ Խաչատրյանը՝ Աղաձորից, Արցախ Հովսեփյանը՝ Տիգրանավանից, Արայիկ Օրդուբեկյանը՝ Բերձորից։ 44-օրյա պատերազմից հետո քաշաթաղցիները բնակություն են հաստատել ՀՀ տարբեր մարզերում, շատերը՝ Երեւանում։ Տասնյակ ընտանիքներ էլ տեղափոխվել են Արցախի տարբեր բնակավայրեր, Ստեփանակերտ։ Մեծ հարված էին պատերազմը եւ տեղահանությունը քաշաթաղցիների համար։ Առավել դժվար էր դպրոցականների համար, ովքեր մեծ ցավով հեռացան հայրենի բնակավայրից, սիրելի դպրոցից։ Այնուամենայնիվ, քաշաթաղյան դպրոցների աշակերտներն ուսումը շարունակեցին նոր բնակավայրերի դպրոցներում։ Ավարտական դասարաններից 2021 եւ 2022 թթ. 50-ից ավելի շրջանավարտներ ընդունվեցին պետական բուհեր, շատերը՝ անվճար։ Չնայած տարբեր բնակավայրերում բնակվելուն, տարբեր ուսումնական հաստատություններում ուսանելուն՝ քաշաթաղցիներն աշխատում են պահպանել կապը միմյանց միջեւ։ Այս հարցում կարեւորվում է Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի (ԿՄՍՀ) բաժնի, ինչպես նաեւ՝ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի եւ «Մերան» շրջանային թերթի դերը։

Քաշաթաղի շրջվարչակազմի ԿՄՍՀ բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի նախաձեռնությամբ hոկտեմբերի 16-ին Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնում» (տնօրեն՝ Արմեն Ծուլիկայան) տեղի ունեցավ քաշաթաղցի ուսանողների հանդիպումը, որին ներկա էին «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը, ով մինչ պատերազմը տնօրինում էր Բերձորի մարզադպրոցը, քարտուղար Անահիտ Քոսակյանը՝ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի տնօրեն, այլ դպրոցների ուսուցիչներ, տողերիս հեղինակը՝ «Մերան» Քաշաթաղի շրջվարչակազմի պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, ծնողներ։ Նշեմ, որ «Թեքեյան կենտրոնը» երկար տարիներ աջակցել է Բերձորի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցին, իսկ պատերազմից հետո մշտապես աջակցում է բոլոր քաշաթաղցիներին։ Կենտրոնի աշխատակից Գայանե Մուրադյանի կողմից էլ հանդիպման ժամանակ ուսանողներին հատկացվեց «Հայերենագիտական տերմինների բացատրական բառարան» գիրքը։ Վ. Մովսիսյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ներկայության եւ Քաշաթաղի շրջանի անունը բարձր պահելու համար: Տեղեկացրեց՝ ներկայումս Քաշաթաղի շրջանից տարբեր բուհերում ուսանում են 310 ուսանողներ։ Նշեց, որ Քաշաթաղի շրջանից տեղահանված շրջանավարտներից անցյալ տարի պետական բուհ են ընդունվել 26 հոգի՝ առկա ուսուցմամբ, որից 11-ը՝ անվճար, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունվել են 10-ից ավելի դիմորդներ։ «Պատերազմից հետո տեղահանություն, հայրենիքի ու հարազատների կորստյան ցավ, ռմբակոծություն ու ավեր տեսած երեխաների համար մեծ նվաճում է՝ կարողանալ ուժ գտնել քննություն հանձնել եւ անվճար բուհ ընդունվել։ Մեր շրջանավարտներից Ըռքոյան Գայանեն նույնիսկ 20 միավոր ստացավ գծագրություն առարկայից եւ ընդունվեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ։ Բարձր միավորներ ստացող այլ դիմորդներ եւս եղել են։ Այս տարի եւս, հետաքրքիր զուգադիպությամբ, 26 դիմորդ է ընդունվել բուհ առկա ուսուցմամբ, սակայն ընդամենը 2 հոգի են անվճար կարգով ընդունվել։ Անցած տարի համավարակի պատճառով չստացվեց նման հանդիպում, ուստի շնորհավորում եմ 2021 եւ 2022 թթ. ընդունված մեր ուսանողներին եւ մաղթում հաջողություններ»,- ասաց Վ. Մովսիսյանը՝ հավատով, որ մեր ուսանողներն առավելն են անելու՝ Քաշաթաղի շրջանի անունը բարձր պահելու համար։ Անդրադարձավ հավաք-հանդիպման նպատակին, որն է՝ ճշտել հետագա անելիք-ծրագրերը եւ տարբեր բնագավառներում Քաշաթաղի շրջանը պատշաճ ներկայացնելը։

Ընթացքում իրենց խոսքն ասացին նաեւ ուսանողները, եւ բոլորի նպատակը մեկն էր՝ լինել միասնական, ստանալ լավ գիտելիք եւ հասնել հայրենի Քաշաթաղն ազատագրելուն։ Այնուհետեւ Վ. Մովսիսյանն առաջարկեց, որ ուսանողները, ըստ հարակից մասնագիտությունների, ստեղծեն խմբեր եւ հանդես գան միասնաբար. կազմակերպեն, օրինակ, նկարների, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, մշակութային այլ միջոցառումներ, ներկայացնեն բիզնես-ծրագրեր, բնագիտական մասնագիտությունների ուսանողները հանդես գան իրենց բնագավառը ներկայացնող միջոցառումներով եւ այլն։ Հավելեց նաեւ, որ նույն միջոցառումներին կարող են մասնակցել բարձր դասարանների աշակերտները, բուհերի շրջանավարտները։ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կ. Մովսեսյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը բացվել է պատերազմից հետո եւ նպատակ ունի մշտապես աջակցել տեղահանված արցախցիներին, միավորել քաշաթաղցիներին, ովքեր ազատագրված հայրենիք բնակվելու էին եկել մեր երկրի տարբեր վայրերից, եւ տարբերություն չկար՝ արցախցի, երեւանցի, գյումրեցի, սիրիացի եւ այլն։ «Եթե պահպանենք այդ քաշաթաղցի մոդելը, կկարողանանք դուրս պրծնել ունեցած սթրեսներից, դեպրեսիաներից…»,- խոսքն ավարտեց Կ. Մովսեսյանը։

Դիմելով ուսանողներին՝ Կ. Մովսեսյանը կարեւորեց մի հանգամանք, որ նրանց ձեռքում մեծ հնարավորություն կա՝ նոր մտածելակերպ, խելք, երիտասարդություն, ժամանակ, որ լինեն հայրենիքին անհրաժեշտ քաղաքացիներ, եւ կոչ արեց գործել համախումբ։ Ներկա ուսանողների մեջ շատ էին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի աշակերտները, ովքեր ավարտական դասարաններում սովորել են արդեն տեղահանվելուց հետո տարբեր կրթօջախներում։ Դպրոցի տնօրեն Ա. Քոսակյանը, ողջունելով ներկաներին, ասաց՝ ամենակարեւոր հարստությունը մարդու համար գիտելիքն է։ Իսկ Քաշաթաղի շրջանը հանրությանն առավել ներկայացնելու համար առաջարկեց ստեղծել խմբեր եւ պայուսակների, շապիկների եւ այլ իրերի վրա պատկերել շրջանի պատմամշակութային հուշարձանները, որոնք շատ-շատ են։ Կարեւորեց, որ լրագրող-ուսանողներն ակտիվ լինեն եւ միշտ անդրադառնան շրջանի պատմությանը։ Այս հարցում տողերիս հեղինակն առաջարկեց նյութեր տպագրել նաեւ «Մերան» թերթում։

Թեգեր: ԱրցախԲերդաձորԹեքեյան մշակութային կենտրոնպատերազմՔաշաթաղ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստծո փառաբանումը անշահախնդիր անկեղծ երանություն է

Ջութակահարի… վերադարձը

Ջութակահարի… վերադարձը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist