Յուրաքանչյուրիս համար հայրենիքն սկսվում եւ վերջանում է ծննդավայրով, մարդուս սկիզբը հայրենի եզերքն է, հայրական տունը: Նրանից ավելի թանկ ու հարազատ ոչինչ չկա եւ չի կարող լինել մարդ արարածի համար:
«…Ուր էլ լինես, ուր էլ բնակվես, հիշիր, որ քո մայր լեզուն հայերենն է` ոսկեղենիկ հայոց լեզուն, եւ պարտավոր ես պահպանել այն, սիրել երեխայի պես, գուրգուրել… Այդպես կպահպանես քո հայեցի դիմագիծն ու ինքնությունը:
…Ուր էլ լինես, հիշի՛ր մանկությունդ, օրորոցդ հնամենի, տունդ նորօրյա…»:
Ծննդավայր… Ի՜նչ քաղցր է հնչում, հպարտության ինչպիսի՜ զգացումներ ես ապրում… Ահա, ծննդավայրի նկատմամբ անսահման սիրո ու նվիրումի առանձնահատուկ դրսեւորման լավագույն օրինակ կարելի է համարել նորերս լույս տեսած «Չորաթան» շքեղակազմ գիրքը: Հեղինակը` Լավրենտի Միրզոյանը, եթե անգամ ուրիշ ոչինչ արած էլ չլիներ իր կյանքում, ապա այս գիրքը բավարար կլիներ լիուլի պատկերացում կազմելու եւ արժանի խոսք ասելու նրա մարդկային ու մասնագիտական փայլուն որակների մասին: Գիրք, որ առանց չափազանցության` հանրագիտարանային արժեք ունի եւ իր տեսակի մեջ եզակի, հազվագյուտ հրատարակություններից է, հայրենասիրության դրսեւորման հրաշալի օրինակ: Այն նվիրված է Չորաթան գյուղի պատմությանը, բանահյուսական գանձերին. ներկայացված են խաղիկներ, հանելուկներ, առած-ասացվածքներ, օրհնանքներ, ջանգյուլումներ, ժողովրդական խաղեր, ճաշատեսակներ, բուժամիջոցներ, խոսվածքի բառարանը: Գրքում առանձին բաժնով ներկայացված են ճանաչված համագյուղացիները:
«Թերթիր «Չորաթան»-ը, նոր էջերով լրացրու նրա տարեգրության էջերը, քանզի պատմությունը դեռեւս չպարզած հետաքրքրություններ ունի, հետազոտության եւ ուսումնասիրության կարիք՝ իր մտահղացումներով, բարի գործերով, նախաձեռնություններով:
Ես հավերժի ճամփորդ եմ, իսկ դու հավերժություն ես: Թող միշտ խաղաղ լինի օրդ, բարի բացվեն արշալույսներդ, քեզ միշտ թող ուրախություն, սեր, նվիրում պարգեւեն գալիք քո սերունդները, պատգամեմ՝ ամեն օր հիշեք նրանց, ովքեր սիրելով են կրել քո հրաշալի ու պայծառ անունը՝ Չորաթան…»,- կարդում ենք հեղինակի նախախոսքում:
Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թ. Տավշո աշխարհի Չորաթան գյուղում: Գերազանցությամբ ավարտել է Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցը, Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, Մոսկվայի կոմերիտական բարձրագույն դպրոցը, Մեծ Բրիտանիայի զարգացման գործակալության հանրային ծառայողների բարձրագույն դասընթացները: 1973-ին ավարտելով բուհը` ուղեգրվել է սովորելու ասպիրանտուրայում, համատեղությամբ աշխատել ժուռնալիստիկայի ամբիոնում` տարրալուծաբան (լաբորանտ) եւ միեւնույն ժամանակ կատարել «Երեւանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղարի պարտականությունները: Թերթում հանդես է եկել տարբեր ծածկանուններով: Կարճ ժամանակ անց հրավիրվել է աշխատելու հանրապետական մամուլում: 1975-80 թթ. եղել է «Պիոներ կանչի» բաժնի վարիչ, «Ավանգարդի» պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ, իսկ 1987-ին նշանակվել «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում» մանկավարժական ամսագրի գլխավոր խմբագիր: Այդ ժամանակաշրջանում դրսեւորվում են երիտասարդ խմբագրի կազմակերպչական ունակությունները. մանկավարժական գիտական հանդեսը համընդհանուր ճանաչման է արժանանում, տպաքանակը հասնում է մոտ 100.000-ի` բազմաթիվ բաժանորդներ ունենալով սփյուռքում եւ Խորհրդային Միությունում: Կարճ ժամանակում Լ. Միրզոյանը` ամենաերիտասարդ խմբագիրը, հրավիրվում է աշխատանքի Հայաստանի կոմկուսի Կենտկոմ` գաղափարախոսական բաժնի մամուլի սեկտորի գլխավոր տեսուչ:
1990 թ. Լ. Միրզոյանն ընտրվում է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր, այնուհետեւ՝ մշակույթի, լեզվի եւ լրատվության հանձնաժողովի նախագահ, Երքաղխորհրդի նախագահության անդամ: Լինելով անկախության հանրաքվեի քաղաքային հանձնաժողովի անդամ` զգալի աշխատանք է կատարել մայրաքաղաքում, նպաստել նորանկախ հայրենիքի կայացմանն ու զարգացմանը: Այդ տարիներին նա եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի ինֆորմացիայի գլխավոր խմբագրության գլխավոր խմբագրի տեղակալ` «Լրաբեր» ծրագրի տնօրենը: Մեր երկրի համար այդ դժվարին տարիներին մեծ աշխատանք էին կատարում լրաբերցիները, նրանց հետ` տնօրենը, ովքեր հայտնվում էին ռազմաճակատի թեժ կետերում, սահմանամերձ գոտիներում, հայրենիքի համար կարեւոր իրադարձությունների կիզակետում…
Լ. Միրզոյանն ամենուր էր. առաջին գծում, իսկ երեկոյան` մոմի լույսի ներքո գրում ու խմբագրում էր իր հոդվածները, գրքերը, եւ պատահական չէ, որ նրա «Առձեռն մայրենի» ձեռնարկը դառնում է դպրոց չհաճախող երեխաների սեղանի գիրքը` ունենալով չորս հրատարակություն: Պետական, հասարակական գործունեությանը համընթաց նա հավատարիմ է մնում իր կոչմանը. հիմնադրում եւ խմբագրում է «Հայ աշխարհ», «Համայնք», «Էրեբունի», «Քաղաքացիական ծառայություն» թերթերը, «Պայքար» եւ «Հանրային կառավարում» ամսագրերը:
1998 թ. հրավիրվում է աշխատանքի ՀՀ կառավարման դպրոց (այժմ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիա)՝ որպես դասախոս եւ պրոֆեսոր Էդ. Օրդյանի հիմնադրած «Պետական ծառայություն» հրատարակչության բաժնի պետ՝ գլխավոր խմբագիր: Այդ հրատարակչությամբ մեր հանրապետությունում սկիզբ է դրվում պետական, տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող գրքերի, ուսումնական դասագրքերի, ձեռնարկների, մեթոդական մշակումների եւ ուղեցույցների հրատարակության գործընթացին: Ի դեպ, հրատարակվել է շուրջ 200 գիրք: Էդ. Օրդյանի հետ համագործակցությամբ հիմնադրվել է տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի գիտական աշխատանքների ժողովածուն, որի պատասխանատու խմբագրի պարտականությունները կատարում է Լ. Միրզոյանը:
Նշենք, որ 2001 թ. Լ. Միրզոյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի գործակալության պետի տեղակալ, 2004-ին՝ ՀՀ լեզվի պետական տեսչության պետ: Այս ոլորտներում անգնահատելի են անվանի խմբագրի, հրատարակչի, լեզվաբանի ծառայությունները: Լինելով ՀՀ կառավարության անվանակոչությունների, անվանափոխությունների պետական հանձնաժողովի անդամ՝ խմբագրել է «Հայաստանի ազգային ատլասը» (2 հատոր), Երեւանի պատմաաշխարհագրական ատլասը, ԼՂՀ ատլասը, «Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատուն», տառադարձել շուրջ 30 000 աշխարհագրական անուններ, մշակել եւ գործածության մեջ դրել բազմաթիվ տերմինների հայերեն համարժեքները:
Տասնամյակներ ի վեր Լ. Միրզոյանը զբաղվում է նաեւ մանկավարժությամբ տարբեր բուհերում՝ ՀՀ ՊԿ ակադեմիա, ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտ: Դասախոսում է «Հայոց լեզու», «Հայոց լեզվի մեթոդիկա», «Գրաբար», «Հայոց մամուլի պատմություն», «Պետական եւ պաշտոնական լեզու», «Պետական փաստաթղթաշրջանառություն», «Բանակցությունների վարման հմտություններ», «Ժողովների եւ խորհրդակցությունների վարման կառավարչական մեթոդներ», «Հանրության հետ կապերի կազմակերպում» եւ այլն: Մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, մի շարք բուհերի պրոֆեսոր, իսկ 2006-ին ընտրվել է Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիկոս…
Անվանի գիտնական-մանկավարժը մեծ ներդրում ունի Հայաստանում մայրենիի անաղարտության ու պահպանության, լեզվական քաղաքականության պետական ծրագրի մշակման ու իրականացման, տերմինաշինության, մատաղ սերնդի եւ երիտասարդության կրթության, դաստիարակության, գրահրատարակչության, հայ մամուլի զարգացման գործում: Մեծ է նրա վաստակը հայոց լեզվի մեթոդիկայի, հայ մանկավարժության պատմության հետազոտման գործընթացում: Առանձնահատուկ են նրա ուսումնասիրությունները՝ նվիրված Մխիթարյան միաբանության երեւելի այրերին, մեր հայրենի ոստանին՝ Երեւանին, Տավուշի տարածաշրջանին, հայագիտության տարբեր շրջաններին:
Լ. Միրզոյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ «Իմացաբանական շտեմարան», «Գրպանի ուղղագրական բառարան», «Սխալ եւ ճիշտ», «Հավերժության ղողանջներ», «Կյանքի ուղեցույց», «Կայացման ակնթարթներ», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով» եւ այլն: Անվանի լեզվաբան-խմբագիրը շուրջ 3000 հոդվածների, հարցազրույցների, մեկնաբանությունների հեղինակ է, խմբագրել է մոտ 4000 մամուլ, մշակել մի շարք տերմինների հայերեն համարժեքները: Թարգմանվել է՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, էստոներեն, ուզբեկերեն, քրդերեն, իսպաներեն:
Վաստակաշատ մտավորականի ազգանվեր գործունեությունը գնահատվել է, եւ նա արժանացել է մի շարք պարգեւների՝ «Ոսկե մեդալ» (ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն), «Գարեգին Նժդեհ» (ՀՀ պաշտպանության նախարարություն), «Երախտագիտություն» (ԼՂՀ), «Հակոբ Մեղապարտ» (ՀՀ ազգային գրադարան), «Ոսկե կրծքանշան» (ԵԿՄ) եւ այլն:
Նվիրյալ հայորդին այսօր էլ չմարող եռանդով ու աշխատասիրությամբ շարունակում է իր շնորհակալ ու հայրենանվեր գործը, նախանձելի ջանասիրությամբ լավ գործեր ու նոր նախաձեռնություններ կյանքի կոչում, ակտիվորեն մասնակցում հայրենասիրական ձեռնարկումների ու միջոցառումների: Եվ, այդուհանդերձ, այսքան զբաղվածության ու բազմակողմանի գործունեության հետ, Լ. Միրզոյանը հայրենի Տավշո աշխարհի, իր սիրելի ծննդավայրի հետ է` պատրաստակամ ծառայելու նրան եւ հնարավոր ամեն ինչով օգտակար լինելու համերկրացիներին: Այո՛, սիրտը հայրենի եզերքի, բնօրրանի զարմանալի գեղեցկությամբ բնության գորովագութ ու սիրասուն գրկում է…