Շաբաթներ առաջ աշխարհն ականատես եղավ հերոսական մի դրվագի։ Չնայած Միխալիս Պրոտոպսալտիսն իրեն հերոս չի համարում՝ ասելով, որ այն, ինչ ինքն է արել, կաներ իր տեղում գտնվող ցանկացած մարդ, այնուամենայնիվ, աշխարհն այդպես չի կարծում։ Շինարարական ընկերության սեփականատերը կռունկ է ուղարկել Կիտիրայի ժայռի գագաթ՝ փրկելու 80 աֆղան ներգաղթյալների, ովքեր կյանքի գնով էին գոյատեւում ժայռի ներքեւի ջրերի մեջ: Երեք ժամ է պահանջվել վերջին փախստականին փրկելու համար։ Սակայն, դժբախտաբար, կային տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ովքեր չէին փրկվել ու ընկել էին ծովը ատամնավոր ժայռի վրայով իջնելիս:
Կղզում տեղի ունեցած դեպքից գրեթե երեք շաբաթ անց 66-ամյա Մ. Պրոտոպսալտիսը պարգեւատրվել է Աթենքի ծովային ուժերի նախարարության կողմից, հատուկ արարողության ժամանակ։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անձամբ է զանգահարել նրան՝ իր ակնածանքն արտահայտելու ու շնորհակալություն հայտնելու։
Պրոտոպսալտիսի խոսքերով՝ դա դժոխային, սարսափելի տեսարան էր. քամին սուլում էր, եւ ծովի ալիքներն այնքան մեծ էին, որ փախստականները ժայռի հատակին մի կերպ էին կարողանում անշարժ մնալ, որպեսզի ալիքներն իրենց կուլ չտային։
Միջազգային ամբողջ մեդիադաշտը ողողված է հույն հերոսի մասին տեղեկություններով եւ անձնուրաց աշխատանքով։