2016 թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին եւ Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Երեւանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին՝ նշեց, որ քառօրյա պատերազմում իր որդին եւ բոլոր տղաները տվել են իրենց ամենաթանկը՝ կյանքը՝ հանուն հայրենիքի. «Արցախը մեր սրբավայրն է, ես երախտիքի խոսք եմ ուզում ասել ի դեմս Արցախի նախագահի՝ Արցախի ժողովրդին, մեր զավակների արած գործն ու սխրանքը գնահատելու ու արժեւորելու համար: Սա գնահատանք է, արժեւորումն է մեր տղաների գործած սխրանքի: Իսկ մեզ՝ ծնողներիս, սա օգնում է, որպեսզի կարողանանք ապրել»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 116-րդ դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թ. ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում. «Հակառակորդը, չունենալով շոշափելի առավելություն, ընդունեց զինադադարի պայմանները, եւ դա մեր հերոս տղաների շնորհիվ: Ես խոնարհվում եմ իրենց առաջ: Այս պարգեւատրության արարողությունը վաղուց էինք պլանավորել եւ մեր եզդի Քյարամի պարգեւատրումը ցանկանում էինք իրականացնել եզդիների ազգային որեւէ մեծ տոնի ընթացքում՝ իրենց հայրենակիցների ներկայությամբ, բայց, կարծես, ամեն անգամ որեւէ բան խանգարում էր: Այսօրվա ընտրված վայրն էլ ոչ պակաս խորհրդանշական է. այն տեղի է ունենում Արցախի Հանրապետության երեւանյան ներկայացուցչության գրասենյակում: Սա Արցախի ժողովրդի շնորհակալությունն է բոլոր մեր հերոսներին եւ մեր եզդի եղբայրներին ու քույրերին»:
Արցախի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայր Համիկ Սլոյանն իր խոսքում նշեց, որ միշտ հպարտացել են իրենց եղբոր սխրանքով. «Միշտ հպարտացել ենք ոչ միայն Քյարամով, այլեւ մեր բոլոր հերոսներով, քանի որ Քյարամի դեպքից հետո սահմանին զոհված յուրաքանչյուր զինվոր մեզ համար Քյարամ է: Իսկ կոչում շնորհելը կարեւորվում է նրանով, որ իրենց արած հերոսությունը գնահատվում է»:
Համիկ Սլոյանը պատմեց, որ իր որդուն անվանակոչել է եղբոր անունով, չնայած նրան, որ եղբոր բացը ոչինչ չի լրացնի, բայց փորձում են նրա կարոտը եւ բացը լրացնել փոքրիկ Քյարամով: