Գործադիրը մտադիր է փոփոխություններ ու լրացումներ անել 2012 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշումում։ Համապատասխան նախագիծն արդեն շրջանառվում է եւ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրված։ Փոփոխությունների հաստատումից հետո սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի։
Որոշ կետերի մասով, սակայն, ճիշտ կլինի ասել ոչ թե ընդլայնվում է, այլ՝ վերականգնվում։ Օրինակ՝ վերականգնվում է այն հիմնադրամների աշխատողների` սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, լինելով ՊՈԱԿ-ի աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն երբ ՊՈԱԿ-ները վերակազմակերպվել ու դարձել են հիմնադրամներ, աշխատողները դուրս են մնացել սոցփաթեթի շահառուների ցանկից։
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկը լրացվում է նոր պետական կազմակերպություններով (դպրոց, վարժարան, որ ուսանում են հանրակրթական ծրագրերով), որպեսզի նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ լինեն։ Միաժամանակ ավելի է հստակեցվում սոցփաթեթի հատկացման կարգը՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։
Սոցփաթեթի շրջանակի «ընդլայնում» ասվածը շահառուների ի՞նչ թիվ է ենթադրում, հատկապես ո՞ր դպրոցների ու վարժարանների եւ ինչ հստակեցումների մասին է խոսքը։ Դարձյալ ըստ ԱՍՀ նախարարության` սոցփաթեթի շահառուների շրջանակը կընդլայնվի 538 շահառուով, ինչի համար ամեն տարի կպահանջվի 38.7 մլն դրամ։ Այսպիսով՝ սոցփաթեթի շահառու կդառնան, ինչպես վերեւում նշեցինք, հիմնադրամները։ Մասավորապես՝ Ծաղկունք բաց դպրոցը (57 շահառու), Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը (67 շահառու), Երեւանի Գեւորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը (55 շահառու), Հայ-չինական բարեկամության դպրոցը՝ (72 շահառու)։
Սոցփաթեթի շահառու կդառնան նաեւ ավագ դպրոցներ, որոնք հանրակրթական ծրագրերով են, սակայն հանդես գալով համալսարանների կազմում եւ չունենալով առանձին կազմակերպաիրավական ձեւ` չեն կարողացել օգտվել սոցփաթեթի իրավունքից։ Դրանք են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցը (21 շահառու), Երեւանի պետական մանկավարժական համալսարանի թիվ 57 ավագ դպրոցը ( 51 շահառու), Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը (79 շահառու), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Երեւանի» ավագ դպրոցը (136 շահառու)։
Այս 538 շահառուների սոցփաթեթի առողջապահական բաղադրիչն ապահովելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի լրացուցիչ 18.5 մլն դրամ: Սակայն, ինչպես նշում է ԱՍՀՆ-ն, 2023 թ. պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի նշված անձանց շահառուների շրջանակում ընդգրկելու համար: Բանն այն է, որ պետական մարմիններում, որպես կանոն, թափուր հաստիքներով եւ կադրերի տեղաշարժով պայմանավորված որոշակի խնայողություններ կան, հետեւաբար` սոցփաթեթի շահառու կազմակերպությունների գծով 2023 թ. համար 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծով նախատեսված միջոցների վերաբաշխմամբ հնարավոր կլինի սոցփաթեթի նոր շահառուների համար ապահովել պահանջվող 57.2 մլն դրամը (38.7 +18.5 մլն դրամ)։
Գանք հստակեցումներին։ Օրինակ՝ սոցփաթեթի շահառուների համար սահմանված է սոցփաթեթի պահպանման երաշխիք այն դեպքում, երբ աշխատողը մեկ սոցփաթեթի շահառու կազմակերպությունից մեկ ամսվա ընթացքում տեղափոխվում է մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպություն աշխատանքի։ Սակայն երաշխիքի հետ կապված շատ հարցադրումներ են լինում այն դեպքերի մասով, երբ շահառուն ոչ թե այլ կազմակերպությունում է անցնում աշխատանքի, այլ միեւնույն կազմակերպությունում է անցնում այլ աշխատանքի։ Նախագծով նույնական մեխանիզմներ են հստակ ամրագրվում նաեւ նշված դեպքերի համար, որպեսզի տարընկալումներ չլինեն։ Նույն երաշխիքի հետ կապված մեկ այլ խնդիր է ծագում այն դեպքերում, երբ անձն ունի այդ երաշխիքը, բայց մի քանի ամիս հետո է տեղեկանում եւ դիմում իր նոր աշխատավայրի գործատուին, որպեսզի կարողանա օգտվել այդ երաշխիքից։ Այս առումով խնդրահարույց է այն հանգամանքը, որ սոցփաթեթի գումարները սոցփաթեթի շահառու կազմակերպությունների համար պլանավորված գործում են միայն մեկ բյուջետային տարվա կտրվածքով եւ բյուջետային տարվա ավարտին հետ են փոխանցվում բյուջե։ Հետեւաբար, այն պարագայում, երբ աշխատողը դիմած է լինում հաջորդ բյուջետային տարում, գործատուն հնարավորություն չի ունենում իրացնելու վերջինիս երաշխիքը։ Նաեւ՝ սոցփաթեթի շահառուների իրավունքի ծագման մասով ընդհանուր պայման է նախատեսված 6 ամսվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունենալու պայմանը, սակայն գործատուի համար սոցփաթեթի փոխանցման պարտավորություն է նախատեսված այն ամսաթվից սկսած, երբ աշխատողը սահմանված կարգով դիմել է գործատուին իր սոցփաթեթի իրավունքից օգտվելու համար։ Մի խոսքով` խնդիրը լուծելու եւ սոցփաթեթի կարգով հստակ ընթացակարգի ամրագրման համատեքստում նախագծով առաջարկվում է, որ մեկամսյա ժամանակահատվածում այլ աշխատանքի ընդունվելու կամ տեղափոխվելու դեպքում սոցփաթեթի պահպանման երաշխիքը իրացվի սոցփաթեթի փոխանցման համար նոր աշխատավայրի կամ նույն աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում դիմելու ամսաթվի հիման վրա։
Գործադիրի հավանությանն արժանանալուց հետո որոշումն ուժի մետ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի (վարժարաններ, ավագ դպրոցներ), որն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։