Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ընկան տղերքը, որ հողը մնա-2

Նոյեմբերի 25, 2022
Սոցիում
Ընկան տղերքը, որ հողը մնա-2
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
235
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեկ շաբաթ անց Բերդաձոր հասանք նույն խմբով արդեն ուղղաթիռով եւ Նոր Հաճնի ջոկատի տղաների հետ։ Մոտ 5 ամիս մնացինք Բերդաձորում։ Մեր ջոկատով միացանք Բերդաձորի Ծաղկաձոր գյուղի տղաներին, ովքեր հիմնականում բնակվում էին Նոր Հաճնում եւ Աբովյանում, սակայն եկել էին հայրենի երկիրն ու իրենց ծնողներին, պապ ու տատերին պաշտպանելու։

Այն ժամանակ Ծաղկաձորը, Կանաչ Թալան Եղցահող համայնքի կազմում էին։ 3 գյուղերն ունեին գյուղխորհրդի գրասենյակ, որը ղեկավարում էր Արտուշ Զախարյանը, ով բնակվում էր Ծաղկաձորում, եւ ում տանը մենք սնվում էինք։ Մեզ հետ էին նաեւ Արտուշի որդիները՝ Ալյոշան ու Արթուրը, Իսախանյան եղբայրները՝ Սերժիկն ու Ռուդիկը, Շիրակ Չոբանյանը, Գագիկը։ Այդ ժամանակ Ծաղկաձորում փորձում էին կառուցել Նոր Հաճնում գործող ճշգրիտ քարերի գործարանի մասնաճյուղը։ Նշածս տղաներն աշխատում էին Նոր Հաճնի գործարանում եւ եկել էին իրենց գյուղում հիմնելու աշխատատեղ, որը այդպես էլ չիրականացավ։ Իհարկե, հիմնական նպատակը գյուղի պաշտպանությունն էր։ 1990 թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին բազում իրադարձություններ տեղի ունեցան Բերդաձորում։ Թշնամին մշտապես գիշերային հարձակումներ էր կատարում, ընթացքում տարան Եղցահողի կոլտնտեսության մոտ 300 կովերը։ Այս անգամ բավարարվել էին անասնապահներին ծեծելով միայն։ Շուշիի պարետը՝ խորհրդային բանակի մայոր, եկավ, խոստացավ՝ հետ կբերեն անասունները, սակայն դա հերթական սուտ խոստումն էր։ Ի պատասխան թուրքերի գողության՝ մենք էլ պահեցինք Կանաչ Թալա գյուղի թուրքերի այծերը (եթե չեմ սխալվում, 18-ն էին), որոնք մշտապես իջնում էին մեր գյուղի տարածք։ Ցանկացանք դրանք տալ գյուղերի բնակիչներին, սակայն ոչ ոք չուզեց իր տանը պահել այսպես ասած` «հարամ» ապրանք։ Ստիպված բաց թողեցինք այծերը, մի քանիսը միայն մորթեցինք շտաբների (յուրաքանչյուր գյուղում կար 1 շտաբ) համար։ Հաճախ էին Շուշիի ոստիկանության աշխատակիցները՝ խորհրդային զինվորների պաշտպանությամբ, գալիս Բերդաձոր, Ծաղկաձոր՝ համոզելու բնակչությանը, որ հանձնեն զենքերը, հեռացնեն ազատամարտիկներին եւ այլն։

Լաչին-Շուշի ճանապարհն անցնում էր Ծաղկաձորով՝ մեր շտաբի տակով։ Երբեմն պայթուցիչներ էին շպրտում թուրքերը՝ անցնելով մեր շտաբի մոտով։ Մենք հիմնականում գյուղի տարածքը հսկում էինք գիշերները, իսկ ցերեկները որոշ ժամանակ հանգստանում էինք մեր շտաբում, հետո մտնում մոտակա անտառ, որպեսզի չերեւանք թուրքերի ու խորհրդային զինվորականների աչքերին։ Մի քանի օր էլ աշխատեցինք. մոտ 3 կմ հեռու գտնվող աղբյուրի ջուրն առվակով հասցրեցինք գյուղ։ Այցելում էինք ենթաշրջանի մնացած գյուղեր, ծանոթացանք այլ ջոկատների տղաների հետ, ընկերացանք, հարազատացանք։ Այդ օրերին նաեւ հարսանիք եղավ Եղցահողում։ Ամբողջ Բերդաձորը մասնակից եղավ ուրախ տոնախմբությանը։ Ընթացքում եղավ նաեւ պահ, որ գյուղում սննդի պակաս զգացվեց, ՀԱԲ-ի կազմի մեր ջոկատի հրամանատար Իշխանն ուղղաթիռով սնունդ բերեց, մի քանի օր մնաց մեզ հետ։ Նոյեմբերի 14-ին հերթական անգամ Ծաղկաձոր եկան Շուշիի ոստիկաններն ու խորհրդային զինվորները։ Եկել էին հսկելու թուրք բանվորներին, ովքեր մեր գյուղից պետք է բնական գազ հասցնեին Կանաչ Թալա։ Գյուղի գազատար խողովակն անցնում էր մեր շտաբի պատի տակով, որտեղ էլ թուրքերը եռակցման աշխատանք էին կատարում։ Մտածեցինք, թե ընթացքում նաեւ անձնագրային ռեժիմի ստուգում կիրականացվի, բայց չեղավ։ Այդ օրը ուրբաթ էր, եւ վերջացել էր նաեւ մեր հերթապահության ժամկետը, եւ ես, Արթուրը, Ստեփանն ու Արսենը պետք է վերադառնայինք Երեւան։ Այդ ժամանակ յուրաքանչյուր ուրբաթ օր ավտոբուս էր աշխատում Ստեփանակերտից Բերդաձոր եւ հակառակ ուղղությամբ։ Ավտոբուսն ուղեկցում էին խորհրդային բանակի զինվորականները՝ դիմաց եւ հետեւից գնում էին մեքենաներ՝ զինվորներով լի կամ զրահամեքենաներ, իսկ ավտոբուսի մեջ նստում էին 3-4 ավտոմատավոր զինվորներ։ Այնուամենայնիվ՝ Լիսագորում, Զարիսլիում, Շուշիի մոտակայքում թուրքերը մշտապես քարկոծում էին վարորդ Վագիֆի «ՊԱԶ» ավտոբուսը, երբեմն՝ գնդակոծում, մեքենաներ քշում վրան եւ այլն։

Երբ շարժվեց մեր ավտոբուսը դեպի Ստեփանակերտ, հետեւից եկավ նաեւ ադրբեջանցի ոստիկանների «Վիլիսը»։ Մտածում էինք, որ հնարավոր է՝ Շուշիի տակ մեզ իջեցնեն, քանի որ տեսել էին, որ նստել ենք ավտոբուս։ Բարեբախտաբար, նման բան չեղավ։ Հասանք Ստեփանակերտ, գիշերեցինք Գագիկենց տանը։ Երեկոյան պետք է լուծեինք հացի խնդիրը։ Մի քանի ժամ պտտվեցինք հացի գործարանի պատերի տակ, մինչեւ հաջողվեց հաց ճարել։ Հաջորդ օրը պետք է Արսենին ու Ստեփանին ուղարկեինք Երեւան, իսկ ես ու Արթուրը որոշել էինք մի քանի օր մնալ, այցելել Գանձասար ու Ամարաս։ Ամռանը, երբ մեզ Ստեփանակերտի օդանավակայանում տարան պարետատուն, նաեւ գրանցեցին մեր անուն-ազգանունները, որ այլեւս Ստեփանակերտ չայցելենք. բռնվելու դեպքում կկալանավորվեինք։ Օդանավակայանում ենք. շատ ուղեւորներ կան, իսկ օդանավն ուշանում է։ Նյարդայնացած են մարդիկ, սպասում են… Հաջողվում է ձեռք բերել 2 տոմս, բայց միեւնույն է՝ օդանավ հասնելը խնդիր էր։ Օդանավակայանի մուտքի մոտ հսկող խորհրդային զինվորը, չգիտեմ ինչ պատճառով, ձեռքի սարքից արցունքաբեր գազ էր փչել դիմացի ժողովրդի վրա, որոնց մեջ էր նաեւ հղի երիտասարդ մի կին։ Ամուսինը զինվորի գլխից հանեց գլխարկը եւ դրանով սկսեց հարվածել։ Այդ պահին մեր ընկերներից Արսենը, ով դեռ 17 տարեկան էր, սակայն բավականին հաղթանդամ, մոտեցավ ու հարվածեց խորհրդային զինվորի կրծքին, որը հետ-հետ գնաց։ Մոտեցան այլ զինվորականներ, բայց, վախենալով երեւի բնակչության ցասումից, միայն հետ քաշեցին Արսենին ու կնոջ ամուսնուն։ Վերջապես մեր ընկերներին հաջողվեց մտնել օդանավակայան եւ նստել օդանավ, որի միայն թռիչքից հետո հետ գնացինք Ստեփանակերտ՝ վստահ, որ անփորձանք տեղ են հասնելու Արսենն ու Ստեփանը։ Երեկոյան ես ու Արթուրը Շահումյանի շրջան գնացող ավտոբուսով մեկնեցինք Գանձասար։ Ճանապարհին զրուցեցինք վարորդի հետ, ծանոթացանք։ Իմանալով մեր ով լինելը՝ վարորդը ճանապարհածախս չվերցրեց։

Խաչենագետի մոտակա խաչմերուկից ոտքով հասանք Վանք գյուղ։ Սոված էինք, ցանկացանք տարածքի սննդի կետերից մեկում հաց ուտել։ Ներս մտանք, 4-5 տղամարդ էին սեղանի շուրջ նստած։ Մեզ էլ հրավիրեցին՝ ասելով, որ այլ ուտելիք չկա։ Միասին ընթրեցինք, մի քանի բաժակ թթի օղի վայելեցինք, ծանոթացանք, երգեցինք։ Եղան նաեւ պարողներ։ Այդպիսի բարձր տրամադրությամբ բարձրացանք Գանձասարի վանք։ Արդեն մթնել էր, որ ծեծեցինք վանքի դարպասը, որը բացեց պահակը՝ նույնպես գինովցած։ Հետաքրքրվեց՝ ո՞վ ենք, ի՞նչ գործ ունենք գիշերով վանքում։ Ներկայացանք, սակայն պահակը չէր ուզում ներս թողնել։ Այդ օրերին վանքում երեւանցի շինարարներ էին աշխատում. սկսվել էին հիմնանորոգման աշխատանքները, մնում էին վանքում։ Շինարարների ղեկավար վարպետը, ով Ավան թաղամասից էր, նույնպես մոտեցավ եւ մեզ ներս հրավիրեց։ Ծանոթացանք, զրույցի ընթացքում տեղեկացանք, թե ինչ աշխատանքներ են կատարել։ Ընթրեցինք, թեյ ու գինի ըմպեցինք։ Այդ ամբողջ ընթացքում գրեթե հարբած պահակն անհանգիստ էր. մեզ լրտեսի կամ ահաբեկիչի տեղ էր դրել։ Անընդհատ հարցեր էր տալիս։ Ստիպված ցույց տվեցի անձնագիրս։ Շինարար-վարպետը ջղայնացավ պահակի վրա, եւ վերջինս գիշերվա կեսին որոշեց տուն գնալ։ Առավոտյան շրջեցինք վանքի տարածքում, լուսանկարեցի։

Թեգեր: ԱրցախԲերդաձորպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

«Աղվոր էր, շա՜տ աղվոր…»

Կանգառները… փոքրանում են

Կանգառները… փոքրանում են

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    434 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    60 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    304 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist