2023 թ. փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարել՝ բացառապես բանկերի միջոցով։
«Պետական նպաստների մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ-ն։ Եթե հաջորդ՝ դեկտեմբերյան ընթեցմամբ էլ ընդունվի, ապա փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) քաղաքացիները կստանան միայն բանկերի միջոցով։ Այս մասին «ՀՀ»-ն տեղեկանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Փաստորեն՝ փոստային կապի ազգային օպերատորն այլեւ չի՞ կարող դա անել։ Նախարարության պարզաբանման համաձայն՝ ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Սակայն ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան որոշմամբ՝ ազգային օպերատորը 2023 թ. փետրվարի 1-ից չի կարող կենսաթոշակները (նպաստները) անկանխիկ եղանակով վճարել ներկայիս կարգով։
Ըստ այդմ, ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակի (նպաստի) վճարումը նախընտրած բանկի միջոցով շարունակելու համար։ Աշխատող քաղաքացիները կարող են դիմել նաեւ առցանց՝ «www.socservice.am» կայքէջի միջոցով, բայց եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։
Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե քաղաքացին չդիմի մինչեւ փետրվարի 1-ը։ Ըստ պատկան կառույցի, մինչեւ 2023 թ. փետրվարի 1-ը չդիմելու (ազգային օպերատորի փոխարեն բանկ չընտրելու) դեպքում՝ փետրվար ամսվա կենսաթոշակի (նպաստի) վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելու համար համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) քաղաքացու փոխարեն կընտրի որեւէ բանկ։ Իհարկե, քաղաքացին ցանկացած ժամանակ կարող է դիմել (աշխատող քաղաքացին՝ նաեւ առցանց) կենսաթոշակի կամ նպաստի ստացման եղանակը կամ բանկը փոխելու համար։
Մեկ այլ հարց էլ է ծագում՝ կարգավորում տրվա՞ծ է այն կենսաթոշակառուների կամ նպաստառուների խնդրին, որոնք հաշմանդամություն ունեն եւ գումարի ստացման անկանխիկ եղանակն իրենց հարմար չէ։
ԱՍՀ նախարարության տվյալներով՝ կշարունակեն գործել կենսաթոշակը (նպաստը) կանխիկ եղանակով վճարելու՝ օրենքով սահմանված բացառությունները։ Այսինքն՝ քաղաքացու ընտրությամբ (դիմումի հիման վրա)՝ կենսաթոշակը (նպաստը) կարող է կանխիկ կամ անկանխիկ եղանակով տրամադրվել, եթե վերջինս առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է: Եթե քաղաքացին ցանկանում է փոխել պատահականության սկզբունքով ընտրված բանկը, կամ քաղաքացին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է եւ կենսաթոշակը (նպաստը) ցանկանում է ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով, ապա նա պետք է դիմի ՄՍԾ տարածքային բաժին։
Արդյո՞ք այս փոփոխությունները հարմար են, ենթադրենք, գյուղերում ապրողների համար, այն է՝ բոլո՞ր գյուղերում կան բանկոմատներ, կամ կա՞ այն բանկի բանկոմատը, որն ուզում է քաղաքացին, թե՞ ստիպված պետք է լինի մի քանի գյուղ այն կողմ կամ մարզկենտրոն հասնել թոշակ կամ նպաստ ստանալու համար, ի՞նչ անհարմարություններ կլինեն, ցույց կտա նշյալ օրենքներում փոփոխությունների կիրառման ընթացքը։