«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը անկախ հետազոտող Վազգեն Գեւորգյանի հետ
-Մինչեւ այժմ շատ է գրվել առհասարակ բասկերի եւ Կովկասի միջեւ առնչությունների մասին: Բազմաթիվ հոդվածներ կան, որոնք փորձում են լուսաբանել բասկերի ծագման գաղտնիքը: Ստվար թվով աշխատություններ միտված են ապացուցել վրացիների բասկերից առաջացման միտքը: Ոչ պակաս թվով են այն նյութերը, որոնք լուսաբանում են հայերի եւ բասկերի միջեւ առկա ընդհանրությունները: Տեղեկացանք, որ այս հարցի շուրջ Դուք էլ Ձեր ուսումնասիրություններն եք կատարել։ Կպատմե՞ք, ի՞նչ հետաքրքիր եզրահանգումների եք հանգել։
-Այո, վերջին տասնամյակները նշանավորվեցին բազմաթիվ հետազոտական աշխատություններով, երբ տասնյակ առաջադեմ հետազոտողներ կոտրելով, այսպես ասած, «ֆունդամենտալ» պատմագիտության կողմից ընդունված քարացած տաբուները, լծվեցին հնագույն քաղաքակրթությունների առեղծվածների գաղտնազերծման գործին: Հանգամանքների, թե ճակատագրի բերումով, 2000-ից ի վեր իմ գործունեությունը նույնպես հանգեց նույն խնդրի բացահայտման գործին։ 2014 թ. կայացավ մեր առաջին հանդիպումը հռչակավոր հետազոտող Գրեմ Հենկոկի եւ նրա տիկնոջ՝ Սանտա Ֆայայի հետ: Իսկ մեր հանդիպման գլխավոր պատճառը Օրիոն-Հայկ աստեղատունն էր՝ հնագույն քաղաքակրթությունների երկնային գլխավոր համաստեղությունը։ 2015 թ. կրկին հանդիպեցինք, եւ այս անգամ էլ մեր հանդիպման գլխավոր ենթական Օրիոն-Հայկն էր եւ նրա երկրային տեսանելիության ու նրա երկրային տեսանելիության «հայտնության» օրը՝ Հայտօրը, օգոստոսի 11-ը։
Հայկ-Օրիոնի հայտնությունը կամ հելիակալ ծագումը դիտարկեցինք Քարահունջ հնամենի աստղադիտարանից (ըստ Պ. Հերունու՝ Ք. ա. 7.500 տ.։ Այլ դիտարկումներով` ավելի քան 30 հազար տարեկան), որի աստղագիտական ցուցիչն էր Քարահունջ աստղադիտարանի գլխավոր աստղադիտակ 63-րդ քարը, որի դիտարկման բացվածքը գերճշգրտորեն միտված է երկնային այն հիմնակետին, որտեղ հայտնվում են Հայկ-Օրիոն համաստեղության Օրիոնի Գոտու երեք աստղերը, երկնային Հասարակածի հետ համատեղ։ Օգոստոսի 11-ի լույս առավոտյան, ուղիղ ժամը 04:00-ին՝ Հայկ-Օրիոնի ծագումը, այսինքն, նրա երկրային տեսանելիություն-հայտնությունն այն է, երբ վերջինս «դուրս» է գալիս Սյունյաց լեռների տակից եւ հայտնվում լեռնապարի երկրային բեմահարթակի վրա, այսինքն` ուղղահայաց ձգվածությամբ կանգնում է լեռնագագաթային հատվածում։
Այժմ բասկերի առեղծվածի մասին։ Անհիշելի ժամանակներում բասկերը եկել են այն երկիրը, որն անվանել են «Արմենտեղիյա», իսկ հետո նաեւ «Նավարա», որը հստակ գաղափարական առնչություններ ունի «Հայկյան բուն տոմարի»՝ Նավասարդ Ամանորի տարեսկզբնավորման ամսի անվանման հետ:
Բասկ հայերեն հնչունաբանվում է որպես «բազկացի». որեւէ ցեղին յուրահատուկ, միայն իրեն բնորոշ տեղավայրի կամ հատկության անվանում (օրինակ՝ Ղարս-ղարսեցի, Երեւան-երեւանցի եւ այլն)։ Իսկ ըստ Ագաթանգեղոսի ստուգաբանության՝ «բազկացի», որի հիմնարմատն է՝ բազկ-բազուկ, նշ. է «թեւով» (այսինքն` պիրկ մկանուտ, բազկի ուժով-ուժեղ, զորեղ մարդ-մարդիկ)։ Համադրվում է «Արմենիա» բառի տրամաբանության հետ, քանի որ «Արմն» հյ. նշ. է հիմք առնել, «արմունկի»-«բազկի»-«թեւ»-«թեւքի» հիմնավորման կետ, «ուս»։
Եվ վերջապես մեր Արեւային համակարգի տիեզերական «հասցեն» է՝ Հայկի թեւքը- Orion Arm.։ Բասկերի նախապապ Հայտօրը բասկերին առաջին հերթին տվեց ժամանակի տարեհաշվարկման կարգացուցակ՝ օրացույց-կալենդարը։ Բասկերի ժողովրդագրական հիշողությունը փաստում է նաեւ հետեւյալ բառիս բուն իմաստով մարգարեությունը («Մարգարե»-ըստ աստղագետ Ա. Շիրակացու նշ. է «աստղագետ»)։
Առ այն, որ «բասկերի նահապետ Հայտօրը Արալար լեռան քարանձավներում թաքցրել է անգնահատելի գանձեր, եւ այն օրը, երբ բասկերը կհայտնաբերեն այդ գանձերը, կգա բասկերի «Աստեղային ժամը»։ Սա ցնցող մարգարեություն է։
Վերջերս հայկական «Arm News» հեռուստաընկերությունը ցուցադրեց ռեժիսոր Արտակ Ավդալյանի «Հայեր-բասկեր» ֆիլմը։ Մեջբերենք սույն ֆիլմից, բասկագետի ուղիղ խոսքի տեքստից հատվածներ. «Երբ բացում ենք պատմության մութ էջերը պարզվում է, որ մարդկության պատմության 30 հազար տարիների ընթացքում Հայաստան աշխարհը մեր աչքերի առաջ պատկերվում է որպես մարդկության քաղաքակրթության հուշարձան։ Հայ անունը կրող ժողովուրդը (այսինքն՝ բասկերը եւ հայերը) մարդկային քաղաքակրթության մեջ վիթխարի հեղափոխության առաջամարտիկներն են… Քանզի ամեն բան սկսվելու է նորից, նոր դերակատարությամբ, նրանք աշխարհի հիշողությունն են եւ հայտնությունը»։
Այս խոսքերը լսելիս ամբողջ մարմինս ցնցվեց, քանզի առայժմ միակն եմ, որ խորապես հասկացա այս իմաստուն եւ խորագետ մարդուն։ Բասկեր, հեռուներում ապրող, hայ ազգային տիեզերագիտակցության եւ մարդկային հիշողության ու հայտնության, այսինքն Մեծն ժամանակի պահապաններ, եկել է Հայտօրի պատգամի Աստեղային ժամը, Արարատ-Արալար՝ Հայ-լեռից, օգոստոսի 11-ին կծնվի համայն մարդկության երկնային նախապապը՝ Հայտօր-Հայկ-Օրիոն համաստեղությունը, եւ կճշգրտվի Ժամանակը, մարդկության քաղաքակրթության կորուսյալ բնականոն ընթացակարգի շունչը, տեմպը, ռիթմը եւ հարմոնիան։ «Քանզի ամեն բան սկսվելու է նորից, նոր դերակատարությամբ»։
Հավելեմ նաեւ, որ ավանդապատման ենթատեքստը մեզ հուշում է, որ տվյալ աստղային դիտարկման համար Արալար սարի որեւէ տեղանքում պետք է լինի դիտարկման հիմնակետ կամ տաճար, կամ սյուն, կամ էլ որեւէ քարային կոթող: Իհարկե, այդ խնդրի պարզաբանումը հետագայի հարց է։
Բասկերը իրենց կոչում են Էուսկալդուն, բառարմատային վերլուծությամբ հասկանանք, թե ինչ է դա նշանակում։ Ուս-հյ. նշ. «թեւքի» (բազկի) սկզբնավորման (միաժամանակ շրջապտույտի եւ հիմնավայրի) «ուս» նշ. է ուսմունք եւ բառակազմում է «ուսմունք», «ուսյալ», «ուսանող» բառերը։ Բոլոր բառերն էլ ուսուցման կամ ուսմունքի իմաստով են… «Ուս»-նաեւ նշ. է «սարի լանջ» (Արցախի բարբառով «ուսակ»)։
«Կալ»-հիշենք, որ հները Օրիոն-Հայկ համաստեղությանը կոչել են «Հացի տուն», իսկ հնում եւ մինչեւ հիմա էլ հայերի համար անխախտ օրենք է, որ ցորենը պետք է հավաքեն, կալսեն մինչեւ օգոստոսի 11-ը, որից հետո միայն սկսեն նավասարդյան տոնակատարությունները։
«Դու»-ն այսօր էլ սասնա, մշո, համշենահայերի բարբառով հնչունաբանվում է «դուն» եւ նշ. է «տուն»։ «Է». ամենայն հավանականությամբ հյ. «ի» հնչյունն է, որը բառասկզբում ցույց է տալիս միտում, հատկանշում՝ «ի լույս», «ի դեմ», «ի զեն» եւ «էուս» նշ. է միտված, հիմնավորված, սկզբնավորված «ուս-ից»։ Ուրեմն ստացանք «է-ուս-կալ-տուն»։ «Է-ուս»-միտված երկնային հիմնարմատի առանցքակենտրոն. Orion Arm-Հայկի թեւքին. բազկ-էուսկալդուն-Ժամանակի (կալենդարի), տիեզերական հիմնարար օրենքների դուն-տուն, տան պահապան Ժողովուրդ։ Արալար-տիեզերական էներգոինֆորմացիոն կապի սար. Բետելգեյզեն հյ. աստղագիտության մեջ ունի մի շարք անվանումներ, «Հայկի ուս», «Արայի աստղ», «Լուսափայլ», «Ադահեր-Ադրահեր»-հուր հեր ունեցող (Վահագնի աստղ) եւ այլն։
-Ի՞նչ է նշանակում «Ջրհոսի» դարաշրջանը, եւ ինչո՞ւ է հենց հայերին ու բասկերին տրված բացահայտել հնամենի ուսմունքը։
-«Ջրհոսի» դարաշրջանը հատկապես կարեւորվում է, քանի որ մարդկային քաղաքակրթության բոլոր ժամանակների եւ ուսմունքների մարգարեությունները միաժամանակ պնդում են, որ մարդկության «Ոսկե դարը» վերջապես սկզբնավորվելու է «Ջրհոսի» դարաշրջանում: Եվ որ «Ոսկե դարը» կկայանա այն դեպքում եւ այն ժամանակ, երբ մարդկային գիտակցությունը նորեն կբացահայտի եւ ի հայտ կբերի (Հայտօր) երբեմնի իմացյալ, բնագիտական, այսինքն` տիեզերագիտական, հնամենի «առեղծվածային» եւ մոռացության տրված մի ուսմունք: Եվ հենց այդ դեպքում է, որ հատկապես կարեւորվում են հայերը եւ բասկերը։ Քանզի, անկախ այն պարագայից, որ ներկայումս ինչ-ինչ պատճառներով (չհատկանշենք պատճառները) տեղյակ չեն իրենց երբեմնի հզոր եւ տիեզերաճանանչ պատմագիտական անցյալին: Բայց եւ այնպես, վերջիններիս եւ լեզուն, եւ մշակույթը պահել-պահպանել են այն հիմնարար գաղափարի տեսլականը, որի վերգիտակցման շնորհիվ է, որ կգա, կվերարժեւորվի հայեր-բասկերի եւ նաեւ համայն մարդկության «Աստեղային ժամը»։
-Ե՞րբ են, ըստ Ձեզ, հայերը դեպի Պիրինեյները տանող ճանապարհն ընտրել։ Ի՞նչ հանգամանքների ներքո, ինչպե՞ս եւ ինչո՞ւ։
-Հայոց ավանդապատումների տարբեր աղբյուրներում հիշատակվում է, որ երբեմնի Հայոց աշխարհը գերհագեցած է եղել ազգաբնակչությամբ, որը եւ բնականաբար միգրացիայի, աշխարհի տարբեր ծեգեր ազգաբնակչության սփռման պատճառ է դարձել (Մ. Խորենացի, «Հայոց դիցաբանություն» եւ այլն)։ Կան հավաստի տվյալներ, որ մոտ 11 հազար տարի առաջ ողջ Եվրոպան, Ռուսաստանը, մինչեւ Կովկասյան լեռնաշղթա պատված են եղել հավերժական սառույցներով եւ մարդկային կենսագործունեության համար պիտանի չեն եղել: Մեծ հալոցքը սկսվել է հենց 11 հազար տարի առաջ եւ քիչ առ քիչ այդ տարածքները դուրս են եկել սառույցների կապանքներից: Հայաստանյան առաջին «միգրանտները» եղել են բեզոարյան այծերը, որոնք կանխազգալով այդ կլիմայական փոփոխությունները, գնացել են նոր արոտատեղիներ նվաճելու եւ նրանց ետեւից էլ մարդն է գնացել, հասկանալով եւ վստահելով կենդանական բնազդների, կանխազգացումային կենսագիտակցության անսխալականությանը: Սակայն, ըստ իս, կա մի շատ կարեւոր այլ հանգամանք, որը քաղաքակրթական տիրույթում է: Դա աստղային գերճշգրտությամբ ժամանակի սինքրոնությունը ապահովող, անսխալական ժամանակացույցի («կալենդարի») ողջ աշխարհով մեկ տարածման խնդրականի կատարման նախապայմանն է դարձել: Հիշենք, որ բասկերի նահապետ Հայտօրը տիրապետում էր տոմարական այդ գիտելիքներին եւ վերջինիս հաշվարկման համակարգային դրույթներին, որը նա որպես առաջնային գործոն ներդրեց բասկերի երկրում: Իսկ բասկերի միգրացիայի ժամանակագրության հարցում չէի շտապի։ Հարկավոր են ավելի ստուգաբանված տեղեկություններ եւ փաստարկներ։
-ԴՆԹ թեստավորումներն այսօր կարող են շատ կասկածանքներ փարատել։ Արդյո՞ք հնարավոր չէ նույն մեթոդով, օրինակ, հայերի եւ բասկերի միջեւ կապը հաստատել կամ հերքել։
-ԴՆԹ թեստավորումները անշուշտ բազմաթիվ հարցականների կասկածներ կփարատեն, անվիճարկելի եւ հավաստի փաստարկներ կհաստատագրեն, սակայն չգիտես ինչու եւ ինչ պատճառներով դա չի կատարվում։ Վերջերս ռուս գիտնականները հայտարարեցին, որ մարդկային ԴՆԹ-ի քրոմոսոմները պարունակում են տեքստեր, այսպիսով նրանք հաստատեցին, որ մարդն ունի նախածրագիր, եւ, իհարկե, այդպես պետք է լիներ, բերեմ մի պարզագույն օրինակ։ Այժմ, եթե խոսում ենք հայերի եւ բասկերի նույնականության եւ նախածրագրային դրույթների մասին, ապա հստակորեն կարելի է փաստարկել, որ մեր նույնականացման տիեզերական նախահիմքն է Հայկ համաստեղությունը։
-Ինչո՞ւ է կարեւոր բասկերի հայերից ծագելու փաստի հաստատումը, երբ գործնականապես մենք, կարծես թե, տարբեր ուղիներով ենք ընթանում։ Լեզվաբանական եւ անվանումային համընկնումները շատ մասնագետներ են գտել ինչպես անցյալում, նույնպես եւ մեր օրերին։ Իսկ ի՞նչ այլ նմանություններ եք տեսնում անձամբ Դուք՝ մտածելակերպի, գործելակերպի, մշակութային…
-Նախ, հայերը եւ բասկերը միեւնույն տոնայնության տարբեր նոտաներ են, այսինքն` արմատով նույնն են: Օրինակ, ասենք` դո մաժորում ենք, որտեղ առաջին նոտան, տոնիկան դոն է, սակայն եթե երաժշտալադով բարձրանանք վերեւ (Հայաստանից բարձրանանք Բասկոնիա), կդառնանք «մի» նոտան կամ սոլը, կամ էլ դարձյալ «դո», սակայն մեկ օկտավա վերեւ եւ այդպես շարունակ: Բոլոր դեպքերում էլ մենք կկազմենք հարմոնիկ ինտերվալներ եւ լրացնելով մեկմեկու` կստեղծենք հարմոնիկ եռահնչյուններ, կամ ավելին` նույն տոնայնության բոլոր նոտաների դեպքում էլ կստեղծվի հնարավորություն, կամ արարել մելոդիաներ, կամ էլ հարմոնիկ ակորդներ։ Այսինքն, սույն օրինակով ուզում էի ցուցադրել, որ արմատական նույնությունը եւ տարբերությունները անհրաժեշտ պայմաններ են արարման բազմազանության օրինաչափությունները եւ զարգացման-էվոլյուցիոն արարչական օրենքները պահպանելու համար: Եվ հակառակը՝ կորցնելով մեկմեկու, կորցնում ենք հոգեւոր ներդաշնակության տիեզերական օրինաչափությունների համակարգային դրույթները, եւ ամբողջի հոգեւոր հնչեղության ռեզոնանսի օրենքներն են խախտվում, բնության եւ տիեզերքի բնականոն սինքրոնացման կարգն է փլուզվում։
-Մի քանի տարի առաջ ես մասնակից էի Հին Հունաստանին նվիրված գիտաժողովի, որի ընթացքում գլխավոր բանախոսը լայնորեն օգտագործում էր տեսասալիկները եւ «վրացական» կոչեց հայկական այբուբենը։ Ես, բնականաբար, չհամբերեցի եւ տեղից նկատեցի, որ այդ այբուբենը ոչ թե վրացական է, այլ հայկական։ Այս դրվագը առիթ դարձավ ինձ համար մտածելու, որ բասկերին վրացական ծագում «շնորհելու» միտքը նույնպես կամային մեկնաբանության արդյունք է։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, թե՞ այլ վարկած ունեք։
-Այո, կարծում եմ, որ կամայականության հետեւանք է։ Նաեւ, որքանով էլ որ արդի ժամանակաշրջանը նշանավորվի անհարկի եւ անտրամաբանական վայրիվերումներով, միեւնույն է շատ շուտով գալու է ճշմարտության եւ արդարության Ժամանակը։
-Անգամ խորհրդարանական մակարդակով բասկերը շատ ակտիվ են հայանպաստ որոշումներով, եւ դրա վկայություններից են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախին սատար կանգնելու բանաձեւերը։ Ժամանակը չի՞ հասունացել մերձեցման ծրագիր մշակել։
-Այո, ժամանակն է։ Տիեզերքի պահանջատիրության պահն է ժամանել։ Հայ եւ բասկ ժողովուրդների ոգեղեն միասնության, վերագիտակցման պահի հրամայականն է հասունացել։
-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում։
-Առաջարկում եւ կոչ եմ անում մեր բասկ եղբայրներին, քույրերին եւ ողջ արդարամիտ, առաջադեմ մարդկությանը՝ հոկտեմբերի 5-ը հայտարարել «Տիեզերական արդարության եւ մարդկության միասնության միջազգային օր» եւ միասնաբար նշանավորել սույն տիեզերական բնականոն կայացումը Հայաստանում, մեր բոլորի իմաստասեր պապերի կողմից հիմնարկված հնամենի Քարահունջ աստղադիտարանում: Հայաստանն այն երկիրն է, ուր պետք է իր կյանքում գոնե մեկ անգամ այցելի ամեն մի եվրոպացի… Այստեղի տաճարների ժամանակը փոշիացրեցին ինձ։ Հայաստանը միակ վայրն է, որ վերափոխեց ինձ… եւ կարող եմ ասել, որ վերափոխեց ամբողջովին… Հազարամյակներն էին իմ թիկունքում, ես նրանց հետ էի… ես դա զգում էի, դա ժամանակն էր… Հայաստանը այն երկիրն է, որտեղ… ժամանակն է կառուցում տարածությունը…։ Ասել է իտալացի հայտնի սցենարիստ Տոնինիո Գուերան։ Մարդիկ, եկել է Հայկի ժամանակը եւ ժամանակն է համայնի արդարամիտ դատավորը…
Զրույցը վարեց Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆԸ