Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) իրականացրած հետազոտության եւ դրա հիման վրա մշակված Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն են քննարկվել Արցախի Հանրապետության պետական նախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստում, ինչը ենթադրում է Արցախի համայնքների կլաստերային զարգացում՝ թիրախավորելով երեք կարեւոր կետեր. ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացում եւ տնտեսական խթանների ստեղծում:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում ընդգծել է Արցախի զարգացման տեսլականի սահմանման կարեւորությունը՝ նշելով, որ հենց դրա հիմքի վրա է հնարավոր լինելու ձեւավորել պետական, հասարակական, մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը: «Վստահ եմ, որ միակ ճիշտ ճանապարհն Արցախում հասարակական, մասնավոր եւ պետական հատվածների միջեւ համագործակցության մոդելն է, որովհետեւ շատերն են ցանկանում աջակցել Արցախի ժողովրդին ու Արցախի ղեկավարությանը, եւ այդ առումով աշխատանքի համապատասխանեցման, համադրման խնդիր կա,- նշել է նա:- Թե Արցախի կառավարությունը, թե համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան: Սա միայն Արցախի խնդիրը չէ: Սա համահայկական խնդիր է: Արցախի ապագան, նրա անվտանգության ապահովումը, երկրի զարգացումը ոչ միայն արցախցիներիս, այլեւ ողջ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրն է»:
Պետնախարարը կարեւորել է ծրագրերի շուրջ բովանդակային քննարկումների ծավալումը՝ վստահություն հայտնելով, որ «դրանց արդյունքում կձեւավորվեն ավելի իրատեսական եւ Արցախի առաջնահերթություններին համահունչ ծրագրեր»:
ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն Արցախի ժողովրդին հուսադրելն ու հավատ ներշնչելն է առ այն, որ նրանք կարող են արարել, աշխատել եւ բարեկեցիկ կյանք ստեղծել: Նա նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացվող ծրագրերը կարող են նաեւ փոփոխությունների ենթարկվել. «Այս պրոդուկտը նախեւառաջ պատկանում է Արցախի կառավարությանը, իրենք են այդ կապող օղակը: Որպես ազգ՝ մենք մեր ռեսուրսներն ամենաարդյունավետ ձեւով պետք է օգտագործենք: Պետք է քննարկենք եւ հասկանանք, թե արդյոք ներկայացված ծրագրերը համապատասխանո՞ւմ են կառավարության այսօրվա առաջնահերթություններին: Ի՞նչ է պետք փոխել դրանք ավելի համահունչ դարձնելու համար»:
Նիստում «ՀԲԸՄ Հայաստան» կառույցի հետազոտող Հովսեփ Բաբայանը ներկայացրել է հետազոտությունների արդյունքները, առաջարկվող կլաստերներն ու ծրագրերը՝ մանրամասնելով, որ դրանք մշակվել են միջազգային հաջողված փորձի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաեւ համընդգրկուն հարցումների հիման վրա:
Հանդիպմանը Արցախի տարբեր գերատեսչությունների եւ մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ են ծավալվել ներկայացված ծրագրերի վերաբերյալ, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն ՀԲԸՄ մասնագիտական թիմի կողմից, եւ կձեռնարկվեն դրանց իրագործմանը միտված հստակ քայլեր: