Օրեր առաջ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես շեշտել էր, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետեւանքները, որն «Արեւմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաեւ «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը» (https://armenpress.am/arm/news/1098130/): «…Հաշվի առնելով Թուրքիայում եւ Ադրբեջանում ցեղասպանության ներկայիս կարմիր դրոշները, ինչպես նաեւ այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներեւակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել եւս՝ կհանգեցնի «խաղաղության» եւ «բարեկեցության»,- նշված էր հայտարարությունում:
Ինչպես հայտնի է՝ ծագումով հրեա լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում անունը կրում է հիշյալ ինստիտուտը, «ցեղասպանություն/genocide» եզրույթի հեղինակն է, ով այն սահմանելիս առաջին հերթին նկատի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Դրանից մի քանի տարի անց՝ 1948 թ. դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան: Ավելի ուշ՝ 2015 թ., դեկտեմբերի 9-ը հռչակվել է նաեւ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման» միջազգային օր՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից ներկայացված բանաձեւը։
Լեմկինն ու Հայաստանը հեղինակել են ցեղասպանության դեմ պայքարը, իսկ նրանց հակառակորդներն Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ իրականացված, ինչպես նաեւ այսօր Արցախում այս կամ այն կերպ իրականացվող ցեղասպանությունների հեղինակներն ու նրանց աջակիցներն են: Բարեբախտաբար, իրենց պայքարում Լեմկինն ու Հայաստանը միայնակ չեն՝ ոչ միայն ի դեմս բոլոր նրանց, ովքեր դատապարտել են հայոց ցեղասպանություններն օսմանյան Թուրքիայում եւ Արցախում, այլեւ հանձինս նրանց, ովքեր իրենց գործելակերպով ու/կամ գործողություններով դեմ են ցեղասպանություններին ընդհանրապես՝ Հայոց ցեղասպանությունից մինչեւ Հոլոքոստ, Արեւմտյան Հայաստանից մինչեւ Կամբոջա ու Ռուանդա… Դեմ են եւ ամեն կերպ ձգտում են, որ հետագայում մարդկության դեմ ուղղված նմանատիպ հանցագործությունները չկրկնվեն:
Ժամանակակից աշխարհում ցեղասպանությունների կանխման դեմ պայքարն ինչ-որ տեղ վերածվել է նաեւ աշխարհաքաղաքական պայքարի ու շահերի բախման: Ընդ որում՝ եթե 2015 թ. ՄԱԿ-ի 69/323 բանաձեւի քվեարկության ժամանակ պետությունները միաձայն էին, աշխարհաքաղաքական շահերի պարագայում նրանցից ոմանց միջեւ կատաղի պայքար է, ընդհուպ զինված բախումների կամ ռազմական հակամարտությունների, նաեւ՝ պատերազմների տեսքով: Իսկ պատմությունը ցույց է տվել, որ զինված բախումներից ու ռազմական, երբեմն նաեւ՝ քաղաքական հակամարտություններից մինչեւ հնարավոր ցեղասպանություն երկար տարածություն չէ:
Մարդկությունը համարվում է քաղաքակիրթ, քանի դեռ չի հատել քաղաքակրթության սահմանը: Ցեղասպանությունն այն կարմիր գիծն է, որը հատելիս հատվում է նաեւ քաղաքակրթության սահմանը: Մինչեւ ե՞րբ է այդ սահմանի հատումը հանդուրժելի լինելու բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են քաղաքակիրթ, առաջադեմ, ժողովրդավար եւ արդարամիտ…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ