Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեր օրերի Դավիթը

Մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով

Դեկտեմբերի 15, 2022
Սոցիում
Մեր օրերի Դավիթը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
567
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան շարժման առաջին օրերից շատ ցուցարարներ շուտ հասկացան՝ Արցախի ազատագրումը, Մայր հայրենիքին միավորումը խաղաղ ճանապարհով հնարավոր չեն։ Այն ժամանակ էլ, ինչպես այսօր, թե խորհրդային կենտրոնական իշխանությունները, թե միջազգային այսպես կոչված մարդասիրական ու արդարադատ կառույցները փակել էին աչք ու ականջ եւ միայն նայում էին կշեռքի ծանր կողմին…։ Ու եկավ զենք վերցնելու, ջոկատներ կազմելու ժամանակը։

1988-90-ական թթ. արդեն ձեւավորվում էին ռազմական ջոկատներ, եւ բազում հայրենասեր հայորդիներ ընդգրկվում էին դրանց կազմում եւ մեկնում Արցախ ու ՀՀ սահման։ Նման հայորդիներից էր երեւանցի գրող Դավիթ Էդուարդի Սարապյանը, ով հետագայում ստացավ Դեւ մականունը։ 1990 թ. ընդունվել է հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատ ու շարունակել մարտական-հերոսական ճանապարհը մինչեւ 1991 թ. դեկտեմբերի 10-ը, երբ մարտիրոսվեց Արցախի Շահումյանի շրջանի Թոդան գյուղում։ Առաջին մարտական մկրտությունն ստացել է 1990-ին՝ ընդունվելով Հայոց նորօրյա հերոս Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Անկախության բանակի» շարքերը։ Հետագայում Դավիթն արդեն «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի զինվոր էր։

2022 թ. սեպտեմբերի 14-ին Երեւանի թիվ 100 հիմնական դպրոցը հանդիսավոր արարողությամբ անվանակոչվել է Դավիթ Սարապյանի անունով։ 2022 թ. դեկտեմբերի 14-ին դարձյալ մարդաշատ էր դպրոցի բակը, որտեղ կայացավ Դավիթ Սարապյանի կիսանդրու բացումը՝ հերոսի ծննդյան օրվա առթիվ։ Մինչ հանդիսավոր արարողության սկսվելը, զրուցեցի կրթօջախի տնօրեն Անուշ Աբելյանի հետ։ Տեղեկացրեց, որ իր ղեկավարած դպրոցում, որը գործում է 1964-ից, այժմ սովորում են 425 աշակերտներ։ Մանկավարժների պակաս չունեն։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի շտաբի պետ, պահեստազորի գնդապետ Մանվել Սերոբյանը տեղեկացրեց, որ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորական զորագունդ է, որը կազմավորվել է 1989 թ.՝ 10-ից ավելի կամավորական ջոկատների հիման վրա: Գունդն անցել է փառավոր մարտական ուղի. մասնակցել է ՀՀ եւ Արցախի գրեթե բոլոր թեժ կետերի մարտական գործողություններին։ Արցախյան առաջին գոյամարտի ժամանակ գունդը կորցրել է 30 ազատամարտիկ։ Նրանց շարքում է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում մարտիրոսված՝ գնդի առաջին շտաբի պետ Տիգրան Սարգսյանը, ով հետմահու պարգեւատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Գնդի հիմնադիր հրամանատար Արմենակ Արմենակյանը, ով այսօր էլ մնացել է հավերժ հրամանատար, նահատակվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ին։ Սարգիս Խալաֆյանը հերոսաբար զոհվել է 2016 թ. ապրիլի 5-ին։

Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում «Մեծն Տիգրան» գնդից հերոսաբար նահատակվեցին 9 քաջորդիներ, կան անհայտ կորածներ։ Դավիթ Սարապյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին հերոսի մարտական ընկերներ, հարազատներ, ՀՀ ԵԿՄ անդամներ՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Իսոյանը, Արցախի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանը՝ Ագոն, ինչպես նաեւ «Դավիթ Սարապյան» նախաձեռնության խմբի հիմնադիրներ, հերոսի կենսագիր, «Մեր օրերի Դավիթը» գրքի հեղինակ Էվելինա Մելքումյանը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը, Դեւի կիսանդրու քանդակագործ, ազատամարտիկ  Աղվան Մխիթարյանը, հյուրեր։ Դպրոցի փոխտնօրեն Թամարա Մկրտչյանը ողջունեց ներկաներին՝ հանդիսավոր արարողությունը համարելով բացված։ Հնչեց ՀՀ օրհներգը, այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչներ բարեշնորհ Արթուր սարկավագ Օհանյանը եւ Արշակ սարկավագ Պետրոսյանը Տերունական աղոթքով սկսեցին արարողությունը։

Դպրոցի տնօրենն իր ելույթում անդրադարձավ նախ անվանակոչության խնդրին, որը կայացել է «Դավիթ Սարապյան» նախաձեռնության խմբի անդամների՝ Սոֆյա Հովսեփյանի, Էվելինա Մելքումյանի, Անահիտ Պետրոսյանի, Էռնեստ Ավանեսովի, Մերի Կարապետյանի եւ այլ նվիրյալների ջանքերով։ Ասաց, որ ինքն ու իր ղեկավարած կրթօջախի անձնակազմը սիրով ու մեծ պատասխանատվությամբ են համաձայնել, որ դպրոցը կոչվի Դավիթ Սարապյանի անունով։ Շնորհակալություն հայտնեց նույն անձանց, որ այսօր էլ արդեն կայացավ հերոսի կիսանդրու բացումը։ Շնորհակալություն հայտնեց նաեւ Դավիթի մարտական ընկերներին՝ Արթուր Եփրեմյանին, Կարեն եւ Արմեն Գրիգորյան եղբայրներին, քանդակագործ Աղվան Մխիթարյանին եւ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաեւ Դավիթի եղբոր որդուն՝ Տիգրան Սարապյանին, ովքեր մշտապես աջակցել են թե անվանակոչության եւ թե կիսանդրու բացման գործերում, եւ հույս հայտնեց, որ նրանք մշտապես կմնան որպես դպրոցի բարեկամներ։ ԵԿՄ վարչության նախագահ Ս. Միքայելյանն իր ելույթում նույնպես շնորհակալություն հայտնեց արարողության կազմակերպիչներին եւ կարեւորեց նման իրողությունները, որ մեր դպրոցականները պետք է լավ ճանաչեն հերոսներին, ովքեր 1990-ական թթ. կարողացան ազատագրել Արցախն ու հարակից տարածքները։ Այդ պատերազմի ժամանակ ունեցանք 8000-ից ավելի զոհեր, սակայն հպարտ էինք մեր հաղթանակով։ Ցավ հայտնեց, որ այսօր ունենք նման իրավիճակ, ինչի հիմնական մեղավորներից է մեր անմիաբանությունը։

«Մեծն Տիգրան» գնդի շտաբի պետ Մ. Սերոբյանը կարեւորեց հերոսի կիսանդրու բացումը կրթօջախի մուտքի մոտ։ «Բազում սերունդներ կանցնեն դպրոցի մուտքով՝ մինչ այդ նրանց կդիմավորի հերոսի կիսանդրին եւ կողջունի նրանց։ Մեր գնդի 40 նահատակներից է Դավիթը, ով հանդես է գալու բոլորի անունից…»,- ասաց գնդապետ Սերոբյանը եւ շնորհակալություն հայտնեց այս կարեւոր արարողության կազմակերպիչներին, դպրոցի տնօրինությանը, որ ցուցաբերեցին բարի կամք։ Դավիթի ընտանիքի բարեկամ եւ կենսագիր Է. Մելքումյանը հերոսի կիսանդրու բացումը համարեց շատ կարեւոր, որ գրող ու ստեղծագործող, ազատամարտիկ հերոսի կերպարն այսուհետ ավելի է ոգեւորելու դպրոցականներին։ Անդրադարձավ կատարված աշխատանքներին, որ սկզբում ցանկացել են Դավիթի անունով կոչել Երեւանի Ձերժինսկու անվան դպրոցը, որտեղ սովորել է նա, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, եւ այժմ հերոսն ունի իր անվան կրթօջախ, որի բակում նրա կիսանդրու բացումը կայացավ։ Շնորհակալություն հայտնեց քանդակագործին, ով մեծ վարպետությամբ է կերտել հերոսին։ Իր խոսքում քանդակագործ Ա. Մխիթարյանը կիսանդրու բացումը համարեց պարտավորություն հերոսի հիշատակի առջեւ։ Հանդիսավոր մասից հետո ներկաները դպրոցի միջանցքում ծանոթացան հերոսին նվիրված անկյունում ցուցադրվող նրա անձնական իրերին, լուսանկարներին, Կոմանդոսի ու այլոց հուշերին։ Այնուհետեւ դպրոցի աշակերտները, հերոսի լուսանկարով շապիկներով ներկայացրեցին նրա անցած կյանքի պատմությունը։ Դավիթին, Կոմանդոսին, Պարգեւ սրբազանին մարմնավորել էին դպրոոցականներ Հովհաննեսը, Սարգիսը, Դավիթը։

Դավիթը ծնվել է 1966 թ. փետրվարի 4-ին Երեւանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ։ 1984 թ. մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թ. հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը։ 1990-ից արդեն հայոց ազատագրական ջոկատների կազմում էր։ Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ եւ այլ բնակավայրերի պաշտպանական մարտերին։ 1991 թ. հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ Նա արմատներով Արցախի այս բնակավայրից էր՝ Դիզակի մելիքանիստից։ Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թ. դեկտեմբերի 10-ին։ Դեւի աճյունն ամփոփված է Երեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ զինակից ու ջոկատի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի շիրիմի հարեւանությամբ։ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարան։

Դպրոցականները ներկայացրեցին նաեւ Կոմանդոսի եւ Պարգեւ սրբազանի հիշողությունները Դավիթի մասին։ «Դավիթն անմիջապես աչքի ընկավ։ Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի։ Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը։ Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում։ Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը։ Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ եւ նույն հաջողությամբ իրականացնել դրանք։ Օժտված էր մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով։ Երբեք որեւէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները։ Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի։ Իր մարտական գերազանց կարողությունները դրսեւորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ։ Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն»,- պատմում էր Կոմանդոսը ցուցադրվող ֆիլմում։ Իսկ Արցախի թեմի առաջնորդն ասել է. «Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»։

Դպրոցականների «բաց դասը» բարձր գնահատեցին ներկաները։ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը «Դավիթ Սարապյան» նախաձեռնության խմբի կողմից պատվոգիր եւ նվերներ շնորհեց դպրոցի այն աշակերտներին, ովքեր աչքի էին ընկել այս արարողության կազմակերպման գործում։ Դպրոցի զինղեկ, պահեստազորի փոխգնդապետ Արմեն Դավթյանի ուղեկցությամբ ՆԶՊ դասասենյակում ծանոթացա փառքի սրահին։ Դպրոցի շրջանավարտներից Ալեքսանդր Կարապետյանը եւ Լեւոն Սարգսյանը զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց հիշատակին խաչքար է կանգնեցված դպրոցի բակում։

Թեգեր: ԱրցախԴավիթ Սարապյանպատերազմ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ մի ուրիշ ձի դուրս եկաւ կարմիր. եւ նորա վերայ նստողին տրուեցաւ որ խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը»

Ցայգածաղկի հյութից քամված սիրո դեղատոմսը…

Ցայգածաղկի հյութից քամված սիրո դեղատոմսը...

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist