Մեր ժամանակների անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մասնավորապես Հովհաննես Շիրազի գրական անտիպ ժառանգության լուսաշխարհ բերման գործում անսակարկելի վաստակ ունեցող Սամվել Մուրադյանի հետ դեռ հարցազրույց կունենանք: Սակայն նրա եւ գործարար Վարդան Գոմցյանի այցը «ՀՀ» խմբագրություն նախորդեց առաջիկայում նախատեսված հարցազրույցին, թեեւ չշրջանցեցինք նաեւ մասիսապաշտ անմահ բանաստեղծին վերաբերող հարցեր: Տեղյակ էինք, որ մեր հյուրերը նոր էին վերադարձել Գյումրիից: Եվ մեր հարցին, թե ինչ առիթով էին մեկնել արվեստների եւ արհեստների քաղաք, գրականագետը պատասխանեց.
-Որեւէ նշանակալից միջոցառման կամ իրադարձության առիթ չկար, մեր այցը նպատակային էր. Արարատ եւ Վարդան Գոմցյանները որոշել էին Ամանորի նախաշեմին այցելել Գյումրիի ծերանոցի բնակիչներին՝ նրանց նվիրելու պարենամթերքով լեցուն ծանրոցներ: Տեսնել ու զգալ էր պետք ծերատան բնակիչների տրամադրությունը՝ իրենց հիշել ու այցելել էին բարեգութ ու տաք սրտերով մարդիկ… Այնուհետեւ եղանք Շիրազի հուշատուն-թանգարանում, որի թվով ինը աշխատակիցների պարգեւատրեցինք հուշանվերներով: Գիտեք՝ նվերները մեծ կամ փոքր չեն լինում. մարդկանց պարզապես ուշադրության արժանացնելու երեւույթն է սրտամոտ ու գեղեցիկ: Նույն նպատակով եղանք նաեւ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, նրանց նույնպես ուրախության առիթ պարգեւեցինք: Երկու թանգարաններում էլ մեր հանդիպումները վերածվեցին մշակութային միջոցառումների: Շիրազի թանգարանում հիշեցինք Շիրազին, հուշեր պատմեցինք, անդրադարձանք նրա ստեղծագործություններին, խոսեցինք անտիպներից կազմված տպագրվելիք չորրորդ գրքի մասին, որը ես պատրաստել եմ հրատարակության: Գիրք, որի մեջ կան շիրազյան ուղղակի հրաշակերտություններ, որոնք խորհրդային ժամանակներում հնարավոր չէր տպագրել՝ մեզ համար հասկանալի պատճառներով. գլավլիտ կոչվածը կար, եւ նրանք գրական տեքստը կարդում էին միկրոսկոպով, մկրատն էլ՝ ձեռներին: Ինչեւէ, Շիրազի մասին դեռ կխոսենք: Այնուհետեւ եղանք Վարպետի տուն-թանգարանում, նվերներ բաժանեցինք յուրաքանչյուր աշխատակցի, իսկ հանդիպումն անցավ նույնքան ջերմ մթնոլորտում, ինչպես նախորդ օջախներում էր: Պարզ է, որ մեր այցը Գյումրի պիտի ուղեկցվեր նաեւ տեսարժան վայրեր այցելությամբ: Տպավորված եմ հատկապես Անիի Մայր տաճարի նմանողությամբ կառուցված եկեղեցիով, որի դռներն առաջին անգամ բաց տեսանք: Ես այնտեղ եղել էի երկու անգամ. դա ավերիչ երկրաշարժից առաջ էր: Այս անգամ վերստին համոզվեցի, որ այս հուշարձանը հար եւ նման է ավերված Անիի սքանչելիքին:
-Պարոն Մուրադյան, քանի որ խոսեցիք շիրազյան անտիպների մասին, հարցնեմ. ե՞րբ են լույս տեսել Ձեր կազմած նախորդ գրքերը:
-Ասեմ. Շիրազի ձեռագրերի մեծ քանակություն անտիպ էր մնացել: Նրա մահից հետո հարազատները բաժան-բաժան արեցին ձեռագրերը՝ ամեն մեկն իր բաժինը վերցրեց, տարավ. ամեն մեկն ուզում էր իր Շիրազն ունենալ: Բարեբախտաբար, վերջին շրջանում՝ սկսած 2010-ականներից, որոշակի քայլեր ձեռնարկեցինք: Եվ քանի որ ինքս շուրջ 25 տարի եղել էի բանաստեղծի կողքին եւ մտադիր էի «Քառորդ դար Շիրազի հետ» խորագրով գիրք գրել, բայց ձգձգվեց, որոշեցինք, այնուամենայնիվ, այն ստեղծագործությունները, որոնք ինքը դեռ ողջության օրոք ուզում էր տպագրել, բայց հայտնի պատճառներով չէր կարողանում, հրատարակել: Նախ ասեմ, որ այն օրերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեծապես աջակցեց մեզ եւ համալսարանի հրատարակչությամբ հրատարակեց «Անի» պոեմը, որն ունի 11 հազար տող: Դրան հաջորդեց «Թոնդրակեցիներ» պոեմը՝ 12 հազար տող: Անցյալ տարի եմ հրատարակել «Հայոց Դանթեականը»՝ համադրելով շիրազյան վեց ձեռագիր տարբերակներ եւ համեմատելով 1989-ին տպագրվածի հետ՝ հավելած նաեւ իմ հիշողությամբ ավելացվածները, հրատարակել եմ այս պոեմը՝ մոտ 16 հազար տող: Դրանում վերականգնել եմ նաեւ գլավլիտի եւ խմբագրի կրճատածները, որը վախեցել էր, թե իրեն աշխատանքից կհեռացնեն: Ինչեւէ: Հրատարակել եմ բանաստեղծի «Հուշարձան հայրիկիս» գիրքը, որն ինքը նախապատրաստել էր հրատարակման, բայց չէր կարողացել: Չէր կարողացել հրատարակել նաեւ 1977-ին իր կազմած հատընտիրը՝ Սուրեն Աղաբաբյանի առաջաբան խոսքով, բայց դա էլ էր մնացել անտիպ. ես սա էլ եմ հրատարակել: Եվ այդքանից հետո որոշեցինք Շիրազի բանաստեղծական անտիպները լույս ընծայել գրքերի շարքով: Երբ Շիրազի որդու՝ Վանանդի հետ ձեռնարկում էինք այս գործը, ես հասկացա, որ իմ ձեռքն են ընկնում բանաստեղծություններ, բայց դրանք ամբողջը չեն՝ ցրված են տարբեր հարազատների ու անհատների մոտ, եւ չգիտեի՝ տպագրելուց հետո էլ ի՞նչ կմնա: Դրա համար էլ շատ դժվար էր եղածները համախմբելը, համակարգելը: Հիմա էլ է նույն վիճակը. տեսեք, արդեն երեք անտիպ գրքեր հրատարակել եմ, չորրորդը պատրաստ է, հինգերորդը՝ գրեթե նույնպես, սակայն չգիտեմ, թե դեռ ինչպես կլինի: Եվ հասկացա, որ հանճարեղ բանաստեղծից մնացել է այնքան ձեռագիր, որքան ինքն իր ողջության ընթացքում չի կարողացել տպագրել: Չորրորդ հատորը, որ պատրաստել եմ, Շիրազի ապրած դարաշրջանի եւ նրա գրական ուղու, որն սկսվել է 30-ականների սկզբներից, 1932-ից եւ շարունակվել մինչեւ 1984-ը, այդ տարիներին գրված բանաստեղծություններ են: Դրանք ինչ-որ դեպքերի, իրադարձությունների անմիջական արձագանքներ են: Բանաստեղծի խոհերն են մեր ժողովրդի ներկայի եւ ապագայի մասին: Մեր հայրենիքի անվտանգության մասին բանաստեղծի խորհրդածություններն են: Հայոց լեզվին նվիրված հզոր, պոռթկումային գործեր: Ասեմ, որ հետչարենցյան շրջանում նաիրյան երկրի բանաստեղծի հայտնի պատգամը այնքա՜ն մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Շիրազի վրա: Հիշո՞ւմ եք Չարենցի ակրոստիքոսը՝ «Ով հայ ժողովուրդ…»: Այս միտքը Շիրազն արտահայտել է իր բազմաթիվ բանաստեղծություններում, պոեմներում՝ տառերի փոխարեն օգտագործելով ամբողջական բառեր. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո լեզվի պաշտպանության մեջ է ա՛յժմ, ա՛յժմ, ա՛յժմ…»: Երրորդ հատորում շատ են նման ակրոստիքոսները: Եվ եթե հիմա մեզ հաջողվի ամբողջացնել, հրատարակել Շիրազի անտիպները, ահռելի գործ արած կլինենք: Ավելին ասեմ. Շիրազի բանաստեղծական ժառանգությունն աներեւակայելիորեն է մեծ: Համեմատելու համար՝ տեսեք, եթե Ավ. Իսահակյանի գրական ժառանգությունը հրատարակվել է 14 հատորով, ապա Շիրազի ակադեմիական հրատարակությունը 20 հատորը կանցնի: Թումանյանինը 10 հատոր է: Ցավոք, մենք հնարավորություններ չունենք Շիրազի ակադեմիականն իրականացնելու. դա պետության անելիքն է: Ի դեպ, դա նախատեսված էր իրականացնել բանաստեղծի 100-ամյակի առիթով, սակայն այդպես էլ մնաց, մոռացվեց: Իսկ ինքս ջանում եւ անում եմ այն, ինչքան որ կարողանում եմ. ես հոգու պարտք ունեմ Շիրազի հանդեպ: Մարդկային պարտք, հոգու պարտք: Դա, վերջապես, նաեւ մասնագիտական խղճի պարտք է, մանավանդ որ նա ինձ ձոնել է մի բանաստեղծություն, որով պարտավորեցրել է, որ անպայման հրատարակեմ իր գործերը եւ գրեմ իր մասին այնպես, ինչպես տեսել ու ճանաչել եմ իրեն…
-Պարոն Մուրադյան, վստահ եմ, որ ամբողջությամբ դեռ կմարեք Ձեր հոգու պարտքը հանճարեղ բանաստեղծի հանդեպ, կծանոթանանք նաեւ Ձեզ նվիրված ձոնին: Եվ քանի որ ասելիք դեռ շատ կա, այդ ամենը թողնենք հերթական մեր զրույցին:
-Շնորհակալ եմ, սիրով: