Այո, ամեն մարդ տարեմուտին, թեկուզ կամա-ակամա, մտովի ի մի է բերում անցնող տարին ու եկող տարվա հետ կապված ծրագրեր մտմտում, հույսեր փայփայում: Դա, երեւի, անխուսափելի է: Եվ, ըստ իս, ամենահոռետես մարդն անգամ ներքին մի թելադրանքով համեմատաբար լավատես է դառնում, փորձում դրական լույսի տակ նայել ներկային ու ապագային…
Հասկանում եմ, իհարկե, որ այն ամենից հետո, ինչ մեր երկիրն ու ժողովուրդը տեսան, ապրեցին հատկապես վերջին երկու տարիներին (կորստյան ցավ ու կսկիծ, շարունակական լարում ու տագնապներ, քաղաքական վայրիվերումներ), ասածս ոմանց, գուցեեւ շատերի համար պարզապես որպես հավուր պատշաճի խոսք կարող է հնչել: Բայց ո՛չ, ոտքի կանգնելու, առաջ գնալու, մեր երազած երկիրն ունենալու համար շարունակ տրտնջալն ու «հայի բախտն» անիծելը, հասցեով ու անհասցե բողոքել-հայհոյելը ոչի՛նչ են, պիտի հուսահատության, անելանելիության պարբերաբար նորոգվող ցանցը պատռել անվերջ ու գործել, ինչ-որ բան տեղից շարժել՝ յուրաքանչյուրն իր տեղում ու իր չափով, պիտի եւ՛ մտովի, եւ՛ բարձրաձայն հաճախ կրկնել «կյանքը շարունակվում է» հայտնի խոսքը ու… հայացքը չփախցնել ապագայից: Չկա ավելի անկարող մարդ, քան հուսահատ, աներազ մարդը…
Իսկ մեր երազած հայրենիքը, իհարկե, եւ ուժեղ, զարգացած ու ապահով Հայաստանն է, եւ հոգեւո՛ր Հայաստանը, որը կերտողները գրողն ու գիտնականն են, բոլոր իսկական արվեստագետները, մշակույթի, կրթության ոլորտի մարդիկ: Անշուշտ, այսօր առաջնային հարց, պարզապես գերխնդիր է դարձել հզոր բանակ, նվիրյալ ու կարող մարտիկներ ունենալը, բայց դրա հետ մեկտեղ միշտ էլ ոգու զինվորներ են պետք: Հենց այնպես չէր մեծն Տերյանը դեռ 1914-ին «Հոգեւոր Հայաստան» նշանավոր հոդվածում տագնապախռով գրում-զգուշացնում. «Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգեւոր կորուստն անդառնալի է… պիտի տենչանք ու աշխատենք նաեւ Հոգեւոր Հայաստանի համար»:
Բարեբախտաբար, որքան էլ ժամանակները բարդ ու աննպաստ, ոգու այդ զինվորները կան ու այսօր էլ գործում են: Մասնավորապես՝ մեր ոլորտի մասին պիտի նշեմ, որ խառնակ այս ժամանակներում գրական կյանքը կանգ չի առել, ակնհայտ է, որ իմ գրչընկերներից շատերը, իրենց կոչմանը հավատարիմ, շարունակել են ստեղծագործել. հենց 2022-ի ընթացքում ուշագրավ գրքեր են դրվել ընթերցողի սեղանին, հետաքրքիր գործեր, աչալուրջ, սթափեցնող հրապարակախոսություն է տպագրվել գրական մամուլում…
Անձամբ ինձ համար էլ անցնող տարին որոշ առումներով նշանակալից էր. հենց տարեմուտին լույս տեսավ «Խոսք ու զրույց» գիրքս, որը բնույթով նման է ընթերցողին հայտնի իմ «Ժամանակ եւ դեմքեր» ու «Տարիների միջով» գրքերին, ավելի ճիշտ՝ կարելի է ասել ժանրային, կառուցվածքային առումով երկուսի յուրահատուկ միավորումն է՝ կրկին հրապարակախոսական ուղղվածությամբ: Թե՛ որպես լրագրող եմ ես ներկա գրքի ավելի քան 400 էջերում՝ մշակույթի ճանաչված գործիչների, հանրությանը հայտնի մարդկանց հետ անցկացրած մի շարք, կարծում եմ, շատ դեպքերում հիմա էլ օրախնդիր հարցազրույցներով, հոդվածներով, թե՛ որպես բանաստեղծ, գրի մարդ՝ տարբեր առիթներով մամուլին տված իմ իսկ հարցազրույցներով: Ու այս անգամ եւս գրքի գլխավոր թեման հոգեւոր, մշակութային կյանքն է, նրա մերօրյա դրսեւորումներն ու հիմնախնդիրները, այսպես թե այնպես, նաեւ երկրում տիրող վիճակն ու հասարակական մթնոլորտը: Ի դեպ, ժողովածուի նյութերի մի զգալի մասը ժամանակին տպագրվել է հենց մամուլում, ներկայացվել որոշ կայքերում:
Իսկ մայիսին լույս տեսավ Աննա Ախմատովայի «Տարվա հինգերորդ իմ եղանակը» խորագրով ծավալուն հատորը՝ իմ թարգմանությամբ ու ընդարձակ առաջաբանով: Համաշխարհային ճանաչման ռուս դասականը մեզանում առաջին անգամ տպագրվեց նման ընդգրկումով, իր ամենակարեւոր ստեղծագործություններով: Սա իմ նվիրական ցանկություններից էր: Գրքի վերաբերյալ ջերմ արձագանքներ եմ լսում, որը, իհարկե ոգեւորում է…
Եթե հաշվի առնեմ, որ տարվա ընթացքում իմ բանաստեղծություններով ներկա եմ եղել «Էդիթ Պրինտ» հրատարակչության՝ հատկապես դպրոցների համար տպագրած հայ ժամանակակից պոեզիայի քրեստոմատիայում, ՀԳՄ նախաձեռնությամբ հրատարակված մի շարք գրքերում՝ «Սրտագիր» խորագրով պոեզիայի անթոլոգիայում, Չարենցի 125-ամյակի առթիվ տպագրված՝ հանճարեղ բանաստեղծին վերաբերող տարաբնույթ նյութերի «Ես եմ հիմա» ժողովածուում, «Մենք եւ աշխարհը» մատենաշարի՝ այս անգամ հայ-ռուսական մշակութային առնչություններին նվիրված «Ներշնչանքի թռչունը» անթոլոգիայում, ապա պիտի որ իմ զուտ բանաստեղծական հրապարակումներից եւս դժգոհելու իրավունք չունենամ…
Ուրախությամբ պիտի նշեմ, որ եկող տարվանից էլ որոշ սպասելիքներ ունեմ: Բոլորովին վերջերս ավարտուն տեսքի բերեցի Բուլատ Օկուջավայի՝ «Կիթառով բանաստեղծը. 100 բանաստեղծություն» խորագրով ժողովածուն, որի տպագրությունն արդեն նախատեսված է եկող տարվա կեսերին՝ հայերեն եւ ռուսերեն զուգադրությամբ: Այն, կարծում եմ, գեղեցիկ նվեր կլինի անվանի ու սիրված բանաստեղծի ծննդյան 100-ամյակին ընդառաջ, ով, գուցե ոչ բոլորը գիտեն, մոր կողմից մեր ազգակիցն է, ընդ որում՝ Վահան Տերյանի տոհմից…
Թարգմանական եւս մի նորույթ է սպասվում (վերջին շրջանում կարծես թե թարգմանիչն է հատկապես ակտիվացել իմ մեջ). 2023-ին տպագրվելու է ռուս ժամանակակից պոեզիայի ծավալուն անթոլոգիա՝ 35 բանաստեղծների մասնակցությամբ: Մասնակիցներից յոթի ստեղծագործությունների թարգմանությունը վստահված է ինձ, որոնց վրա էլ աշխատում եմ այս օրերին ամենայն պատասխանատվությամբ: Բարեբախտաբար, կան ինձ հոգեհարազատ հեղինակներ…
Մի հրապարակման եւս հուզմունքով եմ սպասելու. Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանի նախաձեռնությամբ տպագրության է պատրաստվել «Հայ զինվորը» խորագրով մի ժողովածու, որում տեղ են գտել այդ թեմայով իմ ստեղծագործություններից եւս: Ի դեպ, գրքում կտպագրվի նաեւ սիրված երգահան Էդգար Գյանջումյանի հետ համատեղ մեր «Քեզ չենք դնի բացակա» երգը՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում ընկած հերոսների անմահ հիշատակին: Երգի հիման վրա հուզիչ մի տեսահոլովակ է նկարահանվել, որի պրեմիերան վերջերս կայացավ մի քանի հեռուստաընկերություններում՝ մեր եւ տեսահոլովակի հեղինակ Արսեն Առաքելյանի մասնակցությամբ: Քանի որ խոսեցի երգից, ասեմ, որ տարվա ընթացքում էլի մի քանի նոր երգ է ծնվել իմ խոսքերով, հիմնականում քրոջս՝ երգահան Ժաննա Բլբուլյանի հետ. վերջերս նրա երգերի՝ Փարիզում թողարկված հայերեն-ֆրանսերեն «Սա է կյանքը» ալբոմում հայերեն հինգ երգերն իմ խոսքերով են…
Այնպես որ, 2023-ն էլ ստեղծագործական առումով խոստումներ ունի: Հուսանք, որ դրանք կիրականանան, որ կլինեն նաեւ անակնկալներ՝ թե՛ ինձ համար, թե՛ գրչընկերներիս, տարբեր մուսաների ծառայող, բայց բարուն, գեղեցիկին, ազգայինին զինվորագրված բոլոր արվեստագետների համար: Եվ իհարկե՝ հատկապես մեր երկրի՛ ու ժողովրդի՛ համար: Բարի՛, հաճելի՛ անակնկալներ: Բայց թող ամենից առաջ խաղաղ երկինք լինի, լինեն անառիկ սահմաններ, առողջ, ստեղծարար մթնոլորտ, թող քաղաքականություն կոչվածից, որոշ գործիչների անձնական նկրտումներից վեր, ոչ ընդամենը լոզունգների ու կոչերի մակարդակով, այլ իսկակա՛ն, իրակա՛ն, տեսանելի միասնություն լինի ու հավատարմություն, նվիրում ազգային մեր նպատակներին ու երազանքներին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:
Լեւոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ