Տավուշի մարզի Բերդ քաղաքում անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի եւ ապաստարանների բարելավման նպատակով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության, «Պահապան զարգացման» հիմնադրամի եւ «Կանանց աջակցման կենտրոնի» միջեւ դրամաշնորհային ծրագրերի պայմանագրեր ստորագրվեցին:
Ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվի ավելի քան 90 հազար դոլար «Պահապան զարգացման» հիմնադրամին, եւ շուրջ 70 հազար դոլար՝ «Կանանց աջակցման» կենտրոնին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւ Ստեփանյանը նշեց՝ նախարարությունը վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է պահում համայնքային ծառայությունների ընդլայնումը. «Հուշագրերի ստորագրումը վկայում է, որ Ճապոնիայի եւ ՀՀ-ի կառավարությունները մեկ դիտանկյունից են նայում համայնքների զարգացմանն ու սոցիալական ոլորտի պաշտպանության խնդրին: Վստահ եմ, որ ջանքերի մեկտեղումը նպաստելու է՝ եւս մեկ քայլ առաջ գնալու խնդիրները լուծելու կարեւոր գործընթացում»:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել անապահով բնակչության համար համայնքային սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման, ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց խորհրդատվական աջակցության կենտրոնի եւ ապաստարանների բարելավման ծրագրերի ստորագրման արարողությանը. «Ուրախ եմ հայտարարելու, որ այս հուշագրի ստորագրման շրջանակներում դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Պահապան զարգացման» հիմնադրամին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում երեխաների, ծնողների, երիտասարդների համայնքային բազմաֆունկցիոնալ սոցիալական եւ կրթական կենտրոնի կառուցման նպատակով: Մեկ այլ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու «Կանանց աջակցման կենտրոնին», որի նպատակն է վերանորոգել կենտրոնը, որտեղ կազմակերպությունը մատուցում է սոցիալական խորհրդատվական ծառայություններ եւ իրավաբանական օգնություն, ինչպես նաեւ՝ վերանորոգել կանանց եւ երեխաների համար նախատեսված 2 ապաստարան՝ ստեղծելով առավել ապահով եւ հարմար պայմաններ»:
«Պահապան զարգացման» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է նպաստել Բերդում բնակչության խոցելի խավի կյանքի որակի բարելավմանը՝ կառուցելով հասարակական սոցիալ-կրթական կենտրոն։ Արդյունքում՝ տարեկան մոտ 2800 մարդ կշահի նախագծից։ «Ծրագիրը նպատակ ունի ապահովել ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաների անվտանգությունն ու կենսապայմանների բարելավումը՝ խորհրդատվական աջակցության կենտրոնի եւ ապաստարանների կահավորմամբ, ինչպես նաեւ շենքերի վերանորոգմամբ: Արդյունքում՝ նախագծի շրջանակներում տարեկան մոտ 300 կին եւ երեխա կշահեն»,- եզրափակեց «Կանանց աջակցման կենտրոնի» ղեկավար Հասմիկ Գեւորգյանը: