Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանը գտնվում է համանուն գետակի ավազանում՝ Լիսագոր սարի արևմտյան հատվածում։ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձորի գավառի մի հատվածն է, որտեղ խորհրդային տարիներին մնացել էին 4 հայկական գյուղ՝ Հին Շեն, Մեծ Շեն, Տասի վերստ-Ծաղկաձոր և Եղցահող։ Իսկ Կանաչ Թալա գյուղակը, որ հայաթափ էր եղել 1960-70-ական թվականներին, վերաբնակեցվել էր թուրք հովիվներով։ Արցախյան գոյամարտի տարիներին նույն Կանաչ Թալա գյուղում, որտեղ կար ընդամենը 10 տնտեսություն, տեղակայվել էին թուրք ՕՄՕՆ-ականները և մեծ չարիք էին հայկական գյուղերի համար։ Ընդհանուր 1000-ից քիչ բնակիչ ունեցող հայկական Բերդաձորն այն ժամանակ շրջափակված էր բազմահազար թուրք-բնակիչ ունեցող Լաչինի և Շուշիի շրջանների բնակավայրերով: Ամենավտանգավորն էին Լաչին քաղաքն ու Լիսագոր գյուղը, որոնք գտնվում էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին և նույնիսկ խորհրդային «ամենաեղբայրական» տարիներին վտանգ էին հայության համար։ Արցախյան վերջին կարծանարար պատերազմից հետո Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում իսկական տերերն են մնացել, չնայած շատ մոտ են թշնամու հենակետերը։
«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի նախագահ Գ․ Մելիքյանը՝ վարչության անդամներ Սամվել Մուրադյանի, Խաչատուր Վարդանյանի, Աշոտի հետ նվերներ էր բերել նաև բերդաձորցիների համար։ Բերդաձոր գետակի ձախակողմյան բարձրադիր վայրում են Հին Շենն ու Մեծ Շենը, որոնց միջնամասում են Պարին Պիժ միջնադարյան 2 սրբատները։ Այս բնակավայրերի դպրոցականների և նախադպրոցական երեխաների նվերները թողեցինք Լիսագորում, տեղեկացվեց համայնքապետերին, որ գան տանեն։ Ծ․ Մ․ ավելի քան 2000 մ բարձրությամբ գտնվող Լիսագոր գյուղն Արցախյան գոյամարտի ժամանակ թշնամու ուժեղացված ռազմակետ էր։ Համանուն սարի հյուսիսային ստորոտում գտնվող այս բնակավայրի 2 կողմերում ճանապարհը ոլորոններով հարուստ է։ 1988-91 թվականներին այս գյուղում հաճախ էին փակում Ստեփանակերտ-Բերդաձոր կամ հակառակ ուղղությամբ ընթացող հայերին պատկանող ուղևորատար ավտոբուսի և անհատներին պատկանող մեքենաների ճանապարհը։ Եղան նաև սպանություններ, չնայած նույն մեքենաները խորհրդային բանակի զինվորների ուղեկցությամբ էին ընթանքում։ Մի քանի անգամ անցել եմ այդ օրերին նույն ճանապարհով, և միշտ ճանապարհաեզրին կանգնած էր թուրք խուժանը՝ զինված քարերով ու մահակներով, հրացաններով։ Նույնիսկ խորհրդային զինվորների ներկայությունը նրանց չէր խանգարում՝ վնաս հասցնեին մեզ։ 1991 թ․ մայիսի կեսերին հայաթափ եղավ Բերդաձորը ևս։ Գերեվարվեցին տարածքը պաշտպանող տղաները՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի՝ ԲԻԽ-ի մարտիկները։ Բաքվի բանտերում տանջամահ արվեցին եղցահողցի Հրաչ Պետրոսյանը և Հին Շենի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, ԲԻԽ-ի փոխնախագահ Առնո Մկրտչյանը, ով այդ տարիներին Բերդաձորի պաշտպանության խորհրդանիշն էր։ 1992 թ․ մայիսի 17-ին ազատագրվեց Բերդաձորը՝ Լիսագորի հետ։ Այժմ Լիսագորում բնակվում է 18 ընտանիք։ Գյուղի դպրոցում սովորում են 8 աշակերտ։ Համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը և դպրոցի ուսուցիչ, Լիսագորի հնաբնակ Վահան Հարությունյանը սիրով դիմավորեցին մեզ։ Ստանում են իրենց հասանելիքը, հայտնում շնորհակալություն։ Գ․ Նասիբյանը գյուղի մասին ասաց․ «Բնակիչների մի մասը պատերազմից հետո է գյուղ վերադարձել, մյուսները, որ ժամանակավորապես բնակություն էր հաստատել Արցախի տարբեր գյուղերում և ՀՀ-ում, գարնան սկզբին այստեղ էին արդեն։ Ունեն 3 նոր ընտանիք, որ եկել են թշնամու տիրապետության տակ անցած բնակավայրերից՝ Հակարիից, Քիրսավանից և Հադրութից: Պատերազմից հետո վերանորոգվել է դպրոցը, որտեղ սովորում է 8 աշակերտ: Գյուղում կա 7 նախադպրոցական երեխա, որոնց թվում է նաև իր Գոռ երկամյա որդին։ Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է, սակայն կա ջրի խնդիր: Նշեց նաև՝ գյուղ վերադարձած 16 ընտանիքների տրամադրվել են մեղվափեթակներ և ընտանի կենդանիներ, ինչը նախադրյալներ է ստեղծել տեղում անասնապահության և գյուղատնտեսության զարգացման համար: Արդեն մայրամուտ էր, և նրանց հանձնեցինք նախատեսված նվերները և մեկ սառնարան գյուղի բազմազավակ ընտանիքի համար։ Այստեղ նույնպես խաղաղապահ զինվորներն են կանգնած։ Լիսագոր սարի վրա արդեն թշնամու հենակետերն են, գյուղից մոտ 2 կմ հյուսիս նույնպես սահման է։ Համայնքապետի Գոռ որդին առաջինն ստացավ իր նվերը և ուրախ-ուրախ մոտեցավ իրենց տան մոտ կանգնած տանկին, որի մոտ խաղաղապահ զինվորներն են։ Զրուցում եմ նրանց հետ։ Զինվորներից մեկը հիացած է Բերդաձորի համայնապատկերով, որից դեպի արևմուտք Սյունիքն է, շարունակությունը՝ Սյունյաց լեռները։ Հայ ընկերներ ունի իր հայրենի քաղաքում այդ զինվորը։
Շարունակում ենք ճանապարհը դեպի Ստեփանակերտ։ 1989- 2000 թվականներին, այսինքն 31 տարի շարունակ բազում անգամ եմ անցել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։ 1989-91 թվականներին անցել եմ խաղաղապահների ուղեկցությամբ։ Այդ ժամանակ թուրքերը քարկոծում ու գնդակոծում էին մեր մեքենաները, բայց անցնում էինք հպարտ, հավատով՝ հաղթելու ենք, ու հաղթեցինք։ 1996 թվականից աշխատելով Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության բնագավառում, այնուհետև «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, աշխատանքային և այլ այցերով հաճախ էի լինում Շուշիում, Ստեփանակերտում, Արցախի մնացած շրջաններում։ Ացնում էի հպարտ ու տիրոջ կարգավիճակով՝ փառք տալով մեր Հերոսներին, որ ազատագրեցինք մեր հայրենի երկիրը։ Վերջին անգամ Ստեփանակերտ այցելել էի արդեն 2020թ․ պատերազմի օրերին՝ ուղեկցում էի հոսպիտալների համար աջակցություն բերած, վտանգված տարածքներից երեխաներին ու կանանց տարհանող տղերքին։ Դարձյալ կար վստահություն՝ այս պատերազմում էլ ենք հաղթելու, բայց․․․ 2021 թ․ դեկտեմբերի 27-ի երեկոյան՝ մթնշաղին, Լիսագորց շարժվում ենք դեպի Ստեփանակերտ։ Լիսագորի ոլորաններից մի քանի կմ հատված լուսավորված էր․ վերջերս են այս հատվածում հենասյուներ տնկել, ճանապարհը լուսավորել։ Զառիսլու գյուղի տարածքում էլ խաղաղապահների հենակետեր կան։ Ամենացավալի տպավորությունն ստացա Շուշիի մոտով անցնելիս։ Գիշերը մնացինք հյուրանոցում։ Առավոտյան մեր վարորդը՝ Արա Ավետիսյանը գնացել էր Ստեփանակերտի զորամասերից մեկը և վերադարձավ հրամանատարի կողմից տրված պատվոգրով՝ 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցելու և հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Մեր «Պարկ հոթել․ Արցախ» հյուրանոցի մոտ է Արցախյան առաջին պատերազմի հերոս հրամանատար, հավերժի ճամփորդ Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի անվան այգին, որտեղ կանգուն է հերոսի հուշարձանը։ Աշոտի հետ այցելեցինք Բեկորին, ում նման հրամանատարներ նաև այսօր են հարկավոր, քան երբևէ։ Հերոսի հուշաքարին նրա խոսքն է փորագրված․ «Ես ծովն եմ սիրում»։ Լուռ զրուցում եմ հերոսի հետ․․․ ո՞րն էր մեր սխալը։ Մեկ լվացքի մեքենա էլ հիմնադրամի կողմից հատկացվեց Ստեփանակերտի Քարոլան և Ջորջ Նաջարյանների անվան «ԱՐՓԵՆ» ծննդաբեր մայրերի կենտրոնին, որի հովանավորներն են Ք․ և Ջ․ Նաջարյանները, Զաբել Բելիզիկյանը և «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը։
Հաջորդ օրը Երևան վերադառնալիս բարձրացանք Բերդաձորի Եղցահող գյուղ, որտեղ համայնքապետ Արտակ Հակոբյանն ու Մ․ Պետրոսյանի անվան դպրոցի տնօրեն Լենա Իշխանյանն աշակերտների, ուսուցիչների հետ դիմավորեցին մեզ։ Եղցահող գյուղը Արցախյան գոյամարտի տարիներին տվել է 14 Անմահ հերոս։ Դպրոցի միջանցքում այդ հերոսների լուսանկարներն են։ Այժմ դպրոցը գործում է 5 համակարգ-դասարանով, ունի 10 ուսուցիչ, 18 աշակերտ, որից 2-ը՝ առաջին դասարանցիներ, 3-ը՝ 12-րդում։ Բոլոր աշակերտներն ու 13 նախադպրոցական երեխաներն ստացան իրենց հասանելիք նվերները։ Այստեղ ևս կարևորվեց վերաբերմունքը, որ արդեն թշնամուն շատ մոտ գտնվող սահմանամերձ գյուղը չի անտեսված բարերարների կողմից։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց՝ թուրքերը փակել են գյուղի խմելու ջրագիծը, այժմ հրշեջներն են ջուր բերում գյուղ։ Նախատեսած է նոր ջրատար կառուցել։ Սովոր են եղցահողցիները նման պայմաններին։ Զրուցում եմ աշակերտների հետ․ 7-րդ դասարանցի Լիլիթը լավ է սովորում, սիրում է իր գյուղը և հավատում՝ ինքն ու ընկերները մշտապես են բնակվելու հարազատ ծննդավայրում։ 8-ամյա Լարիսան ասաց սովորում է էլի, բայց սիրում է իր դպրոցը, ուսուցիչներին։ Արմանը, ում նաև Մանչո են կոչում, երկրորդ դասարանցի է, աշխոյժ ու ուրախ տղա է։ Սիրում էր լուսանկարվել և ցույց տվեց իրենց գյուղի եկեղեցին, որ մոտ 10 տարի առաջ է կառուցվել, գտնվում է բարձր թմբի վրա։ Միասին լուսանկարվեցինք եկեղեցու դիմաց։ Նվերները հանձնելուց հետո Գ․ Մելիքյանն ու ուղեկիցները լուսանկարվեցին ուսուցիչների, համայնքապետի և երեխաների հետ։ 88-ամյա Խաչիկ Վարդանյանը հատուկ ուղեկցում Գ․ Մելիքյանին՝ հանդիպելու հերոս արցախցիներին՝ Աղավնոյում, Բերձորում, Բերդաձորում։ Հավատում է՝ դարձյալ նախկին սահմաններն է ունենալու մեր հայրենիքը։ Գ․ Մելիքյանը հանձնելով նվերները, զրուցեց 4 զավակ ունեցող Արմեն Պետրոսյանի հետ և խոստացավ նրա ընտանիքին հիմնադրամի կողմից կենցաղային տեխնիկա և կթու կով հատկացնել։ Հրաչ Պետրոսյանի եղբոր որդին է Արմենը՝ հպարտ հերոս ազգակցով։ Հանդիպում եմ նաև Վախտանգ Սիմոնյանին, ում ճանաչում եմ 1989 թվականից, ով եղբոր՝ Վիլենի հետ 1988-91 թվականներին ԲԻԽ-ի մարտիկ էր ու հայրենի հողի պաշտպան։ Հիշում ենք ու երանի տալիս այդ օրերին, որ միվորված էր ողջ ազգը, հավատով էինք ելել պայքարի ու, չնայած հազարավոր զոհերի, վիրավորների, հաղթեցինք։ Հրաժեշտ տվեցինք Եղցահողի հերոս բնակիչներին և վերադարձանք Երևան։