Արցախյան վերջին պատերազմը կործանարար եղավ մեր ժողովրդի համար։ Կորցրեցինք մեր հայրենիքի մի հատվածը՝ Հադրութի ողջ շրջանը ներառյալ։ Տեղահանված հադրութցիների մի մասը դեռ բնակվում է ՀՀ տարբեր մարզերում ու Երեւանում։ Անցած տարի՝ դեկտեմբերի 29-ին, «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Իրա Թամրազյանի խնդրանքով Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի վրա գործող ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի տարածքում տեղ հատկացվեց մշակութային այս կրթօջախի համար։
Այնուհետեւ շտաբը տեղափոխվեց Աբովյան փողոցի վրա։ Ժամանակավոր տարածք ստացավ նաեւ կենտրոնը, բայց ոչ հարմար։ Եվ ահա՝ օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի նախաձեռնությամբ եւ ԱՀ նախագահի աջակցությամբ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ունի նոր տարածք՝ Զեյթունում՝ Դրոյի 2 հասցեում։ Նոյեմբերի 29-ին այստեղ կայացավ կենտրոնի բացման եւ տարեվերջյան հաշվետու արարողությունը։ Ներկա էին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, տեղակալ Կամո Պետրոսյանը երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Արա Գեւորգյանը, մանկավարժներ, հյուրեր, ծնողներ եւ Կենտրոնի այլ խմբակների սաներ։ Ի․ Թամրազյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնելով իրենց աջակցողներին, տեղեկացրեց՝ արդեն 15 օր է սկսել են աշխատել նոր հասցեում։ Ուրախությամբ նշեց՝ կենտրոնի սաները սիրով են հաճախում դասերին՝ չնայած որոշ դժվարությունների։ Նշեց նաեւ՝ կենտրոնում բացվել է կավագործության դասարան, որը կոչվում է վերջին պատերազմում զոհված Վահագն Ավանեսյանի անունով, ով եղել է կենտրոնի սանը եւ ծառայել Ջրականի զորամասում։
Սկզբում ներկաները, նաեւ հերոսի հայրը՝ Արա Ավանեսյանը, այցելեցին նահատակ զինվորի անվան դասասենյակ։ Ի․ Թամրազյանը ներկայացրեց իր սանին՝ ասելով՝ եթե չզոհվեր Վահագնը, կլիներ Արցախի լավագույն կավագործ վարպետներից մեկը։ Վահագնը ծնվել է 2002թ․ ապրիլի 6-ին Հադրութի շրջանի պատմական Ազոխ գյուղում։ 2008 թվականին ընդունվել է Հադրութ քաղաքի Մ․ Մանվելյանի անվ․ միջն․ դպրոցի առաջին դասարան՝ զուգահեռ հաճախել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բրուտագործության դասարան։ Սիրել է այս մասնագիտությունը Վահագնը։ 2017-ին, ավարտելով հիմնական կրթությունը, ուսումը շարունակել է Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում՝ միաժամանակ դասավանդելով Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Ազոխի մասնաճյուղում որպես բրուտագործության ուսուցիչ։ Ուսումնարանն ավարտելուց հետո՝ 2020թ․ ընդունվել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ՆԶՊ բաժին եւ նույն թվականի օգոստոսին զորակոչվել հայոց բանակ։ Ի․ Թամրազյանն ասաց՝ իր նամակիին ընթացք տալով, ԱՀ Պաշտպանության նախարարի հրամանով Վահագնը ծառայել է Ջրականում եւ շարունակել բրուտագործությամբ զբաղվել։ Սակայն սեպտեմբերին սկսված պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում, նահատակվեցին հազարավոր հայորդիներ, նաեւ՝ Վահագնը, ով ընդամենը կարճ ժամանակ ծառայելուն, պատերազմի ժամանակ մարտնչել է հերոսաբար, մնալով առանց հրամանատարի, ջոկատի զինվորները նահատակպել ու վիրավորվել են հահանջի ճանապարհին։ կարմրակուճ են հասել ընդամենը 2 հոգով։ Այս գյուղի մոտ էլ նահատակվել է վահագնը՝ փրկելով ողջ մնացած միակ ընկերոջ կյանքը։ Հուղարկավորված է Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում։ Հետմահու արժանանացել է «Մարտական ծառայություն» եւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Իր սանին ներկայացնելուց հետո Ի․ Թամրազյանը ներկաներին հրավիրեց կենտրոնի կարի արհեստանոց։ Տեղեկացրեց՝ արդեն ունեն պատվեր, եւ շուտով 200 հատ Արցախի Եռագույն են կարելու։ Ս․ Ղազարյանը հետաքրքրվեց հետագա ծրագրերով։ Ի․ Թամրազյանի տեղեկությամբ 13 աշխատող ունեն կարի արհեստանոցում․ կա ծրագիր նաեւ ուսուցանել ոչ մասնագետներին։ Նշեմ՝ «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը մասնաճյուղեր ունի Ստեփանակերտում եւ ՀՀ մարզերում։
Դեկտեմբերի 29-ին պարային կատարումներով հանդես եկան Վանաձորի մասնաճյուղի պարի խմբակի սաները՝ պարուսույց Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ։ Լիլիթը զինվորականի կին է եւ, մինչեւ պատերազմը, բնակվել է Հադրութում, դասավանդել կենտրոնում։ Այժմ բնակվում է հայրենի Վանաձորում, սակայն Հադրութի կարոտը կա, եւ սիրով է համաձայնվել աշխատել կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում։ Ասաց՝ Արցախի տարբեր վայրերից տեղահանված երեխաներ են ընդգրկված պարի դասարանում, եւ աշխատում է նրանց հետ՝ փորձելով մեղմացնել կարոտի ցավը։ Հավելեց նաեւ՝ ընդամենը 2 ամսվա աշխատանք է ներկայացնելու այժմ, փորձել է պահպանել ազգայինը։ Պարային կատարումներով հանդես եկան պարի դասարանի կրտսեր, միջին եւ ավագ տարիքի սաները եւ արժանացան ներկաների ծափողջույններին ու սիրուն։ Ի Թամրազյանն ընթացքում երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են կենտրոնի գործունեության սկսելուն, շարունակելուն։ Հատկապես կարեւորեց Մ․ Վիրաբյանի դերը, ով 1 տարի առաջ տեղ հատկացրեց կենտրոնին եւ երգահան Արա Գեւորգյանի դերը, ով կենտրոնի բացման առաջին օրերից աջակցել է իրենց, կազմակերպել է կերպարվեստի, գոբելենի բաժինների սաների ցուցահանդես-վաճառքներ արտերկրում, եւ ստացված գումարով կարողացել են կազմակերպել իրենց աշխատանքը նաեւ այլ խմբակներում։ Ասաց նաեւ՝ այս ընթացքում կազմակերպել են 20 ցուցահանդես։ Ստեփանակերտում մասնակցել է հայկական գորգարվեստի ցուցահանդեսի, եւ կենտրոնի 17 աշխատանք արժանացել է առաջին մրցանակի։ Միքայել Վիրաբյանը բարձր գնահատեց կենտրոնի աշխատանքը, որ Ի․ Թամրազյանը կարողացել է համախմբել այն ուսուցիչներին, ովքեր ժամանակին դասավանդել են Հադրութում, եւ այժմ գտնվում են Երեւանում։
-Ձեր հայրենավեր գործունեությունը հնարավորություն է դեպի նոր վերածնունդ, եւ բոլորիս նպատակը մեկն է՝ դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ, նրանց մեջ սերմանել ազգային արժեքները՝ հայ լինելու եւ հայ մնալու հավատամքը։ Բոլորիս մեջ պետք է վառ մնա այն կարեւոր գաղափարը, որ հայի ուժն իր միասնության եւ համախմբվածության մեջ է, ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն իր մշակույթի ու հավատքի շնորհիվ, խոսքը շարունակեց Մ․ Վիրաբյանը։
Ի․ Թամրազյանի եւ կենտրոնի ոուսուցիչների աշխատանքը բարձր գնահատեց նաեւ Ա․ Գրոեւգյանըէ մաղթելով ավելի մեծ ձեռքբերումներ եւ ամենակարեւորը՝ վերադարձ Հադրութ։
Ընթացքում հանդիպեցի նաեւ քաշաթաղցիների, ովքեր այժմ բնակվում են Վանաձորում։ Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի դպրոցի դասվար մարգարիտա Մնացականյանը թոռանն էր ուղեկցել Երեւան։ Փոքրիկը պարի խմբակի սաներից է արդեն։ Այստեղ էր նաեւ նույն դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Սեխպոսյանը, ում միակ զավակը՝ Տիգրանը, վերջին պատերազմում «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում մարտնչում էր «Եղնիկներ»-ում եւ նահատակվեց 2020թ․ հոկտեմբերի 19-ին՝ 4 զինակիցների հետ։ Տիգրանը նույնպես հուղարկավորված է Եռաբլուրում։ Պարի խմբի տղաներից փոքրիկ Մոնթե Կարապետյանը Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում է ծնվել, սակայն այժմ նրաք ծննդավայրը թշնամու տիրապետության տակ է։ Զինվորական համազգեստով էր պարում Մոնթեն։ Բերձորից նույնպես սաներ կան վանաձորի պարի խմբակում։ Համերգային մասից հետո եկան Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը եւ նվերներ ստացան կենտրոնի սաները։