Իսպանիայի հայկական համայնքը դասական գաղթօջախ չէ, այլ վերջին տասնամյակներում ձեւավորված համայնք, որը դեռ կազմավորման փուլում է։ Հայերի զգալի մասն այս երկրում սկսել է հաստատվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Բարսելոնայի հայկական մշակութային միության նախագահ Տաթեւ Սուլյանը նշեց, որ հայերը Իսպանիա են տեղափոխվել Խորհրդային Միությունից եւ եվրոպական այն երկրներից, որտեղ որպես փախստականներ ապրելու եւ աշխատելու նպաստավոր պայմաններ չեն կարողացել ստանալ։ Խոսքը վերաբերում է հատկապես 1992-93 թթ., իսկ ընդհանրապես հայկական գործոնը սկսել է դեր խաղալ 2000-ական թվականներից։
Ներկայումս հայերը հիմնականում ապրում են Մադրիդիում, Բարսելոնայում, Վալենսիայում, Մալագայում, Ալիկանտեում եւ մի շարք այլ քաղաքներում։ «Նախքան Խորհրդային Միության փլուզումը՝ 20-րդ դարի ընթացքում հայերը տեղափոխվել են Իսպանիա մասնավորապես Իրանից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանջց, Թուրքիայից եւ մի շարք այլ երկրներից, սակայն ակտիվ համայնքային կազմակերպված կյանքով քիչ են զբաղվել, եւ արդյունքում համայնքի համալրումը շարունակականություն չի ունեցել»,- ասաց նա։
Իսպանիայում ապրող հայերի թվի մասին տվյալները տարբեր են։ Արծարծվող թիվը 13 հազարից հասնում է մինչեւ 20 հազարի։ Սուլյանի խոսքով, այստեղ հաստատված հայերը տարբեր երկրների քաղաքացիություն ունեն, իսկ ոմանք ապրում են նաեւ ոչ օրինական հիմունքներով։ Նման պայմաններում դժվար է խոսել կոնկրետ թվի մասին, առավել եւս Իսպանիայի կառավարության, ՀՀ դեսպանության եւ եկեղեցական արխիվներում արձանագրված թվերը իրար չեն համապատասխանում։ Հայերի մեծ մասը ներկայումս զբաղվում է շինարարությամբ, ծառայությունների ոլորտում, արհեստներով եւ առեւտրով, մինչդեռ Իսպանիայում ծնված կամ հասակ առած սերունդը՝ որպես համալսարանավարտներ, աշխատում են ըստ իրենց մասնագիտության։ Հայ շրջանավարտները շատ են բժշկական, իրավաբանական, լեզվաբանական, ճարտարապետական, կառավարման, մարքեթինգի եւ այլ բուհերում։ «Հայ համայնքը ներգրավված է երկրի ներքին կյանքին, մշակույթի ոլորտում ունենք արվեստագետներ, որոնք հարստացնում են Իսպանիայի մշակութային կյանքը։ Ունենք նաեւ գործարարներ, դասախոսներ, հաջողակ անհատներ։ Չնայած այս ամենին, Իսպանիայի հայ համայնքը երկրի ներսում չունի այն կշիռը, որն ունեն օրինակ՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Այդ ամենը Իսպանիայում դեռ զարգացման փուլում է։ Ապագայում գործոն կարող են դառնալ մեր այն երիտասարդները, որոնք այսօր համալսարանավարտ են եւ ժամանակի ընթացքում կարող են դերակատարություն ունենալ համայնքի համար՝ ծառայեցնելով իրենց գիտելիքները թե հայերի եւ թե իսպանացիների համար։ Այդ պարագայում արդեն հայկական գործոնը կարող է ավելի զգալի լինել երկրի մշակութային եւ քաղաքական կյանքում»,- ասաց զրուցակիցս։
Մինչեւ 2010-ը Վալենսիայում գործել է ՀՀ հյուպատոսություն, արդեն 2010-ից Մադրիդում գործում է ՀՀ դեսպանություն, իսկ 2017-ից Մալագայում՝ ՀՀ պատվո հյուպատոս։ Մադրիդում է ապրում Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչը։ Իսպանիայի տարբեր քաղաքների կաթոլիկ եկեղեցիներում կատարվում են արարողություններ։ Տարբեր մարզերում գործում են մշակութային եւ կրթական միություններ։ Սուլյանի խոսքով, հայապահպանության գործում մեծ դեր են կատարում մեկօրյա դպրոցները, որտեղ հայ մանուկներին դասավանդում են տառաճանաչություն, խոսքի զարգացում, հայոց լեզու, գրականություն, պատմություն, երգ եւ այլն։ Հայկական կազմակերպությունների գործունեությունից են կախված ընդհանրապես հայկական գործոնի առկայությունը եւ ակտիվացումը։ «Հայ համայնքի ինքնակազմակերպման համար կարեւոր գործոն է տվյալ երկրում ապրող հայերի ընդհանուր վիճակը։ Եթե ինչ-որ քաղաքում հայերը աշխատանքի եւ ապրելու դժվարություն ունեն, ապա նման պարագայում կազմակերպված համայնք ու շարունակական համայնքային կյանք ունենալը դժվարին է դառնում։ Մյուս կողմից, եթե հայերը աշխատունակ են եւ կարողանում են ապահովել իրենց ընտանիքի կարիքները, այդ պարագայում կարեւորություն են տալիս նաեւ հավաքական կյանքի ստեղծմանն ու ամրապնդմանը»,- հավելեց նա։
2008-ից սկսած Իսպանիայի տարբեր քաղաքներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր, որոշներն էլ՝ խորհրդանշում են հայ-իսպանական բարեկամությունը։ Անդրադառնալով երկրի քաղաքական կյանքում հայերի ունեցած դերակատարությանը, զրուցակիցս նշեց, որ Իսպանիայի պետական եւ մարզային խորհուրդներում հայերն ընդհանրապես ներկայացված չեն։ «Հայերի ակտիվությունը քաղաքական ոլորտում սահմանափակ է, հիմնական գործունեությունը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաեւ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի վերաբերյալ աջակցության եւ դատապարտման բնույթի հայտարարություններ տարածելը։ Տվյալ գործունեությունն ակտիվացավ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով»,- մանրամասնեց Սուլյանը։ Աշխատանք է տարվում նաեւ իսպանական ու հայկական քաղաքները քույր քաղաքներ դառնալու ծրագրի շրջանակներում։
Քաղաքական հարաբերությունների դաշտում ակտիվ է հատկապես Կատալոնիայի հայ համայնքը, որը կապ է պահպանում պետական ինստիտուտների, քաղաքական տարբեր կուսակցությունների եւ կառույցների հետ։ 2021 թ. Կատալունիայի խորհրդարանը ապրիլի 24-ը ճանաչել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի օր: «Ինչ վերաբերում է պետական պաշտոններում, առավել եւս խորհրդարանում հայերի ներկայացվածությանը, ապա դեռ չենք հասել այդ մակարդակին։ Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, թե Իսպանիայում ապրող հայության քանի տոկոսն է այդ երկրի քաղաքացի, հետեւաբար քանիսը կարող են քվեարկել եւ քաղաքական դիրքորոշում արտահայտել։ Երբ Իսպանիայի քաղաքացիություն ունեցող հայ համայնքի անդամների թիվը աճի, բնականաբար քաղաքական այլ հարաբերություններ կլինեն։ Անշուշտ դա քաղաքական կյանքի համար կարեւոր գործոն է»,- ընդգծեց Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչը։
Հայ-իսպանական պատմական առնչությունները
Հայկական հետքը Իսպանիայում սկիզբ է առել հնագույն ժամանակներից։ Շատ է խոսվում Իսպանիայի հյուսիս-արեւելքում բնակվող բասկերի հայկական ծագման մասին: 1375-ին, երբ եգիպտական մամլուքները պաշարեցին եւ գրավեցին Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաք Սիսը, հայոց Լեւոն Զ Լուսինյան արքան գերեվարվեց: Եվրոպական գահակալներից շատերը փորձեցին միջնորդել, որպեսզի Եգիպտոսի Մելիք Աշրաֆ սուլթանն ազատ արձակի հայոց թագավորին, սակայն դա հաջողվեց միայն Կաստիլիայի Խուան Ա թագավորին։ Նա կարողացավ համոզել սուլթանին փրկագնի դիմաց ազատել Լեւոն թագավորին եւ ավելին, 1385 թ. հատուկ հրովարտակով Մադրիդ, Անդուխար եւ Վիլյառեալ քաղաքները հանձնում է հայոց վերջին Լեւոն Զ Լուսինյան թագավորին՝ ցկյանս տնօրինելու իրավունքով:
Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում հայ առեւտրականներն ազատ առեւտուր էին անում Իսպանիայում։ Անդալուսիայում հայկական մշտական համայնքի գոյության մասին հիշատակվում է սկսած 16-րդ դարից: Այնտեղ հաստատված առաջին հայերը վաճառականներ էին։ Իսպանական Կադիս քաղաքի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցին 17-րդ դարում կառուցել են հայ վաճառականները: «Այսօր էլ միջնադարյան եկեղեցու պատերին հայատառ գրառումներ կան: Եկեղեցու ներսում մկրտության ավազանի վրա նշված են եկեղեցու բարերարներ Դավիթ, Պողոս եւ Հակոբ Շաքարյանների անունները»,- տեղեկացրեց Սուլյանը:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ալֆոնսո 13-րդը՝ որպես չեզոք երկրի միապետ, մարդասիրական տարբեր գործունեություն է իրականացրել։ Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Արրոյոն 1915-ի սեպտեմբերից մինչեւ 1916-ի փետրվարը իր նամակներում եւ «գաղտնի» հեռագրերում գործածել է հանցագործությունների վերաբերյալ տերմիններ եւ սահմանումներ, որոնք այդուհետ պիտի կիրառվեին որպես ցեղասպանության սահմանման տարրեր։ Գոյություն ունի եւս մեկ հատուկ թղթապանակ՝ «Ընթացակարգեր հօգուտ հայր Կոմիտասի, 1915»: Այն պարունակում է ութ նամակ, որտեղ Խուլիան Արրոյոն խնդրում է Խալիլ բեյին Կոմիտաս Վարդապետին Կոստանդնուպոլսում վերցնել իսպանական պաշտպանության ներքո: «Այսպես արեցի Խալիլ բեյի հետ հարցազրույցի ժամանակ, ով ինձ պատասխանեց, որ իմ խնդրանքը կփոխանցի ներքին գործերի նախարարին եւ ինձ պատասխան կտա: Անցավ 3 շաբաթ առանց որեւէ պատասխանի, եւ հաշվի առնելով, որ պատասխանելու համար բավականին ժամանակ ունեին, հարցրի արտաքին գործերի նախարարին նրա միջնորդության արդյունքների մասին: Ինձ ասաց, որ Թալեաթ բեյը ասել է (եւ նա ինձ կրկնեց քմծիծաղով), որ եթե խնդրում էր գնալ Վիեննա որպես անվանի երաժիշտ, այդ նույն հիմնավորմամբ նրանք էլ են ուզում նրան պահել Թուրքիայում»,- գրված է Թուրքիայում Իսպանիայի պատվիրակության ներկայացուցչի նամակում։ (մանրամասները տես՝ http://www.genocide-museum.am/eng/pdf/Komitasfinal.pdf)