Ձմռան այս եղանակին սովորաբար դաշտերն ու այգիները ծածկված են լինում ձյան հաստ շերտով, եւ հողվորն անելիք չի ունենում: Սակայն վերջին շրջանում տեղումներ գրեթե չեն եղել, եղանակային բարենպաստ պայմանները գյուղացու համար լավ հնարավորություններ են ստեղծել, եւ նա, բնականաբար, այսօր տանը մնալ չի կարող, մանավանդ որ պետությունն ու բարերարները շարունակում են աջակցել, խրախուսել նրա աշխատանքը: Իսկ զբաղվածության խնդիրը սոցիալական ապահովության տեսանկյունից կարեւոր նախապայման է որոշակի եկամուտներ ստանալու եւ ընտանիքի կարիքները հոգալու համար:
Պատերազմի հետեւանքով տուժած համայնքներին աջակցելու, գյուղատնտեսության ավանդական ճյուղերը վերականգնելու եւ զարգացնելու նպատակ է իր առջեւ դրել «ASB» գրուպը, որն արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախում իրականացնում է նոր այգիների (մասնավորապես՝ նռան եւ խաղողի) հիմնադրման ծրագիրը՝ նախապատվությունը տալով բարձր բերքատու եւ գինեհումքի համար առավել նախընտրելի սորտերին: Այդ սկզբունքը կարեւորվում է եւ Ասկերանի շրջանի սահմանամերձ Նախիջեւանիկի համայնքում, որտեղ գյուղի հարեւանությամբ, շուրջ 150 հեկտարի վրա մշակված բերրի հողատարածքում ընկերությունը նոր խաղողայգի է հիմնադրում: Համայնքի բնակիչները մեծ խանդավառությամբ են մասնակցում երկրորդ փուլի աշխատանքներին: Ընկերության հիմնադիր Սմբատ Աբրահամյանի խոսքերով՝ ամեն օր յուրաքանչյուր ընտանիքից 3-5 հոգի է դաշտ դուրս գալիս: Իսկ գաղտնիք չէ, որ արգասաբեր աշխատանքը միշտ էլ բարձր է գնահատվում: Որպես օրավարձ՝ նրանցից ամեն մեկը 8-10 հազար դրամ է վաստակում:
Սմբատ Աբրահամյանը հավաստիացնում է, որ նոր այգու համար բացառապես առողջ եւ կպչողականության «100 տոկոսանոց» երաշխիքային արմատակալներով տնկիներ են ընտրվել, որոնք արագ կհարմարվեն տեղանքին եւ պատշաճ խնամքի պարագայում նորմալ աճ կապահովեն: «Մեր նպատակն է վերականգնել արցախյան խաղողի լավագույն սորտերը, ինչպիսիք են խնդողնին, ռկածեթելին եւ այլն: Եվ որպեսզի հումքի տեղափոխման առումով ավելորդ դժվարությունների չհանդիպենք, մտադիր ենք հենց այստեղ էլ խաղողի ընդունման կետ ստեղծել եւ ձեռնամուխ լինել ժամանակակից սարքավորումներով հագեցած գինու գործարանի կառուցմանը,- ասում է ընկերության հիմնադիրը:- Հաշվի առնելով խաղողագործության զարգացման հեռանկարները՝ տեղանքում, բնականաբար, տնկարան կստեղծենք, նաեւ կվերարտադրենք եւ ֆիլոքսերադիմացկուն ու ավանդական սորտերի տնկիներ կտրամադրենք հանրապետության շրջաններին, որոնց պահանջարկը զգացվում է»:
Ըստ Ս. Աբրահամյանի՝ ընկերությունն ուսումնասիրություններ է իրականացրել Ամարասի հովտում եւ հանրապետության այլ վայրերում՝ նպատակ ունենալով ճիշտ կողմնորոշվել, թե ինչպիսի հողատարածքներում, կլիմայական ինչպիսի պայմաններում են առավել լավ աճում ու բարձրորակ հարուստ բերք ապահովում ավանդական եւ նոր սորտերը: Փորձելով պտղաբուծության ոլորտում շոշափելի հաջողությունների հասնել՝ նոր տարում ծրագրված է զգալիորեն ընդլայնել նռան, սերկեւիլի, դեղձի, գաճաճ սորտի ընկուզենու այգիները: Նաեւ ձիթենու տնկիներ են ձեռք բերվել…
Հմուտ այգեգործի համբավ ունի Արթուր Բաղրյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ հազարավոր հադրութցիների հետ ընտանիքով բռնի տեղահանվել է ծննդավայրից: Ցոր գյուղում նա խաղողի եւ պտղատուների հրաշալի այգի էր հիմնադրել եւ ամեն տարի առատ բերք էր ստանում: Հենց իր ձեռքով էլ սեփական գործարանում խաղողը մշակում, խնդողնի գինի էր արտադրում ու դժգոհ չէր ստացած եկամտից: Որոշել էր ընդլայնել խաղողի այգիները, բայց պատերազմը տապալեց բոլոր ծրագրերը: Եկել, ընտանիքով Նախիջեւանիկում է բնակվում: Իր փորձը հաղորդելով տեղի այգեգործներին՝ օգնում է բոլոր հարցերում: Միեւնույն ժամանակ հույսը չի կորցնում, որ «մի օր լույս կբացվի», եւ ընտանիքով կհայտնվի հայրենի գյուղում, կգնա եւ նոր շունչ կհաղորդի սեփական ձեռքով հիմնադրած այգուն:
Հավելենք, որ չնայած Նախիջեւանիկի տարածքում հիմնադրվող նոր այգին սահմանագոտում է՝ թշնամու նշանառության տակ, մարդիկ վախի ու տագնապի զգացում չունեն: Անվտանգության ապահովման տեսակետից «նվազ խոցելի են», որովհետեւ առաջնագծում պաշտպանության բանակի զինվորներն են հերթապահում, իսկ գյուղից ոչ հեռու ռուս խաղաղապահներն են: Այդուհանդերձ, արցախցու խաղաղ ու բարի աշխատանքն այնքան էլ մեր ազերի հարեւանների սրտով չէ, ինչի ցավալի վկայությունն օրերս հայկական այս բնակավայրի ուղղությամբ նրանց արձակած կրակոցներն էին…